14 06 2021

«Կարճ ասած»․ Ադրբեջանը նշեց Հայաստանի տարածք մտնելու մեկ ամիսը․ ի՞նչ կլինի հաջորդ 6 օրերին



Հաղորդումներիցս մեկի ժամանակ ասացի, որ պետք է անել ամեն ինչ, որ մեր սահմաններից ներս, մեր երկրում ադրբեջանցի զինվորների ներկայությունը չդառնա սովորկան մի բան։ Ուղիղ մեկ ամիս է անցել, որ ադրբեջանցիները մտել են մեր երկրի տարածք, ու արդեն կարծես սովորական է դառնում։ Սյունիքի մարզում խորացել են Սև լճի հատվածում, Գեղարքունիքի մարզի՝ Վերին Շորժայի ու Կութ գյուղերի հատվածներում։ Կիլոմետրերով առաջ են եկել ադրբեջանցիները։ Մեր իշխանությունը սկզբում թաքցնում էր, հետո հերքեց, հետո ստիպված եղավ խոստովանել, որ այո, այդպես է։

Էս պայմաններում իշխանությունը քարոզարշավ է անում, անվտանգություն է խոստանում, խոստումներ է տալիս, գնում է սահմանամերձ համայնքներ, որտեղ իրեն ու թշնամուն մի քանի մետր է առանձնացնում ու ոչ մի խոսք այդ մասին։ Ու մուրճ չի ուզում իրենից մի քիչ հեռու գտնվող ադրբեջանցիների գլուխը ջարդելու համար, այլ ընդդիմության համար է ուզում դա։

Հունիսի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում կես ժամ անընդմեջ կրակել են։ Մայիսի 27-ին վեց զինծառայող գերեվարվել էին Վարդենիսի տարածաշրջանի Կութ գյուղի հատվածից։ Դրանից երկու օր առաջ պայմանագրային զինծառայող էր սպանվել ադրբեջանական կրակահերթերից։ Մեր գերիներին արդեն դատարանի առաջ են կանգնեցրել որպես դիվերսանտի։

Կրկնում եմ՝ արդեն մեկ ամիս երկու օր է անցել, ինչ թշնամին մտել է մեր երկրի սահմանների մեջ ու տնավորվել է։ ՊՆ-ն ողջամիտ ժամկետ տվեց ու սպառնաց, թե՝ դուրս կվռնդեմ, եթե դուրս չգաք մեր հողից․ ո՛չ գնաց, ո՛չ վռնդեցին, ասացին՝ բանակցություններով կհեռացնենք։ Բայց արդեն 15 օր է՝ ոչ մի բանակցող չունենք, բոլորը հրաժարական են տվել․ մնացել է երկրի ղեկավարի ԺՊ-ն, նա էլ արձակուրդում է։

Ցավալին այն է, որ մեր տարածք մտած թշնամին արդեն տնացվորվել է, լուսանկարներ կան այն մաիսն, որ Խնձորեսկում ամրացրել է իր դիրքերը։ Ադրբեջանական դիրքերն այնքան մոտ է, որ շատ հանգիստ, առանց հեռադիտակի հնարավոր է երկու կողմի շարժերը վերահսկել։ Նայում ես մեր դիրքերը՝ մի փտած ավտոբուս, մի հատ վրան։ Վարչապետի ԺՊ-ն ասում է՝ մենք ինժեներական աշխատանք ենք անում, որը թաքուն է, պետք է ոչ ոք չտեսնի։ Ադրբեջանական մամուլում հրապարակում են, թե որքան խղճուկ են մեր դիրքերը։ Հակառակորդը տեսնում է, որ քո զինվորները չունեն ջուր, չունեն լույս, մոմի լույս է, իրենք լույս էլ ունեն, հեռուստացույց էլ ունեն, տաք սենյակներ էլ ունեն։ Սա քո ցուցիչն է, սա ցույց է տալիս, թե դու ոնց ես պահում քո զինվորին, քո քաղաքացուն։ Տռուսիկով հպարտացող, զինվորդ ճրագի տակ է սահման պահում, լույս չունի։

Գիտե՞ք սա ինչի համար եմ ասում․ որովհետև դիրքերն ամրացնելու փող պետությունը չունի, բայց փող ունի, որ ոստիկանական ողջ ուժերը՝ իրենց շներով, ծառայողական ավտոմեքենաների շարասյունը, թիկնազորը, միլիոնավոր դրամներ ամեն օր ծախսի նախընտրական քարոզարշավի վրա՝ պետական բյուջեից։ Այն գումարը, որը պետք է իշխանությունը ծախսի զինվորին մարդավայել սահմանային հենակետ տալու համար, ծախսում է, որպեսզի վարչապետի ԺՊ-ն քարոզարշավ անի։ Մենք դիրքերն ամրացնելու համար փող չենք տալիս, բայց մենք ունենք փող, որ ոստիկանական ավտոմեքենան, շները, զորքը ամբողջ երկրով մեկ շրջագայեն մեկ անձի պաշտպանելու համար, նրա ելույթից առաջ ավտոմեքենան խուզարկելու համար, շենքը խուզարկելու համար, որի դիմաց պետք է կանգնի։

ժողովուրդ, ամեն օր ահազանգ ենք ստանում, որ թշնամին առաջ է գալիս, ամեն օր մի միջադեպ լինում է։ Մենք արդեն սովորեցինք նրան, որ պետք է ամեն օր մեկին գողանան-տարնեն, գերի վերցնեն, առաջ բանակցում էին Ղարաբաղի խնդիրը լուծելու համար, հիմա ամեն օր բանակցում են մեր գյուղացիներին հանգիստ թողնելու համար։ Խնդրեմ, իմացանք, որ հունիսի 12-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի` Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, մարզի գյուղերի երկու բնակիչ հայտնվել են ադրբեջանական տարածքում, գերի են ընկել: Գնում-բանակցում ենք, որ հետ տան նրանց։ Ու ՊՆ-ն էնքան հավեսով էլ գրել է «ադրբեջանական տարածք» ձևակերպումը։ Ամիսներ առաջ Տեղ գյուղից հետո սկսում էր Արցախը, հիմա ադրբեջանական տարածք է ձևակերպում ՊՆ-ն: Ու դու պետք է անընդհատ բանակցես, որ քո ժողովրդին չգողանան։

Քարոզարշավ է մեր երկրում, ամեն մեկը գնում է իր ծրագրով ու առաջին հերթին բոլոր հարցերը վերաբերում են անվտանգությանը։ Բայց հենց այն ուժը՝ իշխանությունը, որը պարտավոր է քարոզարշավին պատասխանել հենց անվտանգության հարցերին, մեր երկիր մտած ադրբեջանցիներին քշելու մասին խոսի, էդ թեման լռության է մատնում ու խոսում նախկիններից։

Հայաստան է վերադարձվել 15 գերի։ Ադրբեջանում, ըստ տարբեր տեղեկությունների, ունենք 200-ից ավելի գերի։ 6 գերի էլ նոր էին բռնել։ Աչքալուսանք եմ տալիս բոլորիս, որ 15 գերի գոնե հետ են եկել։ Նրանց ընտանիքները այս ընթացքում շատ են տանջվել։ Բայց ես հարցեր ունեմ իշխանությանը ու վստահ եմ՝ այդ գերիները, նրանց հարազատները, մյուս գերիների հարազատները ևս հարցեր ունեն։ Փաթաթվեցիք գերու հարազատին, փիար արեցիր, հասկացանք։ Բայց հիմա էլ հարցերին պատասխանեք․

էդ ո՞նց եղավ, որ դու չունես ԱԳ նախարար ու տեղակալներ, դիվանագիտական բլոկդ գործից դուրս է եկել, ու Հայաստանը էս պահին ներկայացնող չկա, դու զբաղգված ես քարոզարշավով, բայց գերի է գալիս։ Էդ ո՞նց, ո՞վ է բանակցել։ Գերիներին տվել են ականապատ դաշտերի քարտեզների դիմաց։ Հիմա հարց՝ եթե էդ քարտեզները կարողանում էիր տալ ու բերել, ինչո՞ւ դա չես արել նոյեմբերին, դեկտեմբերին ու ինչո՞ւ հիմա։ Նիկոլ Փաշինյանը մի շատ ուշագրավ միտք էր ասում, ասում էր՝ մեր գերիները մեզ կներեն մեկ երկու ամիս ավել մնալու համար։ Այսինքն, նրանց մի քանի ամիս ավել են պահել, որպեսզի այդ վերադարձի օրը համընկնի քարոզարշավի հե՞տ։ Դրա՞ համար պետք է ներեն։

Մնացածի մասո՞վ ինչ եք պայմանավորվել, մենք 200-ից ավելի գերի ունենք դեռ, ի՞նչ ես տալու նրանց դիմաց։ Գերիները, նրանց հարազատները, գիտակից մարդիկ պետք է հարցնեն, ի վերջո, ինչո՞ւ էին նրանք ապրում դժոխքի մեջ 7-8 ամիս, եթե պաշտոնակատարը կարողանում էր տալ քարտեզները ու ասել, թե դրանք ոչինչ չէին ներկայացնում իրենցից։

Փաստացի՝ թշնամին մեզանից գերի է տանում ու փոխանակում է կարևոր բաների դիմաց։ Մասնագետները պնդում են, որ այդ քարտեզներն այնքան կարևոր են, որ դրանց դիմաց ոչ միայն պետք է ամբողջ գերիներին հետ բերեին, եթե կարողանային բանակցել, այլև տարածքներ էլ հետ ստանայինք․ Ակնայի ողջ շրջանի քարտեզն է․ նշում են, որ այդտեղ 100 000 տանկային և հետևակի համար նախատեսված ականներ են տեղակայված։ Մենք ստանում ենք 15 գերի, բայց փրկում ենք 100 հազարավոր ադրբեջանցիների կյանքեր։ Ադրբեջանն այդ տարածքը մաքրելու համար բազմաթիվ կյանքեր ու տասնյակ տարիներ կծախսեր։ Հիմա մենք կանաչ լույս ենք տալիս նրանց։ Գերիները բոլորը բոլորի դիմաց սկզբունքը փոխվել է ամեն ինչ՝ գերիների դիմաց սկզբունքի, ու մենք արդեն ամեն 15 մեր եղբայրների դիմաց չգիտեմ ինչեր ենք տալու։ Այն դեպքում, երբ ընդամենը 1 հոգի նորմալ բանակցող էր պետք էս ամբողջ երկրից, ու բոլոր հարցերը կլուծվեին։ 1 հոգի, որը կարող էր բանակցել ու օգտվել գոնե գերիների հարցում մեզ համար բարենպաստ միջազգային ֆոնից։

Կարճ ասած՝ երբ մարդը ոչինչ չի հասկանում ոչնչից, դա աղետալի է իր համար, բայց երբ ոչնչից չհասկացողը ղեկավար է, դա աղետալի է արդեն շատերի համար։ Մենք բոլորս աղետի մեջ ենք՝ իրենք էլ՝ մեզ հետ հավասար։

Անկեղծորեն՝ ես ունեմ տպավորություն, որ իշխանությունը պատրաստվել է գնալուն, նա ընդամնենը օրերն է գլորում, ժամանակ են մեռցնում, մինչև անցի իր համար էս ևս մի քանի օրը։ Կարծես նրանք արդեն հասկացել են, որ շանս չկա և ուրեմն չեն էլ փորձում վերջին օրերին գոնե աշխատանք անել, ջանքեր թափել ինչ-որ բան անելու համար։ Ինչի՞, մտածում են, թող գան տեսնենք ոնց են անելու։

Մնաց 6 օր։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ