04 05 2020

«Կարճ ասած»․ Դիպուկ ու ցավոտ քաղաքական բումերանգը



Քաղաքական կյանքում սկանդալներն ի հայտ են գալիս սրընթաց արագությամբ: Մեկը դեռ չմարսած՝ մյուսն է հրապարակ ելնում, մեկը մեկից աղմկահարույց: Ու սրանց միավորում է մեկ բան՝ բոլորի մեջ էլ խառն է Նիկոլ Փաշինյանի մատը: Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանն ասում է, որ 2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին բանագնաց է ուղարկել և առաջարկել գործարքի գնալ՝ սիմվոլիկ գումար վճարել, իրեն  չքննադատել, Հայաստանից դուրս երջանիկ ապրել: Երկրի ղեկավարը, որը խոստանում էր երկու ձեռքերը կտրել, բայց կոռուպցիա չանել, փաստորեն, կոռուպցիոն սկանդալի մեջ է հայտնվում: Քանի որ այսօր երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, նշանակում է, որ այս սկանդալից չոր դուրս կգա և անհանգստանալու բան չունի, բայց՝ մինչ իշխանափոխությունը: Նույնը դժվար է ասել ԱԱԾ նախկին տնօրենի մասով: Հետո՞ ինչ, որ նա հրահանգ է կատարել՝ սուրհանդակն է եղել: Արթուր Վաբեցյանն արդեն հայտարարել է, որ իր դեմ քրեական գործ հարուցելու առիթներ են ման գալիս: 

Իհարկե զավեշտ կլինի, երբ վաղն էլ պարոն Վանեցյանը բողոքի զանգովի արդարադատությունից: Նրանից, օրինակ, որ Սասուն Խաչատրյանն ու Նիկոլ Փաշինյանը նոր ԱԱԾ պետի հետ պայմանավորվել են, ու դատավորը ուզի-չուզի կալանք պիտի տա: Ամեն ինչ հնարավոր է: Ինչ ասես, որ չտեսանք, այս երկու տարվա ընթացքում:

Բումերանգը, հատկապես քաղաքականության մեջ, շատ դիպուկ է ու ցավոտ, գալիս է ժամանակին ու բացահայտ: Հատկապես մեր օրերում, երբ պաշտոնի կարիերան կարճ է, սխալները՝ բազմակի, բումերանգը վերադառնում է շատ արագ:

Միայն Վանեցյանը չէ, որ չկարողացավ բռնել իր նետած բումերանգը: Այն քանիցս անսխալական վերադարձել է նաև Փաշինյանի մոտ ու ցավոտ հարված հասցրել: 

Այսպես կոչված հեղափոխության օրերին, հիշենք, ինչքան սև լենտեր կապվեցին ՀՀԿ-ականների տան մոտ: Վերջերս արդեն հակառակը կատարվեց, Փաշինյանի համար տապանաքար տեղադրեցին մայրուղու հարևանությամբ, «մեռավ սուտ ասելով» գրառումն էլ հետը: 

Ընդամենը մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը, առանց ուշադրություն դարձնելու, որ գործ ունի Հայաստանի միջազգային հեղինակության հետ, մեր երկիրը համարեց ապօրինի զենքի տեղափոխման օջախի՝ նախկին իշխանության վրա գցելով  քաղաքվիացիայի ոլորտում իր բերած կադրի տապալումը: Բառացիորեն օրեր անց Ռուսաստանում առգրավեցին Հայաստանից ուղարկված ինքնաթիռ՝ 40 տոննա մաքսանենգ սիգարետով: Այն պարագայում, երբ առանց Փաշինյանի գիտության անգամ ինքնաթիռի փոշիները չեն մաքրում հիմա: Որպես բեռի հետ ուղղակիորեն կապված անձ, տալիս են Փաշինյանի աներորդու անունը, անուղղակի կապի մեջ էլ մեղադրում են կնոջը: Համենայն դեպս, պատշաճ հերքում դեռ չենք լսել: Նախորդ իշխանություններին զենքի մաքսանենգության փաստ չկար, կոնկրետ փաստ չկա նաև հիմա, կան մեղադրանքներ:

Նախկին խորհրդարանը Նիկոլ Փաշինյանը համարում էր կեղծ ու անգրագետ, նշում, թե այսօրվա քայլածներն աշխարհի զարդն են: Թագուհի Ղազարյանի, Վահագն Հովակիմյանի, Հովիկ Աղազարյանի, Մխիթար Հայրապետյանի կամ նույն աներձագ Հրաչի պրոֆեսիոնալիզմը տեսնելով՝ դեմոկրատական երկրներն իրենց խորհրդարանները ցրո՞ւմ են: Իհարկե ոչ: Նրանց մոտ էլ իրենց չակերտավոր դեմքերը կլինեն, հարց է, այդ դեպքում ինչո՞ւ ես անուն կպցնում նախկինների որակին, եթե քոնը, մեղմ ասած, ավելի վատն է: Այսօր հայրենի ԱԺ-ում անիմաստ առիթներով իրար կոկորդ են կրծում: Եթե այդ կրքերը զարգանային, օրինակ, անարդարացի կամ հակապետական օրենքներ ընդունելու առիթով, դեռ կմտածեինք, որ հնարավոր է և այդպես, բայց ավաղ, առիթները մանր-մունր, անձնական հողի վրա են: Տղերքն ու աղջիկները ինքնահաստատվում են:

Խոստանում էր նախկին կոռուպցիոներների թևիկները կտրել ու լցնել ՊՆ բյուջեն, իսկ այսօր օր ու մեջ թիմակիցների են բռնում կոռուպցիայի մեջ: 

«Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները, որ պոպուլիզմի անգնահատելի վարպետ են, մեղադրում են «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը պոպուլիզմի մեջ: Ավելին, իշխող ընտանիքը մեղադրում է, որ իրենց նկատմամբ ատելություն կա: Ծիծաղելի է, ի՞նչ խոսք:

Նախկին իշխանությանը մեղադրեցիր մահացու մեղքերի մեջ՝ առանց այն էլ շատ սխալներն ահռելի չափերի ներկայացնելով, սրան ու նրան բիզնես վերագրելով: Հիմա արդեն խոսում են տարբեր գործարաններում Փաշինյանի մասնաբաժնի մասին:

Կարճ ասած՝ ինչ ցանես, այն էլ հնձելու ես: Ատելություն եք ցանել, սեր չեք հնձի: Պոպուլիզմ ու զրպարտություն եք ցանել՝ դե կերեք:

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ