06 05 2021

«Կարճ ասած»․ Կատաղության, թուլամտության, շիզոֆրենիայի և իհարկե՝ դավաճանության մասին



 

Կատաղությունը վիրուսային վարակիչ հիվանդություն է: Մարդու մոտ հիվանդությունն արտահայտվում է հիմնականում կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, շնչառական մկանների ջղաձգումներով: Կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով:

Շիզոֆրենիան քրոնիկ հոգեկան հիվանդություն է, որը բնորոշվում է յուրահատուկ հուզական, մտածողան և վարքային խանգարումներով: Պոզիտիվ ախտանիշներն արտահայտվում են ցնորքների և զառանցանքի ձևով: Շիզոֆրենիային բնորոշ են մտածողության անկապությունը, դատարկաբանությունը, անկապ փիլիսոփայությունը: Որպեսզի հիվանդը նորմալ կյանքի վերադառնա, պետք է ստանա սոցիալական աջակցություն:

Թուլամտությունը նյարդային քայքայիչ հիվանդություն է, ունի դանդաղ սկիզբ և պրոգրեսիվ ընթացք․ ամենահաճախ հանդիպող վաղ ախտանիշը վերջին իրադարձությունները հիշելու դժվարացումն է՝ կարճաժամկետ հիշողության քայքայումը։ Հիվանդը կարող է մոռանալ, թե ասենք, երեկ ինչ է կերել կամ՝ 6 ամիս առաջ ինչ կարևոր փաստաթուղթ է ստորագրել։ Հիվանդն ունենում է խոսքի խանգարումներ, կարող է մոռանալ, թե ինքը որտեղ է, կորցնել իրեն, տրամադրության տատանում ունենալ, սեփական խնամքով զբաղվելու անկարողություն և վարքային փոփոխություններ։ Այս հիվանդությունը հանգեցնում է մահվան։

Անձի խանգարում կամ փսիխոպատիա․ կարող է լինել բնածին կամ վաղ տարիքում ձեռք բերված: Առաջին նշանները վարքային շեղումներն են՝ կոպտությունը, կոնֆլիկտայինությունը, անվստահությունը, կասկածամիտ վարքը: Տարիքին զուգընթաց վարքային խանգարումներն էլ ավելի են սրվում, և դրանց ավելանում են հարմարվողականության, սոցիալական ադապտացիայի, մտածողության խանգարումները: Այս մարդկանց բնորոշ է սեփական արտաքին տեսքի նկատմամբ անտարբերությունը: Նրանք նաև իրականության ընկալման խնդիրներ են ունեն, իրենց թվում է, թե միշտ հետապնդում են իրենց, կասկածամտմություն ունեն: Հիվանդագին գծերի սրման հետևանքով մարդը կորցնում է սեփական կյանքի կազմակերպման ունակութունը:

Այս բոլոր հիվանդություններն ունեն մեկ խիստ կարևոր նմանություն՝ գարնանը՝ ապրիլ-մայիս ամիսներին, արտահայտվում են սրացմամբ։ Բայց ամենածանր վիճակն այն է, երբ այս բոլորը մեկ մարդու մեջ է մեկտեղվում։ Սա իրոք սարսափելի է։

Եթե ունեք ծանոթ բժիշկ, կարող եք հրավիրել նրան, դնել Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանի ամբիոնից մայիսի 5-ին, Արցախի հողերը ծախելուն վերաբերող հատվածը, այդ ընթացքում նրա պահվածքը, և թող այդ բժիշկը վերլուծի՝ տեսնի՝ այս հիվանդությունների տարրեր նկատո՞ւմ է այդ մարդու մեջ, թե ոչ։ Իրականում շատերն են կասկածներ հայտնում, բայց մասնագիտական գնահատական է պետք։ Ես մասնագետ չեմ, ես մեր պետության ճակատագրով անհանգստացող մարդ եմ և առաջարկում եմ մասնագիտական հետազոտություն անցկացնել։

Եթե ես լինեի ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, կզավթեի խորհրդարանի ամբիոնը, բայց թույլ չէի տալ, որ սա ելույթ ունենա այդ ամբիոնից, ուղիղ եթերով։ Ես ինչպե՞ս վստահեմ խորհրդարանական ընդդիմությանը, որի բողոքը արտահայտվում է միայն ԱԺ նիստին չմասնակցելով կամ հարցեր տալով՝ թույլ տալով էդ զրահաբաճկոնը երբեք հագից չհանող մարդկային զանգվածին թիվ մեկ ամբիոնից թույն թափել լրացուցիչ անգամ։

Ես ստիպված եմ նույն թեմային քանիցս անդրադառնում, որովհետև մեր երկրում, ցավոք, դեռևս կան միամիտներ, մոլորվածներ, ինչո՞ւ չէ՝ հիմարներ, որոնք Նիկոլի ելույթներին խաբվում են։

Հողերը թշնամուն տալը, այն էլ առանց կրակոցի, դավաճանություն է։ Սա միանշանակ է ու չկա այլ կարծիք։ Նիկոլն ասում է՝ հո դավաճան ասելով չէ՞, հիմնավորեք՝ տեսնենք դավաճանն ով է։ Գլխավոր հիմնավորումն այս փաստաթուղթն է։ Մարդը 5 հազար հոգու տարել է մահվան, 35 հազարին անտուն է թողել, 10 հազարին՝ վիրավոր, հարյուրներին՝ գերի, հազարներին՝ անհետ կորած, տվել է 9 շրջան, 2 շրջանով ավելի շատ, քան Ալիևն էր ուզում, տվել է Սյունիքից կարևոր հատվածներ, ասում է՝ ապացուցեք, որ ես դավաճան եմ։ Սա կապիտուլյացիայի թուղթն է, սա Նիկոլի ստորագրությունն է, բայց ասում է՝ ապացուցեք, ես եմ դավաճանը՞, ես ե՞մ կապիտուլյանտը։ Կատակերգություններ կան, չէ՞, որ կնոջը սիրածի հետ անկողնում բռնացնում է ամուսինը, ասում է՝ սիրելիս, սա այն չէ, ինչ դու ես մտածում։ Հիմա մենք Ալիևին ու Նիկոլին բռնացրել ենք անկողնում, տկլոր, սա ասում ա՝ ապացուցեք, որ մենք ձեր մտածած բանն ենք արել։ Կարող է՝ շորերս հանել էի, որ լվացեի։

Եթե Նիկոլի ասածները բանի տեղ չդնեին, կասեի՝ ջհանդամը, թող խոսա, բայց սրան ծափահարող կա, ծափահարում են Նիկոլի հետ նույն մտավոր մակարդակում գտնվողները և դրանից ցածրերը։ Այո, շատ ծանր է գիտակցելը, պատկերացնելը, որ այդ մակարդակը մեր երկրում դեռ որոշակի դերակատարում ունի ու կարող է քվեարկել ու խորհրդարան-կառավարությունը լցնել շարժվող փորձանքներով։

Ադրբեջանը ինչո՞ւ նախկինում չէր հարձակվում․ որովհետև Հայաստանը այնքան հզոր էր, որ Ալիևը գիտեր՝ պարտվելու է, նա ընտրեց հենց այն ժամանակը, երբ Հայաստանը քայքայվել է թե՛ տնտեսապես, թե՛ ֆիզիկապես, քաղաքականապես ու բարոյապես ու հարձակվեց։ Ճիշտ հաշվարկեց իրավիճակը։ Հիմա Նիկոլը սրան իր մեկնաբանությունն ունի, ասում է՝ նախկինում չէր հարձակվում, որովհետև մեր զենքերը հին էին, մենք պատրաստ չէինք պատերազմի, հենց տեսավ զենքերը նոր են, պատերազմի պատրաստ ենք, հարձակվեց։ Էս է երկրի ղեկավարի մակարդակը։

Նիկոլը մեղադրում է, թե Սերժ Սարգսյանը ուզում էր Ղարաբաղի կեսը Ադրբեջանին տալ։ Ալիևը պահանջում էր 7 շրջան, Նիկոլը տվել է 9 շրջան, բայց մեկ է՝ մեղադրում է Սերժին, որ իրենից քիչ էր տալիս։ Բայց իրականում Սերժը ոչինչ չի տվել, իսկ դու տվել ես։

Ղարաբաղի հարցում, հողերը տալու հարցում այլևս անբովանդակ դիսկուրս է՝ անդրադառնալ, թե Նիկոլը ինչ է տվել ու ինչքան է տվել, դավաճանություն էր, թե հերոսություն։ Անգամ անիմաստ է Նիկոլին բանավեճի հրավիրելը։ Նա գուցե գա, էլի սկսի հիստերիկ նոպայի մեջ ընկնել, անգամ եթե փչացնեք էդ բանավեճում, մեկ է՝ երեք շաբաթը մեկ ԱԺ ամբիոնից հոխորտալու է, ամեն հինգշաբթի կառավարության նիստին հոխորտալու է։ Կրկնում եմ՝ պետք է ամեն ինչ թողնել իրավապահներին։ Բայց պետք է իրավապահները գործի անցնել։ Բայց այստեղ մի մտավախություն ունեմ, Նիկոլ Փաշինյանը կարող է օգտագործելով հաղորդման սկզբում հիշատակածս հիվանդությունների կասկածները ու եթե հանկարծ դրանք հայտնաբերվեն իր մոտ, պլստալ արդարադատությունից։ Մեր օրենսդրությամբ, անմեղսունակները չեն դատվում։

Կարճ ասած՝ Լևոն Տեր Պետրոսյանի հետ կյանքում մեկ անգամ համաձայն եմ՝ Նիկոլի վերընտրվելը ավելի մեծ չարիք է, քան Թուրքիայից ու Ադրբեջանից սպասվող վտանգը։ Դա ասում է մարդ, որը Նիկոլին գիտեր 10 մատի պես։ Նիկոլի հայրն էլ էր խնդրել հանկարծ վարչապետ չդառնալ։ Ժողովուրդ, Նիկոլին ճանաչողները նման կարծիք են հայտնում, մի բան գիտեն, չէ՞։ Ուշքի եկեք։ Սա չարիքի իշխանություն է, որից պետք է ազատվել։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ