Լրանում է մեկ շաբաթը, որ Սոթքում տեղի ունեցավ թշնամու ագրեսիան, որին զոհ գնաց 3 հայ զինծառայող, վիրավորվեցին երկուսը։ Մեկ շաբաթ ոչ մի ծպտուն Նիկոլ Փաշինյանից չէր լսվել։ Դպրոցներ է գնացել, Գյումրի է գնացել, կատակներ է արել, կերել-խմել է, քարոզարշավ են արել, բայց որ մեր երկրի դեմ ագրեսիա էր, իր համար կարմիր գիծ հռչակած 29․800 քառակուսի կիլոմետրի վրա հարձակում էր, ոչ մի ծպտուն։ Որևէ երկրի վրա կրակոց է լինում, էդ երկրի ղեկավարը կիսատ է թողնում պաշտոնական այցը, հետ է գալիս, մեր երկրի վրա կարկոց է, մեր զինվորներին սպանում են, վարչապետը գնում է աշակերտական հանդեսի։ Անվտանգային հարցերին նա արձագանքում է շաբաթը մեկ անգամ՝ կառավարության նիստի մեկնարկին՝ թղթից կարդալով մի երեք-չորս րոպե։ Ասելիքն էլ, ախր, բանի նման չէ․ ասում է՝ Ադրբեջանում հայատյացությունը հասել է շատ բարձր մակարդակի, թշնամին շատ զորքեր է կուտակել, Արցախում արդեն ծայրահեղ է վիճակը, բայց ես դրանց չեմ արձագանքի, թող միջազգային հանրությունը արձագանքի, ես վազքի վարչապետի գավաթ եմ անում, վոլեյբոլի վարչապետի գավաթ եմ անում, լողի գավաթ եմ անում, ուտելու գավաթ կանեմ։ Իր օրակարգը խաղաղության օրակարգ է կոչվում, թեկուզ՝ ամեն բան կապիտուլացնելու միջոցով։
Հայաստանի կառավարությունը այսօր հայտարարել է վարժական երկամսյա հավաքների մասին՝ հոկտեմբերից դեկտեմբեր․ դրա անունը դրել եմ պոտենցյալ զոհերի, գերիների հավաք։ Ինչու։
Օրերս, երբ Նիկոլ Փաշինյանը Մարտունիում իբր պատահական հանդիպել էր զինծառայությունն ավարտած և տուն վերադարձող երիտասարդին, ասացի, որ մեր տղերքը զինծառայությունը պրծնում են, բայց քեզնից չեն պրծնում, որովհետև կարող է մի օր կանչես, ասես` արի գնա մեր նոր Սարդարապատում կռվի, էնտեղից կամ կթողnես տանեն Բաքու, կամ` ուղիղ Եռաբլուր։ Սոթքի հատվածում սեպտեմբերի 1-ին զոհված մեր երեք զինծառայողներից երկուսը՝ Անդրանիկ Անտոնյանը և Արսեն Մկրտիչյանը, այդ բախտին արժանացան։ Նրանք վարժական հավաքի մասնակից էին։ 37-ամյա Արսեն Մկրտիչյանը երկու անչափահաս դուստր ուներ, երրորդին էին սպասում։ 36-ամյա Անդրանիկ Անտոնյանը ամուսնացած էլ չէր։ Շուրջ 20 տարի առաջ ծառայել-ավարտել էին, կառավարությունն ասաց՝ եկեք գնացեք մեկ ամիս ծառայեք, էլի հետ կգաք ձեր գյուղատնտեսությունը կշարունակեք։ Զոհվեցին։ Երևի հավատացել էին խաղաղության դարաշրջանին։ Արսեն Մկրտիչյանը, արցախից էր, նրա հայրենի հողերը հանձնել են, իրեն էլ տարան զոհեցին։ Մի կես ամիս առաջ էլ հայտարարեցին, որ վարժական հավաքի մասնակիցը մոլորվել է ու անցել թշնամու դաշտ։ Հիմա գերի է պահվում այնտեղ։ Պատերազմից հետո հայկական կողմից բազմաթիվ այսպես ասած՝ մոլորվելու դեպքեր են ի հայտ եկել։ Նույն տարածքներն են, նույն տեղանքը, էսքան ժամանակ ինչի՞ չենք լսում ադրբեջանցիների մոլորվելու մասին, տպավորություն է թե բռնում ու էլի հետ եք ուղարկում։ Էս ի՞նչ բարդակ ա ժողովուրդ․ 22 միլիոն դոլար տալիս են, որ մի շենք առնեն դեսպանի համար օֆիս, բայց ինչ-որ բավարար գումար չեն տալիս, որ կահավորեն սահմանը, որ զինվորն իմանա էդ կողմ անցնի, թե չէ։ Զինվոր էլ չէ, վարժական հավաքի մասնակից, որն անգամ չգիտի ու պարտավոր էլ չէ իմանալ, թե մեր դիրքը որտեղ ա ավարտվում։
Հիմա հարց եմ տալիս՝ ինչո՞ւ սահմանին զոհվեց վարժական հավաքի մասնակից, ի՞նչ գործ ուներ նա սահմանին։ Ի՞նչ տրամաբանությամբ եք կառավարության որոշումը կայացրել, որ 20 տարի առաջ զինվորական ծառայությունն ավարտածին կարելի է տանել, 1 շաբաթ մի քիչ բան սովորeցնել ու 15 օր ուղարկել սահման։ 20 տարի առաջ ծառայությունն ավարտածը հավասար է նույն նորակոչիկին․ նորակոչիկին 7 օր հետո չես հանում պոստ, չէ՞։ Բա ո՞նց ես մարդուն 7 օր պարապելով՝ հանում թշնամու դեմ։ Անունը դրել են ռազմական հմտությունների կատարելագործում։ Կատարյալը անթերին է. 7 օրով ո՞վ է դառնում անթերի, դուք իսկի 5 տարում բան չսովորեցիք, էդ տղերքը 7 օրում էտ ի՞նչ պետքա սովորեին, որ տենց արխային ուղարկում եք սահման։ Կառավարության հիմնավորման մեջ գրված է՝ անհրաժեշտություն է զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորայիններով։ Այ կառավարման համակարգի քաոսային վիճակը հենց դրանով է պայմանավորված, սրանք էլ իրենց անփորձ հալով ամեն ինչ վարի տվեցին։ 5 տարի երկիր եք կառավարում, հլը ոչ մի բան չեք հասկացել, բացի փող աշխատելու տեղերից, 10 օրում զինվորի կատարելագործու՞մ է լինում։ Ընդ որում, ասում են, լրիվ ուրիշ մասնագիտությամբ մարդկանց լրիվ ուրիշ տեղ են տանում։ Շատ էլ որ ահազանգերը չենք գրում, ասում ենք մեր բանակին ա վերբերում․ դուք գիտե՞ք քանի վարժական հավաքի մասնակից ա ազահազանգում, որ ինքը ռազվետչիկ ա, լեզուների թարգմանիչ ա, կապավոր ա, բայց անկապ տանում են դնում ոչ մի բանի վրա։ Մի օր էլ հայտարարեցին, որ գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ եռամսյա վարժական հավաքի մասնակից Ատոմ Հարությունյանը, 44 տարեկան ջահել տղա․ էդ ո՞նց եղավ, մարդ չի հասկանում։ Որ տանում եք, առողջությունը ստուգում ե՞ք, թե չէ։ Հետաքննություն էիք անում, ի՞նչ պարզեցիք։ Էդ ձեր սորոսական հկները ուրե՞ն բա, իրավունք-բան էլ պետք չի՞ պաշտպանել։ Այ հա, արդեն էլ ՀԿ չեն, կառավարությունում են նստած։
Էս պատկերն ունենալով էլ, կառավարությունն ասում է՝ վարժական հավաքները բխում են զիված ուժերի բարեփոխումների ռազմավարությունից։ Կարո՞ղ եք ասել, մեկ շաբաթում 8 զոհ տված ՊՆ-ի բարեփոխումների ռազմավարությունը դա չէ՞ր։ Էդ չե՞ք։ Պաշտպանության նախարարության կայքն ես բացում․ օգոստոսի 26․ հոսանքահարման հետևանքով մահացել է զինծառայող Շավարշ Ակինյանը։ Օգոստոսի 27․ բանակում բարդակի արդյունքում զոհվել են Արտյոմ Հայկազյանը և Արմեն Խաչատրյանը: Սեպտեմբերի 1․ թշնամու ագրեսիայի հետևանքով զոհվեցին Անդրանիկ Անտոնյանը, Արսեն Մկրտիչյանը, Վաչագան Վարդանյանը։ Սեպտեմբերի 2․ ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհվեցին զինծառայողներ Արման Բաբաջանյանը և Արթուր Պողոսյանը։ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթում մի տարվա զոհ է տվել, էն ժամանակվա համեմատ։ Իսկ մեկ տարին չլրացած՝ այս տարվա կեսին դեռ, արդեն շուրջ 60 զոհ։ Պաշտպանության նախարարության կայքում իրար հետևից՝ «ցավակցում ենք», «կիսում ենք կորստյան վիշտը», «Ադրբեջանը կրակել է», «զինծառայողը մոլորվել է և անցել թշնամու դաշտ», «կիսում ենք կորստյան վիշտը»․․․ Լավ է՝ գոնե հայ ամերիկյան զորավաժությունների լուրը հայտնվեց, թե չէ մենակ սուգ ու վիշտ է Սուրեն Պապիկյանի կայքում։
Ու հիմա, երբ սահմաններին ահավոր վիճակ է, իսկ բանակում պարզ չէ՝ ինչ է, Փաշինյանը հայտարարում է, թե մասնակցեք «Պաշտպան հայրենյաց» ծրագրին, 5-600 հազար դրամ աշխատավարձ ստացեք։ Իսկ նրանք ունե՞ն երաշխիք, որ ողջ կմնան, որ բարձր աշխատավարձ ստանան։ Գիտե՞ք բանը որն է, որ զոհերի հարազատներն ամեն մեկն իր ցավն առել՝ սգում է, բայց նրանք պետք է գային կառավարության դիմաց, բռնեին պաշտոնյաների վզներից ու չասեմ ինչ անեին։
Փաշինյանը Մարտունիում իրեն փիար էր անում, ասում էր՝ դիմավորեցի հայրենիքի նկատմամբ պարտքը կատարած զինվորի․ բա պարտքը կատարելու ընթացքում կյանքը կիսատ թողածի հուղարկավորություններին ինչի՞ չես գնում։ Հայաստանի պաշտպանության նախարարը իրենց պատճառով զոհված ո՞ր զինվորի հուղարկավորությանն է մասնակցել։ Մարդը իր համար իր այգում գործ էր անում, ասացին արի գնա վարժական հավաքի մասնակցի, հետո զանգեցին ասեցին եկեք դին տարեք․ պետությունը բան չունի՞ անելու։
Քա՞նի երեխա դեռ պետք է որբանա Նիկոլի «խաղաղության դարաշրջանի» պատճառով։
Կարճ ասած՝ Նիկոլը իր օրերի դիվանագիտության մասին ճիշտ ա բնորոշում՝ ինչ-որ երկրի բուլվարում իշաոտնուկի վրա նստած, հայկական դրոշն էլ ձեռքը։ Բայց խոսքը միայն դիվանագիտության մասին չէ, կառավարության մասին է ամբողջությամբ, արտգործնախարարության, ու հատկապես՝ պաշտպանության նախարարության մասին է՝ ինչ-որ երկրների բուլվարում պպզած՝ քաղաքական ողորմություն խնդրելիս։ Այն, ինչ անում եք մեր երկրի, բանակի ու զինվորի հետ, հենց էդ իշաոտնուկի քաղաքականությունն է։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը