21 01 2016

Քննարկում. Ամեն ինչ՝ Հայաստանում սուր վարակիչ հիվանդությունների և կանխարգելման մասին



Ի՞նչ անել, եթե սուր վարակիչ հիվանդությամբ եք վարակվել, ի՞նչ դեղեր օգտագործել, ե՞րբ դիմել բժշկի, արդյո՞ք բուժումն իսկապես պետպատվերի շրջանակներում է և արդյո՞ք դեղը տրամադրվում է անվճար:

Հայաստանում սուր վարակիչ հիվանդություններով պայմանավորված իրավիճակը, կանխարգելումն ու բուժումն ենք քննարկել Yerevan.Today-ի տաղավարում ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանի հետ: 

 

Տաթև
Միրզոյան

լրագրող

Իզաբելլա
Հովհաննիսյան

լրագրող

Լիանա
Թորոսյան

ԱՆ ներկայացուցիչ

Սևակ
Հակոբյան

գլխավոր խմբագիր

 

Ներկայացնում ենք որոշ հատվածներ քննարկումից.

Հակոբյան Այս օրերին ամենուր քննարկման ամենագլխավոր թեման սուր շնչառական հիվանդություններն են, տարածված վարակը: Կխնդրեմ ներկայացնեք, թե ի՞նչ վիճակ է հիմա հանրապետությունում:

Թորոսյան Այսօր  հանրապետությունում  սուր շնչառական հիվանդություններով  և թոքաբորբերով իրավիճակը կարելի է գնահատել կայունացած: Իհարկե, կան հոսպիտալացված հիվանդներ, որոնց գերակշիռ մասը երեխաներն են: Շնաչառական  վարակներով, թոքաբորբերով, ցավոք, վերակենդանացման բաժանմուքներում ունենք հիվանդներ և ունենք հիվանդներ, որոնք գտնվում են արհեստական շնչառական ապարատի տակ: Վերջին 3 օրերում 2 հիվանդ շնչառական ապարատի տակից դուրս եկան, և ավելին ասեմ, նրանք վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են սոմատիկ բաժանմունքներ: Բայց, իհարկե, ունենք հիվանդներ, որոնք ունեն ուղեկցող հիվանդություններ: Ցավոք սրտի բնակչությունը ուշ էր դիմում բժշկական օգնության: Տոներն իրենցն արեցին, և դա համընկավ շրջանառվող վիրուսի հետ, սա տվեց իր բացասական արդյունքը: 

Հակոբյան Ասում եք վիճակը կայունանում է, բայց անընդհատ թվեր են ներկայացվում, սակայն մահվան երկու դեպք երեկ գրանցվեց:

Թորոսյան Հիվանդները, որոնք արձանագրեցին մահացու ելք, դրանք հարաբերական  հին՝ հունվարի 6-ին,7-ին, 9-ին  ընդունված հիավանդներ են: Վերջին մի քանի օրերին հիվանդներ, որոնք  ընդունվել են և անցել են շնչառական ապարատի տակ՝ չկան: Հղիներին այսօր թեթև վիկաճակում  առաջարկվում է հոսպիտալացնել, քանի որ նրանք ավելի խոցելի են: Ասեմ ինչու է ծանրաբեռնվածություն ստացիոնարներում, քանի որ բնակչությունը նախընտրում է գնալ ստացիոնար: Այսօր շնչառական վարակներն ավելի շատ են, քան թոքաբորբերը: 

Հովհաննիսյան Նշեցիք, որ վիճակը կայունանում է, սակայն H1N1-ը շարունակում է դեռ խուճապի մեջ պահել մարդկանց: Նոյեմբերից խոսվում էր  H1N1-ի մասին: Նման դեպքերում սովորաբար Առողջապահության նախարարությունն ու մասնագետները, ի՞նչ անելիքներ ունեն:Կան կանխարգելիչ միջոցառումներ, որպեսզի նման տարածում, և նման դեպքեր չգրանցվեն:

Թորոսյան Առողջապահության նախարարությունը, որպես կանխարգելիչ միջոցառում, պատվաստանյութ է ներկրել  Հայաստան: Եվ  հիմնակնում արվում է այն խոցելի խմբերում, որոնք առաջինն են «արձագանքում» այս  ազդակին: Եվ, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, դա առաջնային բժշկական օղակն էր, երկրոդը փակ տարածքներում գտնվող անձիք են: Մինչ օրս շարունակվում են կանխարգելիչ պատվաստումները, հիմա նախապատվությունը տրվում է խոցելի խմբերի ներկայացուցիչներին, նոր մնացած քաղաքացիները, ովքեր ցանկություն կունենան:

Միրզոյան Իսկ ինչու՞ է պատվաստումը կատարվում ըստ ցանկության:

Թորոսյան Որովհետև դա մտած չէ մեր ազգային օրացույցի մեջ. պատվաստումն արվում է  միայն ցուցումով:

Հովհհանիսյան Մենք պոլիկլինիկա այցելեցինք՝ տեսնելու, թե մարդիկ արդյո՞ք պատվաստվում են, ինչպես նաև մեր հարցումները ցույց տվեցին, որ չեն ցանկանում պատվաստվել, վախենում են՝ որակից ելնելով, առաջին անգամ է կիրառվում և ասացին, որ պատվաստանյութը պոլիկլինիկան ստացել է վերջին օրերին:

 

Միրզոյան Ճի՞շտ գիտեմ, որ այդ պատվաստանյութը միայն ԱՄՆ-ում է օգտագործվել:

Թորոսյան Ոչ, սա Առողջպահության համաշխարհային կազմակերպության կողմից հավաստագրված պատվաստանյութ է, եռակոմպոնենտ պատվաստանյութ, պարունակում է հենց H1N1-ի դեմ նյութ և այլն: Ընդհանրապես, մեզ համար կարևոր է գրիպի A տեսակը , որովհետև  A տեսակն ունի գրեթե 144 ենթատեսակ: Եթե մեկ տեսակով հիվանդացած ենք, դա մեզ չի ապահովագրում մյուս ենթատեսակով հիվանդանալուց: Մեկն ասում է՝ «գրիպս կրկնվեց», մյուսն ասում է՝ «գրիպս երկարեց»: Գրիպի ցանկացած տեսակի և ենթատեսակի դեպքում կարող են լինել բարդություններ: 

Հակոբյան Գրանցվել են դեպքեր, որ գանցել են պոլիկլինիկա, ստուգվել են, նշանակվել է «Տամիֆլյու» դեղը, բայց ասել են` չունենք վերջացել է:

Թորոսյան Չկա նման բան, խնդրում եմ` ասեք պոլիկլինիկայի համարը, ո՞ր պոլիկլինիկայում են նման բան ասել:

Հակոբյան Մենք նման դեպքեր ունենք, ես անպայման կփոխանցեմ այդ համարը:

Թորոսյան Փոխանցեք, որովհետև ունեցածը դեռևս չսպառված՝ նոր խմբաքանակ ներկրվեց, և ամբողջ առաջնային օղակը ողողվեց` սկսած մարզերից ու վերջացրած Երևան քաղաքով: 

Հակոբյան Եկեք մեկ այլ հարցի վրա էլ ուշադրություն հրավիրենք. բուժումն անվճար է, բայց գրիպից այսինչ կամ այնինչ հիվանդություն է առաջացել, ու դրանց համար բուժում է նշանակվել, որն արդեն վճարովի է:

Թորոսյան Դա էր պատճառը, որ առողջապահության նախարարը դեռևս մոտ 1 շաբաթ և ավել առաջ տվեց հրաման, որ այն հիվանդները կամ անձիք, ովքեր առնչություն ունեն թոքաբորբերի կամ սուր շնչառական հիվանդությունների վարակների հետ, նրանց բուժումը կատարվում է պետպատվերի շրջանակներում, որպեսզի հիվանդին չկարողանան նույնիսկ այս դեպքում հիվանդին հետ չուղարկել:

 

Հակոբյան Կարո՞ղ եք մի որևէ հեռախոսահամար հայտնել, որով հնարավոր կլինի զանգել ու գանգատները հայտնել:

Թորոսյան Առողջապահության նախարարության թեժ գիծ, որը գործում է, մարդիկ կարող են զանգել բոլոր բողոքների, գանգատների, նկատառումների, ինչու ոչ` նաև ողջույնի խոսքերով հանդես գալու կամ առողջապահության նախարարությանը դիմելու համար:

Հովհաննիսյան Նշեցիք, որ Երևանում է վիճակը կայունանում, կուզեինք, որ ներկայացնեք, թե մարզերում ինչ վիճակ է և այդ մահացության դեպքերը հիմնականում Երևանո՞մ են գրանցվել, թե՞ մարզերի հիվանդանոցներում:

Թորոսյան Հիմնականում Երևանում են գրանցվել այդ դեպքերը, որովհետև հիմնականում ծայրահեղ ծանր դեպքերը փորձել են տեղափոխել Երևանի հիվանդանոցներ: Մարզերում իրավիճակը համեմատաբար ավելի լավ է, բայց Արարատի մարզ, Արմավիր, Սյունիքում դեպքերն ավելի շատ են եղել, բայց նվազելով գալիս է: Ու հետաքրքիր մի բան` որ մարզերում եղանակային պայմաններն ավելի ցուրտ են, այնտեղ հիվանդացությունների մակարդակն ավելի ցածր է, քան այն մարզերում, որտեղ ավելի տաք է: 

Միրզոյան Նշեցիք, որ Տամիֆլյուն անվճար ապահովվում էր, չէ՞, ով դրա կարիքն ուներ, բայց նաև գաղտնիք չէ և նաև նկարվեցին, որ այդ օրերին նաև թանկացումներ տեղի ունեցան դեղատներում`կապված նույն շնչադիմակների հետ կամ այն դղերի, որոնք կապ ունեն գրիպի կանխարգելման կամ բուժման հետ:

Թորոսյան Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, կներե'ք, ինչը չգիտեմ` չեմ կարող որոշակի բան պատասխանել, կճշտեմ և եթե պետք է՝ այս հարցի վերաբերյալ առանձին տեղեկատվություն կամ պարզաբանումներ կտրամադրեմ:

 

Հովհաննիսյան Տեսնում ենք, որ մարդիկ շնչադիմակներով են շրջում փողոցներում, տանը, նաև աշխատավայրում՝ չվարակվելու համար: Կարծում եմ` ևս մեկ անգամ ճիշտ կլիներ ասել` արդյոք այդ դիմակը փողոցում օգնո՞ւմ է:

Թորոսյան Իհարկե ո'չ: Ինչո՞ւ ենք ասում` հաճախակի օդափոխեք փակ տարածքները: Հարգելինե'րս, փողոցում դիմակ կրել պետք չէ: Դիմակը պետք է կրել միայն փակ տարածքում, եթե շրջապատում կա հիվանդ, կամ եթե Դուք եք հիվանդ: Այսինքն` եթե հիվանդ վիաճկում գնացել եք աշխատանքի, ապա կրե'ք դիմակ, որպեսզի այդ օդակաթիլային եղանակով վարակը չփոխանցեք մյուսներին: Հետևել է պետք ձեռքերի հիգիենային: 

Հակոբյան Կասե՞ք մի քանի ախտանշաններ, որոնց դեպքում պետք է դիմել բժշկի:

Թորոսյան Ծանր շնչառություն, հոգնածություն, բարձր ջերմություն, հևոց, ծանր շնչառություն, հատկապես եթե հղի է կամ երեխա, պարտադիր է բժշկի դիմելը:

Հովհաննիսյան Հունվարի25-ից դպրոցները կվերաբացվեն: Ի՞նչ խորհուրդ կտաք, որ ծնողները անեն, որ նոր բռնկում չլինի:

Թորոսյան Մեր մշտադիտարկման արդյունքները մեզ կհուշեն` պետք է վերաբացել, թե ոչ: Ամեն դեպքում մեր մասնագետները ամեն ինչ կանեն, որ չթողնեն հիվանդ երեխային գնալ դպրոց: Սա ծնողները պետք է ի գիտություն ընդունեն:

Հակոբյան Ճի՞շտ էր արդյոք համաճարակ չհայտարարելը:

Թորոսյան Այո, որովհետև դա համաճարակ չէր, որովհետև համաճարակը հանրապետության ողջ տարածքում վերջին 5 տարվա միջինացման ցուցանիշը կոնկրետ ժամանակահատվածի համար պետք է գերազանցի 5-10 անգամ, իսկ այսօրվա մեր համաճարակային շեմը մենք գերազանցել ենք 1.5 անգամ, որը վկայում է սեզոնային բռնկման մասին:

Հակոբյան Իրավիճակի կայունացման փուլը ե՞րբ է գալիս:

Թորոսյան Մենք սեզոնի մեջ ենք, և սեզոնը կլինի մինչև ապրիլ ամիսը: Սեզոնը սկսվում է հոկտեմբերին, ավարտվում ապրիլ ամսին, ունենում ենք երկու պիկ` հոկտեմբերին և փետրվարին: Այս տարի ինչպես մեր երկրում, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներում այդ պիկը վաղ է սկսել: Մենք պետք է մինչև ապրիլ ամիս զգոն լինենք, բոլոր կանխարգելիչ միջոցառումներին հետամուտ լինենք: Իրավիճակը գտնվում է Առողջապահության նախարարության դիտակետում, բայց նաև հայցում ենք ազգաբնակչության զգոնությունը` ժամանակին դիմել բժշկի: Պարտադիր չէ միանգամից գնալ հիվանդանոց, պետք է դիմել տեղամասային պոլիկլինիկա, եթե այնտեղ գտնեն, որ իրավիճակը լուրջ է, ապա կուղարկեն ստացիոնար:  

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ