Հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա։ Այս մասին է պարզ է դարձել Sputnik Արմենիայի հարցմանը ՀՀ ԱԳՆ-ի պատասխանից։
Լրատվամիջոցն ԱԳՆ-ին խնդրել է տեղեկություն տրամադրել Հայաստանի և Թուրքիայի սահմանին Անիի կամրջի վերականգնման նախագծի ներկա փուլի մասին՝ հետաքրքրվելով նաև, թե ինչ քայլեր են արվել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցման վերականգնման ուղղությամբ։
«Տեղեկացնում ենք, որ ԱԳՆ-ն պատշաճ ժամկետներում հանրությանն իրազեկում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում զարգացումների վերաբերյալ», — ասված է գերատեսչության պատասխանում:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ չի աշխատում նաև «Մարգարա» անցակետը, որտեղ Հայաստանի իշխանությունները վերջերս էքսկուրսիա էին կազմակերպել թուրք լրագրողների համար:
Երևանն ու Անկարան պայմանավորվել են այն բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար դեռևս 2022 թվականին, սակայն «Մարգարան» շարունակում է փակ մնալ։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2023թ փետրվարի 15-ին Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան կվերանորոգեն Անիի սահմանային կամուրջը։