16 02 2017

Գումարի դուրս գրում, պարգևատրումներ, տարածքների տրամադրում, լուծարումներ և հիմնարկների ստեղծումներ. Կառավարության նիստը



Փետրվարի 16-ին կառավարության հերթական նիստն էր: Օրակարգում ներառված էր 3 տասնյակից ավելի հարց: 15-ը չզեկուցվող էր, 2-ը՝ գաղտնի, 1-ը հանվել է օրակարգից:

Կառավարությունը ԱԳՆ-ին 5 մլն դրամ հատկացրեց՝ ՄԱԿ-ին անդամակցելու 25-րդ տարեդարձի կապակցությամբ 2017 թվականի մարտի 16-ին Նյու-Յորքում մշակութային միջոցառում կազմակերպելու նպատակով: Բնապահպանության նախարարության «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական հիմնարկը դարձավ ՊՈԱԿ, որպեսզի թանգարանը նաև էկոտուրիզմով զբաղվի: Մայիսի 14-ին նշանակվեց Երևանի ավագանու հերթական ընտրությունը։ Պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցակետերի արդիականացման ծրագիրը շարունակելու համար հատկացրեց 3 մլրդ 956 մլն 450 հազար դրամ: 30 մլն դրամ էլ հատկացրեց ԿԸՀ-ին՝ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողների ինքնությունը ստուգող 5000 տեխնիկական սարքերի ստացման, պահեստավորման, պահեստային տարածքում դրանց կոմպլեկտավորման, համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովներ և ետ պահեստային տարածք տեղափոխման, պահեստային տարածքում սարքերի տեխնիկական սպասարկման  աշխատանքները կատարելունպատակով:

Գործադիրը հավանություն տվեց ոստիկանության մասին օրենքի փոփոխությանը, որով կամրագրի, որ ոստիկանության գործողությունները չպետք է խախտեն մարդու արժանապատվությունը, կյանքի, պատվի ու բարի համբավի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության իրավունքը, ինչպես նաև մյուս իրավունքներն ու ազատությունները: Ոստիկանության կողմից մարդուն խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ենթարկելը պատժվում է օրենքով:

Կառավարությունն օտարեց պետական գույք, Երվանդ Մանարյանի «Ագուլիս» մանկական տիկնիկային թատրոնին հատկացրեց տարածք, լուծարեց «Վայոցձորառսպաս» փակ բաժնետիրական ընկերությունը: Հաշվի առնելով ԴԱՀԿ աշխատողների ծանրաբեռնվածությունը, ԴԱՀԿ արտաբյուջետային միջոցների հաշվին կառավարությունը նրանց պարգևատրեց 78 մլն 456 հազար 970 դրամով: 

Կառավարության նիստի օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ