23 02 2016

Քննարկում. Հայաստանի տնտեսությունը կառավարվում է ոչ թե սցենարներով, այլ՝ որոշումներով. Սմբատ Նասիբյան



Ինչո՞ւ է Հայաստանի տնտեսությունը խիստ կապված տրանսֆերտներից և ինչպե՞ս է հնարավոր թուլացնել այդ կախումը, ինչպե՞ս է ազդել ռուբլու թուլացումը քաղաքացիների գրպանի և գործարարության վրա: Ինչպե՞ս լուծել մեր տնտեսության առջև ծառացած խնդիրները:

Այս և այլ հարցեր ենք քննարկել Yerevan.Today-ի տաղավարում գործարար, տնտեսագետ Սմբատ Նասիբյանի հետ: 

Սմբատ ՆԱՍԻԲՅԱՆ

 

Սմբատ Նասիբյանն աշխատել է ՀՀ Կենտրոնական Բանկի խորհրդի անդամի պաշտոնում, եղել է «Կոնվերսբանկ» ՓԲԸ հիմնադիրը, բաժնետեր և խորհրդի նախագահ:

1999թ. Հայաստանի բանկերի միության կողմից ճանաչվել է լավագույն բանկիր, 2005-2006թթ.՝ «Հայփոստ» ընկերության կառավարումը իրականացնող «Conversinvest» ընկերության սեփականատեր:

2001 թվականից մինչ օրս հանդիսանում է «Ուլիս» ՓԲԸ խորհրդի նախագահ:

2009թ. հանդիսանում է «LusanGMBH» ընկերության հիմնադիր բաժնետեր:

2014 թվականից հանդիսանում է լյուքսեմբուրգյան «AMGMS.a.r.l.» ընկերության բաժնետեր:

Գևորգ
Ավչյան

լրագրող

Սմբատ
Նասիբյան

գործարար

Սևակ
Հակոբյան

գլխավոր խմբագիր

 

Ներկայացնում ենք հատվածներ քննարկումից:

Հակոբյան Պարոն Նասիբյան, 2014 թվականի վերջերից սկսած՝ հայաստանյան բանկերը վարկեր տալիս են, այսպես ասած, փաստաթղթերը մի լավ մաղելուց հետո: Շատ հաճախ վարկեր չեն էլ տալիս: Սա շատ վատ է անդրադառնում ընկերությունների վրա: Շահույթները բազմաթիվ անգամ կրճատվել են, մեծ մասն էլ փակվում են: Բայց բանկերը շարունակում են նույն քաղաքականությունը: Ունեն փող, բայց վարկ չեն տալիս: Ի՞նչն է պատճառը:

Նասիբյան Սպառողունակության անկումը: Հայաստան եկող տրանսֆերտները կրճատվել են 30%-ով, նույն չափով էլ կրճատվել է մեր սպառումը: Սպառման կրճատումը բերում է ձեռնարկության վատթարացման և վարկունակության անկում: Բանկը չի կարող բոլորին փող տալ, պետք է ապահովի նաև դրանց վերադարձը:

Հակոբյան Նախորդ տարի ես տեխնիկա վերցնում էի որոշակի փաստաթղթերով: Այս տարի այդ նույն փաստաթղթերով ինձ տեխնիկա չտվեցին:

Նասիբյան Դուք ներկայացնում  եք, բայց ինչքանո՞վ եք վստահ, որ կկարողանաք ապահովել նույն ցուցանիշները: Դուք կարող եք կազմել բիզնես պլան 2014, 2015 և 2016 թվականների համար, բայց նույն արդյունքը չստանալ: Սպառման կրճատումը բերելու է նաև ընկերությունների ֆինանսական հոսքերի կրճատման:  Դա բնական երևույթ է: Բայց դա շատ վատ է անդրադառնում տնտեսության զարգացման վրա, և բանկերի կողմից էլ նաև ժամկետանց վարկերի տեսակարար կշիռն է ավելացում: Օրինակ, Ռուսաստանի համար, հաշվարկված է, որ արդեն 20-30 տոկոս է կազմում վարկերի ժամկետանց տոկոսը:

Հակոբյան Դա ինչի՞ կարող է բերել, եթե մի տարի էլ երկարի:

Նասիբյան Կարող է և տևել: Մենք ունենք իրավիճակի փոփոխություն, պետք է վերագնահատել շատ բաներ և փորձել ոչ թե սպառման աճի կամ սպառման վրա ապահոված տնտեսության աճի վրա հիմնվել, այլ պետք է հիմնվել այլ սկզբունքների և չափանիշների վրա:

Ավչյան  Ինչ վերաբերում է կանխատեսումներին՝ սեփական բիզնեսի հետ կապված, հատկապես թույլ ռուբլու պայմաններում, դա առաջին պլան է գալիս: Տրանսֆերտները հիմնականում գալիս են Ռուսասատանից: Բնականաբար, թույլ ռուբլին ազդում է Հայաստանի տնտեսության վրա: Դա ինչպե՞ս է անդրադառնում Հայաստանի տնտեսության ճյուղերի վրա: Նման պայմաններում խնդիրներ չի առաջացնում արտահանման դեպքում:

Նասիբյան Իհարկե, առաջացնում է: Պարզապես մենք շատ սահմանափակ ենք մեր որոշումներ կայացնելու մեջ: Եթե Ռուսաստանը կարող է իրեն թույլ տալ թույլ ռուբլի, ապա մենք թույլ դրամ՝ ոչ: Դա մի շարք պատճառներ ունի: Մեկը մեր էներգառեսուրսներ  չունենալու պատճառն է, մյուսը՝ քիչ բնակչությունը: Մենք ունենք շատ խնդիրներ և ազատ չենք ինքնուրույն որոշել մեր դրամավարկային քաղաքականությունը: Ցանկացած փոխարժեքի փոփոխություն կբերի գների բարձրացման: Իսկ ինչ վերաբերում է արտահանմանը, ապա փոխարժեքի թուլացումը չի բերի մեր արտահանման ավելացման: Մենք ունենք երկու ալտերնատիվ տարբերակ: Մեկը՝ փոխարժեքը պահել կայուն և ապահովել հարաբերական կայունացում, երկրորդը` գնալ փոխարժեքի անկման, բայց դա կբերի ինֆլյացիայի: Մեր սպառումը նույն մակարդակի վրա պահելու միակ լուծումը վարկեր բերելն է և վարկերի հաշվին ապահովել նույն մակարդակը:

Ավչյան  Եթե նայում ենք զուտ տնտեսական ցուցանիշներին, ներմուծման ծավալները 26 տոկոսով անկում են ապրել, վերջին մեկ տարվա կտրվածքով` 43 տոկոսով կրճատվել են տրանսֆերտները: Այս պայմաններում ի՞նչ պետք է անենք:

Նասիբյան Մենք մինչև հիմա անում ենք նույն բանը և սպասում տարբեր արդյունքների: 2008 թվականի ճգնաժամից հետո մենք գնացինք այդ ուղղությամբ, բերեցինք վարկեր, փորձեցինք սպառումը խթայել, բայց մի փոքր այլ ուղղությամբ գնաց, մենք խթանում էին շինարարությունը: Խնդիրն այն էր, որ փոքր բիզնեսը տուժեց այն ժամանակ: Ռեֆորմները կարելի է անել այն ժամանակ, երբ տնտեսության վիճակը ավելի լավ  է, բայց երբ վիճակը լավ է, ոչ մեկ ռեֆորմ չի անում, դա փակ շղթա է: Հիմա էլ ենք նույն ճանապարհով գնում, ակտիվացնում ենք շինարարությունը: Սա կբերի հիփոթեքային վարկերի, աշխատատեղեր կապահովի, որոշակի ակտիվություն կապահովի: Բայց սա ժամանակավոր երևույթ է: Այստեղ արմատական քայլեր պետք է անենք, բայց մենք շատ սահմանափակումներ ունենք, դրանք որոշակի առումով նաև քաղաքական են: Տնտեսության դոլարիզացիա է կատարվել, Մենք այսօր մի վիճակում ենք, երբ բնակչությունը և ձեռնարկությունները պետք է ամսական մոտ 50 մլն դոլար տոկոս մարեն միայն այդ վարկային ներդրումների սպասարկման համար: Դա բավական մեծ ցուցանիշ է՝ հաշվի առնելով տրանսֆերտների անկումը:

Հակոբյան Հայաստանում կախվածությունը տրանսֆերտներից դեռևս մեծ է մնում, հնարավոր չի լինի առաջիկայում դա չեզոքացնել կամ պակասեցնել: Կա մի հինգ-վեց քայլ, որով հնարավոր է դա անել: Տրանսֆերտների 43 տոկոսով նվազումը բազմաթիվ ոլորտներում բացասական ցուցանիշներ է գրանցում: Կա՞ն կոնկրետ քայլեր, որոնք կբերեն տրանսֆերտներից կախվածության նվազման, մի քանիսն ասեք:

Նասիբյան Իհարկե՝ կան, բայց բավական բարդ են: Պետք է փորձել փոքր բիզնեսին ազատականացնել, այս հարցը լուծելու համար ռեֆորմների մեծ փաթեթ է պետք, մեկ կամ երկու քայլով դա անհնար է: Հնչում են արտաքինից հեշտ թվացող հարցեր՝ մոնոպոլիաները վերացնել, բերել նորմալ դաշտ, հակամրցակցային հանձնաժողովներ բերել, տալ լիազորություններ, բայց դրանք այս պայմաններում դեկլարատիվ քայլեր են, որոնց իրականացումն է բարդ:

Հակոբյան Տեսեք՝ նախանցյալ տարի մենք չունեինք արտահանման խթանման հանձնաժողով, արտահանումը մի քանի տոկոս աճ գրանցեց, այս տարի ունեինք՝ վեց տոկոս նվազեց, վարչապետն էլ գլխավորում է կարծես:

Ավչյան  Դե, դա տնտեսության ընդհանուր տնտեսական իրավիճակով է պայմանավորված հիմնականում: Ուղղակի այստեղ մի ուրիշ խնդիր կա: Այսօր շատերը մեղադրում են ԿԲ-ին, որ չի թողնում՝ դրամն էլ արժեզրկվի, դոլարի կուրսը բարձրանա: Այստեղ երկու խնդրի ենք բախվում. մի կողմից, եթե թողնի, աղքատության այս պայմաններում չեմ էլ պատկերացնում՝ ինչ կարող է կատարվել, եթե այդպես չանենք՝ արտահանում, խնդիրներ, և այս դիլեման ինչպես կարելի է լուծել, պատկերացնելն այնքան էլ հեշտ չէ:

Նասիբյան Վարկերով:

Ավչյան Վարկերն էլ այնպիսի մակարդակի են մոտեցել, որ արդեն սկսում են գոնե մտահոգել:

Հակոբյան Այ, կառավարությունն էլ այդպես հեշտ է լուծում՝ վարկեր:

Նասիբյան Դե, ուրիշ լուծում չկա կարծես թե այս պահին: Իհարկե, մենք չենք կարող այսօր ընդլայնված դրամավարկային քաղաքականություն վարել, դա կբերի փոխարժեքի անկման: Սպառման խթանման միակ տարբերակներից մեկը դա է: Դա ԱՄՆ-ի նման երկրները կարող են թույլ տալ, Չինաստանը, Ռուսաստանը՝ ինչ-որ չափով, նույնիսկ ԵՄ-ն դժվարությամբ է գնում նման քայլերի: Հայաստանում դա չի կարող գործել: Փոխարժեքի ո՞ր մակարդակն է ճիշտ. իմ հաշվարկներով ես մի տարի առաջ ասել էի՝ 500 – 550-ն է, որ չի բերի ներկրման անկման, դա, սակայն, բյուջեի կատարման անկման է բերում, քանի որ 20 տոկոսի չափով պակաս է բյուջե մտնում: Երկուսն էլ ծայրահեղություններ են, ես պատրաստի լուծումներ այս պահին, իհարկե, չունեմ, դա փոխկապակցված մեծ հետազոտությունների, սցենարների մշակման խնդիր է առաջացնում, ես չեմ ցանկանում ինձ վրա պատասխանատվություն վերցնել և ասել՝ մենք հեշտ լուծումներ կգտնենք: Դա կլինի միայն պոպուլիստական մոտեցում: Բոլորս կարող ենք արձանագրել՝ խնդիրը բարդ է, լուծումը միայն վարկերն են:

Ավչյան Բացի այդ, վարկերը որ վերցնում ենք, ըստ էության՝ այդ գործիքից էլ օգտվել է արդեն Կառավարությունը և բավական ակտիվ, ուղղակի՝ երբ նայում ենք՝ ինչ հարցեր լուծելու համար են դրանք օգտագործվել, կարծեք թե Ձեր ասածն այս դեպքում գոնե առաջին պլան չի գալիս: Այստեղ օրվա հարցերը լուծելուց բացի ինչ-որ այլ բան է պետք մտածել, երկարաժամկետ ծրագրեր, որ հետագայում ինչ-որ երաշխավորված բանի կբերի, թեպետ այս պարագայում համարձակ է ասել՝ երաշխավորված, բայց գոնե նախադրյալներ կստեղծվեն:

Հակոբյան Օրինակ, դրսում բյուջեն վերանայում են, արդեն կազմած բյուջեն, ծախսերն են կրճատում, մեզ մոտ որևէ ծախս չեն կրճատում, նույն շքեղությունը կա, դահլիճներ են վերանայում, ծախսերը չկրճատելով՝ փակում են վարկերով:

Նասիբյան Գիտեք, տնտեսագիտությունից մի քիչ հեռանում ենք, սակայն գնանք ավելի լայն հասկացողությունների: Այն իշխանությունը, որ այսօր ձևավորված է, և այն կերպ, որ մենք գնում ենք, էլիտան պետք է ցանկանա փոփոխություն կատարել, ներքևից երբեք հեղափոխական մոդելները չեն աշխատում: Մարդկությունն անցել է այս էտապները՝ սկսած Հին Հունաստանից: Պարզ ասեմ՝ պատմության ընթացքն էլ է ցույց տալիս, էլիտան ռեֆորմներ անում է այն ժամանակ, երբ հին ձևով չի կարողանում կառավարել, մեր անկումը դեռ չի հասել այդ մակարդակին, երբ ռեֆորմները կլինեն անխուսափելի, մինչ այդ դեռևս մեկ կամ երկու տարի կանցնի: Իհարկե, պետք է բյուջեն կրճատել, մեծ վերահսկողություն իրականացնել, որ ծախսերն արդյունավետ լինեն, դրանք քայլերից են, սակայն դրա համար պետք է շահագրգռված ուժ լինի: Այս ձևով կարող ենք մեկ կամ երկու տարի էլ պահել, լուծումներ գտնել:

Հակոբյան Մերոնք, կոպիտ ասած, յոլա են տանում, մինչև վիճակը կարգավորվի դրսում ու ինքնըստինքյան այստեղ էլ վիճակը կլավանա: Բայց ռուբլու թուլացումը որքա՞ն է մրցունակ դարձնում հայ գործարարին ԵՏՄ շրջանակներում: ԵՏՄ անդամ հայաստանի բիզնեսմենն այնտեղ ի՞նչ կարող է անել:

Նասիբյան Հայ բիզնեսմե՞նը... Ոչ մի բան: Միայն կարող է աշխատել, եթե այնտեղ աշխատանքի շուկան զարգանա, այս պահին: Իհարկե որոշակի առավելություններ տալիս է, բայց եթե մեր շուկան Ռուսաստանն է, ապա այս պահին Ռուսաստանում ինչ-որ բան արտադրելն ավելի արդյունավետ է, ավելի քիչ ծախսատար է, քան նույն բանը Հայաստանում արտադրելը: Այսինքն` վալյուտային պատերազմների մասին ենք խոսում ու այս պահին մենք այն երկիրը չենք, որ այդ պատերազմում կարողանանք ինքնուրույն քաղաքականություն իրականացնել: Իհարկե, չեմ գտնում, թե մենք ինչ-որ լուծում կարող ենք գտնել Ռուսաստանի շուկայում ու մեր տեղը գտնենք:

Հակոբյան Այսօր Հայաստանի ֆինանսական ու տնտեսական վիճակը Դուք ինչպե՞ս կբնութագրեք, ամենադիպուկ բնութագրիչը ո՞րը կլինի:

Նասիբյան Դժվար հարց եք տալիս, մենք գոյատևման վիճակում ենք` կայուն ծանր, երևի թե, գոյատևում ենք, բայց ինձ համար զարմանալի է, որ ասենք, մեր ռեստորաններում երբեմն տեղ չկա, զարմանալի է պարզապես: Այն մակրոտնտեսական ցուցանիշները, որ մենք ունենք` մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մոտավորապես կազմում է 3000-3200 ԱՄՆ դոլար` կախված փոխարժեքից, ու մենք այսպիսի երկիր ունենք, «գովելի է» և անհավանական այն սպառման մակարդակը, որ մենք ունենք, ճոխ ապրելակերպը, որ քաղաքի կենտրոնում կա, երբ որ տեսնում ենք, մայն զարմանալ կարելի է:

Հակոբյան Ինչպե՞ս եք դա բացտրում` միայն զարմանո՞ւմ եք, թե ինչ-որ կոնկրետ բացատրություն էլ կա:

Նասիբյան Որևէ բացատրություն պարզապես չունեմ, որևէ տնտեսական հիմք չունեմ: Մի քանի երկրների հետ փորձել եմ համեմատել համարժեք ՀՆԱ մակարդակով, և այնտեղ մարդկանց ապրելակերպը, քաղաքի վիճակը և այլնը լրիվ ուրիշ են, քան մեզ մոտ: Ուրեմն թաքնված շատ մեծ ռեսուրսներ ունենք, հավանաբար...

Հակոբյան Պարոն Նասիբյան, Դուք բանկային ոլորտի մասնագետ եք, Հայաստանում պատահո՞ւմ է, որ Ռուսաստանի օրինակով, հավաքվեն, հրավիրեն մասնագետների, բացեիբաց ներկայացնեն խնդիրները, լուծումներ առաջարկեն: Երկրի ղեկավարն է մասնակցում, ու նրանք չեն զլանում, չեն քաշվում, բացեիբաց խոսում են թերություններից, խնդիրներից ու նշում են այն խնդիրները, որ պետք է կարգավորեն: Հայաստանում, թեկուզ ոչ հրապարակային, բայց գոնե պատահո՞ւմ է, որ հրավիրեն քննարկումների, նստեք, զրուցեք, ինչ-որ խորհուրդներ հարցնեն…

Նասիբյան Ոչ, իմ կարծիքով չեն լինում, ու ես դա Հայաստանի ամենամեծ պրոբլեմներից մեկն եմ գնահատում: Որովհետև Հայաստանում այդ ինֆորմացիան, թե ինչպես է կառավարվում երկիրը, նույնպես մոնոպոլիզացված է, որովհետև երկիրը, կարծես զարգանում է էպիզոդիկ, առանց սցենարների` ես այդպես եմ գնահատում, որովհետև մենք չունենք զարգացման  կոնկրետ սցենարներ, որպեսզի սցենարի քննարկումներ անենք: Մենք կառավարումն իրականացնում ենք որոշումների ընդունման մակարդակով, իսկ այդ որոշումներն ինչքան բաց են, այնքան իրավիճակը շատ ավելի բացահայտ կլինի:

Եթե պարզապես կառավարման մոդելների մասին խոսենք, ապա երեք մակարդակ կա` Հայաստանը գտնվում է ամենաստորին մակարդակում` որոշումներով կառավարման մակարդակում: Սցենարներով կառավարման մակարդակը դա ամենաբարձր` երրորդ մակարդակն է, և մյուսը դա պռոյեկտներով կառավարման մակարդակն է: Եթե որոշումներով կառավարևման դաշտը լցված է, նոր միայն կարողանում ես անցում կատարել պռոյեկտների կառավարման ձևին, երբ ինչ-որ ծրագրեր ես իրականացնում` մեծ ծրագրեր, որտեղ կարողանում ես մոբիլիզացնել մեծ ռեսուրսներ ու դրանք իրականացնել: Հաջորդ մակարդակը սցենարային կառավարումն է, ու Ռուսաստանը սցենարներ է քննարկում: Իսկ մենք սցենարներ չունենք, որովհետև գտնվում ենք կառավարման նվազագույն մակարդակի վրա: Այսօր այսինչ տեղում այսինչ խնդիրը կա, լուծեցինք, անցանք առաջ: Մենք նույնիսկ չենք անցել ծրագրերով կառավարման մոդելին: Մենք ծրագրեր չեն կարողանում իրականացնել, էլ ուր մնաց` սցենարներ:

Ավչյան  Ձեր կարծիքով, կա՞ մի այնպիսի ծրագիր, որը կարող է շրջադարձ առաջացնել:

Նասիբյան Որպեսզի նշենք ցանկացած սցենար, ցանկացած ուղղություն, դա պետք է ցուցանիշների փոխկապակցված համակարգով ներկայացվի: Այսինքն` ասել, թե միայն մեկ ուղղությամբ մի այսպիսի ծրագիր կիրակիանացնենք, ու իրավիճակը կբարելավվի` ոչ: Պետք է լինեն տարբեր սցենարներ ու այդ սցենարների մանրակրկիտ հետազոտությունը, ազդեցությունը բնակչության վրա, ինֆլյացիայի վրա, տնտեսական աճի ու տնտեսական ակտիվության վրա և այլն: Այիսնքն` տարբեր լուրջ սցենարների մշակման խնդիր կա:

Պարզապես այս վիճակը երկար է տևելու: Էժան էներգառեսուրսները, կամ էժան նավթային դարաշրջանն այլևս վերջացած է, ու տարբեր գնահատականներով՝ մինչև 2030 թվականը լինելու է էժան էներգառեսուրսների դարաշրջան: Այս համատեքստում մենք պետք է փորձենք վերափոխվել ու գտնել զարգացման այլ ուղղություն` բացի Ռուսաստանից տրանսֆերտների սպասման հույսից: Իհարկե, նաև պրոբլեմ ունենք քաղաքական, տարածաշրջանային` այս վիճակում գոնե պահպանենք կայունությունը: Սա կարծես թե գերխնդիր է:

 

 

Թեմայի մասին մանրամասն տես նաեվ`

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ