Ադրբեջանական զինուժը հոկտեմբերի 2-ին, Կութ գյուղի հատվածում կրակեց զինվորներին սնունդ տեղափոխող մեքենայի վրա: Ունենք զոհ և երկու վիրավոր: Իհարկե՝ կարելի էր անկեղծ զարմանալ՝ բա ինչի՞ է կրակում Ադրբեջանը։ Ասում էին, չէ՞, Արցախը տանք, որ խաղաղություն լինի։ Որևէ իշխանական գործիչ, պատգամավոր, նախարար, Սուրեն Պապիկյանը կարո՞ղ է ասել, թե 21 տարեկան Արամ Քոչարյանը, որը տան միակ տղան էր, 9 ամսվա զինվոր, ինչո՞ւ զոհվեց։ Մեզ համոզում էին, որ հենց Արցախը հանձնենք, հայ-ադրբեջանական սահմանը կլինի մոտավորապես Նիդերլանդների ու Բելգիայի սահմանի պես, կանցնի սրճարանի միջով, էս կողմում կնստի Պապիկյանը, էն կողմում՝ Հասանովը ու չայ կխմեն՝ եղանակի տեսությունից խոսելով։ Պապիկյանի տեղակալն էլ է զարմացել, թե ինչի են կրակում, ասում է՝ պետք է խաղաղության գործընթաց լիներ։ Դե որ ինքը չգիտի, մե՞նք որտեղից իմանանք։ Իսկ կարող ա՞ Արամ Քոչարյանը երեկ զոհվեց հենց էդ խաղաղության գործընթացի շրջանակներում, Նիկոլի իշխանության պահպանման համար։
Ինչո՞ւ են ադրբեջանցիք հենց Կութ գյուղի վրա կրակում, կարող ա՞ Կութն էլ էն ուզում։ Դե եթե դա է պակասում խաղաղության դարաշրջանին, եկեք Կութն էլ տանք ու հանգիստ ապրենք։ Եթե Նիկոլը հանձնել է 12 հազար քառակուսի կիլոմետրանոց Արցախը, ընդամենը 2 քառակուսի կիլոմետր մակերեսով Կութը պահում է ի՞նչ անի, կարող է առաջարկել դա էլ տանք ու խաղաղություն բերենք։ Նիկոլը սիրով կհանձնի, ինքը տենց մանր բաների պրոբլեմը չունի, հո իշխանության հանձնել չէ՞, որ հանի իր գազազած բերետներին․ ուզում են՝ դա էլ կտա․ իսկ խաղաղություն կլինի՞․ Սա է հարցը։
Հոկտեմբերի 6-ին հանդիպելու են Նիկոլն ու Ալիևը։ Ադրբեջանը ասել է, որ շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղությամբ։ Պաշտոնական Երևանը, իր ասելով, էլ ավելի է շահագրգռված։ Բայց, որ նայում ես ադրբեջանա-թուրքական ցանկություններին, էդ պայմանագրի համար դեռ էնքա՜ն պահանջներ պետք է բավարարվեն։ Ուզում ես խաղաղություն, Մեղրին տուր, բացիր Զանգեզուրի միջանցքը։ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների խոսույթից ելնելով՝ միջանցքի հարցում կա ինչ-որ ոչ փաստաթղթային պայմանավորվածություն։ Թշնամիները վաղուց շատ մանրակրկիտ նախապատրաստվում են, աշխատանքներ են տանում։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա նման կետ․ կարդում ենք՝ «Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»։ Հիմա սա կա․ սա միջա՞նցք է, ճանապարհ, թունել, թե ինչ, այ դա դու ես խոսել ու միգուցե խոստացել, որից մենք խաբար չենք, բայց իրենք խաբար են, դրա համար սաղ օրը դրանից են խոսում։ Թուրքերն ասում են՝ Հայաստանը պրոբլեմ չէ այս հարցում ու քեզ ընդամենը ասում են կատարիր խոստումդ․ ի՞նչ ես խոստացել։ Բայց վստա՞հ եք, որ Զանգեզուրի միջանցքը բացելուց հետո էլ կապրենք խաղաղ, ինչպես խոստանում է այս իշխանությունը։
Թուրքիան դիմել է ՄԱԳԱՏԷ և պահանջում է փակել Հայկական ԱԷԿ-ը։ Արդեն 30 տարի է, որ Թուրքիան էլ, Ադրբեջանն էլ դա են պահանջում։ Ինչ-որ էկոլոգիական մեղադրանքներ էին հնչեցնում։ Թուրքիան ասում է՝ Ատոմակայանը սահմանից 20 կիլոմետր է հեռու, վտանգավոր է և այլն։ Հայաստանը ատոմակայանի հարցով պետք է պայքարի Ադրբեջանի, Թուրքիայի ու Նիկոլի դեմ, այլապես դա էլ է փակվելու։ Կասի՝ գնում ենք ցավոտ զիջումների, մեր ինքիշխանությունը ավելի կարևոր է, քան Ատոմակայանը։ Թուրքիան ու Ադրբեջանը իրենցը կառուցում են ու պահանջում են, որ մերը փակենք։ Ատոմակայանի փակման նախաձեռնողը էն նույն Թուրքիան է, որի նախագահի երդմնակալությանը առաջինը Նիկոլը գնաց, այն Թուրքիան, որին ափալ-թափալ հումանիտար օգնություն տարան, արտգործնախարարի հետ էլ Արարատ Միրզոյանը մշտական կապի մեջ է։ Ի՞նչ եք կարծում, խաղաղության համար ատոմակայանի փակումը բավարա՞ր է։
Բանակցվող փաստաթղթում մի կետ էլ կա, որ պետք է կատարվի հանուն խաղաղության․ Հայաստանը Վրաստանի հետ ցամաքային կապ ունի, պետք է փակել։ Նիկոլի քավորի դեպուտատ եղբայրը առաջին մարդն էր, որ խոսեց անկլավներ հանձնելուց, ի՞նչ եք կարծում, իրականությանը մոտ չէ՞։ Հայաստանից, Փաշինյանի ստորագրությամբ, գյուղեր, մայրուղիներ կհանձնվեն Ադրբեջանին՝ իբր հանուն խաղաղության, հետն էլ կասեն՝ դա խաղաղություն չի երաշխավորում։
Մի բան էլ կա, որ պետք է արվի խաղաղության համար․ օդում կախված տեղեկությունների համաձայն, բանակցությունների օրակարգում ամենակարևոր հարցերից մեկը Ադրբեջանից այսպես կոչված փախստականների վերադարձն է Հայաստան կամ իրականում՝ Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելը։ Այ սա ևս խիստ վտանգավոր ծրագիր է․ խոսքը վերաբերում է հարյուր հազարավոր մարդկանց։ Ժողովուրդ ջան, պետք է պատրաստվեք ադրբեջանցի հարևաններ ունենալուն, հատկապես՝ Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի, Արարատի, Երևանի բնակիչները։ Էն որ Նիկոլենք գլուխ էին գովում, թե 100 աշակերտ ունեցող գյուղում 300 հոգանոց դպրոց ենք սարքել, դուք էլ չէիք հարցնում՝ իսկ ովքե՞ր են դասի գնալու, կարող ա՞ հենց այդ ադրբեջանցիները։ Մի քանի նիկոլական կա, որ աքլորացել են, թե՝ դա անհնար է, չենք հանդուրժի, տենց բան չի լինի։ Իսկ հնարավոր է՞ր, որ Ստեփանակերտում հայ չմնա, ոնցոր 2018-ին, 2020-ին, տո 21-ին այլ բան էիք ասում, նույն կերպ աքլորացած։
Ի՞նչ եք կարծում, փախստականների վերադարձից հետո կլինի՞ խաղաղություն Ադրբեջանի հետ։ Կարող էր լինել, եթե մի բան չխանգարեր․ Հայաստանի բանակը ոնցոր մի քիչ զինվում է․ ուրեմն դա վտանգ է Ադրբեջանի համար․ ինչո՞ւ է զինվում, եթե խաղաղություն է ուզում․ պահանջելու են, որ Նիկոլը կատարի իր նախընտրական խոստումը, այն է՝ վերացնի բանակը։ Նաղդ անող է, հանուն խաղաղության։ Բայց խաղաղության հասնելու համար մի մանր խնդիր էլ կա․ Սփյուռքը։ Մի քիչ շատ է խառնվում Հայաստանի գործերին․ դա Թուրքիայի սրտով չէ, մեռավ զգուշացնելով։ Այս առումով Փաշինյանը ինչքան կարողանում է՝ աջակցում է, մեռավ սփյուռքահայերի մուտք արգելելով, պառակտելով, է՞լ ինչ անի, կաշվից դուրս է գալիս։ Գլուխ-գլխի կտան, մի բան կմտածեն Էրդողանի հետ, չէ՞ որ Նիկոլի իշխանությունը Սփյուռքից կարևոր է։
Կարող էր, իհարկե, այսքանից հետո խաղաղություն լինել, բայց մի պստլիկ խնդիր էլ կա․ Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ բանակցությունների ժամանակ թուրքական կողմն ակնարկել էր հայ-թուրքական սահմանի փոփոխության մասին։ Ի՞նչ եք կարծում, ուզում է սահմանագծում անեն նորից, որպեսզի Անին վերադարձնեն մե՞զ։ Մի հատ անկեղծ ասե՞ք էլի․ որ նայում եք Ռուբինյանի դեմքին, չե՞ք պատկերացնում, որ էդ տղեն էն որ գնում-գալիս ա Թուրքիա, հեսա մեր Անին վերադարձնելու ա, առանց պատերազմի, այն էլ։ Թե չէ, պատերազմով՝ նաղդ ա, հենա Պապիկյանը վկա։
Հայ-թուրքական սահմանին, օրինակ, խանգարում է այն, որ այնտեղ կանգնած է ռուսական սահմանապահ։ Բայց դա լուծելի հարց է․ չէ՞ որ մենք այսօր կատարեցինք վերջին 100 տարվա ամենախոհեմ ու հեռուն գնացող քայլը՝ պարտավորվելով կալանավորել այդ երկրի նախագահին՝ Հայաստան այցի դեպքում։ Ես, անկեղծորեն, չգիտեմ, թե մեզ ինչ օգուտ կա Հռոմի ստատուտի վավերացումից։ Որևէ մեկը չի բացատրել, թե դրանից ինչով է օգտվելու Հայաստանի Հանրապետությունը։ Բայց վնասները բացատրել են։ Այդ վնասները չեն ստանալու Հայաստանի ղեկավարությունը, նրանք իրենց աշխատավարձն էլ կստանան, պարգևավճարներն էլ, մի բան էլ վրադիր․ եթե հիմա օրը երկու տուն են առնում, գուցե օրը 4 հատ առնեն, կարող է արևմտյան գրանտ ստացողները տասնապատիկ ավել վճարվեն, առաջադրանքները փայլուն կատարել են․ բայց տուժողը լինելու է ՀՀ քաղաքացին ու պետությունը։ Տուժելու են մեր պետության սահմանները, տուժելու են Ռուսաստանում բնակվող միլիոնավոր հայերը, տուժելու են մեր արտահանողները, որոնց բեռն արդեն կանգնած է սահմանին, գուցե գազը թանկանա, օրինակ՝ տասնապատիկ, ալյուրը թանկանա և այլն։ Անգամ Թուրքիան չի վավերացրել, որ չհակադրվի ռուսների հետ․ բայց դե․․․ Էրդողանն ո՞վ եղավ, որ հասնի ՔՊ-ականների դուխին ու դիվանագիտությանը։ Մի բանն է, հուսադրում, որ կարդում եմ ռուսական կողմի արձագանքները, պարտադիր նշում են, որ սա հայերի հակադրվելը չի, այլ այստեղի «ժամանակավոր» իշխանության և նրանց հովանավորների։ Ինչ ասեմ, հուսով լինենք, որ ժողովուրդը չի տուժի այս ամենից, չնայած այդպես չի լինում։
Լավ, Հռոմի ստատուտն էլ վավերացրեցինք, է՞լ ինչ անենք, որ խաղաղություն լինի։ Իսկ կարող ա՞ համաձայնենք Ադրբեջանի բազմաթիվ հայցերին միջազգային ատյաններ ու մի քանի հարյուր միլիարդ դոլարի փոխհատուցում տանք։ Դե փող չունենք, որ տանք, բայց կարող ենք պարտավորություն վերցնել ու ազգովի ամեն ամիս մեր վարկերից զատ, սկսենք փակվել նաև դրա համար, կամ միանգամից դառնանք նրանց ճորտը, ինչ աշխատենք, տանք իրենց, ինչպես միջնադարում էին փոքր ժողովուրդները գոյատևում։ Նրանք գրավել են մեր հողերը, մեր ժողովրդին կոտորել ու մեզանից փոխհատուցում են պահանջում, դե որովհետև մեր էս ջահել, դուխով իշխանիկները․ արա դե շատ դուխով են է, Պուտինին են հեսա բռնելու էն իրանց բերետներով։ Էդ փոխհատուցման մասով էլ, Նիկոլենք կասեն դե ոչինչ, կաշխատենք կփակվենք․ որ հիմա 11 մլրդ դոլար պետական պարտք ունենք, ո՞ւմ է խանգարում։ Դա ավելի՞ կարևոր է, քան մեր ինքնիշխանությունը։
Ժողովուրդ, սա աքսիոմա է․ քանի տալիս ես, պատրաստ ես, չես պայքարում քո ունեցածի համար, հանձնում ես ու հանձնում, հույս ունենալով որ մի օր գլխիդ չեն խփի, պարտադիր, հա՛մ խփելու են, հա՛մ ուզելու են ավելին ու ստանալու են, քանի չես դիմադրում։ Նրանք ուզում են, որ դու այստեղ չապրես․ իդեալական կլիներ իրենց համար, որ ընդհանրապես չապրեիր, բայց որ որոշել ես ի հեճուկս թուրքերի և Նիկոլի, ապրել, ուրեմն՝ ոչ Հայաստանում․ իսկ եթե Հայաստանում՝ ուրեմն որպես օրինակ՝ ստրուկ։ Քո թշնամին միայն էն ժամանակ է սսկվելու, երբ դու ուժեղ ես, կամ ունես ուժեղ ընկերներ։ Բայց չէ՞, որ մենք դուխով ենք, ՔՊ-ականների դուխով դեմքերին նայեք՝ հերիք են, մեզ ուժեղ ընկերներ էլ պետք չեն, մեզ ընդանհրապես ընկեր պետք չէ, ընկերների հետ պետք է ընկերություն անես, չքցես, չվարկաբեկես, ազնիվ լինես, ծանր գործ ա, հո Արցախ հանձնել չի՞, որ կոշկակարի բուդկի պես փակես, հանձնես։
Կարճ ասած՝ Լևոնն ասում էր՝ Սերգո ջան, քանի հարցը չի լուծվել, լավ չես ապրելու․ Սերգոն հոգին ավանդեց Ղարաբաղը տալու ընթացքում, բայց մյուսները լավ կապրե՞ն։ Քանի Հայաստանում այս իշխանությունն է, մոռացեք ու մոռացեք խաղաղության մասին։ Իրականում այդ խաղաղության ժամանակները 1994-2018 թվականներն էին․ այն արդեն անցել է։ Իրականում մենք շատ մեծ գին ենք վճարում մեր երկրում Նիկոլ ունենալու ու նրանից չհրաժարվելու համար։ Մենք դրա համար վճարել ենք մեր խաղաղությունն էլ, ինքնիշխանությունն էլ։ Այս ամենում ամբողջ զավեշտը գիտե՞ք որն է՝, որ սա ընդամենը մեկ հոգու և նրա խմբակի իշխանության մնալու համար է, ՔՊ թիմի կյանքի երազանքի համար է։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը