14 10 2021

«Կարճ ասած»․ Դե տեսեք, թե իսկական «բարդակը» որն է



Նիկոլ Փաշինյանն այսօր խոսելով հայկական ավիացիայի, ազգային փոխադրողի մասին, այսպիսի միտք ասաց՝ «լավն այն է, շուկա չկա, որ քանդվի»։ Սա այս կառավարությանը բնորոշող ամենատիպային նախադասությունն էր։ Այսինքն՝ եթե շուկա լիներ, քանդվելու էր, ինչպես որ սրանք քանդեցին այն ամենը, ինչին ձեռք են տվել։ Կարո՞ղ եք հիշել մի բան, որ սարքել է Նիկոլ Փաշինյանը ու իր կառավարությունը․ եթե մեր երկրում Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ բան է կառուցվել, բացվել, ստեղծվել, ուրեմն իմացեք, որ դրա հիմքը նախկիններից է գալիս։ Ոչ մի բան չեն սարքել, բայց քանդել են ուժերի ներածին չափով ու պատկերացնու՞մ եք, ուրախանում են, որ շուկա չկա, թե չէ քանդվելու էր։

Այն, ինչ կատարվում է մեր երկրում հիմա, մեկ բառով հնարավոր չէ բնորոշել, երևի բարդակ։ Այլ բնորոշիչ բառ չկա։ Բարդակ է ամեն ոլորտում, ու քանդվել են հիմնականում այն ոլորտները, որ լավ կառուցված էր։

Բարդակը սկսում է երկրի սահմաններից։ Մենք տեսանք, թե ինչ է կատարվում սահմանին․ երեկ ժողովուրդը ցնցված էր Սյունիքում տեղակայված հայկական դիրքերի անմխիթար վիճակից։ Էս հաղորդման մեջ ես անհանգստանում էի, որ արդյունքում ոչ թե պոստերը կսարքեն, այլ կընկնեն տեսանյութը տարածողի հետևից։ Խնդրեմ, ռազմական ոստիկանությունը թող ասի ինչ աշխատանք է կատարել այդ ուղղությամբ։ Մեր բանակում կատարվողը ուղղակի բարդակ է։ Էն ժամանակ, որ նոր էր ձևավորվում, անգամ այդ ժամանակ էսպիսի վիճակ չի եղել։

Սահմանից մտնում ես ներս, ու բարդակը աչքիդ առաջ է։ Տեսանք էդ ահավոր կադրերը․ ոստիկանները ընտանիքին դուրս են հանում տանից, որ տունը քանդեն, ծեծելով բերման են ենթարկում տան հորը, երեխաների աչքի, լացի տակ։ Առաջինը որ մտքիդ է գալիս, ասում ես, լավ սրանք հայ չե՞ն։ Սա Նիկոլի նոր ոստիկանությունն է, բարեփոխված ոստիկանությունն է։ Արդյունքում մանկահասակ երեխան հիվանդանոց տեղափոխվեց էն ապրումներից, որ էդ պագոնավորները արել են իր հոր նկատմամբ։ Հասկանում ե՞ք։ Նիկոլի դասընկեր Վահե Ղազարյանը, որ ոստիկանապետ է, պարտավոր էր դիմում գրել, տեղակալներին էլ ու էլի լիքը պաշտոնյաների հետը տաներ։ Այդ մեկ միջադեպի պատճառով պետք է հրաժարական տային։ Բայց չէ, սա ոստիկանական պետություն է, սա ծեծի մեջ թրծված ոստիկանություն է, ծերունի ծեծող ոստիկանություն է, ապրիլի 7-ին կին ծեծող ոստիկանությունն է։ Ծառայողական քննություն են նշանակել․ պահո․ իսկ նախորդ ծեծկռտուքներից հետո սկսված քննություններն ի՞նչ արդյունք են տվել։

Մեր երկրում շատացել են սպանությունները, գողությունները, ինչո՞ւ որովհետև ոստիկանությւոնը զբաղված է սենց բաներով, Նիկոլի համար ապագա հարթելով, Եռաբլուր փակելով։ Երևանի կենտրոնում ամեն օր մարդ են սպանում անցորդների աչքի առաջ, ոստիկանությունը էն հնդկական կինոների նման գալիս է վերջում ու ձև տալիս, թե աշխատում է։ Ամենաակտիվ լրատվական սայթը ոստիկանությանն է, օրը 60 հատ հաղորդագրություն է հանցագործությունների մասին։ Ինչո՞ւ է հանցավորությունը շատացել․ որովհետև բարդակ է։

Իշխանությունը կոռուպցիայի դեմ է պայքարում ոնցոր, ԱԺ նախագահն ասում ա, որ հա, եղբայրը պետական խոշոր մրցույթներն է շահում ճանապարհաշինության ոլորտում, փոխվարչապետն էլ ասում ա՝ հա ի՞նչ, էդտեղ կոռուպցիա չկա։ Կառավարությունը ոտքից գլուխ թաղված է այն բանի մեջ, որը Սերժի ժամանակ ասում էին կոռուպցիա։ Մարզպետի եղբայրը մրցույթներ է շահում, վարչապետի խորհրդականի կինը մրցույթներ է շահում, ՊՆ նախարարի կինը պաշտպանության ոլորտում մրցույթներ է շահում, էլ չեմ խոսում, որ ազգուտակով պաշտոնի են, մարդ ու կնիկ դեպուտատ, մարդը նախարար, կինը դեպուտատ և այլն։ Կոռուպցիան ուղղակի կատարելության են հասցրել սրանք, բարդակ է։ Էնտեղ է հասել, որ եթե հիմա մեկին բռնում են, արդեն մտածում ենք, որ ուրեմն չի մուծվել Նիկոլին։

Կորոնավիրուսի վերաբերյալ որոշումները, որ կայացնում են, առողջապահության նախարարությունում բարդակի ապացույց է։ Որոշում է կայացրել իրավաբան նախարարը, առանց հիմնավորումների, կեսը հրապարակում են, կեսը թաքցնում են, ասում են պետք է պատվաստվել, պոլիկլինիկաներում չինական պատվաստանյութը էս պահին ծանոթով է․ չփորձեք հերքել․ էն մի պատվաստանյութը նախապես գրանցումով է։ Մոտենում ես, ահավոր բարդակ է։ Ժողովրդին-հավաքել լցրել են իրար գլխի ու սարքել վարակի օջախներ։ Կորոնավիրուսի համար հարյուր միլիոնավոր դոլարներ են մտել երկիր, չես հասկանում ինչ են եղել։

Էս պահին բարդակի գագաթնակետն է խանութներում․ ապրանքը թանկացել է, ամեն ինչ թանկացել է։ Մարդիկ ասում են՝ սոված ենք մնում, քիչ ենք ուտում, սովորել ենք քիչ ուտելուն։ Որովհետև միայն իշխողների աշխատավարձն է բարձրանում։ Գնաճը որևէ ձև չի զսպվում․ իրենց վեջը չէ։ Կոմունալը էն որ խոստանում էին չթանկացնել՝ թանկանում է, սնունդը թանկացել է, հագուստը թանկացել է, ամեն ինչ թանկացել է, վառելիքը թանկացել է։ Իրենց պետքը չէ, իրենք ունեն գումար, պետության բյուջեն տնօրինում են ինչպես սեփական գրպանինը, չունեն որևէ խնդիր․ Նիկոլը նույնությամբ շարունակում է 10 ավտոմեքենայից բաղկացած շարասյունով երթևեկել, իսկ դուք անցնում եք գազի, որովհետև բենզինը շաբաթը մեկ 10 դրամով թանկանում է։

Արդարադատության ոլորտում բարդակ է կատարյալ․ համակարգիչը ԱԱԾ-ն տարել է, ու արդեն դատարանի նախագահն ինքն է որոշում, թե որ գործը ով քննի․ դրա արդյունքում,  հերթով կալանավորում են բոլոր նրանց, ում վրա Նիկոլը մատը դնում է։ Սա արդարադատություն չէ, արդարադատության տնազն է արդեն։

Կարճ ասած՝ Հայաստանում իշխանավորը զբաղված է ուտելով ու դիզելով։ Պետության, ժողովրդի, քաղաքացու, նրա իրավունքի մասին խոսելը դարձել է անիմաստ։ Դու էլ, ժողովուրդ, հարմարվել ու սովորել ես, որ սրանց վրա հույս պետք է չդնես։ Նրանք օգտվում են նաև էդ վիճակից։ Քո պահանջները իշխանությունից լրիվ փոխվել են, եթե էն ժամանակ պայքարում էիր լավ ապրելու համար, հիմա պայքարում ես գոյատևելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ