15 01 2016

Քննարկում. Հայաստանում բոլոր խնդիրների լուծումը քաղաքական դաշտում է



Հայաստանում խնդիրները կուտակվում են կայծակնային արագությամբ, իսկ լուծումները շատ դանդաղընթաց են: Մեր բոլոր խնդիրներին ավելացել է իշխանության անհանդուրժողականությունը քննադատական խոսքի նկատմամբ: Պետության ղեկավարությունը խուսափում է հարցադրումներից, խուսափում հասարակության հետ երկխոսելուց, իսկ մարդիկ տեսնում են, որ երկիրը պահելու, ճեղքվածքը փակելու միակ մարտավարությունը վարկեր վերցնելն է, փոխարժեքն արհեստականորեն պահելը: Եվ եթե սոցիալական խնդիրների մեջ թաղված քաղաքացուն այդպես ձեռնտու է և չի պատկերացնում, որ դա խիստ ժամանակավոր տարբերակ է և քայքայում է տնտեսությունը, ապա մասնագետները հասկանում են, վերլուծում ու համարում են աղետ:

Ակնհայտ է, որ այսօր Հայաստանում խոշոր խնդիրների լուծումը մեծ ի մասամբ քաղաքական հարթության մեջ է՝ անկախ այդ խնդրի բնույթից:

Հայաստանի տնտեսական ու քաղաքական իրավիճակն ու հեռանկարներն ենք քննարկել Yerevan.Today-ի տաղավարում տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ:

Վահագն ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

1992-1996 թվականներին եղել է Երևանի քաղաքապետ, 1995-1999 թվականներին՝ Ազգային ժողովի պատգամավոր, 1996-1998 թվականներին՝ նախագահի խորհրդական։

«Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ է, «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ:

Գիտական, մասնագիտական հոդվածների, ազատական տնտեսագիտական, քաղաքական գրքերի թարգմանությունների և հրապարակումների հեղինակ է։

Գևորգ
Ավչյան

լրագրող

Վահագն
Խաչատրյան

տնտեսագետ

Սևակ
Հակոբյան

գլխավոր խմբագիր

 

Ներկայացնում ենք որոշ հատվածներ քննարկումից.

Հակոբյան Խոսենք այս տարվա քաղաքական, տնտեսական սպասումների մասին և նաև կարճ ամփոփենք անցյալ տարին: Նախընտրական տարի է 2016 թվականը. դա նշանակում է, որ իշխանությունը պետք է աշխատի հնարավորինս լավ, որպեսզի ընտրություններում կարողանա նորմալ արդյունք գրանցել: Մյուս կողմից` մենք տեսնում ենք, որ երկրում տնտեսկան այն ցուցանիշները, որ կան, լավ արդյունքների մասին չեն խոսում: Իշխանությունը խուսափում է հարցադրումներից, երկիրը պահելու գլխավոր հնարավորությունը նրանց համար դարձել են վարկերը` արտաքին պարտքեր վերցնելը, փոխարժեքը արհեստականորեն պահելը, բանկերը վարկեր չեն տալիս, մարդիկ կանգնած են նոր խնդիրների առջև: Ինքս չեմ տեսնում, որ իշխանությունը փորձի ինչ-որ ձևով շտկել իրավիճակը: Դուք նո՞ւյն բանն եք տեսնում:

Խաչատրյան Շատ ճիշտ գնահատականներ եք տալիս: Փորձենք համեմատել Ռուսաստանի դաշնության վիճակի հետ. իրավիճակը համարյա նույնն է, և քաղաքական գործընթացներն էլ գրեթե նույնն են. նկատի ունեմ՝ ոչ մրցակցային միջավայրը: Այնտեղ «Եդինայա Ռոսսիա», այստեղ` ՀՀԿ: Բայց կա Պուտինի աննկարագրելի հեղինակություն, որը, կարելի է ասել, անհավատալի է, և իշխանությունների հանդեպ որոշակի վստահություն, իսկ Հայաստանում` չկա:

Ինձ Ռուսաստանում ընթացող քննարկումների մակարդակն է զարմացնում, և ես ինձ շատ լավ եմ զգում, որ Ռուսաստանում բաց քննարկում է իրենց երկրում ընթացող զարգացումների շուրջ` տնտեսական վիճակի մասին են խոսում, որ աննախանձելի վիճակում է, որ այդ աննախանձելի վիճակը շարունակվում է այս տարի, որևէ լավ բան չկա, բայց մարդիկ նստում և խոսում են: Եվ անհանդուրժողականություն ես չեմ տեսնում: Այսինքն` մարդիկ ստեղծված իրավիճակից ելքեր են փնտրում: Իսկ մեզ մոտ, շատ ճիշտ գնահատական եք տալիս, որևիցե հարթակ չկա, որ այդ խոսակցությունը տեղի ունենա: Որովհետև, ես հասկանում եմ, որ այսօր իշխանությունը, կարծես, դրա կարիքը չունի:

Տնտեսական առումով` աննախանձելի իրավիճակում ենք հայտնվել, աննախադեպ վիճակ, նույնիսկ` փակուղային: Այսինքն` եթե ուզում ենք իրավիճակը բարելավել, ճանապարհները չկան, տնտեսական դաշտում չեն գտնվում, այլ քաղաքական, իսկ քաղաքական դաշտում՝ անհանդուրժողականության մթնոլորտ է: 

Հակոբյան Թվում էր, թե սահմանադրական փոփոխություններն իշխանությունների գլխավոր նպատակն են, անցկացվեց: Թե ինչպես անցկացվեց, դա էական չէ: Ու հիմա իշխանությունը չունի լուրջ ընդդիմախոս: Չկա մի այնպիսի ուժ, որը կարող է այս պահին իշխանափոխություն անել: Իշխանությունն ինքը միայնակ է, ու կարող է ազատորեն ծրագրերն իրականցնել:

Խաչատրյան Հետաքրքիր բան եք ասում, ու հենց խնդիրն այն է, որ միայնակ լինելով, հենց միայնակ էլ մնացել է և այդ հնարավորությունը, այդ ուժը չունի  փոփոխություն անելու: Ու խնդիրն էլ հենց դա է, որ այդպիսի համակարգերի վերջը հենց կործանումն է լինում: Մեր իշխանությունը ոչ մի իմունիտետ չունի դրսից կամ ներսից եկող ցանկացած պրոբլեմ լուծելու համար: Այսօր ես չգտեմ էլ, թե ինչ խնդիր է իր առջև դրված: Կարծում եմ` իրենց մոտ այն մտայնությունը կա, թե «Ի՜նչ է եղել որ, մեզ ո՞վ կարող է դիմադրել` ինչ ուզենք, այն կանենք …»:

Ավչյան Այդ «ինչ ուզենք»-ը … Առաջին հայացքից այնքան էլ պարզ չէ, թե ինչ են ուզում, ով է ուզում ու հանուն ինչի է ուզում: Լավ` միգուցե իշխանություն հանուն իշխանությա՞ն:

Խաչատրյան Ես էլ միշտ այդ հարցի պատասխանն եմ փորձում գտնել. կարդում եմ, լսում եմ, փորձում եմ հասկանալ, թե լավ` իշխանությունն ի՞նչ է փորձում անել, ինչի՞ համար է դա անում: Ի վերջո` գերագույն նպատակը պետություն, պետականություն, ժողովրդի բարեկեցությունն է, բայց հիմա երբ նայում եմ, այդ խնդիրները չկան էլ` ոչ բյուջեում, ոչ ծրագրերում և այլն: Ի վերջո, չեմ հասկանում, թե ինչ է ուզում իշխանությունը, միգուցե արհեստական օրակարգ է ուզում սահմանել: Նույն հանրաքվեն արհեստական օրակարգ էր, բայց հասարակությունը, ժողովուրդը չի ընդունում այդ արհեստական օրակարգը: Ժողովրդի մոտ կա մասսայական անվստահություն իշխանության ու նրա կողմից ներկայացվող ցանկացած փոփոխությունների, քաղաքական ուժերի նկատմամբ: 

Ավչյան Փորձենք անդրադառնալ նաև տնտեսական հարցերին. հենց թեկուզ դիտարկենք 2016 թվականի բյուջեն: Առաջինը, որ գալիս է մեր մտքին 2016 թվականի բյուջե ասելիս, 2.2 տոկոս տնտեսակն աճն է, աշխատավարձերը չեն ավելացել, ինչ-որ նոր ծրագրեր չեն ավելացել, ու պահպանվել է  այն, ինչ կար, ու հենց դա էլ նշվում է, որպես այդ բյուջեի գլխավոր արժանիք: Այնուամենայնիվ, 2.2 տոկոս տնտեսական աճն էլ ինչ-որ տեղ տարակարծության տեղիք է տալիս: Ու հետաքրքիր է, թեկուզ այդ 2.2 տոկոս տնտեսական աճը հնարավո՞ր է պահպանել:

Խաչատրյան Ասեմ, որ այդ 2.2 տոկոս տնտեսակն աճի մասին Հայաստանը պետք է չխոսի էլ, որովհետև դա Հայաստանին ոչինչ չի տալու: Խնդիրը հենց դրանում է, որ ես չեմ ուզում, թե մենք ինչ հարց ենք ուզում լուծել այդ 2.2 տոկոս տնտեսական աճով: Եվ հետո` այդ տնտեսական աճը ապահովվում է բյուջեի դեֆիցիտի հաշվին: Դա էլ մի մոռացեք: Դա ապահովվում է նաև պետական պարտքի ավելացման հաշվին, այն արդեն հասնում է օրենքով նախատեսված սահմանաչափին, դրանից ավել չենք կարող պարտք վերցնել: Այսինքն` մենք բոլոր ռեսուրսներն օգտագործում ենք միայն ու միայն նրա համար, որպեսզի բյուջետային ծախսերն ապահովենք կամ 2.2 տոկոս տնտեսական աճ ունենանք:

Տնտեսական առումով` մենք հասել ենք մի կետի, որտեղ պետք է մեր հետագա տնտեսական զարգացման համար կարևորագույն որոշում ընդունենք. տարիներ շարունակ մեր տնտեսության զարգացման լոկոմոտիվը եղել է ներմուծումը` տնտեսությունը կառուցված է եղել ներմուծման վրա, որը նշանակում է ապահովել ժողովրդի պահանջարկը, իսկ այդ պահանջարկի հիմնական բարձրացումը կապված է եղել կա’մ աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների բարձրացման, կա’մ դրսից եկող տրանսֆերտների բարձրացման հետ, որը քաղաքացիների ու տնային տնտեսությունների եկամուտներն էր ավելացնում: 2008 թվականի տնտեսական ճգնաժամից հետո  կարողանում էին այդպիսի աճ ապահովել, որը նպաստում էր նաև տնտեսական աճին: Բայց քանի որ արդեն սկսած 2014 թվականից տրանսֆերտները պակասեցին, ներմուծման ազդեցությունը տնտեսության վրա էականորեն կրճատվել է: Ու արդեն մենք պետք է կարողանանք այս մոդելը փոխել:

Հակոբյան  Իսկ այս կայունացումը, դրամի կայունությունն ու՞ր կտանի:

Խաչատրյան Այ, հենց այդ կայունությունն է, որ ճահճային է: Այն կտանի մեր տնտեսության ոչնչացման, որովհետև երկրի տնտեսության զարգացման կարևորագույն պայմանը, խթանիչը կարող է լինել արտարժույթի փոփոխությունը: ԱՄՆ-ն, որ մեղմացման քաղաքականություն էր տանում, դոլարն արժեզրկեց, դրա արդյունքում ներքին տնտեսության զարգացում տեղի ունեցավ: Բացի ինֆլյացիայից, իրենց երկրորդ խնդիրն էր աշխատատեղերը: Եթե ուշադրություն եք դարձրել նույն Օբամայի վերջին զեկույցին, որով հանդես եկավ պառլամենտում… Ի միջի այլոց, մի զուգահեռ էլ տանեմ. մենք վերջին անգամ ե՞րբ ենք լսել մեր երկրի ղեկավարից նման լուրջ զեկույց պառլամենտում:

Հակոբյան 2008 թվականի հոկտեմբերին:

Խաչատրյան Սա էլ չափանիշ է, որ ասում եմ՝ հասարակությանը դիմելու, արժևորելու խնդիր կա: Լավ, թե վատ տարի է՝ կարևոր չէ, բայց կա երկրի ղեկավար, որին բոլորը սպասում են, որի խոսքի ցանկացած նախադասություն կամ ստորակետ մեսիջ է՝ ուղղված բիզնեսին, քաղաքական գործիչներին, բոլորին…  Օբաման ներկայացնում է, որ 14 մլն աշխատատեղ է ստեղծվել 2008-ի ճգնաժամից հետո, որի արդյունքում գործազուրկների թիվը 10 տոկոսից դարձել է 5 տոկոս: Հիմա մենք, միայն ինֆլյացիան նպատակ դարձնելով, ունենք 20 տոկոս պաշտոնական գործազրկություն: Լավ, ինֆլյացիա չունենք, հետո՞ ինչ: 

Ավչյան Թե բյուջեի քննարկման ժամանակ, թե դրանից հետո ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս էլ շատ էր քննարկվում՝ ինչ պետք է անեն: Առաջարկները շատ էին՝ խրախուսել արտահանումը, ներգրավել օտարերկրյա ներդրումներ, Ձեր ասած խնդիրները չկային: Ի՞նչ պետք է անել՝ դա կարծես թե բոլորը պատկերացնում էին, մեզ այլ հարց է հետաքրքրում՝ ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով:

Խաչատրյան Ես ձևն էլ գիտեմ, ճանապարհն էլ գիտեմ: Նույն՝ խթանել արտահանումը, ձևական մոտեցում է, հավատացեք. Եթե խթանվելու է, խթանվում է, եթե վստահության միջավայր կա, որտեղ ներդրողները համոզված են, որ միայն օրենքի շրջանակներում են պատասխանելու իրենց գործունեության համար… բիզնեսն այնպիսին է, որ շատ արագ արձագանքում է, դա տևում է օրեր: 

Հակոբյան Պարոն Խաչատրյան, մեզ մոտ ներդրումներն աճել են 16 տոկոսով:

Խաչատրյան Ինչու՞ են աճել, Որոտանի կասկադի վաճառք՝ 90 մլրդ դոլարով, հետո՞:

Հակոբյան Հետո՝ այս տարի էլ վաճառելու բան կունենան:

Խաչատրյան Դե, խնդիրն էդ է, եթե մենք ներդրումները համարում ենք միայն այն, որ Որոտանի ՀԷԿ-ն անօրինական ձևով վաճառելով … 90 մլն-ի ներդրումը ո՞րն է, ես չեմ հասկանում: Այդպես էլ չկարողացանք պարզել, թե այդ 90 մլն դոլարը, որ վճարելու է ամերիկյան՝ այդպես էլ անհասկանալի կազմակերպությունը, ի՞նչ եղավ:

Ավչյան Գնաց սուբսիդավորման, հայտարարեցին, չէ՞:

Խաչատրյան Չէ, այդքան սուբսիդավորում չէր լինի: Թեկուզ գնար սուբսիդավորման, էդ փողը մերն է, չէ՞, բոլորինս է, ի վերջո՝ ի՞նչ եղավ, ու՞մ տվեցին, ի՞նչ ձևով, բյուջեի մուտք եղա՞վ, եկամուտ դարձա՞վ, այս ամենը չկա: Հարցի լուծումը քաղաքական է, ամենակարևորն, ըստ էության, որ իշխանությունն էլ է ընդունում՝ իր նկատմամբ վստահություն չկա:

Հակոբյան Բայց ինչ-որ աշխատանք պետք է կատարել, վստահություն ձեռք բերել:

Խաչատրյան Ամենակարևոր խնդիրը, որ այսօր երկրի առջև կանգնած է, քաղաքական մրցակցության ապահովման խնդիրն է, ոչ թե իմիտացիաները, այլ՝ ռեալ:

Հակոբյան Իշխանությունը մեղք ունի՞, մեզ հետ զրույցում են ասում՝ մեղք ունե՞նք, որ մի «փըխկ»-ից թռնում են, չեն դիմանում:

Խաչատրյան Գիտե՞ք ինչ կա՝ անցել ենք, տեսել ենք, էդ ձևերն էլ գիտենք՝ ինչի համար են անում, թող իշխանությունը չզբաղվի ֆինանսական հոսքերի ներքին կառավարմամբ: Թող թույլ տա՝ բիզնեսն ինքը որոշի՝ իր ազատ ֆինանսական միջոցները որտեղ է ներդնում: 

Հակոբյան Ընդդիմությունն ունի վստահություն, իշխանությունը չունի:

Խաչատրյան Այո, ավելի շատ են ընդդիմությանը վստահում, քան իշխանությանը:

Հակոբյան Ես նկատել եմ, որ հասարակության մեջ ընդդիմադիր տրամադրություններն իրոք շատ են, բայց չեմ նկատել, որ այսօր ընդդիմությունը ստանա հասարակության վստահությունը:

Խաչատրյան Ըստ էության՝ ստացավ հանրաքվեով:

Ավչյան Ընդդիմությանը վստահեցի՞ն, թե՞ հերթական անգամ իշխանությանն անվստահություն հայտնեցին:

Խաչատրյան Ես չեմ ուզում ասել ՝ով է լավ, ով է վատ: Ուզում եմ ասել՝ ժողովրդի կողմից կա անվստահություն: Եվ նույնիսկ հանրաքվեն, որը շատ մեծ լարվածություն պիտի որ չառաջացներ, ևս մեկ առիթ էր, որ ժողովուրդը օգտագործեց, մեկ անգամ ևս փորձեց իր ուժը՝ արդյո՞ք ինքը կարող է օրինական, նորմալ ճանապարհով իշխանությանն ասել՝ այս հարցում ձեզ հետ համաձայն չեմ, մտածեք՝ ինչ անել: Իշխանությունը չընդունեց այդ մարտահրավերը, հերթական անգամ ասաց՝ ոչ, ժողովուրդ, ձեր կարծիքն ինձ համար նշանակություն չունի, ես որոշել եմ գնալ այս ճանապարհով: Ուզում եմ ասել՝ այսօրվա ցանկացած կարևորագույն դաշտ տեղափոխվել է միայն քաղաքական միջավայր: Տնտեսական դաշտին վերադառնանք, վստահության մասին ենք խոսում՝ որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ բենզինի գինն ինչու՞ է իջել մաքսիմում 10 տոկոս, ի վերջո միջազգային շուկայում նավթի գներն իջել են երեք անգամ: 

Ավչյան Միջազգային շուկայում նավթի գներն իջել են, 2003 թվականից հետո այդպիսի մակարդակ չի եղել, ռուբլին իր հերթին արժեզրկվեց: Ի՞նչ ունենք ակնկալելու 2016 թվականի մեկնարկից:

Խաչատրյան  Զարմանալի բան ասեմ: Մենք այն երկիրն ենք, որ հումք չունենք, բացի պղինձից: Պղինձ, մոլիբդեն դրանց գներն էլ են ընկել, և պետք է գոհ լինեինք, որ աշխահում նման պրոցես է տեղի ունենում, դա հնարավորություն կտար մեր կյանքի ծախսերը կրճատել, բայց տեսնում ենք, որ դա այդպես չի: 2015 թվականը աննախադեպ է ոչ  միայն նավթամթերքների, այլև բոլոր ապրանքնատեսակների առումով, բոլորի գները ընկել են, բայց մեր առօրյա կյանքում դա չենք զգում: Մոնոպոլիաների բացասական ազդեցությունը հենց նրանում է, որ քաղաքացիներիս մոտ ազատ միջոցներ չեն առաջանում, որպեսզի մենք կարողանանք այդ բնագավառներում ներդրումներ անել, որը կնպաստի նաև տեղական արտադրության զարգացմանը: Մեզ մոտ այդպիսի խնդիր դրված չէ, մեզ մոտ մոնոպոլիաների պահպանման խնդիրն է դրված, քանի որ մոնոպոլ տնտեսությունը ավելի կառավարելի է: Պարզվում է Համաշխարհային շուկայում, Լոնդոնի շուկայում գազի գինը 83 դոլար է 1000 խմ-ի համար:Մենք գնում ենք 165-ով, քաղաքացիներիս վաճառում են 320, բիզնեսին վաճառում են 270 դոլարով, ի՞նչ եք ուզում մեզանից: Մեզնից գերշահույթներ են ստանում:

Հակոբյան Իսկ ո՞վ է տանում գերշահույթը:

Խաչատրյան Գերշահույթը տանում է «Գազպրոմը», որը մատակարարում է, գերշահույթը տանում է «Ռոսնեֆտը» և ես համոզված եմ, որ կան նաև մեր իշխանության ներկայացուցիչներ: 

Հակոբյան Չեմ հավատում այն մտքին, թե իշխանությունը ուզում է անել այն, ինչ որ հիմա անում է: Իհարկե մենք ունենք երկու Հայաստան, մենք լրիվ տարբեր ենք տեսնում, իշխանությունը տարբեր է տեսնում:Իրոք չկա երկխոսություն, կապը կտրված է, երբեմն անգամ թվում է, թե վերևներում տեղյակ չեն, թե ինչ է երկրում կատարվում: Ինձ չի թվում նպատակադրված քաղաքականություն է վարվում ժողովրդի դեմ:

Խաչատրյան Դժվար է այդպիսի գնահատական տալ, որովհետև պետք է մեծ համարձակություն, նաև փաստեր ունենալ: Ես հիմա այդ համարձակությունն էլ ունեմ, փաստերն էլ ունեմ ասելու, որ տարվող քաղաքկանությունը ժողովրդի դեմ է: Ես գտնում եմ երկրի խնդիրները թաղված են այստեղ, իշխանության ներկայացուցիչներն ասում են խնդիրները թաղված են դրսում: Մենք երկրի ներսում որևէ քայլ չենք արել, որպեսզի մենք ունենանք այնպիսի տնտեսություն, որ դրսի բացասական ազդեցություններին դիմակայենք: Դրսում փռշտոց է լինում, մենք այստեղ ծանրագույն գրիպային վիճակում ենք հայտնվում: Իսկապես Հայաստանի տնտեսական զարգացման պոտենցիալը կարող է օգտագործվել միայն այն դեպքում,երբ որ մեզ մոտ օրենքը գործի, երբ որ մենք կարողանանք պայքարել մեր իրավունքի համար, պարտադրենք մեր իշխանությանը, որպեսզի ինքը իր շրջանակներից չանցնի: Հարցի լուծումը գտնվում է քաղաքական դաշտում, և քաղաքական դաշտում հարցի լուծումը պետք է լինի ընտրությունների ժամանակ:

Հակոբյան Լուծում չգտնելով, փորձում են լուծումը փողոցում գտնել:

Խաչատրյան Դրսում լուծումները շատ դեպքերում անկանխատեսելի, վտանգավոր են այս երկրի համար:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ