23 03 2021

«Կարճ ասած»․ Ի՞նչ եղան Նիկոլի՝ 6 ամսում կատարելիք հրատապ 15 քայլերը



Սրանից 4 ամիս առաջ, երբ ժողովուրդը ոտքի էր կանգնել ու պահանջում էր դավաճան Նիկոլի հեռացում՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ․ ասաց՝ ինձ եմ համարում ստեղծված իրավիճակի թիվ 1 պատասխանատուն և 6 ամսում իրավիճակը հաղթահարելու եմ։ 15 կետ նշեց՝ հրապարակայնորեն խոստանալով դրանք անել։ Ծրագիրը նայում եմ կետ առ կետ, նայում եմ արածները, ղժժալս գալիս է։ Հիշեցնեմ` մի քիչ էլ դուք տրամադրություններդ բացեք։

Խոստացավ «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ»: 4 ամսվա մեջ ընդամենը մեկ անգամ հանդիպել են Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը, քննարկել են Ադրբեջանին Սյունիքով ճանապարհ տալու հարցը։ Ու վերջ։ Հադրութցինե՞րն են վերադարձել իրենց բնակավայրերը, շուշեցինե՞րը, ո՞վ է վերադարձել։ Ավելին ասեմ, Ալիևը հայտարարում է, որ Ղարաբաղի խնդիրն արդեն լուծել է, Ադրբեջան այցելած համանախագահներին էլ ասաց ես ձեզ չեմ հրավիրել։ Ի՞նչ է նշանակում․ Նիկոլը արդեն տապալել է իր ծրագրի առաջին կետը։

Երկրորդ կետը․ «Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների և ենթակառուցվածքների վերականգնում»: Էս կետը աբսուրդ էր ի սիկզբանե, որովհետև ոչ միայն 6 ամսվա, այլև այդքան տարի հետո անգամ չես կարողանա փախստական դարձած 100 հազար արցախցիներին տներով ապահովել։ 4 ամսից ավելի անցել է էս խոստումներիցդ, քա՞նի արցախցու բնականոն կյանք ես վերականգնել։ Դեռևս շուրջ 30 հազար փախստական ունենք Հայաստանում, մնացածն էլ, ովքեր գնացել են, մնում են այն պայմաններում, որոնք անհնար է մարդավարի համարել։

Մյուս խոստումը․ «Զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում»: Մենք պաշտոնապես ունենք 3769 զոհ, չեմ հաշվում անհետ կորածները, չեմ հաշվում չնույնականացվածները։ Զոհերի թիվը ընդհանուր անցնում է 5 հազարը, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը դեռևս ընդամենը 1450 հոգու է փոխհատուցել։ 4 ամիս անց։ Ի՞նչ սոցիալական երաշխիքի մասին ես խոսում։

Մյուս կետն եմ կարդում՝ «Գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ»: Պատերազմից 4 ու կես ամիս անց ունենք 200-ից ավելի գերի․ ո՞ւր է քո շուտափույթ վերադարձը, միտինգ ես անում, աջակիցներ ես հավաքում, արտահերթ ընտրությունների ես ուզում գնալդա նշանակում է, որ մինչև ընտրությունների ավարտը՝ քարոզարշավով ես զբաղված լինելու․ ի՞նչ գերիներ, ի՞նչ անհետ կորածներ․ ի՞նչ ճակատագրի պարզաբանում։ Մարդիկ ազատ են արձակվում, շնորհակալություն են հայտնում Ռուսաստանի պետդումայի նախագահին ու Լիբանանի առաջին տիկնոջը։ Դու ո՞ր մեկն ես այդ երկուսից։ Իսկ քանիսի՞ն ես վերադարձրել, անուններով ասա՝ իմանանք։ Հատկապես էս կետը լրիվ տապալված է։ Իհարկե՝ մյուսներն էլ։

Նիկոլի՝ 6 ամսում լուծելու խոստումներից մեկը զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատումն էր և բարեփոխումների մեկնարկը: Գիտե՞ք բարեփոխումը որն է եղել, «վետերոկ Վաղոյին» տարել է պաշտպանությանն նախարար, գենշտաբում շունը տիրոջը չի ճանաչում, ունի 2 ղեկավար և ղեկավարի մեկ պաշտոնակատար, բանակը հիմնահատակ քանդում է։ Նիկոլը խոստանում էր բանակի բարեփոխում, բայց սահմանապահները տեսանյութ են հրապարակում, թե ոնց են 15 աստիճան ցրտի պայմաններում վրանի մեջ քնում՝ ո՛չ ջերմություն կա, ո՛չ հոսանք կա։ Խնդալու պատճառով բանակի ղեկավարին գործից հանում ես ու ասում ես բարեփոխո՞ւմ։ Բանակում բարեփոխում անողը զենքի փոխարեն բուկլետ է ուղարկում ցուցահանդե՞ս։

9-րդ կետում խոստանում է Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում և դրա հետևանքների վերացում: Իրականում կորոնավիրուսի երրորդ, թե չորրորդ հուժկու ալիքն է սկսել Հայաստանում։ Միայն էսօր 26 մահ է եղել։ Արդեն դպրոցներն ու սահմանները փակելու վտանգի տակ ենք։ Նիկոլն էլ անդիմակ միտինգ է անում։ Ու էս մարդը խոստացել էր, որ արդեն պետք է հաղթահարած լիներ կորոնավիրուսը, հետևանքն էլ վերացրած լիներ։

Ես, ասենք, Նիկոլին երբեք չընդունած Սևակ Հակոբյանը չեմ, մի հատ զոմբի եմ․ ասեք տեսնեմ, կա՞ ինչ-որ ձև, որով ես պետք է արդարացնեմ սա, ասեմ հա՝ խոստացել է կորոնավիրուսը հաղթահարել, գերիներին բերել, բանակը բարեփոխել, բայց չկարողացավ, որովհետև․․․։ Ի՞նչն եմ պատճառ բերելու․ ընդդիմության միտինգնե՞րը։ Բայց սա ընդդիմությունից շատ է միտինգ անում։ Ինքը ավելի շատ է պայքարում, որ ցույց տա, թե ամեն ինչ նորմալ է, քան ընդիմությունը, որ ցույց է տալիս իր բացթողումները։

Շարունակեմ խոստումները․ Խոստանում էր տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում։ Հիմա թվերը լսեք՝ հունվարին Հայաստանի տնտեսական ակտիվությունը նվազել է 7,5 տոկոսով, նախորդ տարի էլ ունեցել ենք 7,6 տոկոս անկում։ 1,8 տոկոս արդյունաբերությունն է անկում ապրել, 15,1 տոկոս՝ առևտուրը։ Սա նշանակում է, որ ժողովրդի գրպանում փող չկա, որ առևտուր անի։ Ծառայություններն անկում են ապրել 10,3 տոկոսով։ Արտահանումը նվազել է 11,3 տոկոսով, ներմուծումը՝ 20 տոկոսով։ Էս թվերը ոչ թե ընդդիմությունն է հրապարակում, այլ Նիկոլի վիճակագրական կոմիտեն։ Ի միջի այլոց, ընդունված է չհավատալ վիճակագրական ծառայությանը, էնպես որ ես սրա եռապատիկն եմ հասկանում։ Կենտրոնական բանկն էլ ասում է, որ փետրվարին գնաճը շատ ավելին է եղել, քան իրենք կանխատեսում էին։ Կրկնում եմ՝ Նիկոլը խոստացել էր էս ընթացքում, այ էս պահին, երբ ես խոսում եմ, ինքն էլ հերթական ստերն է հորինում, տնտեսական ակտիվության միջավայրը վերականգնել։

Բա հաջորդը լսեք․ Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում: Ժողովրդագրությունը բարելավող երկրի հետ սահմանը Ռուսաստանը բացեց փետրվարին, ու մեկ ամսում 58 297 մարդ փախել է երկրից։ Օդանավակայանից տեսանյութ էր հրապարակվել, թե մարդիկ ոնց են 1000 դոլար տոմսի համար գլուխ ջարդում: Դու հասկանում ե՞ս, փախչում են մարդիկ։ Քո օրոք բնական հավելաճը նվազել է 9 անգամ։

Կարող եմ շարունակել, բայց անիմաստ է, մեկը մյուսից՝ հայտարարվածի հետ ընդհանրապես չհամապատասխանող փաստեր։ Ասում ես՝ Հայաստանյան քաղաքական և քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաներ, բայց հանդիպում ես 0-ից ցածր՝ մինուս անվերջություն ձգվող վարկանիշով մի քանի արևմտամետ գործիչների հետ, Սփյուռքի հայկական կառույցների հետ շփումներ ես գրել, ո՞ր մեկին ես հանդիպել, ի՞նչ ես քննարկել։

Թե բա՝ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիա եմ անում։ Ոչ մեկը չի կարողանալու էս պատերազմը մարսել, ոչ մեկը, մենակ դու ու կինդ եք անցել ձեր առօրյա գործերին։ Ոչ մեկը չի կարող հաղթահարել էս աղետը, քանի դեռ դու ամեն օր մեր աչքի առաջ ես․ դու էությամբ պարտության խորհրդանիշ ես, դու մեզ հաղթողից դարձրել ես պարտվող ազգ։

Քո 15 խոստումներից մեկն ես կատարել՝ աղքատության ֆոնին, էս ճգնաժամի ֆոնին, 1 միլիոն դրամ աշխատավարձով նոր դատավորների հաստիքներ ես ավելացրել։ Դա՛ է քո արածը։ Այ ապրես, դա էր մեզ անհրաժեշտ հենց է՛ս շրջանում։

Էս մարդը ասում էր՝ էս 15 կետը կանեմ, հունիսին հաշվետվություն կտամ ու շարունակությունը կորոշենք։ Հիմա ոչ մեկը չի արել, կեսից ասում է՝ գնում եմ ընտրությունների, մարզերով ֆռում է ու մեկը չկա՝ ասի այ տղա, էն 6 ամսվա ծրագիրդ ի՞նչ եղավ։ Էս մարդը էս բագաժով, էս զուգարանի թուղթը ձեռքին գնում է քարոզարշավ է անում։ Սա՛ Նիկոլի խոստումների լավագույն ցուցանիշն է։ Դու անգամ վաղը-մյուս օրվա համար տված խոստումներդ չես իրականացնում, ո՞նց ես գնում ասում ժողովուրդ իմ ձեռքից իշխանությունը ուզում են խլեն։ Տո բա լավ են անում, մի օր առաջ պիտի խլեին, որ էդ հայտարարածներիցդ մի բան դառնար գոնե։

Կարճ ասած՝ Բերել եմ 15 խոստում, որ տապալել է։ Նա ժողովրդին ձեռք է առնում, նա ասում է՝ տեսեք, ինչ ուզեմ՝ կխոստանամ ու չեմ անի։ Ու այնքան էլ վստահ է այդ ամենն անում, կարծես հենց սկզբից էլ վստահ է եղել, որ մեկ է՝ չի անելու, մեկ է՝ ժողովրչդի հիշողությունը կարճ է։ Ժողովրդին էլ մի խորհուրդ ունեմ՝ բացեք, տեսեք ինչ է խոսք տվել և որն է արել։  Ուրիշ  բան չունեմ ասելու այդ ստախոսի մասին։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ