12 03 2021

«Կարճ ասած»․ Ու՞մ հետ ստորագրել հուշագիր



Հայաստանը ազգային աղետի մեջ է, ծայրահեղ վիճակում։ Բնականաբար, այս վիճակը հանգուցալուծել, մեղմացնել կուզենան բոլորը, անգամ սրա ստեղծող Նիկոլ Փաշինյանը, ում, ի դեպ, Ալիևը համարում է իր իշխանությունը Հայաստանում։ Իրավիճակի հանգուցալուծումը տարբեր դերակատարներ տարբեր կերպ են պատկերացնում։

Հանրապետության նախագահը, օրինակ, ուզում է օր առաջ դուրս գալ այս վիճակից, անցնել իր հանգիստ ռեժիմով կյանքին․ բայց նա չունի բավարար կամք, որ իր դիրքորոշմանը մնա հաստատակամ, եթե չասեմ՝ պարտադրի այն։ Նա հայտարարում է, որ Նիկոլը պետք է գնա, բայց չի ուզում հակադրվել վարչապետին, քանի դեռ նա չի գնացել։ Մենք տեսանք բազմաթիվ առիթներ, որ նախագահը ցուցաբերեց վախվորածություն։ Սկսած նրանից, որ նա պահանջում էր Նիկոլի հրաժարականը, բայց երբ Նիկոլը նրան ուղարկում էր նշանակում-ազատումների հրամանագիր, ստորագրում էր։ Խոսքը թե՛ պաշտպանության նախարարի նշանակմանն է վերաբերվում, թե՛ արտգործնախարարի, թե՛ գենշտաբի պետի առաջին տեղակալին գործից հանելուն կամ ԳՇ պետի պատմությունը և այլն։ Նա իրականում, ենթարկվում է ու չի ուզում հակադրվել։ Նախագահը, իհարկե, ուզում է խնդրի օր առաջ լուծում, միայն թե այնպես, որ ինքը չտուժի դրա արդյունքում, ոչ էլ իր պաշտոնը ու ոչ էլ բանավեճի մեջ մտնի Փաշինյանի հետ։ Ուզում է երևի, որ թե՛ գայլերը կուշտ լինեն, թե՛ ոչխարները ողջ մնան։ Բայց այդպես չի լինում այստեսակ ճգնաժամերի ժամանակներում։ Որոշումները լինում են ցավոտ ու ռիսկային, որին նախագահը պետք է պատրաստ լիներ ի պաշտոնե։ Ինչևէ։

Իրավիճակի օր առաջ լուծում ուզում է պետության ամենակարևոր կառույցներից մեկը՝ զինված ուժերը ևս։ Նրանք տարածեցին հայտարարություն՝ Նիկոլին համարելով գլխավոր սպառնալիք Հայաստանի անվտանգությանը։ Սակայն, բանակը որևէ այլ քայլ չարեց այդ սպառնալիքի դեմ պայքարելու համար։ Ավելին, Գենշտաբի պետը նահանջեց ու թողեց, որ սպառնալիքը ամբողջ Հանրապետությունում շարունակի թևածել։ Գենշտաբը ուզո՛ւմ է կարգավորվի իրավիճակը, բայց՝ իրենից անկախ։ Լավ բան է ուզում, բայց ժամանակներն են այլ, ու եթե դու համարվում ես Հայաստան պետությունը ներքին ու արտաքին վտանգից պաշտպանողը, դու միայն հայտարարություններով չես կարող պաշտպանել, նաև պետք է լուծումներ տաս համապատասխան քո գործառույթների։ Կարևորը հարցը լուծելն է, անվտանգությունը ապահովելը։ Սակայն, անկախ նրանից, որ իրենք գեներալ են, իրենք էլ չեն ուզում հակադրվել մարդու, որը կասկածվում է հոգեկան շեղումներ ունենալու մեջ։ Եթե ռազմական դրության մեջ գտնվող երկրի վարչապետն ասում է՝ ինչ ուզում ա լինի, պտի ԳՇ պետն ու տեղակալը չաշխատեն, դա հոգեկան շեղում կարող է համարվել, եթե շեղման մյուս վկայությունները հիմա չհիշատակեմ։

Խորհրդարանականներն ուզում են իրավիճակի հանգուցալուծում՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական կուսակցությունները։ Նրանք չեն ուզում ազգային ժողով մտնել պահեստի մուտքով, նրանք չեն ուզում, որ ամեն օր իրենց տան դիմաց ծաղկեպսակ դնեն ու դագաղ, նրանք չեն ուզում, որ իրենց ծեծեն, հայհոյեն, նվաստացնեն, ձվահարեն։ Խոսքս այս պարագայում իմքայլականների մասին է։ Նրանց նույնպես հոգնեցրել է Նիկոլը։ Բայց նրանք չունեն բավարար դուխ, որ ռազմական դրությունը չեղարկեն ու բարձրացնեն Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հարցը։ Ի վերջո, նրանք շարունակում են շնորհակալ լինել Փաշինյանին, որ իրենց դարձրեց պատգամավոր, ուսապարկ, ցավոք՝ նաև դավաճան։ Ի վերջո, Նիկոլի հիստերիկայի, շեղումների ականատեսը նրանք հաճախ են եղել։ Մյուս կողմից էլ քաջ գիտակցում են, որ իրավիճակի հանգուցալուծման միակ տարբերակը նրան հեռացնելն է։

Նիկոլ Փաշինյանը ևս ուզում է իրավիճակի հանգուցալուծում։ Բայց նա էլ լուծման իր տարբերակն ունի։ Կապիտուլյացիայից հետո, երբ ժողովուրդը ոտքի կանգնեց, Նիկոլ Փաշինյանը տեսավ, որ շանս չունի և առաջարկեց արտահերթ ընտրության գնալ։ Ու քանի որ ընդդիմությունը դեմ էր ու պնդում էր, որ Նիկոլն ու ազնվությունը, անկաշառությունը հակադիր բաներ են, Փաշինյանի ողջ թիմը ոտքը գազին էր դրել ու ասում էր՝ ահա, նրանք չեն ուզում, որ ժողովուրդը ընտրի և այլն և այլն։ Նիկոլը հանդիպում ունեցավ այսպես ասած՝ իր տակ գործող քաղաքական մի քանի ուժի հետ ու կարծես տրամադրությունն այն էր, որ գնում են արտահերթի։ Բայց հենց երկրորդ նախագահը հայտարարեց՝ գնում ես ընտրությունների՝ գալիս եմ, թե տղա ես, ընտրություն արա, Նիկոլը, հայտնի լինելով իր վախկոտությամբ, նահանջ արեց։

Հիմա նորից, քանի որ հանրության պահանջները չեն փոխվում, նահանջ չկա, ավելին, տրամադրությունները փոխվում են արմատականի, ռադիկալի ու դրանց միացել է նաև բանակը, Նիկոլ Փաշինյանը էլի սկսել է խոսել արտահերթ ընտրությունների թեմայից։ Բայց, արդեն, նոր խաղեր է տակից տալիս։ Գործարք է առաջարկում խորհրդարանական ընդդիմությանը։ Գործարքը հետևյալն է՝ ստորագրենք հուշագիր, որ ես հրաժարական տամ, դուք չառաջադրեք վարչապետի թեկնածու 2 անգամ, ես մնամ ԺՊ ու ես կազմակերպեմ ընտրություն։

Տարօրինակ տրամաբանություն է մեր Նիկոլի մոտ։ Նա հայտարարում է, որ իր ընտրողը շատ է և հավակնում է դարձյալ ստանալ մեծամասնություն (վստահ եմ` ինքն էլ չի հավատում դրան)։ Բա էդ դեպքում ինչու՞ է վախենում ոտքը դուրս դնել իր աշխատասենյակից։ Եթե այդպես է, հրաժարական տուր, գնա բոլորի հետ հավասար ընտրության մասնակցիր, հետ արի, եթե ազգը քեզ այդքան սիրում է։ Իսկ գուցե վախենում ես որ ընդիմությունը մեծամասնություն կկազմի, դու էլ վարչապետ չես լինի, ու վստահաբար կբացահայտվի այն ամենը, ինչ արել ես՝ է փախի հիմիկվանից։ 

Բայց լա՛վ, ինչո՞ւ է Փաշինյանն ուզում ընդդիմության հետ գործարք կազմել, ինչ-որ հուշագիր ստորագրել։ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ունի բավարար ձայներ, որպեսզի վարչապետի այլ թեկնածու չանցնի ու իր ծրագիրն իրականություն դառնա, այսինքն՝ 2 անգամ վարչապետ չընտրվի։ Իրականում Փաշինյանը ոչ թե չի վստահում ընդդիմությանը, թե՝ իր հրաժարականի դեպքում թեկնածու կառաջադրեն, այլ չի վստահում իր թիմին։ Նա գիտի, որ իր թիմն էլ է կուշտ իրենից, գիտի, որ հենց հրաժարական տվեց, կարող է թիմը նոր վարչապետ ընտրել ու իրեն փուռը տալ։ Ու նա այսպիսով ավելի շատ ուզում է իր թիմին հասկացնել, որ տեսեք՝ նրանց հետ հուշագիր եմ կնքում, չեք կարող գործարք կազմել։

Իրականում, Նիկոլ Փաշինյանը պետք է ի՛ր թիմի հետ հուշագիր ստորագրի, որ իրեն չգցեն։ Նիկոլ Փաշինյանի էս քայլը ցույց է տալիս, որ նա պարզապես անվստահություն ունի իր թիմի նկատմամբ, թիմն էլ իր նկատմամբ, նա չի վստահում թիմին, չի ընդունում թիմին, չի հարգում իր թիմին ու դա փոխադարձ է։ Նիկոլը իշխանություն չունի նաև հենց իր սեփական թիմի ներսում։

Ի՞նչ է ստացվում․ Նիկոլը գնում է մարզեր, չեն ընդունում, հանրահավաք է նշանակում, զոռով-շառով բերում են մի 7-8 հազար հոգի ամբողջ հանրապետությունից, այսինքն՝ ժողովրդի մոտ իշխանություն չունի, զինվորականությունը նրան դեմ է դուրս գալիս, այսինքն՝ բանակում իշխանություն չունի, քաղաքապետերը հրաժարական են պահանջում՝ տեղական ինքնակառավարման մարմիններում իշխանություն չունի, ու իր համար ամենակարևորը՝ փողոցը իրենը չէ։ Որևէ հայտնի քաղաքական ուժի հետ կոմպրոմիս չկա, ամբողջ թիմում էլ անկումային տրամադրություն է, բոլորը վստահ են, որ հեսա-հեսա փախչելու է, ու իրենք բան չկարողանան անել։ Սրանից ավելի ի՞նչ ապացույց, որ էս մարդը չունի իշխանություն, հեղինակություն, հենարան, թիմ։ Ու հարց է առաջանում՝ եթե չունես իշխանություն, ի՞նչն ես ուզում պահել, ու արդյո՞ք դու կարող ես լինել լուծում թելադրողը։ Իհարկե՝ ոչ։ Այդպես չի լինում։

Իրավիճակի հանգուցալուծման թիվ մեկ թելադրողն այսօր Հայրենիքի փրկության շարժումն է՝ ամբողջությամբ՝ իր մեջ ներառող քաղաքական ուժերով, քաղաքական ու այլ գործիչներով, Սփյուռքով, որը համախմբում է ժողովրդի մեծամասնությանը, անկախ նրանից՝ ակտիվ պայքարող են, թե պասիվ։ Այսօր թելադրողը Շարժումն է, որի պահանջը համակարգված է ու կոնկրետ՝ ճգնաժամը հաղթահարվել կարող է հետևյալ ճանապարհով․ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ օրինակ մեկ տարի հետո։ Սա է։ Տրամաբանված է, հիմնավորված է։ Հիմք է վերցված ոչ թե ինչ-որ մեկի իշխանության գալը, այլ երկիրը՝ իր ճահիճ դարձրած խնդիրներով։ Պետք է գնա Նիկոլը, լիակատար հեռանա, առանց որևէ նախապայմանի ու առանց պոչ թողնելու։ Պետք է գա ժամանակավոր կառավարություն, բերի բոլոր գերիներին, սահմանային խնդիրները կարգավորի, անհետ կորածների հարցը կարգավորի, տնտեսական էս աղետը կանխի և նոր միայն գնա արտահերթ արդար ընտրության։ Սա միակ ճանապարհն է, որը թե՛ ի շահ պետության է, թե՝ ժողովրդի։ Իսկ այն ամենը, ինչ ուզում է Նիկոլը, միմիայն իր անձնական աթոռի համար է, երկիրը այդտեղ չկա, ժողովուրդը՝ ընդանհրապես։

Կարճ ասած՝ առանց իրավիճակի արագ հանգուցալուծման, Հայաստանը ապագա չունի։ Մեր տնտեսությունն ամեն օր կորցնում է միլիոնավոր դոլարներ ու ցնցումների է գնում, մեր սահմաններն անհուսալի վիճակում են ու արդեն կա տեռորի վտանգ կա։

Պետությունը պետք է գոյության շանս ունենա, քաղաքացին՝ ապրելու շանս։ Փաստ է մի բան՝ Հայաստանը չունի զարգացում Նիկոլի պես անպատասխանատու մարդու հետ։ Ինչպես որ Հայաստանը հաղթանակի շանս չուներ Նիկոլի հետ, հիմա էլ ավելի ապագա չունի Նիկոլի հետ։ Պարզապես Հայաստանը չի կարող մնալ որպես Հանրապետություն, եթե երկրի ղեկին Նիկոլն է։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ