13 09 2021

«Կարճ ասած»․ Կապան գնալու համար վիզային ռեժի՞մ կմտցնեն



Նախընտրական շրջանում, երբ մոլորված քաղաքացիներին շատերը փորձում էին դարձի բերել, ցույց տալ այն վտանգները, որ լինելու են, եթե Նիկոլը մնա իշխանության, հոլովակների շարք թողարկվեց, որոնցից մեկը այսպիսի բովանդակություն ուներ․ ընտրատեղամասում երիտասարդը վերցնում է 3-րդ համարի քվեաթերթիկը ու պատկերացնում ապագան․ աչքի առաջ գալիս է Կապանը մեկ տարի անց․ իր մեքենան կանգնացնում է ադրբեջանցի ոստիկանը, պահանջում է վճարել ճանապարհի համար։ Երիտասարդը սթափվում է, ճմրթում թերթիկը ու նետում աղբարկղ։ Այդպես ճմրթեց 400 հազար ընտրող, բայց 689 հազարն էլ ընտրեց այդ ճանապարհը։ Մենք գնացինք այդ հոլովակի ճանապարհով․ միակ սխխալը ժամկետն էր, ոչ թե մեկ տարի անց, այլ՝ 2,5 ամիս։

Հայաստանի ԱԱԾ-ն տարածում է հաղորդագրություն, թե Գորիս-Կապան միջպետական ճանապարհի վրա Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ մամուլն էլ հայտնում է, որ ամեն բեռնատարից նաև հարյուր դոլար և ավելի են վերցնում՝ չմոռանալով մանրակրկիտ ստուգել բեռները։

ԱԱԾ այս խայտառակ հայտարարության ամենաթեթևը մասը այն է, որ բոլոր տարածքները, որոնք Նիկոլը բանավոր փոխըմբռնմամբ հանձնում է Ալիևին, ՔՊ-ն ու պաշտոնական գերատեսչությունները սկսում են այդ տարածքի ադերբջանական անուններն օգտագործել։

ԱԱԾ-ն ինչի՞ համար է, ՊՆ-ն ինչի՞ համար է, դատախազությունը կամ էլ, ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ի՞նչ գործ ունի Ադրբեջանական ոստիկանը։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մեռավ արդարացնելով ադրբեջանցիներին․ ճանապարհը փակել էին, ասում էր՝ հենց նոր ընդեղից եմ գալիս, ի՞նչն ա վտանգավոր, հիմա էլ ասում է՝ ադրբեջանցիները որ ոստիկանական կետ են դրել, իրենց տարածքում են դրել, դա իրենց տարածքն ա, ինչ ուզեն՝ կանեն։ Բայց չի ասում՝ Գորիս-Կապան ճանապարհը էդ ո՞նց դարձավ իրենց տարածք, ե՞րբ դարձավ իրենց տարածք, ԱԱԾ-ն որ դուխով հայտարարում է, թե իրենց վերահսկողության տակ անցած, էդ ի՞նչ հանգամանքներում անցավ։ Ինչ ասում ենք, ասում են՝ դա ադրբեջանական տարածք է․ չհասկացանք, հիմա մեր երկիրը տարածքներ ունի՞, բացի Կոնդի ամառանոցներից, թե՞ չէ։ Բա որ անվտանգ է, ինչի՞ Նիկոլի ձեռքը չես բռնում էդ տարածքով մի երկու անգամ գնաս-գաս։ Մարդ ուզում է հարցնի՝ ա՛յ մարզպետ, ա՛յ ԱԱԾ ղեկավար, ա՛յ դատախազություն, դուք ո՞ր երկրի պաշտոնյաներ եք, ո՞ր երկրի օրենքներն ու սահմանադրությունն եք պաշտպանում Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի։

Ընդամենը մի քանի ամիս առաջ փաստեր հրապարակեցին, որ այդ տարածքում ադրբեջանցիները քարերով վնասել են իրանական բեռնատարները, հիմա էլ ստուգում են։ Նման մշտական միջադեպերը չե՞ն հանգեցնի նրան, որ Իրանը այլևս ցամաքային տարածքով ոչինչ չփոխադրի Հայաստան։ ՔՊ-ական դեպուտատն ասում է՝ կարևորը՝ ամեն դեպքում ապրանքը հասնում են տեղ։ Լո՞ւրջ, հացը ստանում ուտում ես ու վե՞րջ։ Իրանը ուղղակի իր վարորդների անվտանգությունից ելնելով քո հետ կապ կարող է չհաստատել, տարանցիկ երկիր չդիտարկել։ Քո ցամաքային կապը աշխարհի հետ մնա միայն Վրաստանը, որին կապող մայրուղին էլ Նիկոլի քավորի եղբայրն է որոշել, որ անկլավ է, պիտի տանք։ Է՛ս էր սրանց ապագան, բա գիտեիք ի՞նչ։

Մարդու ուղեղում չի տեղավորվում, թե ինչպես կարող է մի ինքնիշխան, անկախ երկրի տարածքից բեռնատար մտնի մեկ այլ երկրի տարածք, որը մի քանի օրից պատրաստվում է գունագեղ տոնակատարությամբ նշել անկախության օրը, բայց մեկ այլ երկրի ոստիկանություն քո երկրի տարածքում ստուգի այդ բեռները ու նալոգ հավաքի։ Ստացվում է՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքում մաքսակետ է բացել։

Դուք սրա վտանգները հասկանո՞ւմ եք․ մեր թշնամի երկիրը մեր երկրի ներսում մանրակրկիտ ստուգում է, թե ինչ ենք ստանում, ապրանքացանկը ստուգում է։

Լավ, ի՞նչ փաստաթղթի հիման վրա է այս ամենը արվում։ Կա՞ որևէ փաստաթուղթ, որի համաձայն՝ տարածքը, որը զբաղեցնում է Ադրբեջանը, իրեն է հանձնվել։ Մեր իշխանությունը սովոր է գաղտագողի ու բանավոր պայմանավորվածությամբ հողեր հանձնել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասում է՝ 2018 թվականից հետո իշխանության գործելաոճն է ամենաբաց աշխատանքի տրամաբանությունը։ Ի սկզբանե ամեն ինչ ասում ենք։ Սրանք բանավոր կերպով երկրից մի մեծ տարածք տվել են թշնամուն ու այդ մասին ստիպված խոստովանում են, հետո ասում են՝ թափանցիկ ենք։ Սրանց երեսպաշտությունը սահմաններ չունի։ Վստահ եմ՝ Ադրբեջանի այս հանդուգն պահվածքն ունի ինչ-որ փաստաթղթի, պայմանավորվածության արդյունքում, որի մասին, իհարկե,ժողովրդի անունից խոսացող իշխանությունը ժողովրդին չի տեղեկացնի։

Մի հատ Պաշտպանության նախարար ունենք ոնցոր, էն որ հոխորտում էր, թե՝ Ադրբեջանից եթե իմանամ ծիտիկ ա մտել մեր ինքնիշխան տարածք ու չեք գյուլել, կպատժեմ։ Հիմա ասում են՝ Գորիս-Կապան ճանապարհը փակել են, ասում է՝ դա մեր լիազորությունը չէ։ Բա դու ո՞վ ես, ո՞ւմ ու ինչի՞ց ես պաշտպանում։

Օգոստոսի 17-ին հայտարարեցին, թե Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում վերսկսել են Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը: Ի՞նչ են բանակցում, ինչո՞ւ է այդ բանակցությունների արդյունքում ամեն անգամ էսպիսի խնդիր լինում, կարող է՞ հենց սա որոշվել է բանակցությունների արդյունքում։ Ամեն օր Ադրբեջանն ասում է՝ Զանգեզուրն իմն է, Սևանը իմն է, սրանք գնում-բանակցում են, դրա շուրջ ե՞ք բանակցում, մետր-մետր բանակցում ե՞ք։ Բացարձակ չեմ բացառում, որ վաղը-մյուս օրը ասեն՝ դե էնպես է ստացվել, որ պետք է մեր երկրի ա կետից բ կետը գնալու համար, օրինակ՝ Սյունիք գնալու համար Ադրբեջանից վիզա ստանանք։

Կարճ ասած՝ մենք ամեն օր մի թանկ գին վճարում ենք այս անհայրենիք հողատուներին իշխանություն տալու համար։ Հարցը առայժմ մեկ լուծում ունի՝ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացում իշխանությունից, Նիկոլ Փաշինյանի թիմի կապիտուլյացիա։ Եթե դա չեղավ ու շեշտում եմ՝ անհապաղ, ապա վստահ եղեք, այլևս ոչ մի լուծում չի լինի։ Ով կասկածում է, տեսեք, թե ինչեր են անում Գեղարքունիքում ու Սյունիքում։ Հայրենիքը հանձնել են թուրքերին, զավթել են Հանրապետության հրապարակն ու գունագեղ շոու են անում, երևի՝ թշնամու հաղթանակի առթիվ։

Ի դեպ, այդ հոլովակից, որը պետք է սթափեցներ, բայց չսթափեցրեց, մի քանի հատ կա, մեկն էլ Սևանի մասին է, մյուսը պատմությունը կեղծելու մասին է, հիմա նստենք ու գռազ գանք, թե որ մեկիս կանխատեսումն է իրականություն դառնո՞ւմ։ 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ