03 08 2023

«Կարճ ասած»․ Իսկ դու ի՞նչ ես արել, որ էդ զինվորը ողջ-առողջ տուն գա, բացի խանգարելուց



Օրերս Գեղարքունիքի մարզ այցելած Փաշինյանը ֆեյսբուքում գրեց․ «Վարդենիսի ճանապարհին ականատես եղա Հայրենիքի հանդեպ պարտքը կատարած զինվորի տուն վերադարձին»։ Ու տեսանյութ է, որտեղ փաթաթվում է զինվորին, դհոլ-զուռնա, տաշի-տուշի, ինչ-որ նվեր է տալիս։ Սա էլ օգտագործեց փիարվելու համար։ Նախ փորձեցի ճշտել, ասում են, որ այն տեղի է ունեցել Մարտունիում, և նշում են, որ այդ հանդիպումը կազմակերպել էին տեղի իշխանությունները։ Ցինիզմը այդ փիարն էր ու Փաշինյանի ձևակերպումը՝ «Հայրենիքի հանդեպ պարտքը կատարած զինվորի տուն վերադարձ»։ Այո, զինվորը հայրենիքի հանդեպ կատարել է պարտքը, այն էլ այս ծայրահեղ պայմաններում․ իսկ դո՞ւ այդտեղ ինչ գործ ունես։ Արդյո՞ք դու, որպես իշխանության ղեկավար, արել ու անում ես հնարավորը, որ զինվորը կարողանա հայրենիքի հանդեպ պարտքը կատարի նորմալ, որ նրա խնդիրը լինի մենակ սահմանը, որ հիմա էլ փիարվում ես։

Ծնողները հազար չարչարանքով մեծացնում են, ուղարկում են բանակ, գիտակցումով, որ այո՝ Հայրենիքին պարտք կա տալու։ Մյուս կողմից էլ, իհարկե, մեզ չխաբենք, միշտ էլ զինվորի ծնողը տանից ուղարկել է էլ բատինկա, տո ֆորմա, տուլիկ․ բայց դուք ասեցիք վերջ, էլ չի ուղարկելու, ու հիմա անգամ տանից տաք շոր են ուղարկում, ամեն սահման բարձրանալիս սնունդ են ուղարկում։ Համացանցը լցված է կադրերով, թե ինչ պայմաններում են ապրում, որտեղ են քնում, որովհետև կահավորված զորամասերը հանձնել ես թշնամուն, հետ քաշել, բերել ես ինչ-որ վրաններում ես պահում։ Խեղճ երեխեքը, նրանց ծնողները, վախը սրտներում երկու տարի գլորում են, ծնողները սպիտակում են էդ երկու տարում, 10 տարի է թվում իրենց համար, մինչև հասնում են տուն, ու հաշվում են, որ բանակից պրծավ, բայց քեզնից չի պրծել, որովհետև ամեն վայրկյան կարող ես ասել արի գնա մեր նոր Սարդարապատ, տանես ու էնտեղից բերես միանգամից Եռաբլուր կամ Բաքվի բանտ։

Էսօր հայտարարում է՝ ես հասկացա Ալիևի հարցազրույցից, որ Բաքուն ուզում է խաղաղության պայմանագիր ստորագրել, բայց այնպես, որ հետո էլի Հայաստանին տարածքային պահանջ ներկայացնի։ Վայ քո, մտածում եմ, էս իբր նոր ա՞ հասկանում, բա էդ քո ընկերը մեռավ ասելով, իրենց լրատվական դաշտը մեռավ ցույց տալով Հայաստանը Ադրբեջանի մեջ էլ քարտեզներ, էլ եսիմինչ․․․

Հիմա ի՞նչ, այսինքն, քանի Նիկոլն ա, էդ հետ եկած զինվորին, էլի նիկոլաարծրունական Սարդարապատնե՞ր են սպասվում․ բա ասում էիր որ Քոչարյանը գա՝ պատերազմ կլինի, ինձ ընտրեք խաղաղություն բերեմ․ է՞ս ա քո խաղաղությունը, էս սողացող նվաստացում ու ստորացու՞մը, էս զոհեր, գերիներ ու անդադար հանձնվող Հայրենի՞քը։ Ի՞նչն ես փիարվում։

Ուղիղ հարց եմ տալիս․ էս քպական կառավարությունն արդյո՞ք զինվորի նկատամբ իր պարտքը լիարժեք կատարում է, արդյո՞ք հարգանք ցուցաբերում է զինվորի ու նրա ծնողների նկատմամբ։ Պատերազմում ոտքերը կորցրած զինվորի հաշմանդամության կարգը իջեցնում եք, որ թոշակից կտրեք։ Դեպուտատդ ասում ա հաշմանդամ էլ մեռնելու են, ինչի՞ եք իրենց վրա փող ծախսում։ Էս ա հարգանքը ձեր։ Սպադ զոհվում ա, ընտանիքին բանի տեղ չես դնում, պատերազմից մի տարի հետո ասում ես կգաք մի հատ «Մարտական ծառայության» մեդալ կտանք կգնաք։ Է բնականաբար՝ հրաժարվում են մեդալից, որովհետև հարգանքը մեդալի մեջ չէ։

Հարգանք կլիներ էն, որ քո ԱԺ նախագահին ռադ անեիր պաշտոնից, երբ ասաց, թե գերի ընկած զինվորներն արդեն ձեզ համար գոյություն չունեն։ Հարգանքը էն կլիներ, որ քո ձախողումներն արդարացնելու համար ողջ ու նահատակված զինվորներին պարտության մեղավոր չհռչակեիր, կինդ դասալիք չասեր․ հարգանք կլիներ, որ զոհվածի մորը չասեիր քո տղեն Ղարաբաղում ծառայելով՝ Ադրբեջանում ա ծառայել ու հենց-նենց զոհվել ա։ Տարածք էիք հանձնում ու էդ հանձնված տարածքում զինվոր էիք տանում, գերի տալիս, հիմա երես ունեք, կանգնում էդքանից հետո փիարվում ե՞ք։

Զինվորի ես փաթաթվո՞ւմ․ էդ զինվորի զոհված ընկերների դիերը լցրել էիք տոպրակների մեջ, նկուղներում նեխում էին։ Պատերազմից երկուսուկես տարի անց տղու դիակը պահում էիք դիահերձարանում ու մորն ասում էիք՝ անհետ կորած է։ Ասում էիր սրանից հետո էնպես կանենք, որ ամեն զինվորի մահվան հանգամանք կբացահայտվի։ Լո՞ւրջ։ Դու մեր զինվորին սովորեցրել ես իր ծառայակից ընկերոջը կորցնելուն։ Դու զինվորին սովորեցրել ես մահվան։ Մենք ընդհանրապես, վարժվել ենք մահվան մասին լսելուն։ Անգամ քո պաշտպանության նախարարն ասում ա մեր բանակն էնքան ուժեղ էր, որ կարող էր իրենից 3 անգամ ուժեղ բանակների հաղթել։ Էս ի՞նչ արիր բանակի հետ։ Տղերքին դրիր հողի տակ, հետո էլ քո ընտանեկան թերթը սկսեց գովազդել QR կոդով գերեզմանաքար, որ վրան պահեն ու իմանան զինվորի պատմությունը։ Իսկ դրա մեջ գրվելու է՞, թե ով տարավ մատաղ արեց։ Չէ, իսկականից, ամենակարևորը չի՞ գրվելու։

Պարտքից ու հարգանքից դուք մի խոսեք, դրա իրավունքը չունեք, երբեք չեք ունեցել ու չեք էլ ունենա։ Սահմանը հարյուրավոր կիլոմետրով երկարացրել ես, ամեն զինվորիդ հասնում ա կես կիլոմետրանոց սահման ու աչքալուսանք ես տալիս, որ կարող եք 24 միլիոն մուծել ու ազատվել բանակից, ով ունի փող կարող է վճարել, որ բանակ չգնա, իսկ աղքատները իրենց փոխարեն կծառայեն։ Սարքում ես միայն աղքատների բանակ։ Սա հենց հարգանքի բացակայությունն է զինվորի նկատմամբ։

Զինվորի, պաշտպանության, բանակի վարկաբեկումն էն ա, որ չստացված քաղաքապետին նշանակում ես պաշտպանության նախարարի տեղակալ: Էսօրվա քո որոշումը խայտառակություն էր բանակի նկատմամբ։ Չնայած եթե Պապիկյանը նախարարն ա, դու գերագույն գլխավորը, Հրաչյան էլ կարող է դառնալ գենշտաբի պետ։ Բայց ուրեմն էլ մի խոսեք հարգանքից, որովհետև բանակը հարգող մարդը, զինվորին հարգող մարդը սենց նշանակումներ չէր անի։ Պաշտոնի դիմաց կեղծ ցուցմունք տվողին պաշտպանության նախարար էիք նշանակում, ոստիկանին պաշտպանության փոխնախարար ու բնական է, որ ունենալու ենք էսօրվա էս վիճակը։ Հենց-նենց տեղը տասնյակ զինվորներ են զոհվում ու նախարարդ անգամ հրաժարական չի տալիս, էլ չեմ ասում մի հատ քննվի, կարող ա հենց իր ոչ կոմպետենտության պատճառով ա։

Զինվորի համար անարգանք էր այն, որ եկաք, քանդեցիք, քանդելուց հետո էլ ասացիք, թե բա 30 տարի բանակ չենք ունեցել․․․ արա ո՞նց չենք ունեցել, բա զաթո բանակ ենք ունեցել, էնել մեր համար մեկ հպարտությունն ա եղել, եկած չեկած, դրիք հերն անիծեցիք, հիմա էլ թե չենք ունեցել։

Ուզում եմ իմանալ՝ դու ի՞նչ ես արել զինվորի համար, որ փիարվում ես։ Իսկ դու՛, Հայենիքի առաջ իր պարտքը տված զինվորի առաջ, քո՛ պարտքը, պարտականությունը տվել ե՞ս։ Թե՞ պարտքն էն ա, որ գնում գերեզմաններին չոքում ես ու աչքի տակով նայում քեզ նկարող սարքերին։ Զինվորի նկատմամբ հարգանք էն կլիներ, որ պատերազմում զոհվածների անունները թաքցնելու փոխարեն հրապարակեիր, շտեմարաններ սարքեիր, ամեն օր հեռուստատեսությամբ հաղորդաշարեր անեիր, որ ժողովուրդը, դու ու քո թիմակիցները տեսնեին, թե ում չապրած կյանքն են ապրում։ Զինվորի մորը քարշ ես տալիս տղու շիրիմի մոտից, կալանավորում ես, գործ ես սարքում գլխներին, հետո գնում փաթաթվում ե՞ս։ Լավ իսկ գոնե գիտե՞ս, թե ինչ բարոյահոգեբանական վիճակով են հետ գալիս։

Մարդ կգժվի ձեր ձեռքը։

Կարճ ասած՝ այո, դու ընդամենը չես խանգարել, որ էդ երիտասարդը հայրենիքի առաջ պարտքը տալուց հետո տուն գա։ Կարող էիր խանգարել, բայց չես խանգարել։ Ոչ թե դիտմամբ չես խանգարել, այլ էդպես է ստացվել։ Լուրջ եմ ասում, կարող էիր և չթողնել տուն գա, ինչպես չթողեցիր էն 5 հազարին, էն 225 հոգուն, որ պատերազմից հետո մեկ այլ պատերազմից տուն չթողեցիր գան, էն 15 տղուն, որ չթողեցիր Վարդենիսից տուն գան, էն մեր երկու ախպերներին, որ տուն բերելու փոխարեն Բաքվի բանտեր տարան ու նրանց նման հազարներին։ Ու ի՞նչ, ճակատդ պաչե՞նք դրա համար։ Քո վարչապետ եղած ժամանակ զինվորներ են վերադառնում բանակից ու ուզում ես ճակատդ պաչե՞նք դրա համար։ Բա չվերադարձողների համա՞ր ինչ անենք։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ