08 09 2023

«Կարճ ասած»․ Ինչի՞ վրա ենք հույսներս դրել



Հայաստանում անվտանգային մթնոլորտը խիստ պայթյունավտանգ է և կհամաձայնեք, որ պատճառը իշխանության քայլերն են։ Ադրբեջանը սահմանին կուտակել է բազմահազարանոց զորք ու զինամթերք։ Ի՞նչ պետք է անի Հայաստանը․ պետք է պատասխան քայլեր ձեռնարկի, դրան զուգահեռ՝ գաղտնի և նաև հրապարակային զգուշացումներ, դիմումներ հղի այն անվտանգային կառույցներին, որի անդամ է, իր բոլոր կապերը խառնի իրար․ առաջին հերթին իր ռազմավարական գործընկերներին։ Լավ, իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը հրապարակային․ նախ մինչ այս լարվածությունն էլ, առանց երկար մտածելու, չգիտենք ինչ շարժառիթներով, Հայաստանին իրապես բարեկամ ռուսների մուտքը մեր երկիր արգելում է, ՀԱՊԿ-ից հետ է կանչում Հայաստանի ներկայացուցչին և ուղարկում եվրոպական երկիր դեսպան․ լավ, կասենք, ինչ է եղե՞լ որ․ բայց ՀԱՊԿ-ում փոխանակ նույն օրը ներկայացուցիչ նշանակի, մեկ շաբաթ անց դեռ նշանակում չի արել ու կարծես չի էլ պատրաստվում։ Ցուցադրաբար արհամարհում է։ 2018 թվականից հետո, այս իշխանությունը արդեն երկրորդ անգամն է, որ այդ կառույցի հեղինակության հետ է խաղում։ Հրաժարվում է ՀԱՊԿ շրջանակներում զորավարժություններից, բայց հայ-ամերիկյան զորավարժություններ է անում ու հենց այդ ֆոնին։ Տարբերությունը մեծ է, եթե ՀԱՊԿ զորավարժություններ էլ անեին, ես ի՞նչ գիտեմ, հետները նորմալ համագործակցեին, բոլորի հետ լինեին բացառիկ լավ հարաբերություններ, էլի թող անեին, լրիվ այլ բան կլիներ։ Բայց սենց մի տեսակ այլ բան է ստացվում։ Հասկանալի է, որ էդ 80 ամերիկացու հետ զորավարժությունը մեզ օգուտ չի տա, էն էլ 15 տարին մեկ անցկացվող, բայց իր քաղաքական, հակառուսական էֆեկտն է ավելի մեծ։

Վարչապետի կինը, այն էլ այս օրերին, օգնությունն առած՝ գնում է Ուկրաինա ու սկսում է նրանց հետ հավասար սգալ։ Կին է, կարող է և սգալ, կասեք, բայց 44-օրյա պատերազմից հետո, Արցախում բլոկադայի մեջ հայտնված 120 հազար մեր հայրենակիցների, դրան էլ գումարած՝ ռուս-ուկրաինական պատերազմի էս ֆոնին, հաստա՞տ դրա վախտն էր, հատո՛ւկ է արվում, ու հենց այս ֆոնին, այս օրերին, կեզրակացնենք։

Շարժվենք առաջ․ ԱԺ նախագահ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և այլն և հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ուր կանգնում, նստում են մի գլուխ քլնգում են ռուսներին։ Ափալ-թափալ, Ազգային ժողովի վավերացմանն են ուղարկում Հռոմի ստատուտ կոչվածը, որը նույնպես այս օրերին հատկապես և առաջին հերթին ընկալվում է որպես էլի հակառուսական փաստաթուղթ։ Տեղական, բայց ռուսական մեդիայի ներկայացուցչի և հայտնի բլոգերի են ձերբակալում, որը նույնպես համարում ունի ռուսամետի։ Իսկ թշնամին զինտեխնիկա է, որ քշում-բերում է, մեր սահմանի բերան կանգնեցնում է։ Հասարակության կարծիքնը տարբեր են, շատերը տագնապում են, որոշները սարսափում, որոշները ուրախանում, երջանկանում, մեր ժողովուրդն էլ արդեն չի հասկանում ինչ է կատարվում, մեկ նրան է հավանություն տալիս, մեկ մյուսին, բայց բոլորը անհանգիստ են, դա էլ փաստ է։

Վիճակը պատկերացրեցի՞ք, չէ՞ ժողովուրդ։ Մինչև կոկորդներս վտանգի, աղետի մեջ ենք, նոր պատերազմի շեմին, թշնամին շնչում է ծոծրակներիս, ու մեր իշխանության արկածախնդիր պահվածքն էլ այս կողմից։

Իշխանությունը վերցնելուն պես, հերիք չէ ամեն բան արել ես, որ պատերազմ լինի, կամա թե ակամա, չես պատրաստվել, աքլորանալով, տարել ես պարտվելու, երբ կարող էիր՝ կանգ չես առել, հանձնել ես ինչ կար։ Հետո, փոխարենը հեռանայիր, մտածել ես մնալու, վերընտրվելու մասին, մնացել ես իշխանության, բայց Էնքան թույլ ես եղել, քո ամեն ինչով, որ չես էլ  կարողացել դիվանագիտական լուծում տալ, եղածին բերել ես նաև տոտալ բլոկադա, սով, թշնամին կուտակվել է Հայաստանի սահմանին ու սպառնումա ներս մտնել, ոչ միայն Արցախ, այլ արդեն Հայաստան։ Ու էս վիճակում ինչո՞վ ես զբաղված դու։

ՄԱԿ-ի ԱԽ նիստ արեցին, միջազգային հանրությանը դիմեցիք, նրանք էլ կոչեր արեցին, բայց ռեալ հողի վրա բան չեղավ․ ունենք չունենք, մի ռազմավարական դաշնակից երկիր ունենք, որի զորքը էս պահին Արցախում ա, դրան գումարած՝ 35 տարի հսկում ա Հայաստանի սահմանները․ ուրիշ բարեկամ էլ չի մնացել, նրան էլ դեմ ես գնում, որ ի՞նչ։ Ի՞նչ ես ուզում անես։

Ռուսաստանը, որպես դաշնակից լավն ա, թե վատն ա, մեր, կամ ձեր սրտով ա, թե ոչ՝ էսօր իր զինվորն է կանգնած հայ-թուրքական սահմանին, հայ-ադրբեջանական սահմանի վրա, Արցախում էսօր ի՛ր զինվորն ա կանգնած ադրբեջանցու ու հայի արանքը, ուրիշը չկա։ Նրա հետ էլ հարաբերությունները փչացնում ես Ալեն-մալեններով ու ձեր հիմարություններով։ Անգամ եթե ռուսի արածը քիչ է, ոչ բավարար, կամ քո սրտով չէ, մեկ է՝ ուրիշը չկա, իսկ նա կա։ Դեռ կա։ Հո երեխա չե՞ք, ոգևորվեցիք՝ Ֆրանսիայի դեսպանը հայերեն է գրել, Փարիզի քաղաքապետը նստավ ֆուռերը, հասան Կոռնիձոր, հետո՞, ի՞նչ եղավ արդյունքը։ ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստ արեց, հետո՞․ անգամ հայտարարություն չընդունեց։ Արդյունքն այն է, ինչ կար մինչ այդ, այսինքն՝ էլի մնացել ա ռուսական զորքը ու էսօր, որ Արցախում բառի բուն իմաստով ցեղասպանություն տեղ չի ունենում, նրանց շնորհիվ է, բա էլ ու՞մ։ Նիկոլի դիվանագիտությա՞ն, Ալիևի խաղաղասիրությա՞ն․ ո՛չ, հենց նրա շնորհիվ, որ այդտեղ խաղաղապահ է կանգնած, գերտերության խաղաղապահ։

Հաթաթաներ եք տալիս, անընդհատ մուննաթ, ինչոր բաներ եք սպառնում, հույսներս ի՞նչն է էլի, ո՞վ է, կարո՞ղ եք բացատրել։ Պատերազմի միջով անցանք, ո՞ր մի երկիր ուղիղ դատապարտեց Ադրբեջանին, սանկցիաներ կիրառեց, պատժամիջոց-բան, այնպես ինչպես հիմա է անում Ռուսաստանի նկատմամբ։ Բա ինչի՞ չեն արել, անում։ 9-10 ամիս է՝ 120 հազար Արցախի հայ բնակչություն զրկված է տարրական պարենից, դեղորայքից, ամբողջ աշխարհը ինչ-որ կոչեր է անում ու վերջ․ ու վերջ, ժողովուրդ։ Ադրբեջանի խաթրին ոչ մեկ չի կպնում, ոչ մեկ մեզ չի պաշտպանում, նրանց չի պատժում, որովհետև բացի խոսքերից, իրական հողի վրա գործողություն անող չկա, ո՞նց բացատրեմ։ Միջազգային հանրություն կոչվածը, միացյալ արևմուտք կոչվածը ցույց ա տվել, որ աշխարհի ամենաբարձր շենքից թքած ունի Ղարաբաղի բլոկադայի վրա էլ, Հայաստանի սահմանների վրա էլ, հնարավոր պատերազմի վրա է։

Ու հիմա փոխանակ ամեն ձևով սերտ հարաբերություններ ունենաս մի երկրի հետ, որը միակն է, որ գործնականում հողի վրա կողքներս կանգնած է, էս ի՞նչ են անում սրանք ու ամենակարևորը՝ ինչո՞վ է մտածում քաղաքացին, որ այդ աքլորություններին հավանություն է տալիս, այ էդ չեմ հասկանում։ Սրանց ասածները, արածները, երկիրը վարի տալը և այլն, այլ կատեգորիաներով կարող է հասկանալի լինել, եթե հավատանք, որ տարատեսակ խոսակցությունները ինչ-որ պլան կատարելու մասով ճիշտ են․ բայց սովորական սոցցանցի օգտատերը ի՞նչ է մտածում, որ հավանումներ է անում, ուրախանում է, չեմ հասկանում։ Էս օրերին, հակառուսական ուղերձներով մեծ հարցազրույց է տալիս, այնտեղից արձագանքն էլ չեղած, մի հատ էլ Ազգային ժողովի Ալենն ա աքլորանում։ Մյուս օրն էլ, Նիկոլը կնոջն ուղարկում ա Կիև, գնում էլի հակառուսական շոուի ա մասնակցում, ուկրաինացի երեխեքի համար ողբում ա։ Ինչ-որ չեմ հիշում Ղարաբաղի կամ մեր զոհված երեխեքի ու զինվորների համար լաց եղած լինի։ Հակառակը, զոհվածների ծնողներին հավաքում էր, քեֆ էր անում, ասում էր հերիք է, կյանքը շարունակվում է, մոռացեք վիշտը։

Որ պետական կամ իշխանականների եթերը նայում ես, մի կեխտ ա, որ լցվում ա ռուսների վրա․․․ Ու էլի եմ ասում, ամենից տարօրինակը, մարդիկ կան, որ հավանում են, լայքում, գրառում անում, թե՝ այո՛, դրանց տենց էլ պետք ա, ապրի Ալենը, Աննան։ Ես, իհարկե, տեսնում եմ, որ մեծաքանակ ֆեքեր են հենց այդ տեքստերով լցվել դաշտ, գիշեր-ցերեկ գրում են ու գրում, գրագետ- անգրագետ, բայց այդ գժանոցի հետ միասին մեկ-մեկ էլ հանդիպում եմ ռեալ մարդկանց, որոնք ո՛չ իշխանություն են, ոչ էլ էն հայտնի սորոսականների թևերից ու փոխարենը ասեն՝ դուք հո գիժ չե՞ք, դնում մի ավել բան էլ իրենք են գրում՝ առանց հասկանալու, խորանալու։

Հասկանում եմ, այս ֆոնի վրա ոչպոպուլյար բան եմ ասում, բայց մեկը չկա հարցնի, այ սրիկաներ, էդ հույսներդ ինչի՞ վրա է էս մեր է՛ս հալներիս․ լինելուվ մեր բոլորիս պատասխանատուները, ռուսներին որ անպատվում եք, հայհոյում, ինադ եք անում, իսկ ի՞նչ եք ուզում անեք, եթե հենց վաղը պատերազմ է սկսում։ Այս հարցն ուղղում եմ այդ պրովակացիա անողներին, նրանց, ովքեր հասարակ ու ոչ հասարակ մարդիկ են, բայց էդ պոստերի տակ լայքեր ու քոմենթներ են անում․ իմանանք էլի, ձեր կարծիքով, մեր հույսը ինչի՞ վրա է։

Մի հարց էլ տամ, ո՞վ ա ձեզ իրավունք տվել սահմանին կանգնած մեր զինվորի, Ղարաբաղում 120 հազար սոված մարդկանց կյանքի հաշվին սենց արկածախնդրություն անեք՝ հետևանքները առանց հաշվի առնելու։ Էն հակառուս գործիչները որ կան, Արևմուտքից փող ստացողները, հասկանում եմ, իրենց փեշակն է, դրանով են տարիներով փող աշխատում։ Բա մնացածը՞։ Կոչ եմ անում բոլորից պահանջել բացատրություն՝ Ալենը, որ տենց պոռոտախոսում է, ո՞ւմ կյանքի հաշվին է, ո՞ւմ ապագայի հաշվին է։ Մեր կյանքերի հաշվին դուք մունաթ եք գալիս էն երկրի վրա, որի զինվորը կանգնած է մեր ու մեր թշնամու արանքո՞ւմ։ Ասում ա այ ռուսներ, թե չեք կարում, ասեք չենք կարում։ Ժողովրդական մի ասացվածք կա՝ Աքլորի վերջը հարիսան է։ Բայց վախենամ, սրանք մեզ են դնելու էդ հարիսացու աքլորի վիճակում։

Ասենք վաղը ռուսներն ասեն՝ դե որ չեք ուզում, հարգում եմ ձեր որոշումը, խաղաղապահին հանում եմ Արցախից, զորքը հանում եմ Երասխից, ու հայ-ադրբեջանական գոտիներից, ռազմաբազան հանում եմ, միջնորդ էլ չեմ լինելու, թող Թուրքիան լինի, գնում եմ, ի՞նչ եք անելու, էլի ուրախանալու՞ եք։ Ասել ես ժողովուրդ խաղաղության դարաշրջան եմ բացում, չի եղել, ասել ես խաղաղության պայմանագիր եմ կնքում, չի եղել, ասել ես ԵՄ դիտորդներ եմ բերում սահմանը հսկեն, որ խաղաղ լինի, մեռան կրակելով ու սպանելով, ասել ես դե որ տենց ա՝ ՄԱԿ խաղաղապահներ եմ կոչ անում գան, չեն եկել, անգամ չեն էլ քննարկել, ամեն տեղ ձախողվել ես, էս մի տեղն ա մնացել։

Սաղ աշխարհի դեմ էսօր պատերազմում ա Ռուսաստանը, կարողանում ա բոլորին պատասխանել, սրանց երեկվա սերիալի երկու կոպեկանոց դերասանն ասում ա՝ այ ռուսներ, թե չեք կարում, ասեք, սա ձեր պարտավորությունն ա։ Ասենք որ Զախարովան կամ մյուսները Ալենի մակարդակով իրեն չեն պատասխանում, մեզ թվում ա, թե տենց դուխով ա, որ ում ուզում շշպռում ա, ո՞ւմ հաշվին, ո՞ւմ երեխու, կասե՞ք։ Որ Երևանում 30 թիկնապահներ ձեզ ժողովրդից պաշտպանում են, էդ թիկնապահները միջպետական հարաբերություններում, պատերազմի դեպքում մեզ էլ ե՞ն պաշտպանելու։ Դուք էլ, ժողովուրդ, էդ հակառուսական հարցազրույցների տակ հավանելու նշաններ եք դնում, հիմարությունները հավանում եք, որ ի՞նչ։ Նիկոլի ու Ալենի խելքին եք ընկե՞լ․ կորած մարդիկ են, առանց ապագայի։ Վրաստանը էնքան լավ հասկացավ, որ դա իր խաղը չէ ու ամեն ձև փորձում ա դուրս գալ էս նեղ մաջալին Ռուսաստանի դեմ էլ ավելի թշնբամանալու պարտադրանքից․ Վրաստանը, որ Ռուսաստանի հետ ոչ բարեկամ ա։

Էն որ ասում եմ չեն հասկանում պետությունն ինչ է, հենց էստեղ ա․ Նիկոլն ասում է՝ մենք պետք է լավ հարաբերություններ ունենանք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Ասում ենք հա, ունեցի՝ առանց մեր երկրի շահերը զիջելու, առանց կզելու։ Բա պետք է բոլորի հետ էլ լավ հարաբերություն ունենաս․ սա ոչ մեկի հատ լավ չի կարողանում լինել, բայց լավ կապերն էլ քանդում է, գլխներիս թշնամիներ հավաքում։

Կարճ ասած՝ ժողովուրդ, էս ամենը, որ ասում եմ, ռուսների մասին չեմ մտածում, իրենք ինչ կանեն, իրենց հարցերը ոնց կլուծեն, մեծ երկիր է, իմ գործը չէ․ ես մե՛ր մասին եմ մտածում, մենք բոլորս, մտածում ենք նրա մասին, որ երկիր մնա, մենք այս երկրում մնանք, անվտանք լինենք։ Բնականաբար, չենք ուզում, որ էս գրին քարտ ունեցող իշխանությունը մեր կյանքի հաշվին իրենց պուլտով կառավարողների թելադրանքով մեր երկիրը վարի տա։ Մենք քաղաքացի ենք, որը նաև զինվոր է, այս երկրում է ապրում, ունի ընտանիք, երեխաներ ու մտածում է ապագայի մասին։ Ու բացատրություն է պահանջում, թե էս ուր եք տանում էս փոքր երկիրը ձեր չեղած խելքով։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ