04 03 2022

«Կարճ ասած»․ Ինչո՞վ է զբաղված Նիկոլ Փաշինյանի կառավարությունը



 

Մի քանի օր առաջ ասուլիս էր տալիս կենտրոնական բանկի նախագահը ու ասում էր, որ տարվա կեսին գները կկայունանան։ Էկոնոմիկայի նախարարը ճեպազրույց էր տալիս ու լիքը դրական սպասումներ ուներ, Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ աննախադեպ իրավիճակ է, աշխատատեղերի հսկայական թիվ, տնտեսական աճ, գներն էլ կիջնեն։ Երեկ կառավարության նիստում ասում են՝ երկրաշարժի պես գնաճ կլինի, այսինքն՝ քանդող, քայքայող, ամեն ինչ վատ է ու էլի է վատանալու։ 10 օր առաջ ասում էին՝ ժողովուրդ, ամեն ինչ լավ է, հիմա ասում են՝ ժողովուրդ, ապրանքը կթանկանա, ծանր է լինելու, ինչքան հող ունեք՝ մշակեք։

Հիմա շատերդ կասեք՝ բա ի՞նչ իմանային ռուս-ուկրաինական պատերազմ կլինի և այլն և այլն, խեղճ Նիկոլն ի՞նչ աներ։ Չէ, ժողովուրդ, ամբողջ աշխարհը դա պլանավորել էր, վերլուծում էր, մտածում էր որի պարագայում ինչ կանի։ Մեզ մոտ մի ելույթ ասեք իշխանական դեմքերի, որ ասեն՝ իրավիճակը գնալու է պատերազմի․ այդ դեպքում այսպես, մյուս դեպքում այսպես։ Իրենք հավատում էին հարցի դիվանագիտական լուծմանը։ Հիշում եք, չէ՞, արցախյան պատերազմից երկու օր առաջ էլ վստահաբար ասում էին, որ Թուրքիան չի խառնվի, պարզվեց՝ Ադրբեջանին  հավասար խառնվեց։ Որովհետև պատահական մարդիկ են ու չգիտեն՝ ինչ է կատարվում, չեն հասկանում, չեն վերլուծում ու դրսում էլ բարեկամ երկիր, կառավարություն չունեն, ինֆորմատորներ չունեն, որ իմանան՝ ինչ է սպասվում։ «Յա բախտի» ապրում են։

Հիմա եկել-ասում են ժողովուրդ, հող մշակեք, եթե անգամ մի թիզ հող ունեք, մշակեք։ Լավ, մշակեցինք, հետո՞։ Էկոնոմիկայի նախարարը, վարչապետը, որ ասացին բոլորդ գնացեք լցվեք բոստանները, որևէ աշվարկ, վերլուծություն արել ե՞ն։ Հասարակ բան եմ ասում, հողերը հանձնել են թշնամուն, գորիսեցիներն ասում են՝ հողերի 30 տոկոսը թշնամուն են տվել, մնացած մասն էլ թուրքի նշանառության տակ է, չեն կարողանում հող մշակել։ Սահմանամերձ լիքը բնակավայրերում հող չեն կարողանում մշակել, որն էլ չեն տվել, հիմա էլ ասում են՝ վտանգավոր գոտում է՝ կարող ա սահմանագծում անեն, հանձնեն։ Քերոբյան ջան, մի հատ Նիկոլի ձեռքը բռնի, գնացեք մեր դար ու դաշտերը, գյուղերը ու տեսեք, թե քանի գյուղ կա, որ ձեր պատճառով ընդհանրապես հող չի մշակել։ Հո ասելով չէ էդ անտերը։

Լավ, ասենք հողերը մշակեցին, ո՞նց եք էդ ապրանքն իրացնելու։ Էկոնոմիկայի նախարարն ասում է՝ հա, Պարսկաստանի հետ դժվարացել են բեռնափոխադրումները, պակասել է, քանի որ ադրբեջանցիները մեր երկրի մեջ տամոժնի են դրել։ Հիմա էլ ասում է, որ այո, եթե Թուրքիայի հետ սահմանը բացենք, մեր արտադրողներին վնաս է, բայց քաղաքական ղեկավարությունն այդպես է որոշել։ Մարդը խոստովանում է։ Հիմա հարց ունենք, բա որ բոլորս հող մշակենք, թուրքական մթերքը բերես-լցնես, մերը ո՞նց իրացնենք, առանց այն էլ հիմա ունենք իրացման հարց։ Ռուսաստանում իրացումը պակասելու է, քո ապրանքի մի մասը չես կարող արտահանել, ի՞նչ ես անելու, բերենք, դուք կառնե՞ք ուտեք էդ սաղ։ Ասենք՝ մի 4 ամիս պարգևավճարը պոմիդորով ու կաղամբով ստանաք, աշխատավարձն էլ հետը։

Կամ, ասենք, ասում են՝ հացահատիկը կթանկանա, ցորեն ցանեք։ Գյուղատնտեսներ, մի հատ ասեք տեսնեմ դա աբսուրդ չէ՞, աշնանը արդյոք չե՞ն պլանավորում, սերմացու բաժանում, աշնանացան անում։ Գարնանը նոր էս մարդիկ մտածել են, որ պետք է աշունը ցանեիք։ Կրկին ասում եմ՝ անհաշվարկ, բախտի հույսին թողած կառավարություն է։ Հայաստանի կառավարությունն իր տնտեսվարողին պաշտպանելու որևէ ձև չգիտի կամ չի ձեռնարկում։ Մի հասարակ օրինակ բերեմ, Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսում ասում է՝ առաջ Հայաստանում ձվի մեծ մասը ներկրում էին․ հավաքեցի գործարարներին, ասացի՝ ի՞նչ կառաջարկեք, ասացին՝ Թուրքիայից ներկրումն արգելեք․ ձվի ներկրումն արգելեցինք, ու մեզ մոտ ձևավորվեցին թռչնաֆերմաներ․ երկրորդ տարին արդեն ձու էինք արտահանում։ Իր տնտեսվարողին պաշտպանում էր պետությունը․ երեկ լսեցինք, որ թռչնաֆաբրիկա է փակվում, 80 աշխատող դառնում է գործազուրկ։ Հիմա էկոնոմիկայի նախարարն ասում է՝ գիտենք, որ Թուրքիայի հետ սահման բացելը վտանգավոր է մեր գյուղացիների համար, բայց դե էդպես ենք որոշել։ Ասում են՝ գնացեք բոլորդ հող մշակեք, բայց չեն ասում էդ ապրանքն ինչ է լինելու․ կուտենք, էլի։ Բա ձեր կարծիքով ինչո՞ւ է ԱԺ ամբիոնից նյարդայնանում, թեման շեղում, որովհետև հարցի պատասխան չունի, հո չի՞ ասի՝ ի՞նչ եք ուզում ինձնից, թողեք նիստը պրծնեմ, գնամ կլուբ տժալու։ Քեֆը ձեր համար կիսատ թողել-եկել է, ժողովրդի հացից եք խոսում։

Մի կառավարություն, որ 10 օր առաջ ասի մեր գործերը շատ լավ են, 10 օր հետո ասի շատ վատ են, գնացեք ինչքան հող ունեք մշակեք, ուրեմն էդտեղ կառավարություն, իշխանություն ու բացարձակ ոչ մի բան չկա։ Էն աստվածաշնչյան փարավոնի պես պետք է Հովսեփի գտնեն, ասեն սենց երազ եմ տեսել, ի՞նչ ա նշանակում։ Կտրված են բոլոր գործընթացներից, պարզագույն հաշվարկ չունեն, էսօր պատերազմ է Ուկրաինայում, ասում են՝ գնացեք սաղ հողերը վարեք-ցանեք, վաղը պատերազմը դադարի, կասեն՝ ինչի՞ եք էնքան ցանել, որ չեք կարողանում իրացնել։

Ու իրենց մեղքը էս ամենում չեն տեսնում, ինչպես միշտ՝ բոլորը մեղավոր են․ Նիկոլն ասում է․ գնաճային երկրաշարժերի պատճառը կովիդն էր, աշխարհաքաղաքական զարգացումները, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: Էն որ իրենք մեր հողերը՝ բերքն էլ մեջը, հանձնել են, խնդիր չէր։ Մի քանի օր առաջ պաշտոնից ազատվեց Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան․ գիտե՞ք ինչի։ Որովհետև երկրում գնաճը 13,9 տոկոս էր։ Տուրնավան չէր խոստացել գնանկում, չէր ասել տնտեսական երկնիշ աճ-բան, ուղղակի երկնիշ աճ էր՝ մարդը հրաժարական տվեց։ Մեր էկոնոմիկայի նախարարն ասում էր՝ հեսա գնանկում կլինի, մենակ սննդի գաճը եղավ 12․5 տոկոս, ասաց երկնիշ աճ կլինի, դրա կեսն էլ չապահովեց, ու ասում ա՝ կատակ եմ արել։ Վրաստանի նախարարը չէր ֆայմում ասեր՝ կատակ եմ արել։ Վրացի ժողովուրդը հում-հում կուտեր, իսկ մենք հանդուրժում ենք։

Նիկոլ Փաշինյանը, հենց էն Նիկոլը, որ ասում էր՝ գազի գինը պետք է էժանանա, հիմա ասում է՝ գազը թանկացել է, բայց ո՞նց է արդարացնում, ասում է՝ հիմա կալորիան բարձրացել է, թե էն ժամանակ կոֆե էիր եփում, հիմա կարաս բորշ եփես։ Մասնագետն ասում է ինչի՞ ես խաբում, մենք երբեք ցածր կալորիականությամբ գազ չենք ստացել, չենք էլ կարող ստանալ, որովհետև միջազգային չափանիշներով են մատակարարվում։ Ու մասնագետները հաշվում են, որ էս բարձրացումները վերջը չեն, ունենք էներգետիկ ճգնաժամի նոր փուլ, ու հոսանքը, որ մի քանի օր առաջ թանկացավ, էլի է թանկանալու։ Սրան էլ պատասխան կգտնի Նիկոլը, ո՞նց որ գազի համար գտավ։ Ասում է՝ բա եվրոպայում գազի գինը տեսա՞ք 2400 դոլար է։ Եվրոպան ի՞նչ կապ ունի, նրանք Ռոսաստանին թշնամի են հռչակել, դու Ռուսաստանի ռազմավարական գործընկեր ես։

Մասնագետները տունը նստած՝ լսում են Նիկոլի ու Քերոբյանի ելույթները և իրենց դիպլոմները ճղում են, ասում են՝ մեր սովորածը ի՞նչ իմաստ ուներ եթե սրանք իրենց էս հալով էս պաշտոնին են ու սաղ վարի են տալիս։ Տնտեսագիտության դոկտորներ ունենք, իրավաբանության դոկտորներ ունենք, քաղաքագիտության դոկտորներ ունենք, դասախոսներ հայտնի, բոլորը ասում են՝ ժողովուրդ, էն, ինչ կատարվում ա Հայաստանում, մենք կյանքում չենք սովորել ու չենք սովորեցրել։

Մատը մատին չեն խփում, մի բան անելու համար, ամեն ինչ հիմնավորում են պատերազմով, կորոնավիրուսով, լիալուսնով, կիսալուսնով, վատ երազով ու սղցնում են։ Էս բոլոր խնդիրները ամբողջ աշխարհում կան, ուղղակի էդ բոլոր երկրները, կառավարությունները միջոցներ են ձեռնարկում։ Վրաստանում, Ռուսաստանում ինդեքսացիա արեցին, աշխատավարձ-թոշակ բարձրացրեցին, սուբսիդավորեցին որոշ ապրանքների գներ։ Դո՞ւք ինչի համար եք, որ գաք, վայելեք ու մարդկանց վրա հոխորտաք, ձեր մեղքերը բարդեք ուրիշների վրա՞։ Կոնկրետ հարց էլ տալիս ես, քուչի բազառ են սարքում, որ թռնեն պատասխանից։ Էսօրվա էս անհիմն թանկացումները որ լինեին առաջ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կասեր, կասեր՝ ժողովուրդ, օլիգարխները ինչքան ուզում՝ թանկացնում են, որովհետև էդ թանկացված փողը գնում ա ղեկավարության ջեբը, փայ են մտնում, 1000 դրամով կարագը թանկացնում են, 700 դրամը տալիս են նախագահին։ Հենց էսօր, որ ամեն ինչ արդեն թանկացել ա ու թանկանում ա, քո ջեբն ա գնո՞ւմ, էլի էդ հաշվարկներն ե՞ն։

Իսկ ինչո՞վ է զբաղվում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը․․․ Այ հա, հիշեցի, օրինագիծ են մշակում, որով կարգելվի ռեստորաններում սեղանների վրա աղ դնելը, պետք է գնաս, աղը ուզես նոր դնեն։ Ասեք, որ առաջնահերթ գործերով են զբաղված։

Դուք՝ ժողովուրդ, հիմա էլ ավելի շատ եք ձեր գոտիները ձգելու, բայց մի հատ աչքի տակով նայեք էս նոր դժվարությունների, թանկության պայմաններում որևէ պաշտոնյա, էս իշխանության յարկի դեմքերը՝ պատգամավոր, նախարար, որևէ մեկը իր գոտին ձգելո՞ւ է, մի թեթև գոնե համեստ ապրելո՞ւ է, տներ չի՞ ավելացնելու, կառավարական շքեղ ծախսերը փոխվելո՞ւ են։ Չհավատաք։

Կարճ ասած՝ այս իշխանությունը վատ կառավարում է իրականացնում ոչ միայն սահանների պաշտպանության մեջ, ոչ միայն արտաքին քաղաքականությունում, այլ ամենուր, մարդկանց հասցնում են ծայրահեղ վիճակի․ սրանց հրահրած ու պարտված պատերազմից մարդիկ են մահացել, կորոնավիրուսի փնթի կառավարումից մարդիկ են մահացել, ցրտահարությունից մարդիկ են մահացել, ամեն օր կրակոցներից Երևանում ու ամբողջ երկրում մարդիկ են մահանում։ Տպավորություններս իզուր չէ, որ աշխատում են լրիվ պետության դեմ։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ