17 05 2022

«Կարճ ասած»․ Փաշինյանի թիմը հիմա պետք է որոշի, թե որ ճանապարհով է գնում



 

Վաղ առավոտից մինչև կեսօր Երևանում կյանքը եռում էր։ Իրոք համաժողովրդական շարժում էր, ամենուր տեսնում էինք բազմաթիվ մարդկանց, որոնք մեր երկիրը այս կեղծիքից, կործանումից փրկելու համար էին ոտքի կանգնել։ Ինչքան հաճելի էր տեսնել, որ մարդիկ փողոց են փակում՝ վանկարկելով «առանց թուրքի Հայաստան», ու կողքի շենքերից գալիս միանում են, վարորդները աջակցման ազդանշաններ են տալիս։ Եթե Նիկոլի հոգին փառավորվում էր մարտի 1-ի զոհերից, իմ ու շատերիս հոգին փառավորվեց տեսնելով համազգային այս շարժմումը, որտեղ ոչ մի ուղղության պատասխանատու չէր ասում զինվեք ով ինչով կարող եք, տականք իշխանություն, տականք ոստիկանություն չէր ասում։ Տարբեր տարիքի անձինք՝ դեռահասից մինչև ծերունի, տեղացի, սփյուռքահայ, մայրեր՝ երեխաներով, դուրս էին եկել փողոց։

Եվս մի քանի այսպիսի օր, ու իշխանության հենարան ուժային կառույցները կանցնեն ժողովրդի կողմը։ Հո հասկանալի է, որ ոստիկանության շարքերում կան դժգոհություններ, կան գրված դիմումներ․ ուժերի լարումով աշխատում են, բայց զուգահեռ սուտ հաղորդագրություններ են տարածում, թե ամեն ինչ նորմալ է։ Ուղիղ եթերով ցույց է տրվում, որ բազմաթիվ փողոցներ փակ է, բազմաթիվ փողոցներում ոստիկաններ չեն կարողացել գալ՝ երևի ռեսուրս չունենալու պատճառով, և փակ են մնացել փողոցները, ոստիկանությունը հայտարարություն է տարածում, թե բոլոր փողոցները 5 րոպեում բացվել են։  Բացելն էլ անում են շատ բիրտ ձևով, երիտասարդի ձեռք են կոտրում, տատիկի ձեռք են կոտրում, պապիկի են քաշքշում։ Երեկվա պատկերն էր սրսափելի՝ արցախյան երեք պատերազմների մասնակից, շուրջ 70 տարեկան Գեորգի Արիստակեսյանին բերման ենթարկելու կադրերը երբեք չեմ մոռանա․ դա մեր ոստիկանության ամոթն էր։ Հեծանվով երթևեկող տարեցի հետ խայտառակ ձևով վարվեցին։ Կապիտուլյացիայից օրեր անց՝ 2020թ․ նոյեմբերի 18-ին, համացանցում տեսանյութ տարածցեց, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները տանջում ու ծաղրում տարեց հային, կրակում ոտքերի տակ։ Ոստիկանների երեկվա պահվածքը շատ նման էր ադրբեջանցիներին։ Էսօր ջահել ոստիկաններին հաջողվեց մի կերպ կոտրել 77-ամյա Ջուլետա Հովհաննիսյանի բազուկը։ Այսպիսի բաները փողոցը մեծացնում են։ Ու սրանք ասում են, թե տարեցներին հարգում ենք, հայրենասեր տղերքին կալանավորում են՝ իբր տարեցների խաթեր համար։ Գյումրիում տարեցների իրականացրած սադրանքից ոչ մեկը չի տուժել, բայց երիտասարդների են կալանավորել։ Բայց որ ոստիկանները տարեցների թև են կոտրում, անպատիժ են մնում։ Այդ մարդիկ, այդ ծառայողները, մեր՝ հարկատուներիս վզին նստած են, մեզ բերման են ենթարկում, մեզ ծեծում են, մեր փողերը քամուն են տալիս անխնա։ Էսօր այնքան մարդ են բերման ենթարկել, որ կեսից բաժիններում էլ տեղ չկար, Երևանից քշում էին մարզային բաժիններ։ Ասենք տարաք երկու ժամ պահեցիք, բա հետո՞։ Չե՞ք հասկանում, որ դուք արդեն դրության տերը չեք։ Շեշտեմ՝ ակցիաները ոչ թե ոստիկանությունը դադարեցրեց, այլ՝ կազմակերպիչները։ Ասացին՝ երբ ուզենք, որտեղ ուզենք, ինչքան ուզենք՝ կփակենք, ու փակեցին, հետո բացեցին։

Զոհերի հարազատները էսօր քննչականի դուռն էին ջարդում․ գիտե՞ք ինչի, որովհետև ինչ-որ քննիչ պատերազմում զոհ ունեցած հորը հայհոյել էր։ Իրենց տղերքը գնացել-զոհվել են, որ դուք խաղաղ պայմաններում մարդկանց վրա գործ կարեք, հիմա էլ հայհոյում ե՞ք։ Զոհերի հարազատները կոնկրետ պահանջ ունեն՝ Նիկոլ Փաշինյանին կալանավորել ապրիլի 13-ին արած հայտարարության համար, որ՝ կարող էի պատերազմը կասեցնել, ձեր երեխաները չզոհվեին, բայց չարեցի։ Այդ պահանջով դատական նիստը չկայացավ, բայց հետո դատախազը եկել ու բացատրություն էր տալիս ծնողներին, թե ինչու չի մասնակցել դատական նիստին։ Սա նշանակում է, որ Նիկոլի ձեռքից գնում է իրեն ստրուկի պես ենթարկվողների բանակը։

Այլևս իշխանությունը չի ձգում, ուժերը չեն դիմանում, Նիկոլը էլ բան էլ չունի ասելու, ո՛չ իրեն հավատացածներին, ո՛չ էլ իրեն ծառայողներին շատ շուտով սկսելու է ամեն մեկն իր գլխի ճարը տեսնելու գործընթաց և դա նորմալ է։ Չեն օգնում ֆեյքերի ՊՈԱԿ-ի սադրանքները, իշխանական քարոզչամեքենայի սադրանքները, մի քանի հոգի մնացած ակտիվ նիկոլականների սադրանքները։

Աջակցություն չունի իշխանությունը։ Իշխանությունը բացահայտ աջակցություն ունի ուժայինների մի մասից բացի՝ նաև ՔՊ-ականների կողմից, լայն հանրությունը չեն աջակցում, անգամ ամաչում են ասել, որ իրենց մեջ կա նիկոլական։ Իրենց դեմքով ռիսկ չեն անում ներկայանալ, անգամ՝ ամաչում են։ Թիմի անդամներն էլ կարծես մի կերպ են կպած մնում Նիկոլին։ ՔՊ ներսից լավատեղյակ նախկին պատգամավորն ասում է՝ Նիկոլը իր կողքը պահում է թիմակիցներին միայն շանտաժով, կոմպրոմատով, ընդ որում՝ սեռական ու ֆինանսական կոմպրոմատներով։ Նողկանք ենք ապրում ամեն օր այս իրականությունից։

Այս իշխանության դեմ շարժումը, վստահաբար, ավարտվելու է հայրենասեր ժողովրդի հաղթանակով։ Իշխանության հույսը, թե շարժումը կմարի, կարծում եմ, էլ չի արդարացվելու։ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո խելացի, վերլուծող մարդիկ հայտարարեցին, որ ընտրությունները ներքաղաքական ճգնաժամը չեն հաղթահարել, և սպասվում է նոր պայքար։ Այդպես էլ եղավ։ Մեր երկրում մթնոլորտը կթեթևանա միայն նիկոլ Փաշինյանի գնալով։ Նյարդերի պայքար է հիմա գնում, ու իշխանության նյարդերը տեղի են տալիս։
Սա իշխանության պայքար չէ, որ իշխանությունը չհանձնի ու մարի, սա հացի համար պայքար չէ, որ մարի, սա պետության համար պայքար է, ազգային ազատագրականի իմաստ է ստացել ու չի մարելու, քանի չլինի այդ ազատագրումը։ Բոլոր նրանք, ովքեր ասում են, թե աթոռակռիվ է, ոչինչ չեն հասկանում․ էս պետության հերն այնպես են անիծել, որ վստահեցնում եմ, միայն էն ճ կլասի գործիչներն են, որ կպայքարեն աթոռի համար, մեկ էլ՝ Նիկոլենք։ Ո՞վ կուզի աթոռ էս հիմնովին քայքայված համակարգում: Արդեն մեկ տարի է, ինչ թշնամին մտել է մեր երկիր տասնյակ կիլոմետրերով, ունենք քայքայված բանակ, ունենք քայքայված տնտեսություն, աղքատների մեծ բանակ, ժողովրդի կեսն ուզում է արտագաղթել․ նոր իշխանությունը արդեն մինչև կոկորդը խրված է ցեխի մեջ՝ դեռ չեկած․ հավատացեք՝ սա իշխանության պայքար չէ, սա այս կեղտից հանելու համար է։ Իշխանություն չեն թողել, որի համար էլ պայքարես․ պայքարում են, որ պետություն մնա գոնե։ Մեզ համար են պայքարում, ոչ իրենց, կամ քաղաքական դիվդենտի համար։

Կարճ ասած՝ Փաշինյանի գնալուն այլընտրանք չկա, այլ լուծում չկա, ուղղակի Փաշինյանի թիմն ինքը պետք է ընդամենը որոշի, թե որ ճանապարհով է ուզում ինքը մնալ՝ խաղա՞ղ, մի փոքր ժամանակ է՞լ հնազանդվեն Նիկոլին, թե՞ արդեն հասկանան, որ մի բան էլ իրենք պետք է անեն, իրենք առաջինը այս վիճակից դուրս գալու խնդիր ունեն։ Երկրում կա քաղաքական ճգնաժամ, որը կհաղթահարվի միայն Նիկոլի գնալով, պատկերացրեք, այլ բան պետք էլ չէ, շատ բաներ իրենք իրենցով կխախանդվեն, կպարզվեն։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ