Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը ցուցակն առած բավական երկար տևողությամբ կարդաց, թե որ մարզում ինչ են ասֆալտապատել, վերանորոգել և այլն․ օրինակ՝ Արտաշատի Բուրաստան գյուղի ոռոգում․ կատարվել է 90 տոկոսը, Արարատ համայնքի ջրահեռացման համակարգ․ կառուցվել է 95 տոկոսը, Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենք․ հիմնանորոգվել է 60 տոկոսը, Ալավերդու թիվ 6 մանկապարտեզ․ վերանորոգվել է 75 տոկոոսը և այլն։ Այ էս ցանկը պետք է կարդային մարզպետները, քաղաքապետերը, դա վարչապետի կարդալու չէ։ Եթե Նիկոլը ուզում է կատարողականի ցանկ կարդալ, իր պարագայում պետք է կարդա էս ցանկը․ Արցախի հանձնում, կատարվել է 99 տոկոսով, ժողովրդի վզին պարտքի կրկնապատում, կատարվել է 100 տոկոսով, Հայոց պատմության ուրացում․ աշխատանքը մեկնարկել է, Հայաստանի բնակեցնում ադրբեջանցիներով, նախագիծը քննարկման փուլում է, Տավուշի գյուղերի հանձնում․ կատարվել է 25 տոկոսով, Վայոց ձորից օկուպացիա, կատարվել է ըստ պլանի, Տիգրանաշենի հանձնում․ ակտիվ փուլում է․ այ էս ցանկը տեղին կլինի, որ դու կարդաս որպես իրականացնող։
Օրինակ, քա՞նի տոկոսով է կատարվել Հայոց ցեղասպանության ուրացման ծրագիրը․ հաջող գնում է, չէ՞։ Արտաքին գործերի ՔՊ-ական նախարարին հարցնում են՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարց արտգործնախարարության օրակարգում կա՞, թե ոչ։ Արարատ Միրզոյանը պատասխանում է․ «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում առաջնային չէ»։ Նախ Արարատ Միրզոյանի կարծիքը չեմ դիտում որպես մեկ երկրի տեսակետ, որքան էլ որ նա ներկայացնի պաշտոնական Երևանը։ Սա և՛ ՀՀ արտաքին գործերի նախարարի կարծիք է, և մարդու, որի վերաբերյալ թուրքի ագենտի կասկած են հայտնել ու չի հերքվել։ Միգուցե, այս տեսանկյունից, հասկանալի է նրա ելույթը։
ՔՊ-ի նախընտրական ծրագիրը, որով ընտրություններում քվե են ստացել, որը դարձել է կառավարության ծրագիր, այ դրա մեջ գրված է․ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, և սա լինելու է Կառավարության առաջնահերթությունների շարքում»։ Սա գրել են կառավարության 2021-26թթ․ գործունեության ծրագրում ու դրա կեսից ասում են՝ դե բան է՝ գրել ենք։ Ինձ հետաքրքրում է, ՔՊ ընտրողները սրանց հարց չունե՞ն, չե՞ն ասում այ ընկեր, մի բան խոսք ես տվել, հակառակն ես անում ու չեն ասում՝ դե հել ու ․․․ գիտեք․․․ չեն ասում չէ՞, դե դրա համար էլ էս օրին ենք, թե՛ իրենց ընտրողները, թե՛ մենք, որ կրակն ենք ընկել իրենց բոլորի ձեռքը։ Որ անկեղծ ասենք՝ էս 6 տարի մենք չենք էլ տեսել Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ քայլ անեն, Նիկոլ Փաշինյանը մի անգամ Էրդողանի խոսքին ի պատասխան, երբ հարաբերությունների կարգավորման նախապայման էր դնում Ցեղասպանության հարցը, Փաշինյանը հեռակա պատասխանել է, թե այդ հարցով միայն Սփյուռքն է զբաղվում։ Հիմա, փաստորեն, նրանք հանում են թեման իրենց ծրագրից։
Արարատին ասում են բա ձեր ծրագրում գրված է, պատասխանում է՝ հա բայց աշխարհը փոխվում է, նենց երկրներ են իրար հետ պատերազմում, հաշտվում։ Դա ի՞նչ կապ ուներ։ Ի՞նչ է աշխարհում փոխվել, որը ձեզ ստիպել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը հանել օրակարգից։ Ի՞նչը։ Ռուս-ուկրաինական պատերազմը ի՞նչ կապ ունի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ, Իսրայելի հարձակումը Գազայի վրա ի՞նչ կապ ունի, Լիբանանի դեպքերը ի՞նչ կապ ունեն, Թուրքիայում երկրաշարժը ի՞նչ կապ ունի կամ Վալենսիայի ջրհեղեղը։ Ի՞նչ է փոխվել, բացի նրանից, որ դուք ուզում եք ամեն գնով Թուրքիայի տակ մտնեք, մեզ էլ հետներդ տանում եք։ Աշխարհում գծում են 50 տարվա, 100 տարվա ռազմավարական ծրագրեր, դուք անգամ մեկ տարվա ծրագիրը չեք կարողանում իրականացնել ու ասում եք՝ աշխարհ է փոխվել։
Հայոց ցեղասպանության հարցում աշխարհի դիրքորոշում չի փոխվել։ Դուք էիք ասում պետք է անուն ազգանուններով ճշտենք ով է ցեղասպանությանը զոհ գնացել, ով է ցեղասպանության ժամանակ ինֆարկտից մահացել, որ թուրքերի վրա հավայի շառ չանենք։ Թուրքիան էլ ձեզ պատասխանում էր, վայ ես ձեր ցավը տանեմ, բա էկեք, էկեք էլ արխիվ կբացեմ, կստուգենք, խաշ-խորաված, լահմաջոյով պատիվ կտամ, նվերեներն էլ կդնեմ հետներդ կտանեք։ Պատկերացնում եմ դրանց երջանկությունը։
Արարատ Միրզոյանի էսօրվա ելույթը, վստահաբար, ուղղված չէ հայ ժողովրդին, ուղղված է այդ նույն Թուրքիային, որ տեսեք, սա էլ ենք անում։ Վաղը գուցե փոխեն քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը, որով Ցեղասպանությունը հերքելը, արդարացնելը, քարոզելը պատժվում է։ Մյուս օրը ապրիլի 24-ը կհանեն հիշատակի օրերի շարքից։ Էն մյուս օրը գուցե օրենքով առաջարկեն Ցեղասպանության թանգարանն ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը այլ նպատակներով օգտագործել։ Դա այլևս աբսուրդ չէ, միանգամայն հնարավոր է։ Ես չեմ զարմանա, որ Արարատ Միրզոյանը Հայոց ցեղասպանության փոխարեն թուրքերի նման օգտագործի «ցավալի իրադարձություններ, որ պետք է քննեն պատմաբանները» նախադասությունը։
Ժողովուրդ ջան, սրանք չքնեցին-զարթնեցին ու ասացին դա․ գնացին քայլ առ քայլ, կազմակերպված, մանրից․ վաղը կասեն՝ ժողովուրդ ջան սաղ կարգավորվել է մնացել է Ցեղասպանութան հարցը, եկեք անցյալին այլ կերպ նայենք, թող մեր առևտուրը չտուժի։ Սրանք չքնեցին-զարթնեցին ու միանգամից հանձնեցին Կիրանցի մի մասը չէ՞։ Աստիճանաբար, օրը մի բան անելով, զոհ տալով, պատերազմ կրվեցին, հետո հողեր զիջեցին, որ պատերազմ չլինի, 200 քառակուսի կիլոմետրի օկուպացիան թույլ տվեցին, որ պատերազմ չլինի ու հերթով տալով եկան-հասան Կիրանցին։
Գիտե՞ք, Նիկոլ Փաշինյանը մարդկանց կերակրել է «մենք թույլ ենք, խեղճ ենք» գաղափարով։ Ասում ա՝ էն որ Արցախ կար, Հայաստանը ավելի մեծ էր, սխալ էր, մենք թույլ էինք, մենք պետք է հանձնենք, որ ուժեղանանք։ Ժողովուրդ մենք թույլ ենք, մենք ռեսուրս չունենք, մենք չենք կարող հաղթել, այ էդպես ձեր ինքնագնահատականը հասցնում է զրոյի ու զիջում։ Ասում են մեր պատմության դասագրքերը սխալ են գրվել, մի՛ ասեք մեր Արարատը, որ թուրքը չհամարի տարածքային պահանջ, մի՛ ասեք Շուշին մերն է, որ Ադրբեջանը չհամարի տարածքային պահանջ․ մանկուց իմացիր, որ դու խեղճ ես, դու թույլ ես, դու անկարող ես, պետություն չունես, սահման չունես, քո միակ մտածելու բանը կուշտ փորով հաց ուտելն ա։ Պապոյան Գևորգին հարցրեք՝ կասի։ Ասում է ի՞նչ ցեղասպանություն, 30 տարի ազգին սխալ բաներով եք կերակրել։ Սրանք ուրանում են նախկինում արված ամեն ինչ․ միայն թե թուրքին դուր գա։
Արարատ Միրզոյանն ասում է, որ իրենց օրակարգում ո՛չ ցեղասպանության հարց կա, ո՛չ Ղարաբաղի հիմնախդիր, ՔՊ-ականներն ասում են շնորհակալություն այն մեծ աշխատանքի համար, որ արել եք։ Վստահ եմ բա թուրքերը ինչ շնորհակալ են ազգովի, բա ադրբեջանցիները, որքան երախտապարտ են, ինչ էին, ինչ դարձան սրանց շնորհիվ։
Կարճ ասած՝ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը 2021 թվականից շրջանառում է արժանապատիվ խաղաղություն թեզը․ արժանապատիվ բառը այստեղ անկյունաքարային է։ Սրանք ասում են խաղաղություն ամեն գնով, իսկ իրականում ուղղակի այն ինչ մերն է, մեր գիտակցության մեջ է, մեր ինքնությունն է, մեր արժանապատվությունն է, հանձնում են թուրքերին։ Պետությունը պարտավոր է պահել ժողովրդի անվտանգությունը, արժանապատվությունը։ Մեր պետության, ի դեմս այսօրվա իշխանությունների պահած արժանապատվությունը ո՞ւր է։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը