16  05  2019

Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը. Ուղիղ. Թարմացվում է



18:30

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատական նիստի մի հատվածը դռնփակ անցկացնելու մասին միջնորդություն ներկայացրեց: Միջնորդությունը ևս քննվելու է դռնփակ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրանքի վիճարկման վերջում հայտարարեց. «Ես խնդրել եմ մի դրվագ, որը կցանկանամ և պարտավոր եմ ասել ուղղակի փակ դռների ետևում: Կխնդրեմ միայն սրա հետ կապված Արցախի երկու նախագահները մնան»:

Դատավոր Դավիթ Գրիգորյանն արձագանքեց, որ հնարավոր չէ Արցախի նախագահների ներկայությունն ապահովելը. «Նախ դատարանը պետք է քննարկի այդ հարցը՝ պետք է դռնփակ լինի, թե ոչ: Եվ եթե Դուք միջնորդեք, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ կան, միջնորդությունը բավարարելուց հետո, եթե դռնփակ եղավ, այլ անձ, բացի կողմերից, իրավունք չունի ներկա գտնվել դատական նիստին»:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդությունը ներկայացնելուց հետո լրագրողները, Արցախի ներկա և նախկին նախագահներն ու դահլիճում գտնվող մարդիկ դուրս եկան նիստերի դահլիճից:

17։00

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու ԱՀ պաշտոնաթող նախագահ Արկադի Ղուկասյանը ներկայացան  դատարան, նրանք երաշխավորություն են ներկայացնում Քոչարյանին ազատելու համար։

16:38

Դատարան ժամանեց  նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

13:30

Պաշտպաններից Արամ Օրբելյանն իր ելույթում հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ, հետևաբար չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության։ Օրբելյանը կարծում է, որ նախաքննական մարմինը մի շարք բացթողումներ ունի։ Ըստ նրա՝ դատավորը պարտավոր է ստուգել՝ արդյոք նախաքննական մարմինը ներկայացրե՞լ է փաստեր, որ նախաքննության ընթացքում անձին՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել:

12:10

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը ներկայացնում է խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդության հիմքերը:

12:00

Դատարանը թույլ տվեց լրագրողներին և օպերատորներին ներս մտնել դատական նիստերի դահլիճ, դատական նիստը շարունակվում է:

11:50

Դատական նիստը ընդմիջվեց մինչև տեխնիկական խնդրի լուծվելը: 

11:40

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը մայիսի 16-ին, օրվա երկրորդ կեսին, գալու են դատարան՝ պնդելու իրենց անձնական երաշխավորությունը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորոդությունը:

11:28

Դատական նիստը ընդհատվել է,  քանի որ կան տեխնիկական խնդիրներ, պաշտպանների ձայնը որևէ բարձրախոսով լսելի չէ, դատարանը փորձում է կարգավորել խնդիրը: 

11:05

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մուտքը դահլիճ ուղեկցվեց ներկաների ծափահարություններով:

11:00

ՀՀ ընդհանուր իրավասությունների դատարանը չորրորդ օրն է, ինչ քննում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։

Նախորդ դատական նիստում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես եկավ պաշտպանական խմբից Հայկ Ալումյանը: Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև խմբի մյուս անդամները միջնորդությամբ հանդես կգան մայիսի 16-ին։ Նաև պարզ կլինի, թե երբ են դատարան ներկայանալու Արցախի Հանրապետության գործող և պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, ովքեր անձնական երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:

Դատական նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Նախորդ օրվա նիստը՝ այստեղ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ