26 10 2021

«Կարճ ասած»․ ՔՊ-ն առաջարկում է կապիտուլյանտին ասել նվաճող, դավաճանին՝ հերոս



 

Ըստ Երևույթին, Նիկոլ Փաշինյանն է ստիպում, որ ԱԺ նախագահը, ՔՊ-ական փոխնախագահները ընդհատեն ամբիոնից ելույթ ունեցողին, եթե հնչեցնում է կապիտուիլյանտ, դավաճան, հողատու, Նիկոլ տերմինները։ ԱԺ փոխխոսնակը, էն որ բանակն ավարտելուց հետո դարձել էր արտգործնախարարի տեղակալ, ախռանային կանչեց, ու Գեղամ Մանուկյանին դուրս հանեցին հետևյալ խոսքի համար՝ «Արցախը ուրացողը դավաճան է»։ Վա՞տ բան է ասել․ իսկ Արցախը ուրացողն ի՞նչ է, հերո՞ս։ Եթե էդպես է՝ եկեք ասենք հերոս։

Ո՞ւմ էր ակնարկում Գեղամ Մանուկյանը․ ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն օրերս ասել էր՝ «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի թեզը շատ վտանգավոր է»։ Մենք միշտ ասել ենք, որ երկու հայկական պետությունների գոյությունը միմյանցով է պայմանավորված, հիմա նա ասում է՝ վտանգավոր է, մի ասեք։ Սա Արցախի ուրացում է։ Ընդ որում, էդ մարդը շարժման ու անկախության ֆոնին իշխանության եկած ՀՀՇ ներկայացուցիչ էր ու էն գաղափարի շուրջ էր իշխանության եկել, որ Արցախը պետք է միացվի Հայաստանին։ Մարդը 97-ից հետո միանգամից փոխվեց․ էս սկզբունքային գծից կտրուկ շեղումը տարօրինակ է։ մարդը իշխանության էր եկել միացում թեզով, հիմա ասում է՝ կարևոր չէ՝ Արցախը որ երկրի կազմում է։ Այսնիքն, կարող է Ադրբեջանը խլել, միացնել իրեն ու ցեղասպանե՞լ։ Ու էդ գաղափարով ուզում եք մնալ իշխանությա՞ն։ Իշխանականները նեղվում են, որովհետև Վիգեն Խաչատրյանը միակը չէ։ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը՝ գեներալ մարդ, ասում է՝ ռուսներին հարցրեք, թե ինչու են սահմանին զոհվում․ ռուսներն են Արցախի անվտանգության երաշխավորը։ Գեներալ-լեյտենանտ է։ Էս մարդիկ ձեռքերն Արցախից լրիվ լվացել են։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասում է՝ վտանգավոր է, որ ասենք՝ Շուշին կամ Հադրութը և մյուս տարածքները օկուպացրել են։ ՔՊ-ական Սասուն Միքայելյանն ասում է՝ հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախը։ Նիկոլը գիրք է գրում ու ասում, որ ինչքան շուտ ազատագրված շրջանները հանձնենք Ադրբեջանին, էնքան լավ։ Բա սա Արցախն ուրանալ չէ՞։ Սյունեցիներն ասում են, որ Կապանի Փելա սարը հանձնում են թշնամուն, իշխանությունը հա՛մ հանձնում է, հա՛մ հերքում է։ Հիմա ասում են՝ ԱԺ ամբիոնից մի ասեք կապիտուլյանտ, հողատու, բա ի՞նչ ասեն, մեծն նվաճո՞ղ։

Մարդու իրավունքների պաշտպանն ասում է՝ թշնամին 100-ից ավելի անասուն է գողացել, Տեղի համայնքապետը սատարում է ադրբեջանցիներին, ասում է՝ էդ ոչխարները իրենք էին իրենց ոտքով սահմանը խախտել, ադրբեջանցիներն ի՞նչ մեղք ունեն։ ՄԻՊ-ն ասում է՝ Գեղարքունիքի մարզում ադրբեջանցիները կառուցել են մեծ ապաստարաններ, բետոնապատել են իրենց ներխուժած դիրքեր տանող ճանապարհները, պաշտպանության նախարարությունը ասում է՝ սուտ ես ասում։ Թշնամին օդանավակայան է բացում օկուպացրած Արցախում, սրանք ԱԺ ամբիոնից հեռացնում են պատգամավորին, որն իրենց մեղադրում է հողը հանձնելու համար։

Ես չգիտեմ, թե ոնց էս բոլորը հավաքվեցին իշխանական խմբակցության մեջ։ Սրանք վատ են զգում, որ ԱԺ ամբիոնից հնչում է հողատու ձևակերպումը։ Ինչո՞ւ եք վատ զգում, Նիկոլն է ասում, չէ՞, մարդիկ մոտենում ու շնորհակալություն են հայտնում, որ կապիտուլյացիա եմ ստորագրել։ Բա ինչի՞ եք վատ զգում․ ուրեմն վստահ եք, որ վատ բան եք արել, սարսափելի բան եք արել, ուրեմն ով ում ասում է դավաճան, ձեզ վրա եք վերցնում։

Ասում՝ են մի՛ ասեք դավաճան, մի՛ ասեք կապիտուլյանտ, մի՛ ասեք Նիկոլ, մի՛ ասեք սուտ ես ասում արտահայտությունը։ Բունկեր բառը մի օգատգործեք, Էրատո բառը մի օգտագործեք, Սյունյաց ողջույն ձևակերպումը մի արեք։ Բա եղա՞վ, հիմա դուք ԱԺ նախագահություն ե՞ք, թե լեզվի տեսչություն։ Մի տարի առաջ եմ ասել՝ Նիկոլ Փաշինյանը էս թիմին բերել է իշխանության, ու ինքը բեռ է դարձել թիմի վրա, թիմը՝ պետության վրա, պետության շալակն են ելել։  Նիկոլ Փաշինյանը որ խորհրդարանում ընդդիմություն էր աշխատում, ամբիոնից ում ինչ ուզում ասում էր, այլանդակ ձևակերպումներով, մեկը անջատել է՞ միկրոֆոնը, հեռացրել է՞ ամբիոնից։

Սրանք գիտեն, որ իրենք վատ բան են արել, ու ամեն կերպ փորձում են շրջանցել թեման, իրենց թվաց, որ ԱԺ-ում մետաղորսիչ սարք դրեցին, ուրեմն մարդիկ ռիսկ չեն անի խոսել, որ հեռախոսի կոդերը սկսեցին ստուգել, ռիսկ չեն անի խոսել, որ սահմանափակեցին ջուր խմելը և հավաքեցին շշերը, մարդիկ ձենները կկըտրեն։ Չստացվեց, հիմա էլ բեմից հեռացնում են։ Իրենք չեն ասում՝ սուտ եք ասում, սխալ եք ասում, երբ ասում եք հողատու և այլն, ասում են՝ մի ասեք, վիրավորական է։

Բա որ դավաճան բառից էդքան վատ եք զգում, բա արարքի հե՞տ ոնց եք։ Դուք ինքներդ ձեզ հետ հա՞շտ եք, խաղա՞ղ եք։ 4-5 հազար հոգու մահվան տանելը, հայրենիք հանձնելը վիրվորական չէ, բայց վիրավորական է այդ մասին խոսելը՞։ Երթե հողը թշնամուն տալը, կապիտուլյացիա ստորագրելը հերոսություն է, եկեք ասենք «Նիկոլ նվաճող»։ Մարդը 25 տարի տուն է սարքել, եկել ու զրկել եք նրան ունեցվածքից, տնից, հողից, ապրուստից, հիշողություններից, պապերի գերեզմանից․ դուք դա չեք հասկանա, որովհետև ձեր մեջ մարդիկ կան, որ երկու տարում երեք տուն է առնում։ Ու ասում եք՝ մի՛ խոսեք։

Լավ, որ Գեղամին հեռացրիք ամբիոնից, էն մեկելի հեռախոսը ձեռքից խլեցիք, երրորդին բերման ենթարկեցիք, ինչի՞ հասաք։ Իրենց ամենամեծ առավելությունը գիտե՞ք որն է․ իրենք երեկոյան գնում են տուն ու հանգիստ խղճով նայում են ընտանիքի անդամներին, զինվորների արյունը խմելու երազներ չեն տեսնում, իրենք հող չեն հանձնել։

Կարճ ասած՝ այս ամենը գալիս է ձեր վախերից։ Նիկոլ Փաշինյանն ու թիմը սարսափում են։ Դրա պատճառով են քացի տվող գեներալին տանում ԱԺ մարդ ծեծելու, դրա համար եք հազարավոր թիկնապահներով ու ոստիկաններով շրջում։ Դուք վախերի մեջ եք ապրելու, դուք ամեն օր էդ վախը զգալու եք, էստեղ, թե, ասենք Կիպրոս այցի ժամանակ․ դուք վախենալու եք, որ հեսա մեկը կհայտնվի ու կթքի ձեր երեսին, կասի հողատու, պադեզդում կծեծի։ Բա ուզում եք ասեք՝ ինչ ուզում բանակցում ենք, տապալեք բանակցությունները, պատերազմ բերեք, 4-5 հազար հոգու տանեք հողի տակ ու վախով չապրե՞ք, հանգիստ խղճով ապրե՞ք։ Բա պետք է թիկնախպահներով ֆռաք, թիկնախպահներով անկողին մտնեք, գիշերը ուզենաք փաթաթվել ու տեսնեք թիկնապահն է։

Սա ցույց է տալիս, որ մեր երկրում ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլև ավելի է խորացել։ Դա չի հաղթահարվելու, քանի դեռ դուք իշխանության եք, ձեզ մարդիկ ոչ մի վայրկյան չեն մոռանում իրենց անեծքներում, հայհոյանքներում։ ԱԺ ամբիոնից արգելեցիք, բա ուրիշ տե՞ղ։ Չկա դալան ու ստոլբա, որտեղ ձեր մասին վատ տողեր չլինեն։ Դա հնարավոր չէ ջնջել։ Դա պիտակ է, որը չի վերանում։ Ուղղակի ինչքան շուտ գնաք, այնքան քիչ կխոսեն ձեր մասին։ Հնարավորություն տվեք մարդկանց մոռանալ ձեր գոյությունը։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ