05 11 2015

Քննարկում. Տուգանելը պետք է գերնպատակ չլինի



Տրանսպորտային միջոցներով կատարված խախտումների տուգանքի չափից դժգոհությունը մեծ է: Դժգոհ են թե պատգամավորները, թե վարորդները, թե հասարակական սեկտորի ներկայացուցիչները: Հանրապետության նախագահի հրամանով ձևավորված հանձնաժողովը պետք է քննարկի ոլորտի խնդիրներն ու լուծումներ առաջարկի:

Քննարկումներին մասնակցում է նաև «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Yerevan.Today-ի տաղավարում Է. Հովհաննիսյանի հետ քննարկել ենք ոլորտում իրավիճակը, խնդիրներն ու անհրաժեշտ լուծումները:

 

Էդուարդ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, ունի ինժեներ- մեխանիկի դիպլոմ։

1964–1996թթ.-ին եղել է ԽՍՀՄ ավիացիայի արդյունաբերության Նախարարության լիազոր ներկայացուցիչը Հայաստանում, 1997–2000թթ. զբաղեցրել է «Կոնցեռն Վիկտորիա» ՍՊԸ-ի տեխնիկական բաժնի պետի պաշտոնը:

2000 թվականից առ այսօր «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահն է:

Գևորգ
Ավչյան

լրագրող

Էդուարդ
Հովհաննիսյան

«Աքիլես» ՀԿ նախագահ

Անուշ
Թորոսյան

լրագրող

Սևակ
Հակոբյան

գլխավոր խմբագիր

 

Ներկայացնում ենք հատվածներ քննարկումից 

Հակոբյան Տուգանքներն այսօր ավելի շատ հաշվեհարդար են հիշեցնում, քան՝ ոլորտ կարգավորելու միջոց: Կարծեք բոլորը սպասում էին նախագահի հանձնարարականին, որ սկսեն աշխատել: Բազմաթիվ առաջարկներ էին ներկայացրել պատգամավորները, նաև՝ Դուք: Արդյո՞ք սա այն հարցն էր, որ պետք է հասներ նախագահի մակարդակով կարգավորման:

Հովհաննիսյան Կարծում եմ՝ պատճառն այն էր, որ այս հարցը ոչ մի կերպ չի լուծվել մինչ այժմ: Մենք նախկինում էլ էինք առաջարկներ արել: Մի քանի հարց լուծեցին, այսինքն՝ մի փոքր ընդառաջեցին, բայց մնացած հարցերն անփոփոխ մնացին:

Թորոսյան Վիճակագրությունն ի՞նչ է ասում՝ արդյո՞ք տուգանքների չափերն ու թվաքանակը հանգեցրել են ավելի լավ պատկերի:

Հովհաննիսյան Մի կողմից՝ նրա շնորհիվ, որ ներմուծեցին տեսախցիկներն ու արագաչափերը, ունենք կարգավորված երթևեկություն, դա ակնհայտ է: Սակայն խախտումները մի պահ կտրուկ նվազեցին, հասան մի մակարդակի, ու հիմա այն պահպանվում է: Հարցը հիմնովին չի լուծվում, որ խախտումներ չլինեն: Մյուս կողմից՝ հոծ գիծ խախտելը կամ կանգառ կատարելն ի՞նչ վտանգ են պարունակում, որ 5000 տուգանք է նշանակված: Փաստորեն՝ դաստիարակչական խնդիրը չի լուծվում:

Ավչյան Պարոն Հովհաննիսյան, բայց հնարավոր էլ չէ՝ նվազեն խախտումները: Վարորդը միամիտ կարող է հոծ գիծը մի փոքր տրորել:

Հովհաննիսյան Հազարավոր տուգանքներ մենք ունենք այս վեց ամսվա ընթացքում: Էդ ո՞նց է միամիտ լինում: Կա մի խնդիր՝ կան բազմաթիվ վարորդներ, որոնք չունեն գույք և տուգանվում ու տուգանվում են: Մեկ է՝ վճարողը չեն: Եթե այս մարդկանց հանենք ընդհանուր թվից՝ խախտումները կտրուկ կնվազեն:

Թորոսյան Դուք հանձնաժողովի աշխատանքներին մասնակցու՞մ եք արդյոք և ի՞նչ առաջարկներ եք ներկայացրել:

Հովհաննիսյան Ներկայացրել ենք 22 առաջարկ, մեկը վերաբերում է զուտ խախտումներին, այն է՝ որ տուգանքները սկսվեն 1000 դրամից, առավելագույնի դեպքում էլ չգերազանցեն նվազագույն աշխատավարձը: Տարանջատել ենք թեթև խախտումները վտանգավորներից, առաջարկել ենք ոչ սթափ վիճակում գտնվող վարորդներին ավելի խիստ տուգանել:

Ավչյան Արտադատական կարգով թե տուգանքների նշանակումը, աշխատավարձերի, հաշիվների վրա կալանք-արգելանք դնելն իրավաչա՞փ է արդյոք: Դուք նաև իրավապաշտպան կազմակերպություն եք, վստահ եմ՝ այս խնդիրներին առնչվել եք:

Հովհաննիսյան Մենք առաջարկել ենք, որ պատիժը ոչ թե գումարային լինի, այլ, օրինակ, քլունգ-բահով: Մենք այդ առաջարկը և նախորդ անգամ էինք արել, և հիմա: Ասում են՝ գույք չունեմ, ոչինչ չունեմ, չեմ վճարելու, և անպատիժ են մնում: Խորհրդային միության ժամանակ տուգանքն ուներ սանդղակ, այսօր դա չկա: Նախկինում կար զրկում վարորդական իրավունքից: Հիմա դա վերացրեցին, դարձավ՝ վճարի ու ինչքան ուզում ես խախտում արա: Պետք է բալային սիստեմ մտցվի: Ավելի վտանգավոր խախտում անելու դեպքում այդ միավորները շուտ կհավաքեն և կզրկվեն վարորդական իրավունքից:

Հակոբյան Ու՞ր են գնում տուգանքների գումարները: Մեր դիտարկումներով, այդ գումարները չեն գնում բյուջե, որպեսզի կարգավորեն երթևեկության հետ կապված խնդիրները: ԴԱՀԿ-ն, ՃՈ-ն, դատարանը աշխատում են ամեն ինչ անել, որ գումարը հանգիստ գնա մասնավորի գրպանը:

Հովհաննիսյան Բոլոր տուգանքները բացառությամբ մեկ երկուսի գալիս են արտաբյուջետային ֆոնդ, որտեղից ինչ-որ չափով գումար գնում է ճանապարհային երթևեկության կանոնակարգմանը: Տարեցտարի այդ թիվը մեծանում է, վիճակը բարելավվում, բայց շատ դանդաղ է առաջ գնում: Մենք ուրիշ առաջարկ ենք արել: Թող պետությունը այնքան աշխատավարձ տա տեսուչներին, որ այդ տուգանքներից հավելավճարներ չստանան:

Թորոսյան Տուգանքի չափը ընտրելիս հաշվի առնվե՞լ է սոցիալական վիճակը:

Հովհաննիսյան Մի օրինակ բերեմ: Տեխզննում չանցած տրանսպորտային միջոցը կամ տեխզննման կտրոնը համապատասխան տեղում չփակցնող վարորդը պետք է տուգանվեն 20 հազար դրամով: Ինչու պետք է տեխզննում անցած մեքենայի և չանցածի դեպքում նույն չափով տուգանք նշանակեն: Դա ճիշտ չէ, համաչափություն չկա: Իսկ եթե ԱՊՊԱ չի անցել, տուգանում են 100 հազար դրամ, դա չափից դուրս մեծ գումար է: Մենք այս մասով ևս առաջարկ ենք ներկայացրել:

Հակոբյան Իսկ ո՞ր դեպքում տուգանքները պետք է շատ լինեն, որ դեպքում' նվազագույնը:

Հովհաննիսյան Այս պահի դրությամբ' արագությունը այն խախտումն է, որն ամենաշատն է հանգեցնում վթարների և մահերի: Երկրորդ տեղը գրավում է հետիոտնի վրաերթը: Դա մեզ մոտ շատ մեծ թիվ է կազմում: Մյուս երկրների հետ համեմատ Հայաստանում այս ցուցանիշը ամենամեծն է: Մեզ մոտ չկա ուսուցում դպրոցներում և մանկապարտեզներում: Մենք առաջարկել ենք երթևեկության կանոնների ուսուցում իրականացնել: Կոնվենցիան դա նախատեսում է որպես պարտադիր, բայց մեզ մոտ ոչ մի բան չեն անում:

Հակոբյան Իսկ զեբրաների մասով ի՞նչ կասեք:

Հովհաննիսյան Զեբրաները բերել-դրել են խաչմերուկներում: Առաջ, եթե վարորդը փողոցն անցնելուց պետք է նայեր միայն ձախ, ապա հիմա պետք է համ աջ նայի համ էլ ձախ:

Հակոբյան Պարոն Հովհաննիսյան, ե՞րբ կլինեն փոփոխությունները:

Հովհաննիսյան Արդարադատության նախարարը հայտարարել է, որ պետք է որոշ խախտումների դեպքում նախազգուշացումներ լինեն, հետո նոր տուգանքներ: Մենք էլ էինք դա առաջարկել: Օրենքում գրված է, որ եթե տեսուչը քեզ կանգնեցրել է, ապա պետք է անպայման տուգանի: Ստացվում է կանգեցնում է, որ տուգանի: Ինչպե՞ս կարելի է նման բան:

Հակոբյան Դուք ներսից եք, լավատեղյակ եք, ե՞րբ կլինեն փոփոխությունները:

Հովհաննիսյան Մինչև դեկտեմբերի 31-ը հանձնաժողովը պետք է ավարտի աշխատանքները և առաջարկներ ներկայացնի: Այն խումբը, որտեղ ես եմ, շատ լավ առաջարկներ են, թե ինչպես կարգավորել երթևեկությունը, քչացնել խցանումները, նոր լուսացույցներ դնել:

 

Թեմայի մասին մանրամասն տես նաեվ`

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ