27 01 2016

Քննարկում. «Զվարթնոցի» քանդման գործը կարող է մտնել դատարան



Ի՞նչ են առաջարկում ճարտարապետները «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատիրոջը, ինչպե՞ս կարելի է օգտագործել հին մասնաշենքը: Ինչպե՞ս պայքարել բիզնեսի մեծացող ախորժակի դեմ, ինչո՞ւ ենք հողին հավասարեցնում տասնամյակների ու հարյուրամյակների պատմություն ունեցող շենքերը, ո՞վ է մեղավոր շինարարական ամենաթողության համար և ո՞րն է այս իրավիճակից ելքը:

Yerevan.Today-ի տաղավարում այս հարցերն ենք քննարկել «Զվարթնոց» օդանավակայանի կլոր ուղևորային համալիրի հեղինակ ճարտարապետներից Արթուր Թարխանյանի դստեր՝ Անահիտ Թարխանյանի հետ:

Անահիտ ԹԱՐԽԱՆՅԱՆ

 

Անահիտ Թարխանյանը ճարտարապետ է, Ճարտարապետների միության վարչության անդամ: «Ա-3» ճարտարապետական ձեռնարկության հիմնադիրը: Նախագծել է բազմաթիվ բնակելի շենքեր, մենատներ՝ Հայաստանում Անգլիայի դեսպանատունը, Ազգային Ժողովի, Միացյալ Ազգերի Կազմակերպության Հայաստանի գրասենյակի դահլիճները, վերակառուցել ու կառուցել է տարբեր բժշկական կենտրոններ՝ Արմավիրում, Իջևանում, Հրազդանում, Բերդում, Գյումրիում:

Տաթև
Միրզոյան

լրագրող

Անահիտ
Թարխանյան

ճարտարապետ

Անուշ
Թորոսյան

լրագրող

Սևակ
Հակոբյան

գլխավոր խմբագիր

 

Ներկայացնում ենք որոշ հատվածներ քննարկումից.

Հակոբյան Տիկին Թարխանյան, Դուք վերջերս ահազանգեցիք «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի քանդման մասին, նորից աղմուկ բարձրացավ, խոսակցությունները վերսկսեցին: Ի՞նչ փուլում է գործընթացն այս պահին:

Թարխանյան Ինքս լավատեղյակ չեմ, ականատեսներն ասել են, որ դեռ որևէ գործընթաց չի կատարվում, սակայն ներս մտնել հնարավոր չէ, չգիտեմ՝ որևէ շինարարական աշխատանք իրականացվու՞մ է, թե՞ ոչ: Քաղաքապետարանի կայքում կա որոշումը, որով համաձայնություն է տրվում էստակադայի ապամոնտաժմանը, բայց տեղյակ չեմ՝ աշխատանքներ սկսե՞լ են, թե՞ ոչ: Որքան տեղյակ եմ՝ անգամ համապատասխան փաստաթղթեր չկան, իսկ շինարարության մեջ ցանկացած քայլ կապված է շատ հստակ ձևավորված օրենսդրության հետ, համաձայն որի՝ պետք է լինեն առնվազն մեկ կազմակերպության փաստաթղթեր՝ քանդման աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ: Մենք մեկ հարկանի շենքի ապամոնտաժման հետ գործ չունենք, սա մեծ շինություն է, որի կենտրոնական օղակը քանդելը կարող է մեծ խնդիրներ բերել՝ կապված թե արտաքին, թե ներքին օղակների հետ: Ամենակարևոր խնդիրը, սակայն, մարդկանց անվտանգությունն է, ինչպե՞ս է շինարարական կազմակերպությունն ապահովելու մարդկանց անվտանգությունը շինհրապարակում: 

Հակոբյան Կոնցեսիոները Ձեզ հետ հանդիպելու, քննարկելու որևէ առաջարկով հանդես եկե՞լ է:

Թարխանյան Ոչ:

Հակոբյան Այսինքն՝ եթերներում Ձեր ելույթները, ասուլիսները որևէ ուշադրության չեն արժանացել:

Թարխանյան Ոչ:

Հակոբյան Իսկ քաղաքապետարա՞նը:

Թարխանյան Քաղաքապետարանը երկու անգամ հրավիրել է քննարկման՝ անցյալ և նախանցյալ տարիներին, հրավիրված են եղել հայտնի ճարտարապետներ, կոնցեսիոները ներկայացված է եղել ի դեմս իր ճարտարապետի: Այդ ժամանակ բոլորը, ներառյալ՝ գխավոր ճարտարապետը, կարծիք հայտնեցին, որ որևէ աշխատանք կատարելն անհնար է, որ կոնցեսիոները պետք է ներկայացնի գծագրեր, որոնք կքննարկվեն «Հայնախագիծ» ինստիտուտում, հավանություն ստանան ճարտարապետների, հանրության կողմից, միայն դրանից հետո ինչ-որ քայլեր, մոտեցումներ լինեն՝ կապված օդանավակայնի հետ:

Միրզոյան «Զվարթնոց»-ի հին մասնաշենքի քանդման հետ կապված խոսակցությունները պարբերաբար ակտիվանում են, հետո նորից լռում: Կարծեմ 2012-ին Վիեննայում կայացած ճարտարապետական կոնգրեսի ժամանակ որոշում կայացվեց, որ մի շարք շենքեր, նաև՝ այդ շենքը, պետք է առանց ձևափոխումների պահպանել, կարծես Կառավարության հետ համաձայնության էին եկել, որ պետք է ձեռք չտան այդ շենքին: Ի՞նչ եղավ, որ այդ խոսակցությունները նորից ակտիվացան, ավելին՝ թույլ տրվեց ապամոնտաժել:

Թարխանյան Ուղղակի ճշտում մտցնեմ՝ դա 2013-ին էր, ամենահայտնի ճարտարապետների կոնգրես էր, որի ընթացքում ընդունվեց այդ որոշումը: Այն կապված էր ընդհանրապես մոդեռնիզմի շրջանում նախագծված և կառուցված բոլոր շենքերին: Օդանավակայանը առաջնային այն շենքն էր, որ ներկայացված էր և քննարկվում էր, այն եղավ հիմքը, որ ճարտարապետները միավորվեցին, եղավ այդ հայտարարությունը: Իմիջիայլոց, Վիեննայի ճարտարապետները դիմել են նախկին ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարներին, բայց ի զարմանս ինձ՝ միայն Հայաստանից պատասխան եկավ Վիեննայի համաժողովին, ասացին, որ շատ մեծ ուշադրությամբ ծանոթացան նամակի հետ, որ մեծ ուշադրություն են դարձնելու այդ բոլոր շենքերին, փորձելու են իրականացնել այդ ծրագիրը: Թե ինչն է պատճառը, որ պահ է գալիս, և նորից սկսվում են խոսակցություններ շենքի ապամոնտաժման մասին, անհասկանալի է: 

Թորոսյան Այսպիսի մի մեկնաբանություն են մշտապես տալիս, որ շենքի պահպաման համար շատ ավելի լուրջ ծախսեր են պետք, քան ապամոնտաժման համար: Մոտավորապես հաշվարկ կա՞՝ որքան գումար է անհրաժեշտ շենքի պահպանման համար:

Թարխանյան Համաձայն ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև կնքված պայմանագրի՝ օդանավակայանը հանձնվում էր կառավարման՝ այն պահանջով, որ շահագործումից գոյացած գումարները ներդրվեն նրա կառավարման և շենքի արդիականացման մեջ: Ասվում էր, որ այս ընթացքում պարբերաբար պիտի արդիականացվեր, սակայն մենք տեսնում ենք, որ արդեն երկար ժամանակ, ինչ շահագործման հանձնվեց նոր օդանավակայանը, «Զվարթնոց»-ն արդեն չի շահագործվում: Պարզ է՝ ցանկացած շենք, որը 5-6 տարի չի շահագործվում, որի ինժեներական ցանցերը չեն արդիականացել, շենքը չի ջեռուցվում, նաև շոգ եղանակին շենքը չի պահպանվում, իհարկե, խնդիրներ պետք է լինեն: Որքան էլ լինեն դրանք, «Արմենիա» միջազգային օդանավակայանները, եթե չեմ սխալվում, հայտարարեց, որ 10-12 մլն դոլար արժեքի մասին է խոսքը, բայց կներեք, օդանավակայանի արժեքը նվազագույն հաշվարկներով հասնում է 100 մլն-ի: Հավատացնում եմ՝ այսպիսի կարևոր ստրատեգիական օբյեկտի համար նույնիսկ իրենց ներկայացրած գումարը մեծ թիվ չէ: 

Հակոբյան Տնտեսական օգուտով ինչ-որ նախագիծ է իրականացվելու այնտեղ. Դուք ներկայացրե՞լ եք առաջարկ, որ կարող է օգուտ բերել՝ հին մասնաշենքը չքանդելով:

Թարխանյան Սկսենք նրանից, որ ես կատեգորիկ դեմ եմ գոյություն ունեցող շենքը ապամոնտաժելուն, դա ստրատեգիկ նշանակության օբյեկտ է, հայ պետության, հայ ժողովրդի, հանրապետության համար կարևոր օբյեկտ է: Բոլորս լավ հիշում ենք՝ երբ 1988-ին նույնիսկ խնդիր չկար մասնակի շրջափակման, բոլոր ճանապարհները գալիս էին Հայաստան, կապը Ռուսաստանի հետ կայուն էր, անգամ այդ տարիներին օդանավակայանը մեծ դեր խաղաց Հայաստանին շտապօգնություն հասցնելու հարցում:

Հակոբյան Ստրատեգիկ նշանակություն ունի, բայց չեն քանդում ամբողջ օդանավակայանաը:

Թարխանյան Եթե մենք քանդում ենք էստակադան, որը կապող օղակն է ամբողջ օդանավակայանի, սիրտն է, այս դեպքում արդեն շենքը որպես օդանավակայան չի կարող գործել:

Միրզոյան Եթե չեմ սխալվում` առաջարկ կար, որ եթե թռիչքների նպատակով չօգտագործվի, մնա որպես թանգարան:

Թարխանյան Թանգարան միայն այն դեպքում եթե ամբողջ շենքը սառեցվում և կոնսերվացվում է: Եթե շենքի այն մասերը, որոնք թռիչքներ կազմակերպելու համար խիստ կարևոր են, մնում են, և ժամանակավորապես սկսում ես շենքը օգտագործել այլ նպատակով, ապա, իհարկե, կողմ եմ: 

Թորոսյան Կարծես նոր մարտավարություն է որդեգրվել` հատուկ պահպանվող հուշարձանների շարքից հանում են հուշարձանը, հետո արդեն ապամոնտաժման թույլտվություն տալիս: 2004 թվականին Զվարթնոցը նույնպես հանվեց այդ ցանկից: 10-15 տարի չշահագործվելու արդյունքն է այդ վիճակը: Այն ժամանակ արդյոք սա ահազանգ չեղա՞վ Ձեզ համար, արդյո՞ք կասկածներ չունեիք:

Թարխանյան Նախանցյալ տարի Հանրային խորհուրդը որոշում էր կայացրել, որ Զվարթնոց օդանավակայանը պետք չէ քանդել, պետք է գտնել շահագործման նոր ուղիներ: Մյուս կողմից Ճարտարապետների միությունը ողջ անձնակազմով ստորագրել են այդ դիմումի տակ, դիմել են Մշակույթի նախարարություն: Երևի մեկ ու կես տարի արդեն անցել է, բայց դեռևս որևէ արձագանք չկա: Այդ նամակով ճարտարապետները դիմում էին նախարարություն, որպեսզի օդանավակայանը ներգրավվի այդ ցանկի մեջ: Ինչքան էլ զանգել, հարցրել ենք, թե ինչ իրավիճակ է, ասել են, որ շուտով քննարկում կլինի այդ թեմայով, բայց դեռևս արդյունք չկա: 

Հակոբյան Մտածե՞լ եք դատական պրոցես սկսելու մասին:

Թարխանյան Դատական գործընթաց սկսելու համար անհրաժեշտ փաստաթղթեր են պետք, որոնք հավաքվում են: Դիմել ենք Քաղաքաշինության նախարարության համապատասխան հանձնաժողովին, որի հիման վրա ուզում ենք պարզել, թե ինչի հիման վրա են տվել շենքի ապամոնտաժման թույլտվությունը: Այլ քայլեր պետք է անենք, ամեն ինչ ընթացքի մեջ է:

 

 

 

Թեմայի մասին մանրամասն տես նաեվ`

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ