20 11 2024

Ո՞ւմ կարող է Փաշինյանն ազատել աշխատանքից SMS-ով, ըստ օրենքի. «Կարճ ասած»



 

Սափրվելու օրվա ցերեկը թրաշով ելույթ ունենալիս, ԱԺ ամբոինից հայտարարում է․ «պետական ինստիտուտներն ուզեցել են սարքել իրենց ջեբի շները»։ Սա հայտարարություն էր՝ ուղղված, չգիտեմ ում։ Բայց ընդամենը վերջին երեք օրվա մեջ Փաշինյանն ինքը կրկին թրեյնինգ արեց, թե ինչպես են սարքում պետական ինստիտուտները ջեբի շուն։

Համաձայն օրենսդրության, կառավարության անդամներին՝ նախարարներին, առաջարկում է վարչապետը, նշանակում է նախագահը։ Այսինքն՝ ում ուզի Նիկոլ Փաշինյանը, նրան կարող է նշնակել նախարար, անգամ իր բարեկամներին։ Պատկերացրեք՝ այդպես էլ անում է։ Այն մարդը, ով ԽԾԲ-ն դրոշակ սարքած, միտինգներ էր անում ընդիմադիր վախտերը, էսօր իր սանիկին նշանակել է տարածքային կառավարման նախարար։ Բայց դա նրան չի խանգարի, որ վաղը քննադատի նախկինում եղած ԽԾԲ համակարգը․․․ Դա ուրիշ թեմա է, բազմիցս անդևրադարձել եմ ազգուտակով պաշտոնյա նշանակվելու ամոթալի երևույթին, բայց նոր խմբաքանակ է ավելացել, շուտով դարձյալ կանդրադառնամ։ Եվ այսպես, նախարարներին նշանակում է Նիկոլը՝ չերեզ Վահագն Խաչատուրյան։ Ազատումն էլ է նույն ճանապարհով։ Բայց, նորմալ երկրներում, նորմալ ղեկավարների դեպքում, դա երբեք տեղի չի ունենում ՍՄՍ-ով։ Ճիշտ է՝ օրենքում չկա նման արգելք, բայց դե ամոթ ա դա, առաջին հերթին՝ էդ օգտագործված պաշտոնյաների համար, ում ասում ես գործընկեր։ Չէ՞ որ, հո քո ծառաները չե՞ն, մարդ են, գործ են անում, վատ են անում՝ կանչիր, խոսիր, բացատրու, հորդորի դիմում գրեն․․․ Ինչևէ, եթե իրենք վատ չեն զգում, մե՞ր ինչ գործ։

Բայց, դրանք դեռ մի կողմ,  կան պաշտոններ ու դրանք բավականին շատ են, որոնց չի կարող նշանակել ու ազատել վարչապետը։ Օրինակ՝ ՀՀ սահմանադրություն կա, որի 173-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: ԲԴԽ-ն, այսինքն այնտեղի խորհրդի անդամ դատավորները, իրենց կազմից են ընտրում, իրենց միջից՝ իրենց խորհրդի նախագահին։ Իսկ իրենք իրենց հերթին դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներն են: Այսինքն, երբ Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնում Նիկոլին, որ իրեն վստահել է ԲԴԽ նախագահի պաշտոնը, դրանով Կարեն Անդրեասյանն ասում է, որ Նիկոլը խախտել է օրենքը կամ, ԲԴԽ-ն ու առնվազն այդ խորհրդի նախագահն Նիկոլի աշխատող է իրեն զգացել և զգում։ Դատական օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ԲԴԽ նախագահի լիազորությունները դադարում են նրա հրաժարականի դեպքում կամ իր պարտականությունները չկատարելու դեպքում խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ։ Ո՛չ սահմանադրության մեջ, ո՛չ դատական օրենսգրքում ու այլ օրենքներում մի բառ անգամ չկա գրած, որ վարչապետը կարող է ԲԴԽ նախագահին հորդորել, խնդրել, էլ չեմ ասում՝ ՍՄՍ ուղարկել, նա էլ հլու-հնազանդ վայր դնի լիազորությունները՝ չմոռանալով շնորհակալություն հայտնել։ Ավելին, եթե վարչապետը իրեն նման բան է թույլ տալիս, դա, կարծեմ, ինքնիրավչություն է կոչվում, դա լիազորությունների կոպիտ չարաշահում է և պատժվում է որպես քրեական հանցագործություն։ Այս դեպքում էլ, Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ իրոք որ չկա դատավոր որ իր ասածը չանի, դե ով էլ չէր արել, հենա Անդրեասյանն էլ դրա համար էր, որ հանել տար համակարգից։ Անցնեմ առաջ, այս թեմայով ավելի հիմնավոր կարող են պարզաբանումներ տալ մեր երկրի ազնիվ իրավաբանները․ վստահ եմ՝ կխոսեն։

Ազգային ժողովը, եթե հիշում եք, նույնպես անկախ մարմին է, խորհրդարանական երկրում ԱԺ-ն կարողանում է աշխատանքից ազատել վարչապետին՝ անվստահություն, իմպիչմենտ հայտարարելով։ ՔՊ-ական պատգամավորները Նիկոլին իմպիչմենթ չհայտնեցին՝ խոստացած ծրագրերը, պլանները, պռավալ տալու, երկիրը աղետի հասցնելու համար, հիմա ինքն է հայտնում ՔՊ-ականներին։ Պատգամավոր Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր է դնում ու ասում է՝ դա իր նախաձեռնությունն է։ Իհարկե՝ ճիշտ չի ասում, որովհետև մամուլը իր «նախաձեռնությունից» դեռ 3 օր առաջ էր գրել, որ Նիկոլը նրա հրաժարականն է պահանջել։ Որ իրեն հարցնես, կասի՝ մի փայլուն պատգամավոր էր․ բա էդ դեպքում ինչու՞ ես վայր դնում մանդատդ․ այ դա չի ասի, որովհետև պարտադրել է․ վարչապետն է պարտադրել, իսկ ինքը էդքան չկա, որ դիմադրի։ Դժվար է ասել՝ ԱԺ հեղինակությունը ավելի շատ ընկավ Ալենի թքելու պատճառով, թե՞ Նիկոլի՝ պատգամավորին հրաժարական պարտադրելով։ Որովհետև հարյուր հատ էլ Նիկոլ գա, իրավունք չունի պատգամավորին պարտադրել հրաժարականի դիմում։ Բայց սա տեղի է ունենում երկրում, որտեղ ԱԺ-ն, պատգամավորները Նիկոլի ուսապարկեր են, որոնք էդ գործին են բացառապես Նիկոլի շնորհիվ, այդպես են իրենց զգում, այդպես է ինքը վերաբերում նրանց։ Բայց, օրենքներն ու սահմանադրությունը կարծես դեռ չեն չեղարկվել, օրենքը որևէ պատգամավորի պարտադրելու, ստիպելու դեպքում էլ, առավելևս իշխանության մյուս ճյուղի ղեկավարի կողմից, սահմանում է պատիժ, քրեական հետապնդում․․․ Սրելի իրավաբաններ, խնդրում եմ ուղղեք, թե սխալվում եմ․ բայց վստահ եմ՝ չեմ սխալվում։

Հիմա բա սա տեսեք․ համաձայն Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի 18-րդ հոդվածի, կոմիտեի նախագահի թեկնածուին ընտրում է մրցութային խորհուրդը, որը ձևավորվում է Կառավարության, Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից: Կառավարությունը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի է նշանակում Խորհրդի կողմից թեկնածուներին ներկայացնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, երբ՝ լրացել է պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը, կորցրել է ՀՀ քաղաքացիությունը, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած, հրաժարական է ներկայացրել կառավարությանը, պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել հիվանդություն կամ ֆիզիկական արատ, որը խոչընդոտում է պաշտոնեական պարտականությունների կատարումը, նա խախտել է քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքը և մի քանի նման այլ պահանջներ: Եթե սրանք չկան, ուրեմն 6 տարի պետք է պաշտոնավարի։ Որևէ տողում չկա գրված, որ կարող է վարչապետը հորդորել պաշտոնից հրաժարական տալ։ Դա էլ, վստահ եմ, լիազորության չարաշահում է, պատժվում է, արգելվում է օրենքով, ու քանի որ տվյալ դեպքում Սասուն Խաչատրյանը չի բողոքել ու խելոք-խելոք հրաժարական է գրել ու նստած սպասում է իր ճակատագրի զարգացմանը, նշանակում է, այնքան սերտ կապի մեջ է եղել գործադիրի ղեկավարի հետ, այնքան նվիրված, որ ոչ միայն հրաժարականի հորդորին է հետևել, այլ գուցեև, ամենայն հավանականությամբ, կատարել է նրա բոլոր հրահանգները, այսինքն՝ կոռումպացված կապի մեջ է եղել կամ վարչապետը բաներ գիտի նրա մասին, օրինակ՝ տարատեսակ կոռուպցիոն գործարքների մասին, որ ձենը կտրել, արել է ինչ ասում է։ Հետևաբար, եթե այս հրաժարականներին չեն հետևում քրեական գործեր, ուրեմն վարչապետի հետ, միասին, կամ իմացությամբ են եղել այդ գործարքները, այսինքն էն առաջինն ա՝ քաղաքական կոռուպցիայի դասական օրինակ։

Ու խնդրում եմ, չասեք էլի, գույներ ես պայծառացնում, դե հրաժարական է տվել էլի կամ ակնհայտ ինչ-որ արատ է ի հայտ եկել։ Որովհետև ձեզ կշտապի հիասթափեցնել Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով՝ «Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները»։

Երբ վարչապետն ասում է, որ իր առաջարկով կամ հորդորով այս մարդիկ հրաժարական են տվել, սրանով նա հայտարարում է, որ հենց հանցագործություն է արել։

Էլի ասեմ այս պաշտոնյաները, վստահ եմ, անգիր գիտեն իրենց նշանակման ու ազատման վերաբերյալ օրենսդրությունը, գիտեն՝ Նիկոլի արածը օրինական չէ, այդ դեպքում ինչո՞ւ ձայն չեն հանել։ Էլի ասեմ, եթե Նիկոլը խնդրում է, որ դիմումները գրեք, դուք էլ գրում եք խելոք-խելոք, ուրեմն ուզեիք-չուզեիք պետք է անեիք, որովհետև ոչ միայն թիմային, այլ խորը կոռուպցիոն կապի մեջ եք։ Պարզ է, զանգել բաներ է խնդրել-պահանջել, արել եք, կարող է՝ կաշառք եք վերցրել ու ինքը տեղյակ է, դիմացներդ դրել է, կարող է՝ ձեր բարեկամները տենդերներ են շահել պետական, օրենքի խախտումով, ձեզ էլ փայ են տալիս, կարող է՝ ազգուտակին տեղավորել եք աշխատանքի, փող են առնում, ատկատ են տալիս։ Ցանկացած պարագայում, սա կոռուպցիայի բարձրագույն, քաղաքական ձևն է։ Կոռուպցիան բարձրագույն իշխանության մեջ հենց սա է։ Բա ձեզ թվում է, իրար ճամպրուկներով փողեր են միայն տալի՞ս։ Կոռուպցիայի պոչը կպցրել եք նախկինին, դուք եք ափաշքյարա խրված դրա մեջ։ Էլ չեմ ասում, քաղաքական շահի, իշխանությունը պահելու, վերարտադրվելու ու այ այսպես չարաշահելու շարժառիթը, որը կարծես աքսիոմ է։

Տեսեք՝ ինչ է ստացվում․ բարձրաձայն մտածենք միասին․ Եթե Նիկոլ Փաշինյանը անկախ մարմինների ղեկավարի ու ներկայացուցիչների է հրամայում աշխատանքից դուրս գան, ուրեմն Նիկոլ Փաշինյանն այդ մարդկանց նաև իր այլ որոշումներն է թելադրում, չէ՞։ Եթե Կարեն Անդրեասյանին ՍՄՍ է գրում, թե պաշտոնիցդ հրաժարվիր վաղը առավոտ, նա էլ այդ ՍՄՍ-ի հիմքով հրաժարական է տալիս, ուրեմն Նիկոլ Փաշինյանը կարող է ՍՄՍ գրել, որ Կարեն Անդրեասյանը ընկնի մեր երկրում լավագույն դատավորների համբավ ունեցողների հետևից ու հանել տա գործից։ Ինչո՞ւ ոչ, չէ՞ որ այդ ազնիվ դատավորները, կայացնում էին արդարացնող վճիռներ, որոնք իր սրտով չէին, վտանգ էին իր իշխանությանը, է հենա կասի՝ լիազորություններից կզրկի իր նկարով ոգեշնչվող Կարենին։

Եթե հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին ասում ես՝ պաշտոնիցդ հեռացիր, հենց վաղը, ու նա էլ խելոք-խելոք անում է, ուրեմն նաև կարող է հակակոռուպցիոնի նախագահին ասել, որ ձեր ՔՊ-ականների կոռուպցիոն դեպքերը չտեսելու տա, իսկ ումը ուզում է՝ տեսնի և ընթացք տա։ Դրա համար էլ ՔՊ-ականները հարստանում են շատ արագ, տներ են ձեռք բերում, բայց հակակոռուպցիոնի նախագահն էլ բանի տեղ չի դնում․ իհարկե՝ ինքն էլ իր հերթին է տներ ձեռք բերում։ Ով ոնց կարողանում՝ օգտվում է, քանի շեֆը վրան չի ջղայնացել։

Լավ, իսկ ի՞նչ կլինրեր, եթե հրաժարական չտային այս մարդիկ։ Նիկոլին ճանաչելով, վստահաբար, կսկսեին քրեական հետապնդումները։ Ու հենց այդ վախն է ու կոռուպցիոն կապն է, որ նրանց ստիպում է կատարել Նիկոլի հրահանգները։ Քեզ բերել եմ, թողել եմ դառնաս տանտեր, փողատեր, արա ինչ ուզում եմ, հետո էլ երբ ուզենամ զոհ տալ, խելոք-խեոք կգնաս։ Թե չէ՝ Սասուն Խաչատրյանն իր էդ մասնագիտական որակով ամենավառ երազում անգամ չէր հայտնվի այն աթոռներին, որոնք խայտառակեց։

Եթե այդ կառույցները լինեին անկախ, իրենց նման հակաօրինական առաջարկ լիներ, այդ ՍՄՍ-ը սքրինշոթ կանեին, կուղարկեյին իրենց գործընկեր Աբազյանին, Վարդապետյանին, ու  կհարուցվեր քրեական գործ, Նիկոլին անմիջապես կձերբակալեին, պարտադիր կկալանավորեին, մեղադրանք կառաջադրեին։ Երկու օր առաջ կարդացինք՝ պարեկներին առաջարել են կաշառք, որի համար ձերբակալվել են։ Հիմա Նիկոլը կոռուպցիոն գործարք է առաջարկում, սրանք խելոք անում են, իսկ նրանք էլ, որոնք պետք է մի հատ արագ հասկանային էս ինչ եղավ, էդ ինչ ՍՄՍ-ն էր էին, նրանք էլ իրենց հերթին սուս ու փուս նստած են, հանկարծ մի ՍՄՍ էլ իրենց չգա։

Կարճ ասած՝ սա օրենք չէ, ինստիտուտ չէ, սա պետություն էլ չէ, ինչքան էլ ուզում եք բարձր գոռացեք․ պետություն ու ինստիտուտ լիներ երկրում, տեղի կունենար ոչ թե այն, ինչ տեղի է ուենում, այլ այն, ինչ նկարագրեցի վարկյաններ առաջ։ Իսկ խեղճ քաղաքացին ինչ-որ մարդկանց փող է վճարում, աշխատավարձ, հավելավճար, պարգևավճար, նրանք իրար հաջորդելով աշխատում են, հարստանում են, երկրի հերն անիծում են, կալանավորում են ում ուզում են, հողեր են հանձնում, տղերքին են զոհ տալիս, հետո մի օր գլխավոր ձախողակն ասում է՝ չէ, այս անգամ էլ չստացվեց, սկսենք նորից, ու հրապարակ է նետում քաղաքական, մասնագիտական առումով միջակությունների նոր խմբաքանակ ու էլի երկրի ու մեր հաշվին էքսպերիմենտներ է անում, ի շահ թշնամու։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ