15 04 2021

«Կարճ ասած»․ Սրանից ավելի ներքև իջնելն անհնար է 



 

Կյանքը հատկապես սահմանամերձ բնակավայրերում դժվարացել է։ Բավականին հաճախ միջադեպերի ենք ականատես լինում, որոնք գալիս են փաստելու սա։ Էն ժամանակ, երբ մենք հաղթել էինք ու հպարտորեն էինք քայլում, էդ ժամանակ անգամ նրանք անընդհատ սադրում էին, բա հիմա ի՞նչ կանեն, մանավանդ որ ինչո ուզում են, Հայաստանի թուլամորթ ղեկավարությունը տալիս է, սահմաններին նորմալ պաշտպանություն չի իրականացնում ու հույսը դրել է ռուս խաղաղապահների վրա, ռազմաբազան ընդլայնելու վրա։ Մարտի 25-ին իմացանք, որ  ադրբեջանական կողմը քարկոծել է Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ճանապարհով անցնող ավտոմեքենաները։ Մարտի 29-ին իմացանք, որ ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին։

Մեկ օր անց հայտնի դարձավ, որ Շուռնուխի բնակչի՝ սահմանից մի քանի մետր հեռու գտնվող գոմից ադրբեջանցիները 13 կով են գողացել: Դրանից 4 օր անց նույն Շուռնուխից ևս 7 կով գողացան։ Սա այն դեպքում, երբ փոխվարչապետ Ավինյանը գնում էր Շուռնուխ, ասում էր՝  անվտանգ է, ուրիշի փողերով սարքվող տբեների վրա գովազդ էր անում իրեն։

Ապրիլի 6-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանցիները քարեր են շպրտել Կապան-Երևան ճանապարհով անցնող հայկական մեքենայի վրա։ Նույն օրը հայտնի դարձավ, որ ադրբեջանցի 4 զինվորական Ստեփանակերտին մոտ ցուցանակին են եկել-հասել, խզբզում արել վրան ու գնացել։ Ապրիլի 7-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ: Այն էլ՝ գնդացիրով։ Հիմա գյուղատնտեսական եռուն շրջան է Արցախում, բայց մարդիկ չեն կարողանում հող մշակել, կրակում են։

Արցախի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, թե Բաքուն չի վերահսկում ադրբեջանական զորամիավորումներին օկուպացրած տարածքներում։ Բա Արայիկ Հարությունյանը ի՞նչ էր սպասում դրանցից, ինչի՞ հույս ուներ։ Կամ Հայաստանի ոչ բարով ղեկավարությունը ասում էր՝ Սյունիքն անվտանգ է և Սյունիքում անլուծելի խնդիր չկա։ Դե գնա լուծի, գելխեղդ։ Քար ու քանդ ես անում ամեն ինչ ու ասում ես ապագա կա։ Հողը քոնն է, եթե դրա վրա ապրող կա։ Նիկոլը հասցնում է այն օրվան, որ արտագաղթեն, մարդ չմնա ու հանգիստ հողը տա ադրբեջանցիներին։ Եթե սահմանի բերանին ապրողը անսուն չունի, դաշտ չունի, հող չունի, եկամուտ չունի, երեխեքի վրա կրակում են, մնում է, որ ի՞նչ անի։ Սյունիքում հազար ու մի բլուրի, բարձունքների վրա ադրբեջանական դրոշներ են խփել, ու սա խոսում է, թե անվտանգ է, բոլոր խնդիրները լուծելի են։ 

Հիմա անվտանգության խնդիրը լուրջ է դրված։ Հայաստանը չի կարողանում իր քաղաքացիների, սահմանների անվտանգությունն ապահովել։ Եվ քանի որ չի կարողանում, չտեսնելու է տալիս, թռնում է։ Ամեն ինչից է թռնում, ուղիղ եթերով ուղերձ էր հղում ասում էր` բոլորդ գնացեք հանուն հայրենիքի զոհվեք, հիմա ասում է՝ ես որևէ օպերացիայի հետ կապ չունեմ, ուղղակի սենյակում եմ եղել, լսել եմ գեներալների խոսակցությունը։

Մեր այսօրվա թիվ 1 խնդիրներից է անվտանգության հարցը։ Ու իշխանությունը ամեն կերպ թուլացնում է դա՞։ Անվտանգության մասին մտածողը գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ կնշանակեր Արշակ Կարապետյանի՞ն․ էդ մարդուն Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել էր ապրիլյան պատերազմում թերացումների ֆոնին։ Անվտանգության մասին մտածողը գլխավոր շտաբի պետ կնշանակեր ամենավատ գեներալ Արտակ Դավթյանի՞ն։ Վաղարշակ Հարությունյանը, որը ՊՆ շենքից վերտալյոտով է փախչում, լրագրողներին տեսնելիս 2 ոտքին ևս 2-ն է գումարում ու թռնում է, նա պաշտպանության նախարա՞ր կնշանակվեր որևէ նորմալ ղեկավարի դեպքում։ Եթե դա նորմալ գեներալ էր, Քոչարյանն ինչի՞ էր պագոնները հանել ուսերից։ 

Նրանք էդ որակին են, որովհետև նրանցից ավելի թույլ որակ ունի գերագույն գլխավոր գելխեղդը։ Վարչապետին զինծառայողների ծնողներն ասում են՝ մեր երեխաները բանակում անվտանգ չեն, պատասխանում է՝ վստահ ե՞ք, որ վաղը թուրքը Երևանում չի լինի: Ալիևն ասում է՝ Երևանը մերն է, Նիկոլը էստեղ նամյոկ է անում, որ կարող է Երևան հասնեն, ժողովուրդ։ Հասել են, էլի։ Նիկոլն ասում է այո, թշնամի են, բայց թշնամիների հետ պետք է սահման բացենք, հարաբերություններ հաստատենք։ Ինչքան գիտեմ, թշնամիների հետ միայն թշնամական հարաբերություններ են հաստատում։ Դա էլ չեք կարողանում։ Անհետ կորածի ծնողները հանդիպում են Նիկոլին, ահաբեկված դուրս են գալիս, ասում են՝ ասաց ձեր երեխեքին դիահերձարաններում ման եկեք։ Ու դուք էսքանից հետո նրան լուրջ եք ընդունում։

Ադրբեջանն ասում է, որ պատրաստ է խաղաղ համաձայնագիր կնքել Հայաստանի հետ ու դիմում է Հայաստանի քաղաքացիական հասարակությանը։ Գիտենք, թե ում նկատի ունի՝ սորոսականներին ու հատկապես այն սորոսականներին, որոնք գիշեր-ցերեկ դա են քարոզել, մեր բանակն են վատաբանել, ադրբեջանական ֆիլմերի փառատոն էին անում։ Այստեղից էլ պաշտոնական մակարդակով ամեն օր ասում են, որ պետք է հարաբերություն հաստատենք, առևտուր անենք Ադրբեջանի հետ, գնանք Բաքու հանգստանալու։ Էսօր՝ Լենա Նազարյանի խաղաղասիրական կոչերի ֆոնին, ահավոր բան տեսանք՝ Ադրբեջանում բացել են առգրաված հայկական զինտեխնիկայի ցուցահանդես, նաև հայ զինվորների մանեկեններ են սարքել, ու երեխաներին ցուցահանդես են տանում, նրանք էլ նստում են հայ զինվորների այդ մանեկենների վրա ու խեղդելու փորձեր անում։ Պատկերացնում ե՞ք։ Ինչ սերունդ են դաստիարակում։ Ու մեր խաղաղասերներն իրենց էշի տեղ են դրել։

Կրկնում եմ, ժողովուրդ, մեր անվտանգությունը ամենացածր մակարդակում է, սրանից այն կողմ էլ չկա, արդեն վախ կա, որ վաղը մտնելու են գյուղերը, մարդկանց գողանան-տանեն։ Մենք անվտանգային ճգնաժամի մեջ ենք։ Ու էս պայմաններում Նիկոլը ուզում է ընտրություն անել։ Ուզում է էլի իշխանության գալ․ վստահ եմ՝ որևէ վտանգավոր սահմանամերձ շրջանում չի գնա քարոզարշավ անի, նա չունի էդ դուխը։

Ալիևի համար ուղղակի նվեր է էսպիսի ղեկավար Հայաստանում ունենալը։ Նա ամեն ինչ անում է ու անելու է, որ Նիկոլը մնա։

Կարճ ասած՝ այսօր էլ ավելի շատ ենք հասկացել, որ մեզ համար հաց ու ջուր է անվտանգությունը ու այն չի լինելու, քանի դեռ իշխանության ղեկին այնպիսի մարդ չէ, որն իրենից ուժ, դուխ, հեղինակություն է ներկայացնում։ Մեզ ամուր մարդ է պետք, ճիշտ ու պինդ ղեկավար։ Մարդ, որին ներսում կհարգեն, դրսում կհամարեն վստահելի, իսկ թշնամին կվախենա։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ