01 03 2022

«Կարճ ասած»․ Մարտի 1․ անկախ Հայաստանի ամենաչարչրկված թեման՝ 14 տարի անց



 

Այսօր մարտի 1-ն է, անկախ Հայաստանի պատմության ողբերգական էջերից մեկի հիշատակի օրը։ Սա օր է, որի ժամանակ կանխվեց պետության զավթումը, հեղաշրջումը, որը, չնայած, տեղի ունեցավ տասը տարի անց։ Ի դեպ, այդ ժամանակվա ընդդիմություն աշխատողը, որը այդ անկարգությունների հեղինակներից ու ամենաակտիվ մասնակիցներից մեկն էր, այսօր վարչապետ է, ընդամենը վերջերս, Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին, երբ ուղարկում էր ՀԱՊԿ խաղաղապահ գունդ, հաստատեց, որ չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ մարդիկ փողոցից գան իշխանության։ Իսկական ճակատագրի հեգնանք։

Մարտի 1-ի իրադարձություններն ամենաշատ քննարկվածն են, սա իրադարձություն է, որի շահարկման վերջին 14 տարիներին տեղի է ունեցել պատմության խեղում, կեղծում ու որը տևում է մինչ հիմա։

Թե ինչ եղավ 2008թ․ մարտի 1-ին, բոլորս ենք հիշում, անգամ նրանք, ում հիշողությունը գնալ-գալով է, էնքան են այս դեպքերի մասին լսել, որ գաղափար կազմում են։ Ընտրություններում պարտված Լևոն Տեր-Պետրոսյանը, որ դեռ մինչև ընտրություններն էր ասում, որ իրենք հաղթել են, թիմի հետ միասին կազմակերպեց շուրջօրյա ցույցեր՝ փորձելով ճնշում գործադրել իշխանության վրա, դրսից էին աջակցություն կանչում, ներսից փորձում էին կազմաքանդել ինչ համակարգ որ կստացվի, ոստիկանություն, բանակ, պետական այլ համակարգեր, հետո երբ Ոստիկանությունը 10 օր կոչերից հետո որոշեց հասարակական կարգը վերականգնել, կազմակերպեցին սադրանքներ ու գնացին ջարդերի։ Կարծում եմ՝ դրան էլ սպասում էին։ Հիշում ենք Նիկոլի ձայնը՝ «Զինվեք՝ ով ինչով կարող է, քար կլինի, փայտ կլինի, բարիկադներ սարքեք», «Հոգիս փառավորվեց, երբ տեսա ինչպես եք ոստիկաններից մահակներ խլում», «Մեր առաջին ռազմավարը» և այլն։

Հանցագործությունը չկարողացան ավարտին հասցնել, սակայն եղան զոհեր, այդ թվում՝ իրավապահ համակարգից։ Իր խասյաթի համաձայն, Նիկոլ Փաշինյանը դիմեց փախուստի, հետո ի հայտ եկավ, դատապարտվեց, նստեց, հետո զղջաց, համաներվեց, ընտրվեց պատգամավոր երկու անգամ։ Ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու լևոնական թիմը, որոնք արժանի պատիժ այդպես էլ չկրեցին մարտի 1-ի համար, այս թեման որքան ուժ ունեին՝  շահարկեցին, ամենաբարձրը հենց Նիկոլն էր գոռում, քաղաքական կապիտալ էր կուտակում։ Եվ պատկերացնո՞ւմ եք, այն ինչն ակնհայտ էր, գլխիվայր շուռ տվեց, բոլորին հավատացրեց, որ ճիշտը ինքն էր, որ ժողովրդին հանում էր ոստիկանների դեմ, քարեր ու փայտերով կոչ էր անում զինվել, ձեռքներից մահակ ու զենք խլել ու գնալ խանութներ թալանելու, մեքենաներ վառելու ու որ այդ ամենը ինքը չէր, իշխանությունն էր, նրանց սադրիչներն էին և այլն։ Նրան ասում են, բայց դու էիր գոռում սենց արեք, նենց արեք, դրա արդյունքում զոհվեցին ցուցարարներ ու ոստիկանները․ ասում է՝ դուք սադրել եք ու սպանել եք։ Ճիշտ նույն բանը կատարվեց 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո։ Ինքը սադրեց թշնամուն, կոչեր արեց կասկա, բռոնեժիլետ վերցնել, հրամանատար ճարել, գնալ պատերազմի, այդ ընթացքում ասում էր՝ հեսա-հեսա կրում ենք, վերջում ստորագրեց ու ինչ էլ մնացել էր, տվեց թշնամուն, ու ասաց՝ ես չէի էդ, նախկիններն են․․․ Մարդ կգժվի։

Հետ գամ մարտի 1-ին։ Իշխանության գալուց Փաշինյանը շարունակեց օգտագործել իր կյանքի երևի ամենից մեծ ցեռքբերումը․ այդ թեման, նույն սցենարով, ինչպես մանտրա՝ փողոցային պայքարողները, ջարդերի կազմակերպիչները, հրահրողներն անմեղ էին, իշխանութունը մեղավոր էր թեմայով, գործ հարուցեց, օգտագործեց իր քաղաքական նպատակի համար, վերջում էլ որ էլ տեղ չկար, հասնելով ՍԴ, փակվեց թեման։

Սակայն, այն ինչ փակեց ՍԴ-ն, ամենևին էլ կապ չուներ սպանությունների բացահայտման հետ, իսկ ինքը հայտարարում էր, որ հենց սպանություններն է բացահատելու։ Նիկոլ Փաշինյանը որ դեռ ընդիմադիր էր, ուր նստում ասում էր, որ քանի Սերժ Սարգսյանի իշխանությունն է, մարտի 1-ի սպանությունները չեն բացահայտվի, ու ենթադրվում էր որ հենց փոխվի, կբացայատվեն բոլոր մեղավորները։ Շուտով կլինի 4 տարի, որ իշխանության ղեկին է այդ նույն Նիկոլ Փաշինյանը․ բացահայտված չէ 10 զոհերից և ոչ մեկի սպանությունը։ 2018 թվականն էր, հիշու՞մ եք մի հատ աղմուկ հանեցին, թե ըստ էության՝ բացահայտված է, հետո թե ահա բացահայտում ենք սպանողներից մեկին, կալանքի տարան, հետո պարզվեց՝ ուրիշ մարդու են բռնել, ազատ արձակեցին։ Հետո ինչ-որ զենքեր գտան, ասացին՝ բացահայտել ենք սպանության գործիքները, հետո դա էլ հերքեցին։ Ցանկացած տրամաբանող մարդու մոտ հարց է չէ՞ առաջանում․ բա լավ, ինչո՞ւ չեն բացահայտում այդ սպանությունները։ Չէ՞ որ 2018 թվականի փետրվարին, Նիկոլ Փաշինյանն անձամբ ասում էր՝ սա ուչաստկովիի մակարդակի գործ է, եթե իշխանության ղեկին չլինեն սպանությունների հեղինակները։ Ես էլ, հարց եմ տալիս, 2022 թվականն է, Նիկոլ, էդ ուչաստկովի մակարդակի գործը չի բացահայտվել․ միգուցե նրանից, որ իշխանության ղեկին են սպանությունների հեղինակնե՞րը։

Փաստ է, որ մարտի 1-ի սադրելու ու կազմակերպման համար եղել են օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ։ Այսօր, արդեն Նիկոլ Փաշինյանը սկսել է պատմությունը կեղծելու գործընթաց։ Նախ այս տարվա հունվարին ՄԻԵԴ-ը վճիռ տվեց Նիկոլ Փաշինյանի մասով, միտքն այն է, որ ըստ հայց ներկայացրած Փաշինյանի, նրա ձերբակալման, դատավարության ընթացքում եղել են խախտումներ։ Պատասխանող կողմ Հայաստանի հանրապետությունը, սակայն չէր առարկել, որից Եվրադատարանը եզրակացրել էր, որ Հայաստան պետությունը ընդունում է, որ Փաշինյանի հանցանքների քննության փուլերում եղել են պրոցեդուռալ խախտումներ։ Իսկ գիտե՞ք, ով էր Հայաստան պետության ղեկավարը, որը պատասխանում էր Հայաստանի անունից Եվրոդատարանին․ ճիշտ կռահեցիք՝ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Եվրադատարանին չէր ուղարկել կառավարության պատասխանը Նիկոլ Փաշինյանի մասով։ Օգտվելով այս բացից, Եվրադատարանը որոշել էր, թե որ տենց է, ուրեմն խախտվել է Փաշինյանի իրավունքը և այլն։ Հիմա, դրանից օգտվելով՝ մեր «անաչառ» դատախազն էլ էս կողմ, էն կողմ չի ընկել, դիմել է վճռաբեկ դատարան, թե՝ մարտի 1-ի զանգվածային անկարգությունների կազմակերպման համար համար դատապարտված Նիկոլ Փաշինյանին պետք է արդարացնել։ Հետաքրքիր է, թե՝ հավաքների ազատության իրավունքի մեջ մտնում էր խանութներ ջարդե՞լը, արմատուրաներ հավաքե՞լը ու ընդանհրապես, մարկանց հրապարակային կոչ անելը այդպիսի գործողությունների գնալ, խլել ոստիկանների ձեռքներից մահակներ, զենքեր։ Վերհիշելու համար բացեք տեսանյութերը նայեք, այդ ամենը կա․ ու դա ինքն է՝ անձամբ, նախկինները չեն, անձամբ Նիկոլ Փաշինյանն է, 2008 թվականին մարտի 1-ին։

Մարտի 1-ի թեման, այս մարդը որքան կարողացավ, քամեց, ինչ կարողացավ ստացավ։ Այդ իրադարձություններից հետո, նա միջակ լրագրողից դարձավ քաղաքական դեմք, դարձավ պատգամավոր երկու անգամ, հետո այնքան գոռգոռաց, վերջում էլ պարզվեց, որ կամ ինքը կլինի վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Ի՞նչ վատ գործարք էր, որ։ Ձեր կարծիքով ո՞րն էր պատճառը, որ Նիկոլը հունվարի 28-ին՝ բանակի օրվա առթիվ, որևէ միջոցառում չկազմակերպեց, Եռաբլուր չգնաց ու ծաղիկներ չխոնարհեց բոլոր նրանց հիշատակին, որոնք Եռաբլուրում են հանգչում, որոնցից հազարավորները՝ իր իշխանության սխալների արդյունքում են զոհվել։ Սումգայիթի ջարդերի օրը որևէ միջոցառում չկազմակերպեց ու չմասնակցեց, ծաղկեպսակ չդրեց։ Հրաժարվեց անգամ Մարաղայի ջարդերի օրը հիշատակի օր հայտարարել։ Բայց նույն Նիկոլը մարտի 1-ին բազմաթիվ թիկնապահներով, պատվո պահակախմբով գնաց, ծաղկեպսակ դրեց, խոնարհվեց-նկարվեց այն վայրում, որտեղ 14 տարի առաջ այս օրը ելույթ ունեցավ ու ասաց՝ զինվեք ինչով կարող եք։ Մարտի 1-ի ու զոհերի շնորհիվ իր ճակատագիրն է փոխվել, իր կյանքն է փոխվել, իր երազանքի ճանապարհն է բացվել, այ դրա համար էր այդ շուքը։

Ու եթե այդ՝ զինվելու, ոստիկանների ձեռքից մահակներ խլելու կոչը արդարացված է, դա, կարծում ենք, ի գիտություն պետք է ընդունեն բոլոր հանցագործները։ Եթե Նիկոլ Փաշինյանն արդարացվում է, ուրեմն այդ կոչերն արդեն օրինական ուժ են ստանում, թող դատախազները այդ մասին էլ մտածեն։

Կարելի է, իհարկե, մեղադրել Հայաստանի նախկին իշխանություններին, որ պատշաճ չեն արձագանքել Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաներին, տարիներ շարունակ թողել են, որ մարդը ինչ սուտ ուզում է՝ ասի ու մեծացնի էդ փուչիկը։ Եթե ամեն մի կեղծիքի բավարար չափով արձագանքեին, տեղը դնեին, էսօր էս վիճակը չէինք ունենա։ Երևի մտածում էին, թե հանրությունը ունի հիշողություն, հանրությունը լավ պատկերացնում է, լավ հասկանում է, թե ինչ է տեսնում։ Ոչ, այդպես չէ։ Աշխատում են ստերը, աշխատում է հատկապես նրանց սուտը, ովքեր ալվելի բարձր են գոռում ու հաճախ կրկնում դա։ Մանտրայի նման, ինչպես ասեցի։

Հասարակ օրինակ եմ բերում․ Նիկոլ Փաշինյանն անընդհատ, ամեն առիթով ասում էր, թե գազի գինը հնարավոր է իջեցնել, բայց չեն իջեցնում, որովհետև Սերժի իշխանությանը ձեռնտու է դա, իրենք են փող աշխատում․ այդ իշխանությունը հո գիտեր, որ Նիկոլ Փաշինյանը ստում է, ինչո՞ւ ձայն չէր հանում նույն հաճախությամբ․ դե մտածում էին ո՞ւմ է հետաքրքիր հերթական սուտը։ Էսօր Նիկոլը վարչապետ է, գազի գինը թանկացավ․ հենց այսօր։ Այսինքն, նույն տրամաբանությամբ, Նիկոլը սկսել է փող աշխատել։ Քա՞նի մարդ ձայն տվեց Նիկոլին, որ գազը, լույսը, ջուրը էժանանա։ Խնդրեմ, այս տարի միանգամից ամենը թանկացավ։ Իրենց ամեն ինչն է մանիպուլյացիա, ամեն ինչում են ստել, ասել են այն, ինչ մարդն ուզում է լսել, ու դա աշխատել է ժողովրդի վրա։

Կարճ ասած՝ ես քիչ առաջ թվարկեցի, թե ով է միանշանակ օգտվել մարտի 1-ի արդյունքում։ Խորությամբ մտածելու արդյունքում՝ կտեսնենք, որ սա այն դեպքն է, որ թե՛ հանցագործներն են օգտվել, թե՛ հանցագործությունը կանխելու արդյունքում՝ Հայաստանը․ իշխանությունը չի զիջվել փողոցում բարձր գոռացողներին, արդյունքում Հայաստանը ևս 10 տարի շնչելու հնարավորություն է ունեցել, օգտվել է Արցախը, որը ևս 10 տարի մնացել է հայկական։

2008 թվականին չկանխվեր, այսօրվա խայտառակ այս պատկերը այն ժամանակ էր լինելու, այն ժամանակ էին տապալելու իշխանությունն ու իրենց ծրագիրն իրականացնեին։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ