28 01 2016

Քննարկում նախկին օմբուդսմենի հետ՝ նախկին օմբուդսմենների մասին



Ինչո՞ւ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ոչ ոք մինչև վերջ չի պաշտոնավարում: Ինչո՞ւ Հայաստանում պաշտոնի ընդունում-ազատումները չեն ուղեկցվում մեկնաբանություններով: Ի՞նչ հաջողվեց օմբուդսմեններին փոխել ոլորտում, ինչո՞ւ նրանց զեկույցները բավարար ուշադրության չեն արժանանում: Պաշտպանո՞ւմ է, արդյոք, նոր սահմանադրությունը օմբուդսմենին:

Այս և այլ հարցեր ենք քննարկել Yerevan.Today-ի տաղավարում ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ: 

 

Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

 

1988-1991 թվականներին եղել է «Արցախ» հայրենակցական միության հիմնադիր անդամ և պատասխանատու քարտուղար, 1991-1995 թվակններին` ՀՀ ԳԽ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ, 1995-2004թթ. և 2006-2007թթ.` «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն։

2004-2006 թվականներին եղել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, 2007-2012թթ.՝ ԱԺ պատգամավոր:

2002 թվականից դասախոսում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում։ Արցախին վերաբերող մի շարք փորձագիտական փաստաթղթերի հեղինակ է։

 

Իզաբելլա
Հովհաննիսյան

լրագրող

Լարիսա
Ալավերդյան

Նախկին ՄԻՊ

Սևակ
Հակոբյան

գլխավոր խմբագիր

 

Ներկայացնում ենք հատվածներ քննարկումից

Հակոբյան Տիկին Ալավերդյան, Կարեն Անդրեասյանը արդեն երրորդ պաշտպանն է, որ կիսեց մյուս երկու պաշտպանների ճակատագիրը, այն առումով, որ մինչև վերջ չպաշտոնավարեց: Ինչու՞ Հայաստանին պաշտպանի պաշտոնը չի գալիս:

Ալավերդյան Անկեղծ ասած, ես մինչև վերջին օրն աշխատել եմ, անգամ ավելին եմ աշխատել: Արդեն իմ ազատման մասին հրաման կար նախագահի կողմից, բայց քանի որ նախագահը իրավունք չուներ այդպիսի հրաման տալու, այսինքն դա անօրինական հրաման էր, ես շարունակում էի աշխատանքի հաճախել, մինչև որ չփակեցին դարպասները: Նույնիսկ, երբ իմ աշխատասենյակի դուռը փակ էր, ես գնում է և նստում էի քարտուղարուհու տեղը: Ես այդ հաստատությանը շատ բարձր տեղ եմ տալիս: Ինձ համար դա վերին աստիճանի առաքելություն ունեցող հաստատություն է: Ես դրանով եմ ղեկավարվել: Երբ որ մարդիկ նամակ էին գրում կամ խոսում, ես մտածում էի, որ խոսում  են իրենց մասին, քանի որ երբ մարդը խոսում է էթիկայի կանոններից դուրս, ավելի շուտ խոսում է իր մասին:

Հակոբյան Հայաստանում պաշտոնի ընդունումն ու ազատումը իրոք կուլիսային մակարդակում են: Կարեն Անդրեասյանը ասում է, որ եթե մնար, ավելի արդյունավետ չէր գործի: Ներկայացնում է մի այնպիսի պատճառաբանություն, որ ես իրոք ուրախանում եմ , որ դուրս եկավ: Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը պաշտոնից դուրս եկավ և էլի Ֆեյսբուքի միջոցով իմացանք դրա մասին: Պաշտոնից ազատում են  Գորիսի ոստիկանապետին, չեն նշում, որն է պատճառը, մեզ է մնում ենթադրել, որ պատճառը հայտնի դեպքերն էին կապված մարզպետի տղայի հետ:

Հովհաննիսյան Որքանո՞վ է կարևոր, որ ներկայացվի կոնկրետ այս դեպքում և ի՞նչ արդյունավետություն կունենա ապագա պաշտպանի համար:

Ալավերդյան Ես կարծում եմ, որ սա մեր սեղմ հասարակության սովորույթներն են: Բոլորը գիտեն, որ բոլորը գիտեն: Պատճառները կարծես թե դառնում են բոլորին հայտնի: Ոչ միայն մեզ մոտ, այլև արտասահմանում երկրորդ ալիքը կամ նախաալիքը դարձել են սոցիալական ցանցերը: Դա ընդունված մշակույթ է, բայց ինձ թվում է` չեն ասում, որովհետև չեն ուզում ներքին խոհանոցը բացել և դրա պատճառներից մեկը այն է, որ դեռ հույս ունեն, որ դեռ ինչ-որ մի տեղ կարող են պետք գալ, պետք չէ կամուրջները այրել, իսկ երկրորդ, ես դա ավելի զգուշությամբ կասեմ, որ շատ անգամ վերջին կաթիլը լինում է վերին աստիճանի անձնական մի բան, որ մարդ չի ուզում ասել ինչու է, իր մասին էլ ասեն` ինչ է: Բայց սրանք ենթադրություններ են: Միջազգային պրակտիկան ես ավելի լավ գիտեմ: Այդտեղ ամեն ինչ ավելի բաց է: Եթե ոչ անմիջապես, ապա որոշ ժամանակ հետո բացահայտվում է պատճառը: Ես իմ երկու ենթադրություններն էլ անում եմ նաև ելնելով միջազգային պարկտիկայից:

Հակոբյան Օրինակ, հենց այսօր հրաժարական տվեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը, և միանգամից եկավ մեկնաբանությունը:

Ալավերդյան Որովհետև այնտեղ, երբ որ ապացուցում են, որ այս կամ այն նախարարը կամ նրանց զավակները իրենց անբարո են պահում, իրենք անձամբ են հրաժարական տալիս, պատճառն էլ միանգամից հայտնի է դառնում: Մենք ևս ունեցել ենք նման մի դեպք,պարզապես  ես չեմ հիշում նախարարի անունը: Ես գտնում եմ, որ դա առաջադեմ և ազատ մարդու կեցվածք է:  Ահա սա է, որ մեր շատ պաշտոնատար անձինք ազատ մարդու բնութագիրը իրենց մեջ չեն կրում: 

Հովհաննիսյան Անդրադառնանք, թե ինչ հարաբերություններ ուներ Կարեն Անդրեասյանը այլ գործիչների հետ: Հեռակա բանավեճեր ունեցավ Արմեն Աշոտյանի հետ, հետո դատախազությանը մեղադրում էր դատախազություն-մարդու իրավունքների պաշտպան ոչ արդյունավետ  համագործակցության մեջ, վերջին կաթիլը Սամվել Ֆարմանյանի ելույթն էր, որտեղ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը բնութագրվում էր որպես 500 էջանոց ջուրծեծոցի: Արդյո՞ք նման բնույթի ճնշումները կարող են հիմք ծառայել հրաժարականի համար:

Ալավերդյան Ես դա համարում եմ հոգեբանական ճնշումներ, բայց առնվազն հոգեբանական: Դա քաղաքական հետապնդում չէր, մարդու իրավունքների պաշտպանը այն տեղն է, որը միշտ էլ պետք է գտնվի շատ մեծ ուշադրության ներքո և ոչ միշտ արդար գնահատականներով:

Հակոբյան Բայց դա մի քիչ էլ նեղացկոտ մարդուն է բնորոշ, ի՞նչ է նշանակում` ես հրաժարական եմ տալիս, որովհետև ինձ քննադատել են:

Ալավերդյան Այն, ինչ-որ գրել են զեկույցի մասին, դրանք մեղմ բաներ են, եթե համեմատենք, թե ինչ են գրել իմ զեկույցների և իմ անձի մասին: Անգրագետ, իրավաբանությունից ոչինչ չհասկացող, իր տեղում չէ և այլն, բայց ես ընդունում էի, որ իրենք իրենց մասին էին գրում: 

Հակոբյան Ինչու՞ են ընտրում այս պաշտոնում մի մարդու, որը մեծամասնության համակրանքն է վայելում, հետո այդ մեծամասնություն էլ նրան բզկտում է:

Ալավերդյան Երկու պատճառ կա: Ես էլ իմ նախաձեռնությամբ չեմ եկել, ինձ առաջադրել են հանրապետականները լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ: Բերում են նրան, ում կարծում են, որ կարող է աշխատել և ժողովրդի և իշխանության հետ: Պաշտոնը ունի մի մոգական հատկություն: Հայտնվում ես մի տեղ, որտեղ բացվում են շատ ավելի մեծ անդունդներ, չլուծված խնդիրներ, ես կարծում եմ, որ մենք բոլորս դրական միտումով ուզում ենք օգնենլ, որ իշխանությունները ուժեղանա այս թերությունները վերացնելու համար, դառնում ենք արդեն ոչ սիրելի և ցանկալի մեկը, որը պետք է հեռանա: Կարեն Անդրեասյանի դեպքում դա տեղի ունեցավ վերջին տարում:

Հովհաննիսյան Այսինքն՝ լիակատար չեն կարողանում աշխատել Մարդու իրավունքների պաշտպանները:

Ալավերդյան Այդ հաստատության առաքելությունն ու նպատակները չեն ընկալվում: Միշտ հիշում եմ՝ վաղամեռիկ Վլադիմիր Նազարյանը, երբ նոր-նոր Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի մասին խոսվում էր, ասում էր՝ չհասկացա՝ դա ի՞նչ է, դատախազի համար դատախազ է, դատավորի համար՝ դատավո՞ր: Ես կարծում եմ՝ նա անկեղծ է եղել: Վախենամ՝ նույն ընկալումը մինչ օրս մնում է, անգամ երիտասարդ սերնդի հանրապետականների մոտ: 

Հովհաննիսյան Անդրեասյանն ասաց, որ պետք չէ նույնացնել. Սամվել Ֆարմանյանի հայտարարությունը ոչ ՀՀԿ-ի, ոչ իշխանության տեսակետը չէր, դա պատվեր էր: Ի՞նչ եք կարծում՝ դա պատվե՞ր էր:

Ալավերդյան Ես այդքան հեռու չեմ գնա, հակառակը՝ քանի որ դրանից հետո կուսակցությունը ոչ զսպվածության կոչով, ոչ որևէ դրական արձագանքով հանդես չեկավ, դա եթե անգամ ողջունելի չի եղել, ապա դատապարտելի էլ չի եղել:

Հակոբյան Այնտեղ բազմաթիվ գործիչներ, անգամ՝ ԲՀԿ-ն, սկսեցին քննադատել, և մի քանի ընդդիմադիր պատգամավորներ ստիպված սկսեցին պաշտպանել:

Ալավերդյան Ես տպավորություն ստացա, որ չեն ուզում՝ Անդրեասյանը մինչև վերջ աշխատի: 

Հակոբյան Մարդու իրավունքների պաշտպաններին ի՞նչ հաջողվեց փոխել ոլորտում: Ի՞նչ վիճակ ունենք: «Freedom House»-ը զեկույց հրապարակեց, ըստ որի՝ ԼՂՀ-ում ավելի լավ վիճակ է, քան Հայաստանում, այստեղ էլ ավելի լավ վիճակ է, քան հարևան երկրներում: Բայց Հայաստանում էլ ոչ ազատ վիճակ է

Ալավերդյան Ինչի՞ մասին է խոսքը: Եթե մեր մասին խոսում են, համեմատում են հարևանների հետ, ու ոչ միայն Վրաստան, Ադրբեջան, անգամ՝ Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի հետ, նրանք չեն նայում՝ հին պատմություն ունենք, աշխարհագրական դիրքով են դատում, որոշ առումով՝ երկակի ստանդարտներով մեզ նման երկրներում աչք են փակում այնպիսի բաների վրա, ինչի վրա աչք չէին փակի, ասենք, Սկանդինավյան երկրներում, սա ինձ վիրավորում է: Մենք ավելիին ենք ունակ: Խնդիրը հետևյալն է՝ մենք ունենք մեր օրենսդրությունը, այն միջազգային կոնվենցիաները, որոնց միացած ենք: Ինձ համար խնդիր էր՝ խոցելի խավերից սկսած ուսումնասիրել և հստակեցնել իրավիճակը, նույնն արել են Արմեն Հարությունյանն ու Կարեն Անդրեասյանը: Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների որակը միշտ բարձրանում էր: ՄԻՊ-ն առանձին ամեն մարդու իրավունքների պաշտպանն է և խմբային որևէ հարցի բարձրացնողը, բայց նա չի կարող այդ հարցերը լուծել: Այստեղ է, որ նրան պետք է թե իշխանությունների սատարումը, թե հասարակության՝ նրա կողքին կանգնելը: Ամեն մեկս մեր տեղում փորձել ենք դա անել՝ վեր հանել եղածը, լուծել առանձին մարդկանց խնդիրներ: Կա այդպիսի ինստիտուտ, որին կարելի է դիմել, և եթե ոչ՝ ամեն անգամ, ապա առանձին անգամներ ավելի բարձր մակարդակով, քան ՀԿ-ն է, խնդիրը լուծվում է: Հասարակությունը պարզապես ավելի մեծ ակնկալիք ունի ՄԻՊ-ից, քան ընդհանրապես որևէ երկրում իրավունքներ ունի ՄԻՊ-ը: Նամակներ էին գալիս, մեծ մասը գրում էր՝ դուք մեր վերջին ապավենն եք: Իրականում՝ ՄԻՊ-ն իրոք սահմանափակ գործունեության դաշտ ունի, երկրորդ՝ իմպերատիվ նորմը չունի: Դա, իհարկե, վատ չէ, եթե ավելի լայն լիներ դաշտը, կլինեին դժվարություններ, իմպերատիվ նորմ ունենալու դեպքում էլ այն շատ օրենքների նման կմնար թղթի վրա: Իշխանությունն այդպես էլ չի համակերպվում մեկ ուժի հետ, որ ՄԻՊ-ը, այն է՝ տրամադրել տեղեկությունը հանրությանը: Բոլորն էլ լավ գիտեն իրենց թերությունները, բայց այդ մասին լռում են, միայն ՄԻՊ-ն է բավական հստակ շփվում հանրության հետ, մինչդեռ դա է ճանապարհը, որով կգնանք իրավական պետության մակարդակի: 

Հովհաննիսյան Մարդու իրավունքների պաշտպանությանը եթե անդրադառնանք, Հայաստանում այս տարիների ընթացքում ի՞նչ է գրանցվել, հետընթա՞ց, առաջընթա՞ց, թե՞ կայուն ծանր վիճակ:

Ալավերդյան Հասարակության մեջ  ավելի ըմբողտանալու, յուր իրավունքների համար պայքարելու ավելի մեծ մղումներ կան, հասարակությունն ավելի արագ և զգայուն է ընկալելու համար մարդու արժանապատվությունը, որի վրա հմնված են մեր բոլոր իրավունքները:

Հակոբյան Տիկի'ն Ալավերդյան, հասարակությո՞ւնը, թե՞, այնուամենայնիվ, մի քանի ակտիվ խմբեր:

Ալավերդյան Երբ խոսում ենք ակտիվ խմբերի մասին , չմոռանանք, մենք շատ սեղմ հասարակություն ենք, այդ փոքր խմբերն ունեն իրենց ազդեցությունը շրջապատի վրա:  Պատահական չէ, որ բոլոր այն հաջողված խմբերը, ով էլ ինչ ասի, համարում եմ դա այսպիսի մի տեխնոլոգիա, երբ մի փոքր խումբ մի փոքր խիզախում է, ու մյուսները նայում-ասում են` մենք էլ մի փոքր բացվենք: Եվ դա տեխնոլոգիա է բոլոր երկրներում: 

Հակոբյան Սահմանադրական փոփոխությանը եկեք անդրադառնանք. մարդու իրավուքնների պաշտպանի ինստիտուտը՝ նոր սահմանադրությամբ:

Ալավերդյան Սոցիալական իրավուքնները ընդհանրապես դուրս են եկել` կարգավիճակը եղել է սահմանադրական իրավունք էր, դարձել է օրենսդրական, բաժանվել է երկու գլխի, ինչն անհասկանալի էր էն գլխից, դարձել է քաղաքացիական և քաղաքական և սոցիալ-տնտեսական, և այդ առանձնացումը թուլացնում է մարդու իրավուքնների լիազորությունները: Կրկնում եմ` զուտ այդ իրավուքնները դուրս հանումը Սահմանադրությունից և սահմանադրական կարգավիճակից զրկումը ես համարում եմ խիստ բացասական երևույթ:

Երկրորդը` մարդու իրավուքնների պաշտպանի անկախության երաշխիքները այդպես էլ ինձ համար մնացին անհասկանալի, որովհետև չավելացան, չամրապնդվեցին, և ահա այդ հրաժարական տալը դրա օրինակներից մեկն է: Դա նշանակում է, որ կան ներքին այնպիսի ազդակներ, որոնք մարդու իրավունքների պաշտպանին տեղիք են տալիս մտածել, որ ինքն այլևս չի կարողանալու աշխատել նույն արդյունավետությամբ: Նշանակում է` այդ երաշխիքների պակասը կա:

Հովհաննիսյան Ո՞ւմ եք դուք տեսնում մարդու իրավունքների հաջորդ պաշտպանի պաշտոնում, Դուք պատրա՞ստ եք վերադառնալ այդ պաշտոնին:

Ալավերդյան Ես` ոչ, որովհետև նույն իշխանության հետ նույն ճանապարհն անցնելու ախորժակ ես բացարձակապես չունեմ: Եթե փոխվի իշխանությունը, փոխվի վերաբերմունքը, դա ես կարծում եմ, որ իմ մասնագիտությունն է մարդու իրավուքնների պաշտպանությունը, այլ իմ էությանը խիստ համահունչ է: Բայց ես կարծում եմ, որ մենք չենք ունենալու փոփոխություն մարդու իրավուքնների պաշտպանի նկատմամբ, եթե մենք ինստիտուցիոնալ փոփոխություն չմտցնենք նրա առաջադրման մեխանիզմի մեջ: Առաջադրման իրավունքը պետք է ունենա նաև հանրությունը` լինի դա հասարակական կազմակերպությունների, կամ քաղաքացիների ստորագրությունների միջոցով: Միայն այդ ձևով է հնարավոր ևս մեկ քայլ առաջ անել: Միգուցե դա բոլոր հարցերը չի լուծի, բայց ինստիտուցիոնալ առումով դա ավելին կնշանակի, քան ես տամ ազգանուններ: Կարծում եմ` Հայաստանի Հանարպետությունում կան բազմաթիվ արժանի մարդիկ լինի իրավաբանական համայնքից, լինի մարդու իրավունքների պաշտպանի համայնքից, ուղղակի կոչ կանեմ հասարակությանը երբևիցե խույս չտալ մարդու իրավուքնների պաշտպանից` հասարակությունն է ամենամեծ երաշխիքը մարդու իրավունքների անկախության:

 

Թեմայի մասին մանրամասն տես նաեվ`

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ