Ցանկացած մրցակցություն կազմակերպելու մեջ ամենակարևորը արդարության սկզբունքն է, արդար, հավասար պայմանների ապահովումը։ Դա կլինի ընդունելության քննություն, օլիմպիադա, գեղեցկության մրցույթ, Երևանի ավագանու ընտրություններ, թե այլ բան․ եթե չկա արդար մրցակցություն, ուրեմն կեղծված են ի սկզբանե։ Մրցակիցները հնարավոր է նաև օրենքով արգելված, անգամ պատժելի զանազան քայլերի գնան հաղթելու համար․ բայց այդ գործընթացի կազմակերպիչների պարտավորությունը գործընթացն արդար կազմակերպելն է և հետևելը։
Մի քանի օրից Երևանի ավագանու ընտրություններ են, ու բազմաթիվ ահազանգեր կան հենց անարդար մրցակցության մասին․ ահազանգերը այն մասին են, որ իշխանության թեկնածուի օգտին վարչական ռեսուրսի անխնա կիրառում է։ Ահազանգեր այս ընթացքում շատ ենք լսել՝ փողով քարոզչությանը շահագրգռելու, քրեական տարրերի գործի դնելու, թաղապետարանների կողմից սոցիալական օգնություններ բաժանելու և այլնի մասին․ դրանց չեմ անդրադառնում, քանի որ ահազանգերի իսկությունը պետք է պարզի իրավապահ համակարգը․ բայց օրերս նաև հրապարակվեց փաստերով լի մի տեսանյութ, որը կարելի է համարել սկանդալ։ Ակտիվիստ Արթուր Չախոյանը սեպտեմբերի 7-ին մասնակցել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում իշխանության թեկնածուի հանրահավաքին, թուղթ ու գրիչով մոտեցել է քաղաքացիներին, որոնք տարբեր պետական հիմնարկներից են եղել ու հարցրել է, թե որտեղից են, քանի հոգով են եկել։ Նրանք էլ, երևի մտածելով, որ իրենց հանրահավաքի բերողներից է, սկսել են հաշվետվություն տալ՝ 108 մանկապարտեզից՝ 35 հոգի, 106-ից՝ 12 հոգի, 163 դպրոց՝ 35-40 հոգի։ Այսինչ մանկապարտեզ, դպրոց, Կանաչապատման ՀՈԱԿ, սպորտդպրոց, գրադարան։ Ջրաշխարհի աշխատողներից մեկն ասում է՝ սաղ աշխատողներով եկել են, էն մի դպրոցի աշխատողն ասում է՝ մեր ցուցակից երկու հոգի պակաս են եկել։ Այս կարևոր նախաձեռնության հեղինակն ասում է, որ ինքը հաշվել է 778 հոգու, որ ցուցակագրված եկել են, բայց նշում է 2500-ի մասին։ Այդ տեսանյութը համացանցում է, բոլոր լրատվականներն ունեն, բացի իշխանականներից․ գտեք, դիտեք, եթե դեռ չեք տեսել, շատ հետաքրքիր է։
Մի քանի տարի հետ գնամ․ 2018 թվականին երբ իշխանություն փոխվեց, Նիկոլ Փաշինյանը երևի մի հազար անգամ թե՛ Հայաստանում բոլոր ելույթների, 2018 թվականի նոյեմբերին նախընտական քարոզարշավի, թե Հայաստանից դուրս այցերի ժամանակ հայտարարում էր, թե հեղափոխության ամենակարևոր պատգամն այն էր, որ քաղաքացու ձայնը չի կեղծվի, ոչ մեկ չի բռնանա նրա ազատ կամքի վրա, ընտրության վրա և այլն։ Ասում էին՝ մենք ՀՀԿ-ի պես բոլոր մանկապարտեզների, դպրոցների, պոլիկլինիկաների աշխատողներին չենք տանի մեր քարոզարշավներին, քաղաքացին այլևս ազատ է։ Մենք միշտ քննադատել ենք, ժողովուրդ ջան, այդ արատավոր գործելաոճը․ քաղաքացին հո կրակը չի ընկել, որ պետական հիմնարկում է աշխատում, դա իշխանությանը իրավունք չի տալիս տանել հրապարակներում մասովկա ապահովել։ Լավ չեմ հիշում, բայց կարծեմ այդ տարի Նիկոլ Փաշինյանի ընտրության համար վարչական ռեսուրս չկիրառվեց կամ դրան ոչ ոք ուշադրություն չդարձրեց։ 2018 թվականի դեկտեմբերի խորհրդարանական ընտրության ժամանակ, երբ ժողովուրդը իրականում չէր հասկացել դեռ, թե ինչ աղետի հետ գործ ունենք, ինքնակամ գնում էր քարոզչական հավաքներին։ Բայց ահա 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ իշխանության վարկանիշը արդեն այն չէր, վերականգնվեցին բոլոր վատ տեխնոլոգիաները, մի բան էլ այն կողմ անցան։ Տեսախցիկները ֆիքսում էին, որ մանկավարժական կոլեկտիվները մասնակցում են Փաշինյանի քչաքանակ հավաքներին՝ դասերի ժամանակ, աշակերտների հետ, կողքից ասում էին էդ մի ժամով դասապրոցեսը չի տուժի, Նյուտոն չեն դառնալու, ՔՊ-ն էլ ասում էր՝ երեխաները իմացել են Փաշինյանն ա՝ եկել են հետաքրքրության համար․ շաքարաքլոր ա՞, թե՞ կրկեսի աշխատող, որ սիրել են, եկել են։
Հետաքրքիր է օրերս հրապարակված սկանդալային տեսանյութի վերաբերյալ արձագանքները ու պահանջված արձագանքների բացակայությունը։ ՔՊ շտաբը դատապարտում ա նման երևույթները․ իրենց միտինգին բերվել են քաղաքացիներ՝ ըստ տեսանյութի, իրենք ասում են՝ մենք նման երևույթները համարում ենք արատավոր, եթե կան նման մարդիկ, պետք է քրեաիրավական հետևանքները կրեն։ Բա էդ ո՞վ ա բերել, հարց է առաջանում, իրենք իրենց ցուցակագրվել-եկել ե՞ն ու հաշվետվություն են տալի՞ս։ 116 մանկապարտեզի կոլեկտիվին հարցնում է քա՞նի հոգով եք եկել, պատասխանում են՝ բոլորով։ Բոլորով իսկի ծնունդ ու հարսանիք չեն գնում։ Ցանկացած կոլեկտիվ որ գնում է հարսանիք, քեֆ անելու, կազմում է ցուցակ, մանավանդ եթե մեծ է թիմը, մի քանիսը չեն մասնակցում հազար ու մի պատճառներով, էդ ո՞նց սաղ եկան։ Ես բացառում եմ, որ կոլեկտիվում կարող են բոլորը լինել ՔՊ-ականներ, իսկի կառավարութան աշխատակազմում սաղ էս իշխանության համախոհ չեն։ Հասկանում եմ, որ հաճելի ա, երբ հանրահավաքին շատ մարդ է գալիս, նկարում եք, տպավորություն է ստեղծվում, թե ձեզ հետ են, դրանք նայողն ասում է՝ դե պադերշկա ունի, կընտրվի։ Բայց դա քրեական օրենսգրքի խախտում է։ Էդ խախտմանը պարտավոր էր առաջինը արձագանքել ԿԸՀ-ն։ Էն որ Վահագն Հովակիմյանին հանեցին ՔՊ-ական պատգամավորի աթոռից ու տարան-դրեցին ԿԸՀ նախագահի աթոռին, սրա՞ համար էր, որ աչք փակի։ Ասում էր՝ ես կարամ ապահովեմ արդար ընտրություն։ Դե բա ապացուցի։
Եթե Հայաստանի Հանրապետությունը ունենար անաչառ գլխավոր դատախազ, հանկարծ կհիշեր, որ Քրեական օրենսգրքի 236 հոդվածը դեռ ուժի մեջ է։ Այն հենց հավաքին մասնակցության հարկադրանքի մասին է և սահմանված է խոշոր տուգանք, հարկադիր աշխատանք ու ազատազրկում մինչև 5 տարի։ Բա հիմա ո՞վ պետք ա նստի։ Ուզում եմ հիշեցնել, որ մի շարք ընդդիմադիրների վրա քրեական գործեր կան հանահավաքների մասնակցությանը շահագրգռելու վերաբերյալ։ Եթե հանկարծ նման բան լիներ այլոց ու հատկապես ընդդիմադիրի քարոզարշավին, հիմա ԿԸՀ-ն, վստահ եմ, ափալ-թափալ արտահերթ նիստ կաներ և կչեղարկեր այդ ուժի մասնակցությունը ընտրությանը։ Ես չեմ պնդում, թե հարկադրանքով են բերել քարոզարշավի, բայց խնդրել-աղաչելով է, թե ստիպելով, մեկ է՝ վարչական ռեսուրսի չարաշահում է։
Կրթության նախարարությունը պարտավոր է իր հերթին արձագանքել․ Ժաննա Անդրեասյանը հայտարարություն էր տարածել, թե մեր խնդիրները նրանից էին գալիս, որ նախկինում արատավոր բարքեր են եղել և կրթական համակարգը խառնել են ընտրական պրոցեսներին։ Հայտարարությունից մեկ օր հետո սա է լինում, բա բան չունե՞ք ասելու, տիկին նախարար։ Թե՞ մինչև 2018 թվականին կատարվածն էր արատավոր բարք, հիմա աստվածահաճո գործ ա՞։ Լավ դուք գոնե ամոթ չունե՞ք, մի ծպտուն հանեք, մի հայտարարություն արեք, մի հատ միջոց ձեռնարկեք, կանխեք, պատժեք, ձաաայն չկա, բոլորը զբաղվում են իրենց բարեկեցությունը դիզելով, հո երկրի, քաղաքի մասին չե՞ն մտածելու։ Էլ չեմ ասում՝ քաղաքացու։
Կարճ ասած՝ թեև այս ամենին պետք է տրվի իրավական գնահատական, բայց երբ նայում ես ովքեր են իրավական գնահատական տվողները, առնվազն թերահավատ ես վերաբերվում։ Փաշինյանի դասընկեր ոստիկանապե՞տը պետք է պատժի, Փաշինյանի նախկին օգնական դատախա՞զը, 10 պաշտոն փոխած ՔԿ պե՞տը, կոռուպցիայի կասկածով տուն ձեռք բերած կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագա՞հը։ Եվ ուրեմն եթե իրավապահ համակարգի նկատմամբ վստահություն չկա, ո՞ւմ պետք է դիմել։ Դիմում եմ քեզ՝ ժողովուրդ․ հարգելի քաղաքացի, հանրահավաքի բերման ենթարկելը քեզ չի պարտադրում ընտրություն կատարել։ Պետական հիմնարկից քո ստացած աշխատավարձը իշխանական ուժը չի վճարում, վճարում է պետությունը, մենք՝ հարկատուներս, քո աշխատանքի դիմաց և որևէ մեկը իրավունք չունի մեր վճարած հարկերը ծառայեցնել իր կուսակցությանը։ Ժողովուրդ ջան, քանի դեռ արդարադատությունը Հայաստանում չի գործում, դու ինքդ պետք է ցույց տաս, որ մերժում ես քեզ գլխաքանակ դարձնելու փորձերը։ Ու լավ կանեք, որ ձեզ հարց տաք՝ ինչի՞ համար էր 2018 թվականի հեղափոխությունը, եթե ոչ այդ բաղձալի իշխանությանը տիրանալը։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը