15 05 2020

«Կարճ ասած»․ 10 խոստում, որոնց կատարմանն անհամբեր սպասում է ժողովուրդը



Կառավարության՝ 2018 թվականի հունիսի նիստերից մեկում ոստիկանապետը ներկայացրեց շարժական տեսախցիկների նախագիծ։ Վարորդների գրպանը մտնելու նոր ձև էր մտածել նախկին` հին ոստիկանությունը։ Փաշինյանը բորբոքվեց, թե՝ քաղաքացին ձեզ համար տուգանքի մատերիալ չէ, մենք ուզում ենք աստիճանաբար վերացնել, դուք ավելացնում ե՞ք։ Ուղիղ երկու տարի անց Նիկոլ Փաշինյանի ոստիկանությունը հայտարարեց, որ ոստիկանական ծածուկ ծառայություն է գործելու։ Ճամփեզրի մի մեքենայի մեջ նստած են լինելու ձյունանուշիկներ, հենց արագ քշեք, նրանք դուրս են գալու, ու արագ վերափոխվեն ոստիկանի։ Քաղաքացին փաստորեն կրկին դարձավ տուգանքի մատերիալ։ Հարցը վերաբերում է գրեթե բոլոր ընտանիքներին, այսօր քիչ են տնային տնտեսությունները, որոնցում գոնե մեկ ավտոմեքենա չկա։

Երկու տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է։ Քանի՞ կոնկրետ խոստում բերեմ, որ չի կատարել, խաբել է, ֆռացրել է։ Մենք թալան էինք համարում մեզնից գանձվող կուտակային կենսաթոշակի պահումները, թալան էր համարում նաև նա։ Բայց եկավ իշխանության ու ասաց, որ Սերժ Սարգսյանի օրոք դա մտցնելը ճիշտ էր:

Մենք քննադատում էինք, նմախորդ իշխանությանը, որ աշխատատեղ չկա, նրանք ասում էին՝ կա, դուք եք թամբալ, ուզում եք բազկաթոռին նստած սերիալ նայեք ու նպաստ ստանաք։ Դրա համար էլ քննադատեցինք։ Եկավ Փաշինյանը ու ասաց նույն բաները՝ աղքատությունը ձեր գլխում է, դուք թամբալ եք, 350 հազար մարդ աշխատում է մյուս բոլորին կերակրելու համար։

Հիմա ինձ համար ի՞նչ տարբերություն նախկիններն են, թե ներկաները, եթե սրանք շարունակում են նույն բանը, ինչ անում էին նրանք։ Հիմա դուք գուցե ինձ քննադատեք այս համեմատությունների համար, բայց մինչև այն պահը, երբ խորությամբ հասկանաք, թե ինչ ասացի: Ինձ համար ի՞նչ տարբերություն իշխանության ղեկին են հարուստ նախկինները, թե՞ այսօրվա չտեսները, որոնք սկսել են արագ հարստանալ։

Նիկոլ Փաշինյանը տեղին ու անտեղի 8 առիթով 50 հազար տաքսիստի ասաց, որ նրանք այլևս լիցենզիայի համար չեն վճարելու, թող այդ գումարը հաշվեն աշխատվարձ։ Այսօր բերել են օրենք, որ պետք է, այդ նույն տաքսիստները 100 հազար դրամ լիցենզիայի համար վճարեն։ 

Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ այլևս զինվորին սնունդ, մայկա-տռուսիկ չեն ուղարկելու ծնողները։ Գնացեք զինվորական համազգեստի վաճառակետեր, հերթի տակ առևտուր են անում, անձամբ գնել եմ ուսադիր, քանի որ սերժանտի կոչում էին տվել, բայց ասել էին լիչկաները դու պիտի առնես։ 

Բոլոր այն ամենը, որոնց համար քննադատել ենք նախորդ իշխանություններին, ըմբոստացել, պահպանվում են, փոխածները հատ հատ վերադառնում են, դեռ ավելի վատ տարբերակով:

Խոստանում էին, որ խնամի-ծանոթ-բարեկամ համակարգը վերանալու է։ Նիկոլ Փաշինյանի բարեկամները՝ զարմիկ, քավոր, քավորի եղբայր, կնոջ ազգականները, պատգամավորների բարեկամները բոլորը պաշտոնների են։ Նախարար կա, որ անգամ մանկապարտեզի ընկերներին է գործի տեղավորել։ 

Խոստանում էին ներգաղթ և հայրենադարձություն։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի օգոստոսին հայտարարեց, թե Հայաստանից արտագաղթը դադարել է։ Պարզվեց 30 հազար հնդիկ է եկել Հայաստան:

Խոստանում էր թափանցիկություն, բոլոր որոշումները կայացնել հրապարակում, ամեն ինչի մասին զեկուցում։ Հիշեցի՞ք։ Իսկ հիմա ամենակարևոր՝ Արցախի հարցով թաքուն բանակցում են ու ասում՝ ինչ ուզում, դա էլ բանակցում ենք, ձե՞զ ինչ։ 

Ուրախանում էին գնաճի ցածր տեմպով, իսկ հիմա գնաճը քամում է մարդկանց վերջին խնայողությունները, իսկ կառավարության առաջարկած լուծումը փոխարինիչ ուտելն է։

Խոստանում էին՝ Հայաստանում չի լինելու պատվերով արդարադատություն։ Բա ո՞վ էր հանրահավաքներում ու հեռախոսով հրահանգներ տալիս։ Վստահ եմ, որ հիմա հատ-հատ բոլոր քրեական գործերի դեպքում տրվում են ցուցումներ, թե՛ ձու գողացողի, թե՛ ձի գողացողի, թե ոչինչ չգողացածի բայց այլ կարծիք ունեցող, գլխին սարքված մարդու մասով։ 

Շաքարի գործարան, բալոնների գործարան, հայկական տեխնիկայի գործարան, Թեղուտի հանքավայր, Ալավերդու գործարան ու երկու տասնյակ գործարանների խոստում կար․ անգամ Նաիրիտն էին խոստանում աշխատեցնել։ Ո՞ւր են դրանք։ 

Ներդրումային բում խոստացող վարչապետին խնդրում եմ հրապարակել 2 մլն դոլարը գերազանցող մեկ ներդրում ընդամենը։

Վարչապետը գյուղերն էր գնում ու աղքատությունը տեսնելով՝ փոխանակ լուծումներ առաջարկեր, բանաստեղծություն էր գրում։ Ռանչպար գյուղի բնակիչներ, եկեք կառավարության դիմաց ու վարչապետին հարցրեք, մեկ տարի անց, մեր գյուղի համար ոտանավոր գրելուց բացի ի՞նչ ես արել։ Ասեմ ինչ է արել, Կարապի լճի վրա դռնակ է բացել, որ եթե հանկարծ գաք մայրաքաղաք զբոսնելու, սիրուն կամրջակ տեսնեք։

Ինձ հատկացված 7 րոպեում ես թվարկեցի ավելի քան 10 սուտ, խոստում, որոնք անկապ հնչեցվել են օդում։ Եթե ինձ հատկացված ժամանակը լիներ մեկ ժամ, ես կբերեի 150 փաստ, որ ստել են։ Դրանց բոլորին, իհարկե, կանդրադարնամ։

Կարճ ասած՝ այս քաղաքական արկածախնդիրները մեզ միայն հույս են տվել, որ լավ է լինելու, ուրիշ ոչինչ։ Խոսենք անկեղծ՝ ոչ մի բան լավ չի լինելու, հույս չունենաք։

Պոպուլիզմի վերջը եկել է։ 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ