25 06 2021

«Կարճ ասած»․ Զինվորին սպանել կամ գերի հանձնել պատերազմում, բայց օգտագործել վերընտրվելու համար



Հետընտրական այս շրջանում չեն դադարում խոսակցություններն այն մասին, թե՝ բա ասում էինք մի՛ գնացեք ընտրությունների, թողեիք Նիկոլ Փաշինյանը մնար մենակ ընտրություն աներ, լեգիտիմացրիք Փաշինյանի իշխանությունը և այլն։ Բայց այս տեսակետը հայտնողները հետոն չեն ներկայացնում։

Իդեալական տարբերակ կլիներ, որ կապիտուլյանտը, որը հանձնեց մեր երկիրը թշնամուն, նոյեմբերի 10-ին ինքնասպան լիներ։ Դա անելու տղամարդկություն չունեցավ։ Բայց փաստ է, որ ոչ մի ընտրություն և ընդհանապես՝ ոչ մի բան չի կարող լեգիտիմացնել Փաշինյանի իշխանությունը, և նաւ անհնար է նրան արդարացնելը։ Երբ էլ լինի, հողատուները պատասխանատվության առաջ կկանգնեն։

Մեկ այլ ճանապարհ էր հրաժարականը կամ դրան հասնելը, այլ որակի ու ժամանակավոր կառավարության ձևավորումը, որը պետք է ամենահրատապ խնդիրները լուծեր և մեկ տարի անց գնար արտահերթ ընտրությունների։ Սա հենց այն տարբներակն էր, որի վրա կենտրոնացել էին շատ ուժեր, հանրային, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ։ Սա էլ չաշխատեց, որովհետև ունեինք շատ անտարբեր, որոշ դեպքերում՝ շատ անինքնասեր քաղաքացիներ և ոչ մի բանի առաջ չկանգնող, թրքաբարո իշխանություն։

Բանը հասավ ընտրություններին, որովհետև զանազան պատճառներով փողոցը չաշխատեց, մարդկանց պետք է համոզեիր, որ քո երկիրը ծախողներին պետք է քշել ու հարթակին էլ պետք է համոզեիր, որ ջիգյարով կպնեն գործի։

Արտահերթ ընտրությունների տարբերակը, այո, իշխանության սցենարն էր, բայց այս պարագայում միակն էր մնացել։ Այդ ընտրությունները կազմակերպել էր իշխանությունը, մասնակցում էր 26 կուսակցություն ու դաշինք․ եթե 26-ի փոխարեն մասնակցեր 5-ը, մեկ է՝ տեղի էր ունենալու գործընթացը։ Ասենք՝ «Հայաստան» դաշինքը չէր մասնակցում ընտրություններին, «Պատիվ ունեմ»-ը, «Զարթոնքը», ԲՀԿ-ն ու ևս մի շարք ուժեր չէին մասնակցում, ընտրությունները չէի՞ն կայանա։ Կկայանային, Արամ Սարգսյանի, Շիրինյան-Բաբաջանյանի և այլ՝ հողերը թուրքին տալը գովերգողների մասնակցությամբ, կմտնեին խորհրդարան և կունենայինք ուղնուծուծով դավաճանական ԱԺ։ «Հայաստան» դաշինքի չմասնակցելով՝ չեղյալ չէին հայտարարվելու, չէ՞։ Նիկոլը խորհրդարանը կձևավորեր էնպես, ինչպես ուզում էր։ Ու ի՞նչ էինք շահելու։ Պետք էր չմասնակցել ընտրություններին ասողները հետագան ո՞նց էին պատկերացնում։

Բայց քվեարկության արդյունքներից էլ խոսելիս, նույնպես պետք է սթափ դատել։ Երբ ասում են՝ Նիկոլը հաղթեց, արդյո՞ք նա իրոք հաղթեց։ Այսքան խայտառակ ընտրակեղծիքներ երբեք չեն եղել։ Արդուկն էլ միացնում ես՝ խոսում է ընտրակեղծիքների մասին։ Լուրերն այն մասին են, որ Գյումրիում գոյություն չունեցող շենքերի բնակիչներ են գնացել քվեարկության, այսպես ասած՝ տունը չկա, բայց տան վրա գրանցվողը կա․ դրանց, կարծեմ, անվանում են բոմժ։ Անհասկանալի կերպով 70 հազարով շատացել է անձնագիր ու նույնականացման քարտի տպագրումը։ Բայց պետք է սրանք բացահայտվեն, որովհետև ամեն անգամ ընտրությնան գնալիս իշխանությունը կունենա իրեն արդեն նախապես տպված ձայներ։ Սրանցով ոստիկանությունը չգիտեմ՝ զբաղվո՞ւմ է, թե չէ, բայց գիտե՞ք ինչով է զբաղվում, գրություն է ուղարկում խմբագրություն, թե՝ լուր եք հրապարակել այն մասին, որ Ալեն Սիմոնյանը երկար կանգնել է տեղամասի դիմաց և զրուցել քաղաքացիների հետ, ուղորդել է․ ո՞վ է տեսել Ալեն Սիմոնյանին։ Ապուշ բաներով է ոստիկանությունը զբաղված։ Էդ որ լուրը գրել էինք, տեղամասում ոստիկան չեք ունեցե՞լ, ինչո՞ւ միանգամից չեք գնացել ահազանգի հետքերով։ Իսկ որ ձայների հաշվարկի ժամանակ Գյումրիում, Վանաձորում ու բազմաթիվ խոշոր քաղաքներում լույսերը գնում էին, ոստիկանությունը զբաղվել է՞ դրանցով։ Կամ որ ընտրական գործընթացի հենց սկզբից «Հայաստան» դաշինքի շտաբերը խուզարկում էին, զբաղվել է՞ ոստիկանությունը դեպքով։ Որ զորամասում զինվորներին Փաշինյանի անունից հյուրասիրում էին, գործ հարուցվել է՞։ Էն որ խզբզում էին ոչ իշխանական քվեաթերթիկների վրա, դրանցով զբաղվուրմ է՞ ոստիկանությունը։ Վարչական ահռելի ռեսուրսի անխնա օգտագործմամբ զբաղվում է՞։ Էն որ հանձնաժողովների ՔՊ-ական նախագահները կնիքները իրենց հետ տանում էին, գործ հարուցվել է՞։ Դրանով ի՞նչ էին կնքում, գուցե էն քվեաթերթիկները, որոնք հնարավոր է՝ նոր տպված անձնագրերի համա՞ր էին կամ զինվորների համար, որ չչարչարվեն երրորդ համարի քվեաթերթիկները անձամբ ջոկեն-դնեն ծրարի մեջ, ու նրանց փոխարեն խնամքով տեղադրել էին քվեախցում։ Ամենասարսափելի խախտումներից է ինձ համար զինվորների՝ համակարգված քվեարկությունը՝ նախապես պատրաստած ծրարներով։ Դա ես համարում եմ նվաստացում։ Զինվորներին, փաստորեն, կարելի է գերի հանձնել, ուղարկել բայրաքթարերի բերան ու սպանել, բայց այդ ամենից հետո էլ ողջ մնացածներին կարելի է օգտագործել վերընտրվելու համար։

Այս բոլոր խախտումները միասին քա՞նի հազար ձայն են ապահովել կապիտուլյանտի համար, 100 հազա՞ր, 200 հազա՞ր։ Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը չէր կարող բարձր լինել 20 տոկոսից՝ մի 15 տոկոս զոմբիաժեխ, անգիտակից մասսա ու Նիկոլի իշխանությունից ուղիղ գծով օգտվողներ, մի 5 տոկոս էլ մոլորվածներ։ Եթե էդ մյուս 30 տոկոսի տեխնոլոգիան չբացահայտվի, ուրեմն իմացեք, որ դա Նիկոլի՝ բոլոր ընտրություններում զապաս ձայներն են։

Ոչ թե ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցն է այստեղ, այլ՝ հավասար հնարավորությունների։ Սա գիտե՞ք ինչի է նման․ ոնցոր 100 մետր վազքի մրցում լինի, 26 մասնակցից 25-ը սկսեն զրոյից, մեկը՝ 90-րդ մետրից։ Սա՛ է իրավիճակը։

Ընդդիմությունը իրեն հիմնականում ճիշտ է պահել, փայլուն քարոզարշավ է արել․ իհարկե՝ կային ընդդիմադիր ուժեր, որոնց քարոզարշավը շատ թույլ էր ու իրենց պոտենցյալը չարտահայտեց, բայց հիմնական դերակատար «Հայաստան» դաշինքը, կարծում եմ, թույլ չի տվել սխալ, որը նրանից ձայներ կտաներ։ Խնդիրը այստեղ այն է, որ կապիտուլյանտը տարել է շատ ավելի ձայն, քան ուներ, ու դա պետք է բացահայտվի։ Արդյունքները քննարկելիս պետք է սա հաշվի առնել։

Դեռ քննարկումները շարունակվում են՝ վերցնե՞լ մանդատները, թե՝ ոչ․ դա պետք է որոշեն խորհրդարան անցած ուժերը, բայց դա պետք է լինի համակարգված ու ճիշտ գնահատված՝ ի՞նչ խնդիր ես լուծում վերցնելով կամ չվերցնելով։ Ասում են՝ մի՛ վերցրեք մանդատները, թող ճգնաժամ լինի։ Հետո՞․ երեք տարի ճգնաժամային էր, ի՞նչ խնդիր լուծվեց։ Իշխանությունը կարող է տապալել սահմանադրական կարգը և երեք տարի էդպես իշխել։ Խորհրդարան չգնալով ի՞նչ է տեղի ունենալու, արտահերթ ընտրություննե՞ր կլինեն, թե այս իշխանությունը կշարունակի գործելը, թեկուզ առանց ընդդիմության և առանց լեգիտիմության։

Իմ կարծիքով, պետք է գնալ խորհրդարան ու իշխանության կյանքը իսկական քաոսի վերածել։ Պետք է լինել համակարգված, ճիշտ հաշվարկով ընդդիմություն, ոչ թե նախորդ երեք տարվա ընդդիմության պես։ Պետք է զուգահեռաբար չմոռանալ փողոցը, ամեն մի առիթ պետք է օգտագործել ու բողոքի ցույցեր կազմակերպել, ակտիվ պահել փողոցը։

Կարճ ասած՝ այս ընտրությունների արդյունքները, իշխանության հավաքած ձայները միշտ քննարկվելու են, քանի դեռ ճշմարտությունը ջրի երես դուրս չի եկել․ պետք է բացահայտվի, թե ինչպես բոլոր ժամանակների ամենացածր ռեյտինգ ունեցող և դավաճանի խարան ունեցող իշխանությունը վերընտրվեց։ Եվ պետք է այնպես անել, որ քաղաքական դաշտից դուրս շպրտվեն այն պղտորող քաղաքական ուժերը, Նիկոլի արբանյակներ։ Ամեն բան պետք է տեղի ունենա ընդդեմ իշխանության և հանուն պետության։ Պետք է իշխանությունը շարունակի ապրել դիսկոմֆորտի պայմաններում, ինչպես առաջ էր, վախենա փողոց դուրս գալ, ամենուր գոռան հետևներից դավաճան։ Պետք է նրանք ամեն օր համոզվեն, որ իրենք մերժված են։ Պետք է շնչահեղձ անել իշխանությանը։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ