02 02 2016

Քննարկում. Տնտեսական աճ՝ ռեսուրսների անխնա փոշիացման հաշվին



Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2015 թվականին կազմել է 3.1 տոկոս: Որքանո՞վ է իրական ներկայացված թիվը, ինչպե՞ս է տնտեսական աճ արձանագրվել, թե արտահանման, ներմուծման, ներդրումների, կառավարության գերակայություն համարվող բազմաթիվ ոլորտներում կան անկումներ: Ունենք գործազրկության աճ՝ գրեթե երկնիշ տոկոսով և 17 հազար փակված փոքր ու միջին բիզնես:

Այս հարցերն ենք քննարկել Yerevan.Today-ի տաղավարում տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ:

Արտակ ՄԱՆՈւԿՅԱՆ

 

1994-1999թթ. սովորել և ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: Հետազոտական ծրագրերով կատարելագործել է հմտությունները ԱՄՆ-ում (Քլիվելենդի Ֆեդերալ Ռեզերվային բանկ), Գերմանիայում և Շվեյցարիայում: Ունի ավելի քան 12 տարվա խորհրդատվական փորձ պետական ֆինանսների և զբոսաշրջության ոլորտներում: Հիմնականում ներգրավված է եղել «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի», Ասիական Զարգացման բանկի, Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի ծրագրերում:

Տնտեսագիտության թեկնածու է, դոցենտ: Ավելի քան 40 գիտական հոդվածների հեղինակ է:

Գևորգ
Ավչյան

լրագրող

Արտակ
Մանուկյան

տնտեսագետ

Սևակ
Հակոբյան

գլխավոր խմբագիր

 

 

Ներկայացնում ենք հատվածներ քննարկումից

Հակոբյան Զբաղվածության ոլորտում 8.5 տոկոս կրճատում կա երրորդ եռամսյակում, միայն 250 հազար մարդ, ըստ պաշտոնական թվերի, գործազուրկ էր 2015թ. երրորդ եռամսյակում, աղքատությունը չպակասեց: Եկել ենք մի վիճակի, որ 3.1տոկոսը թվեր են, որոնք մեր կյանքը չեն կարող փոխել:

Մանուկյան Խնդիրը թվերը չեն: Եթե թվերին նայենք, նախագահն ասում էր՝ էն կառավարությունը, որը 7 տոկոսից պակաս տնտեսական աճ ապահովի, պետք է հրաժարական տա: Ձուկը, որ ասում են գլխից է հոտում, հենց այս դեպքից պետք է նայել: Կառավարությունները գալիս-գնում են, վերջին 3 տարիներին չեն ապահովում այդ աճը, բայց հրաժարական չեն տալիս: Իսկ նախորդի հրաժարականը կապ չուներ աճի հետ:

Հակոբյան Հիմնավորեցին, որ խանգարել են միջազգային գործընթացները:

Մանուկյան Եկեք նայենք միջազգային գործընթացները. աշխարհում տեղի է ունեցել տնտեսական աճ 3.5 տոկոս, մենք ամրագրում ենք 2.2 տոկոս: Միջազգային գործընթացները լավ են: Վերցնենք ոլորտ, որը գերակայությունների տակ է՝ տուրիզմը, որի վրա ռեսուրսներ են ներդրվում: Աշխարհում տեղի է ունեցել այցելությունների 4 տոկոս աճ, Հայաստանում՝ 1 տոկոս նվազում:

Հակոբյան Ընդ որում, այս տարի հոսքը մեծ էր՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով:

Մանուկյան Էս առումով ևս մրցունակության հեռանկարները ամպագոռգոռ ոլորտում չկան: Նայում ենք ծառայությունների ոլորտը, 2 տոկոս աճ է: Գրեթե բոլոր ցուցանիշներով երբ խորքային ուսումնասիրություն ենք իրականացնում, պատկերը հեռու է բավարար լինելուց և հավատը, թե լավ է լինելու, կորցնում ենք: Սա ամենամեծ խնդիրն է: Կառավարությունը պետք է տեղղափոխվի իրական դաշտ և այնպես անի, որ իրական զարգացում ապահովի: 

Ավչյան Վարկանիշային աղյուսակներում հետընթաց ենք արձանագրում. Բիզնեսի սկսման առումով ունենք առաջընթաց, մյուս բոլորը՝ տնտեսական ազատություն, բնիզնեսի ազատություն, ազատ տեղաշարժ, ունենք հետընթաց: բիզնես սկսելն այնքան էլ կարևոր չէ, որքան շարունակելը:

Մանուկյան Իմ մոտեցումները վարկանիշների հանդեպ տարբերվում են հնչող տեսակետներից: Ես դրանց լուրջ չեմ վերաբերում: Նրանք միջինացված ցուցանիշներն են ներկայացնում, որոնցով էլ շարժվում է կառավարությունը:

Իրականում որևէ բարեփոխում չկա: Մենք դոփում ենք տեղում: 

Հակոբյան Հանքերի շահագործում և գյուղատնտեսության զարգացում. Մեկը Աստծո ողորմածությունն է, մյուսը՝ բնության բարիք, որն անսպառ չէ: Հանքերը մեր վերջին հույսն են, որը մսխում ենք: Իսկ գյուղատնտեսությունը… Ճի՞շտ է, որ պետության տնտեսական աճի զգալի հատվածը հենց գյուղատնտեսությունն է, այն դեպքում, երբ դա մշտապես այդպես առատ չի լինում: Սա ո՞ւր է տանում:

Մանուկյան Ընդհանրապես, գոյություն ունեն հավելյալ արժեքներ, ինչքան շատ ես տեխնոլոգիական գործընթացներ քո երկրում իրականացնում, այնքան քո երկիրը մրցունակ է: Գյուղատնտեսությունն ու այն հանքարդյունաբերությունը ամենացածր հավելյալ արդյունքով ոլորտներն են:

Գյուղատնտեսությունը եթե մեծ մասնաբաժին է ՀՆԱ-ում, դա բնորոշ է թույլ զարգացած երկրներին: Հետևաբար, եթե դու մոդելդ զարգացնում ես մենակ այս ուղղությամբ, ակնհայտ է, որ դու երկարաժամկետում չես կարող մրցունակ լինել, այն երկրների հետ որոնք գիտելիքահեն ոլորտներ են զարգացնում: Դու իրենց համար պետք է հումքի մատակարարի դերակատարում ունենաս: Եթե դու որդեգրել ես այս մոդելը, ապա մի քանի ժամանակ հետո խոսելու ենք, ոչ բերքառատ տարու մասին և այլն, և այլն և մենք ոնց ենք դիֆերսիֆիկացնելու այդ ռիսկերը դրա նախադրյալները չեն երևում: 

Հակոբյան 2016-ին ի՞նչ ակնկալիքներ պետք է  ունենաք, և ի՞նչ պետք է շտկել, փոխել, որ տնտեսությունը իրական հատվածում գրանցի նորմալ վիճակ:

Մանուկյան Առաջինը պետք է փոխել տնտեսական մոդելը: Գյուղատնտեսությունը եկամտաստեղծ չէ, այսիքն որ պես ոլորտ հարկային եկամուտներին քիչ աջակցություն է տալիս: Եվ հաջորդը՝ աճը պայմանավորված է եղել զվարճություններով՝ ժամանցի գոտիներ, կազինոներ և այլն: Սա  էլ հասկանալի է, որ քո տնտեսության երկարաժամկետության և հատկապես հարկային եկամուտների առումով կարևոր ոլորտ չէ: Պետք է խթանել մրցունակ արտադրությունը և գիտելիքահեն:

Հակոբյան Կառավարության մոտ այդ ամենն անելու կամք տեսնու՞մ եք:

Մանուկյան Կամքը տեսնելու համար, առաջինը պետք է բարցրաձայնել այս խնդիրների մասին: Եթե մենք ընկել ենք թվանկարչության հետևից, ձևականության հետևից, ուրեմն ես հոռետես եմ:

Հակոբյան Ունենք արտահանման խորհուրդ, ներդրումների խորհուրդ, շարժիչը փաստորեն կա:

Մանուկյան Պետք է հղում անեմ Լենինին, որ ասում էր. «Եթե մի գործ ուզում ես տապալվի, ստեղծիր խորհուրդներ»: 

Հակոբյան Հայաստանում ո՞վ կամ ի՞նչն է խանգարում տնտեսական խնդիրների լուծմանը:

Մանուկյան Առաջինը պետք է նշենք, որ մեր շուկայի մենաշնորհացման աստիճանը բարձր է, բայց պետք է ասեմ, որ ոչինչ չենք անում որ այդ աստիճանը նվազեցնենք, այլ ընդհակառակը՝ նպաստում ենք, որ կեղծ մենաշնորհներ ստեղծվեն: Բարցրաձայնվում է նաև կոռուպցիայի մասին, բայց չկա պատժելիություն: Երբեք մենք չենք ունենա ավելի լավ վիճակ: Ավելին ասեմ, ակնհայտ է, որ 2016 թվականն ավելի վատն է լինելու, քան 2015-ը: 

 

Թեմայի մասին մանրամասն տես նաեվ`

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ