13 05 2021

«Կարճ ասած»․ Նիկոլը սարսափի մեջ է, թշնամուն գերի վերցնելու փոխարեն մեղմացնում են ներխուժման փաստը



 

Երկրորդ օրն է, ինչ շարունակում է պահպանվել աբսուրդային իրավիճակը։ Հայաստանի տարածք է մտել թշնամին, հանգիստ մտել է ու 3,5 կիլոմետր խորացել։ 20 ժամ հետո Հայաստանի ղեկավարությունն անվտանգության խորհրդի նիստ է անում, մեկ օր անց ևս մեկ նիստ է անում ու արձանագրում է այն, ինչ հանրությունը վաղուց արդեն գիտի։ Ոչ մի քայլ, ժողով ու միայն ժողով։ Հետո վեր են կենում, տեսախցիկներն արհամարհում են, նստում են ծառայողական մեքենաներն ու սլանում անհասկանալի է, թե ինչ անելու։ Այսօր էլ պարզվում է, որ Սիսիանի ու Վարդենիսի ուղղությամբ են դիրքային առաջխաղացում փորձել ունենալ։

Սկզբում փորձում էին լղոզել թեման։ Սյունիքի մարզպետն ասում էր, թե մոլորվել են խեղճ ադրբեջանցիները, խորհրդարանի իմքայլական պատգամավոր Քոչարյան Անդոնը ասում էր, թե ընդամենը մեկ չվերահսկվող բարձունք է, նշանակություն չունեցող տարածք, էն մյուս պատգամավորներն ասում են, թե ինչի՞ եք իրար խառնվել, տարածք ա էլի, կարևորը՝ զոհեր ու չունենք։ Լիքը չվերահսկվող տարածք ունենք, չմշակվող հողեր ունենք, բոլորը նվիրեք թշնամուն։ Սահմանին ապրողից թաքցնում են իր քթի տակ կատարվողը, չեն ասում, որ գլխի գալիքն իմանա։

«Իմ քայլը» խմբակցությունն ու Հայաստանի իշխանությունը ամեն ինչ արեցին էս երկու օրում՝ մեղմացնելու համար Ադրբեջանի քայլը։ Կաշվից դուրս եկան արդարացնելու համար թշնամուն։ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ 400 հեկտար էինք կորցրել, բոլորս մեր հերթին իշխանությանը հանգիստ չէինք տալիս, բզիկ-բզիկ էինք անում։ Էսօրվա իշխանությունը, որ էն ժամանակ արմատական ընդդիմություն էր խաղում, մինչև հիմա շահարկում է, հիմա 3,5 հեկտար խորացել են, սրանք ասում են՝ ի՞նչ եք աղմուկ հանում։

Բայց էս ամենի մեջ լիքը հարցականներ կան։ Նիկոլը ԱԽ նիստ է անում ու հայտարարում է, թե դա դիվերսիոն անցում է։ Ճիշտ է ասում, բայց ուզում եմ հարցնել՝ էդ գեներալները, որ կողքդ նստած էին, ի՞նչ են արել, ինչո՞ւ է պաշտպանության նախարարը Երևանում հանգիստ քո կողքը նստած, գենշտաբի պետն էլ հետը, եթե դիվերսանտները հենց հիմա մեր երկի մեջ են։ Պատասխանը չկա։

Էս պահին Հայաստանից լիքը մարդիկ գերի են Ադրբեջանում, Ադրբեջանը չի տալիս, ասում է՝ կապիտուլյացիայից հետո իմ վերահսկողության տակ անցած տարածքներում են եղել։ Բա 200-ից ավելի ադրբեջանցի անցել է մեր՝ միջազգայնորեն ճանաչված սահմանը, երկու օր քեֆ է անում, վրան է խփել այնտեղ, ինչո՞ւ մի հոգու գերի չեք վերցրել, չեք ձերբակալել։ Վերցրեք՝ փոխանակեք մեր գերիների հետ, մեղք են մեր տղերքը, նրանց հարազատները։ Թուրքիայի կողմից ամեն տարի սահմանահատումներ են լինում, ռուս սահմանապահները ոչ թե ժողով են անում, այլ միանգամից վնասազերծում են։ Ռուս սահմանապահներն այս պահին ավելի լավ են պաշտպանում մեր սահմանները, քան մեր ղեկավարությունը։ Ադրբեջանցիները մեր տղերքին գերի են վերցնում, Սյունիքի մարզպետն ասում է մոլորվել են ադրբեջանցիները․ բա սկի՞ դուք թասիբ չունեք։

Ասեմ՝ ինչի չեն արել։ Մի հատ նայեք մեր անվտանգության խորհրդի նիստին մասնակցող անձանց ցանկը․ Տիգրան Ավինյան, Արմեն Գրիգորյան, արտգործնախարար Արա Այվազյան, սրանք նմա՞ն են մարդու, որ կարող է որևէ մեկին պաշտպանել, երեքը միասին վերցրած։ Ազգային անվտանգությանը ռեալ սպառնալիք կա, ԱԱԾ պետը գլխիկոր նստած է, էն որ աղը ծախում են, փողը կորցնում, այ էդպես փոր ու փոշման։ 2 ամսում երեք ԱԱԾ պետ փոխող երկրում ի՞նչ եք սպասում, կարող է սկի չգիտի էլ՝ ինքը էդ պահին ԱԱԾ պե՞տ է, թե՞ ազատել են, վրան խաբար չկա։ Ոստիկանապետ Վահե Ղազարյանն է նստած անվտանգության խորհրդի նիստում․ գիտե՞ք ոստիկանությունն ինչ էր անում էդ գիշերը, երբ ադրբեջանցիները անարգել 3,5 կիլոմետր շվշվացնելով խորանում էին մեր հայրենիք․ ասեմ․ «Ազատագրում» շարժման երկու երիտասարդ Երևանի կենտրոնում ավտոմեքենան կանգնեցնում են օրենքով նախատեսված վայրում․ ավտոմեքենայից իջնում են թե չէ՝ ոստիկաններն անմիջապես լցվում են նրանց վրա, տանում են բաժին, առգրավում են ինչ ունեն-չունեն։ Դեռ չգիտենք, թե էդ երիտասարդներն ինչ էին անում, կարող ա՝ «Հայեր ջան, դուխով» երգն էին դնում, որ տակը պարեին․ բայց չէ, ամեն մեկին մի քանի անգամ արդեն բերման ենթարկել են, միանգամից ճանաչում են ու տանում բաժին։ Ու էն պահին, երբ սրանք ստեղ քաղաքական ճնշումներ էին անում, թշնամին առաջ էր գալիս։ Ու էսօր ոստիկանապետը հպարտ զբաղեցնում է անվտանգության խորհրդի նիստում մի աթոռ։

Անվտանգության խորհրդի նիստին մասնակցում էին գեներալներ Վաղարշակ Հարությունյանը, Արտակ Դավթյանը, երկուսն էլ էնքան խղճուկ տեսք ունեն․ էդ ամենաթույլ մարդկանց վստահել եք երկրի պաշտպանությունը ու ասում եք՝ ինչու էսպես եղա՞վ։ Անվտանգության խորհրդի անդամներից և ոչ մեկին ես 10 կով չէի վստահի, որ տանեին հանդը արածացնելու։ Ադրբեջանցիները գալիս են մեր հովիվին սպառնում են, կովերը տանում են, ՊՆ-ն, ԱԱԾ պետը ոչինչ չեն կարողանում անել, անգամ քրեական գործ չի հարուցվում։ Մի չոբանի պաշտպանել չեն կարողանում, մենք երկիր ենք վստահել։ Սրանք ոնցոր մահացու մեղք լինեն։

Կամ ԱԽ նիստը վարող Նիկոլ Փաշինյանը․ Սա որ մի ամբողջ ճգնաժամային օր ի հայտ չեկավ, մեզ արդեն թվում էր, թե բունկեր է մտել ու Ալիևի մասին բանաստեղծություն է գրում։ Աբսուրդը գիտե՞ք որն է․ երկրի վարչապետը նիստ է անում և ուրախությամբ շեշտում է, որ ադրբեջանցիները 3,5 կիլոմետր առաջ են եկել, բայց ոչ մի կրակոց չեն արձակել։ Եթե փորձում  են սահմանն անցնել, զգուշացնում ես, վնասազերծում ես, օդ ես կրակում․ եթե էդքանը չես կարողանում, գոնե միջնամատ ես ցույց տալիս։ Սրանք 3,5 կիլոմետր խորք են եկել, դու ուրախանում ես, որ ոչ մի կրակոց չի արձակցվել, հրաձգություն չի եղել։ Ես ավելի հպարտ կլինեի, որ Փաշինյանն ասեր՝ ադրբեջանցիները առաջ են փորձել գալ, Վաղարշակ Հարությունյանը իր կյանքի գնով անառիկ է պահել սահմանը։ Սրանք հպարտանում են, որ շնորհքին ներխուժել են։

Հայաստանի տարածքն էնքան փոքր է, որ 3,5 կիլոմետրը հսկայական է մեզ համար։ 29,800 քառակուսի կիլոմետրն ամեն օր փոքրանում է։ Բարեկամս Գեղարքունիքում ասում է՝ տունս ռեմոնտ էի ուզում անել, բայց փոշմանեցի, բա որ մնա թուրքերին։ Ոչ ոք ապագայի հեռանկար չունի։ Էս ի՞նչ եք դուք անում մեր երկրի հետ, մեր տարածքի հետ, հայրենիքի հետ։ Ձեր հոր տնից չեք բերել, դուք վաղը կանցնեք-կգնաք, բայց մարդիկ են ապրելու, ի՞նչ եք թողնում։ Թուրքերը քարտեզն առնում գալիս են մեր երկրի խորքը, ասում են՝ էս սարն իմն է, էս ծառն իմն է, սրանք ուզում են ծածկադմփոց անել։ Ասում են՝ դիվանագիտական ճաբնապարհով ենք ուզում լուծել․ ում հետ, Ադրբեջանի՞, որի հետ չունես դիվանագիտական հարաբերություններ, թե՞ հույսդ էլի ռուսներն են։ Դու դիվանագիտական ճանապարհը էնպես ավերեցիր, որ պատերազմ սկսեց։

Էս պահին սրանց հետաքրքրում է միայն այն, որ ինֆորմացիան փակ լինի, որ հանկարծ նախընտրական վիճակում ձայն չկորցնեն, ու Նիկոլենց ամեն երկրորդ բառն այն է, թե իրավիճակը շահարկվում է ներքաղաքակն իմաստով։ Բա ի՞նչ պիտի լինի։ Բա թշնամուն հիմա էլ հրավիրել եք Կապանում չայ խմելու, արդյո՞ք պետք է քաղաքական քննարկում չլինի։ Պետք է հենց քաղաքական ալիք լինի ու դա քշի-տանի ձեզ։ Ընդդիմության խելքն ասա, որ նորմալ չի կարողանում շահարկել։

Գիտե՞ք մարդիկ ինչեր են արդեն քննարկում․ քննարկում են, որ Նիկոլ Փաշինյանին աջակցելու համար է Ալիևն ուղարկել իր զինվորներին, որպեսզի սահմանին իրավիճակը լարվի, և Նիկոլը մտցնի արտակարգ դրություն, ընտրությունները չեղարկի։ Հավատում եմ։ Տարբերակ է քննարկվում մարդկանց մեջ, որ քանի որ Սյունիքն ամբողջությամբ ընդդիմադիր է, Նիկոլ Փաշինյանը որոշել է մինչև ընտրություններ՝ հանձնի Ադրբեջանին։ Ուրիշ մեկի պարագայում կասեի լավ էս ի՞նչ եք խոսում, Նիկոլի պարագայում ես համոզված եմ, որ կարող է նաև այդ քայլին գնալ։ Եթե մարդ կարող է Շուշին տալ, Սոթքը տալ, Հադրութը, տալ, ինչի՞ չի կարող տալ Գորիսը, Կապանը, Մեղրին, Սիսիանը։ Մարդիկ քննարկում են, որ սա պայմանավորված է, Նիկոլն ասել է Ակլիևին դու էն կողմից արի, ես էս կողմից կձգձգեմ, կզբաղեցնեմ մարդկանց, կհերքեմ։ Հավատում եմ։

Արձանագրենք ժողովուրդ, Նիկոլը, իր՝ աշխարհի ամենաթույլ իշխանությամբ, թույլ է տվել, որ մեզանից ծեծ կերած Ադրբեջանը թռփոշանա։ Ու բանը հասել է այնտեղ, որ մինչև 2018 թվականը եթե սահմանային ճշգրտումներն ի օգուտ մեզ էին, 2018 թվականից հետո չի եղել մեկ սահմանային ճշգրտում, որ լինի ի օգուտ մեզ։ Հուլիսյան դեպքերը մեջտեղ չբերեք, արդյունքը տեսանք։

Կարճ ասած՝ ուզում եմ վերջապես ու հստակ ֆիքսենք՝ այսօր Հայաստանի սահմանների համար պայքարը այլևս Սյունիքում չէ, Արցախում չէ ու ոչ մի տեղ չէ, բացի Երևանի կենտրոնում թառած իշխանությունից։ Սրանք խաչ են քաշում Հայաստանի վրա։

Ժողովուրդ, ձեզանից ոչ ոք արդեն չի կարող հաշվել, թե Նիկոլի իշխանության բերած արդեն որերորդ ճգնաժամն ենք մենք փորձում հաղթահարել ու ամեն հաջորդ եկողը ավելի խորն է լինում ու վտանգավոր։ Նիկոլը ամեն կերպ ասում էր, համոզում է, թե ապագա կա։ Ալիևն էլ ամեն օր ցույց է տալիս, թե որն է այդ ապագան Նիկոլի պարագայում։ Դու՝ Նիկոլ, իրավունք չունես ապագայից խոսելու։

Միակ բանը, որ դեռևս հույս է տալիս, որ մեր երիկիրը ապագա ունի, այն է, որ այս իշխանությանը մնաց ընդամենը 38 օր։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ