20 06 2023

«Կարճ ասած»․ Փաշինյանը սպառվել է․ «բոլորը մեղավոր են, բացի ինձնից»



Նիկոլ Փաշինյանը գնացել էր Ազգային ժողով, որ ՔՊ-ական հանձնաժողովականները հարցաքննեն իրենց շեֆին։ Արդեն ծիծաղելի է հնչում, չէ՞։ 44-օրյա պատերազմի բոլոր դրվագները պետք է բացահայտվեն․ շատերս համարում ենք, որ սա դավադրություն էր, պայմանավորված պատերազմ ու պլանավորված պարտություն։ Ծայրահեղ անհրաժեշտություն է, որ բացահայտվի, թե ինչ է տեղի ունեցել։ Այդ բացահայտումը պետք է ակսել էլ ավելի հետ գնալով, քան 2018 թվականի հայտնի քայլարշավն էր Գյումրիից։ Ինչպես եղավ իշխանափոխությունը, ովքեր բերեցին, ովքեր ֆինանսավորեցին, ինչ նպատակով, ինչու մինչև 2020 թվականը ամենայն մանրամասնությամբ գցեցին բանակի հեղինակությունը, ինչու փոխվեց զենքի մատակարարման պլանը, ինչու հրաժարվեցին հակաօդային պաշտպանության միջոցներից, ինչ էին բանակցում, ինչ պայմանավորվեցին Ալիևի հետ, ինչու չասաց այն, ինչ պետք է ասեր ու քանդեր Ադրբեջանը ներսից, ինչու սկսեց պատերազմը, ինչու կանոնավոր բանակից անցում կատարեց ֆիդայիններին, ինչու պատերազմի հենց առաջին օրը բանակն ունեցավ օգնություն հավաքելու կարիք, ինչ եղավ հանգանակած գումարի ու իրերի հետ, ինչու էր Արցախի նախագահն ասում զենք չեն տալիս, ինչ նպատակով էին 44 օր խաբում մարդկանց, ինչու պատերազմի հենց առաջին օրը խոսեց պարտվելու, բայց պարտված չհամարելու մասին, ինչու մի քանի անգամ չօգտվեց պատերազմը կանգնեցնելու հնարավորությունից, ինչ փաստաթղթեր է ստորագրվել պատերազմից հետո, ինչու է զիջել բանավոր պայմանավորվածություններով, ինչու պատերազմին մասնակցելու հնարավորոթյուն չտրվեց իրական ռազմական փորձ ունեցած գեներալներին, ինչու հեռու պահվեցին նախկին նախագահները։ Էդ ինչո՞ւ էin 4 տասնյակ գեներալներ, որոնք մասնակցել էին պատերազմին, տեսել էին կառավարումը շտաբում, պահանջում Փաշինյանի հրաժարականը։ Արդյո՞ք ճիշտ են եղել ու արդարացված պաշտոնյաների, վարչապետի, ՊՆ, ԱԱԾ, ԳՇ անվտանգության խորհրդի քայլերը։ Ինչու զենքի փոխարեն կլուբնիկ մատակարարվեց բանակ, ինչու էր պատերազմի կեսից Փաշինյանն ասում պատրաստվեք Գորիսը պաշտպանելուն։ Արդյո՞ք Արցախը գումարով է հանձնվել, ի՞նչ 5 մլրդ դոլարի մասին են խոսակցությունները, ինչո՞ւ մեր զորանոցներն մեջը լիքը զենքերն անվնաս թողնվեցին թշնամուն։ Ինչո՞ւ, ի՞նչ պայմանավորվածության համաձայն ադրբեջանական զորքերը չմնացին այն դիրքերում, որտեղ կանգնած էին նոյեմբերի 9-ին։ Ես ընդամենը վայրկյանների ընթացքում թվեցի բազմաթիվ հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն, իսկ այդ հարցերն իրականում հարյուրապատիկն են իմ թվարկածի։ Պետք է բացահայտել, բոլոր հարցերը պետք է պարզաբանվեն, հազարներով զոհեր ենք ունեցել, Հայրենիք ենք կորցրել, պատերազմ ենք պարտվել, դա շատ կարևոր է, միանշանակ․ բայց․․․ Աարյդյո՞ք դրանց քննողն ու բացահայտողը կարող է լինել ՔՊ-ականներից կազմված հանձնաժողովը։

Ինչպե՞ս կարող է պատերազմը քնել մի հանձնաժողով, որի անդամները մեր գլխին պատերազմ ու պարտություն բերած նույն թիմ կոչվածն է։ Հենց այսօրվա նիստն արդեն զավեշտ էր։ Այդ հանձնաժողովը ձևավորման պահից նիստերն արել է փակ ռեժիմով։ Ասում էին՝ կան պետական գաղտնիքներ։ Էսօր Փաշինյանն է «հարցաքննվում» ու որոշել են բաց անել։ Կրտսեր սերժանտին հարցաքննել են փակ, որովհետև գաղտնիք կա, էդ ուրեմն նա ավելի շատ բան գիտի, քան գերագույն գլխավորը՞։ Պատասխանը ակնհայտ է՝ ընդամենը հերթական շոուն էր։ Ինչպես որ շոու էր այն, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ մեկ այլ գործով Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեում քննվել էր որպես վկա։ Արգիշտի Քյարամյանը, որին Նիկոլը տարբեր պաշտոններով ֆռացրեց, քննում է Փաշինյանին։ Ծիծաղելի չէ՞։

Խորհրդարանում գործող այդ հանձնաժողովի կազմն ու ձևաչափն արդեն ոչ լեգիտիմ է դարձնում աշխատանքը։ Քննիչ հանձնաժողովի նախագահն Անդրանիկ Քոչարյանն է, որի մի որդին բանակից տարօրինակ հանգամանքներով խուսափել է, մյուս որդուն Անդրանիկն ինքն էր ամենինչ անում պատերազմի ժամանակ թիկունք տեղափոխելու առաջնագծից։ Էդ հանձնաժողովի անդամը Գագիկ Մելքոնյանն է, որ պատերազմի ժամանակ մի ծառի տակից կամ ով գիտե՝ իր նորակառույց դաչայից ուղիղ եթեր էր մտնում, ասում էր, թե ազերիներին ջախջախում ենք։ Վահագն Ալեքսանյանը, որի պատկերացումը բանակի մասին սկսում ու ավարտվում է չստացած տրուսիկով, քննիչ հանձաժողովի անդամ է։ Փորձագետն էլ ստերի խորհրդանիշ Արծրուն Հովհանիսյանն է․ նա ոչ թե մեղադրյալ է, այլ հարցաքննող։ Ասում են՝ ընդդիմությունը խուսափեց, թող գնար․ գնար էդ շոուին ի՞նչ մասնակցեր, ասեր պարոն վարչապետ, ինչու որոշեցիք Արցախի 10 հազար քառակուսի կիլոմետրը տալ պատերազմով, 2,5 հազար քառակուսի կիլոմետրը առանց պատերազմի՞։ Մի քանի օր առաջ ԱԺ ամբիոնից ասել է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, գնալ իրեն ի՞նչ հարց տալ։ Հարցներ ինչու Ջեբրայիլը մարտերով տվեցիք, Աղավնոն առանց մարտերի՞, Կապանի ճանապարհը բանավոր պայմանավորվա՞ծ։

Նիկոլ Փաշինյանը, բնական է, մնացել է էդ պատերազմի արդյունքների տակ, հիմա միայն փորձում է արդարանալ։ Նա հավաքում է իր աշխատողներին, այո աշխատողներին, ոչ դե յուրե, բայց փաստացի, էդ քննիչ հանձնաժողովի անդամները իր աշխատողներն էին, ինչ-որ բան էր ասում, նրանք էլ գլխով տմբտմբացնում էին։ Անգամ որ իրավապահ կառույց էլ գնա վարչապետի կարգավիճակով, բոլորն իր աշխատողներն են, ինքը մշտապես այդպես է վերաբերվել այդ բոլոր կառույցներին, ու պարզ է, որ օբյեկտիվ քննություն որևէ պարագայում չի լինելու։

ՔՊ-ն ու Նիկոլը չեն կարող քննել պատերազմի հանգամանքները՝ ճիշտ այնպես, ինչպես Թալեաթ ու Ջեմալ փաշաները չեն կարող քննել Ցեղասպանությունը, Հիտլերը՝ Հոլոքոստը։ Իրենք դավադրությամբ կամ փնթի և ահավոր կառավարման արդյունքում բերել են պատերազմ, պատերազմելու փոխարեն խաբել են, հանձնել են, հիմա քննում են ոչ թե իրենց արածները, այլ մեղավորների ցուցակ են կազմել, հերթով նշանակում են մեղավոր, ով կպավ՝ կպավ, սկզբունքով։ Էլ չեմ ասում, այդ նույն «քննողները» ուր նստում՝ ասում են՝ Արցախը հանձնելը ճիշտ է։ Նրանք, որ ասում են Արցախը հանձնելը ճիշտ է, պետք է քննեն պատերազմով հանձնելն է ճիշտ, թե առանց պատերազմի՞ ու ո՞վ է մեղավոր, Փաշինյանի փոխարեն։

Խնդրեմ, էսօր Փաշինյանը պետք է ինչ-որ սենսացիոն բաներ իբր պատմեր 44-օրյա պատերազմից, նման անոնս էր արվում․ նա իր արածներից խոսելու փոխարեն պատմեց նախկին 25 տարվա բանակցություններից, ընդ որում՝ և՛ բերելով սուտ «փաստեր», իսկ ճիշտ փաստերը համեմելով իր կեղծիքով և իր անձնական պատկերացումներով։ Իր մասին ընդամենը ասում է, որ իրեն առաջարկում էին հանձնել 5 շրջան և դադարեցնել պատերազմը, ինքը չհամաձայնեց և հանձնեց 9 շրջան, հետո ամբողջ Արցախը, հետո Հայաստանից հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր ու էդ ամենը հանձնեց, որ 5 շրջան առանց զոհերի չհանձնի։ Ժողովուրդ․ չեմ չափազանցեցնում, իր սաղ ասածը դա էր, ոնցոր ինքնախոստովանական լիներ։

Իրավապահ համակարգերը, եթե իմ պատկերացմամբ իր աշխատողները չլինեին, այլ անկախ մարմիններ, դեռ 2,5 տարի առաջ գործ հարուցած կլինեին, հիմա արդեն չգիտեմ, ձերբակալած պիտի լինեին, իսկ ԱԺ իրական անկախ հանձնաժողովը պետք է քաղաքական գնահատական տար․ իսկ եթե իրականում ուզում էինք օբյեկտիվ գնահատական, ուրեմն պետք էր հանձնաժղովը վստահվեր բացառապես ընդդիմությանն ու անկախ փորձագետներին։ Ուզո՞ւմ էիք իրավական ճշգրիտ գնահատական, պետք է պատերազմում պարտվածը ասեր ես հրաժարական եմ տալիս, խնդրեմ՝ օբյեկտիվ բացահայտեք՝ առանց կաշկանդելու։ Պետք է իր անձը չկարևորեր, հատկապես՝ 5 հազար զոհ տալուց հետո, պետք է ամեն ինչ չաներ իշխանության մնալու համար, պետք է գնար ու օբյեկտիվ քննության հնարավորություն տար։ Ոչ թե թիկնազորով շրջապատված մտնում է ՔՊ-ականների մոտ ու խոսում ինչ ուզում է, բոլորին հայտարարում մեղավոր ու այդ ամենը, որ ի՞նչ․ անհասկանալի է։ Ի՞նչ է, որևէ մեկը մտքափոխվե՞ց իր դիրքորոշումներում, որևէ բան պարզվե՞ց կամ կպարզվի՞։ Իհարկե ոչ, անիմաստ ժամանակ է ձգում։

Ի դեպ, այսօր Նիկոլ Փաշինյանն արձանագրեց նաև, որ ինքը սպառվել է։ Երեքժամանոցի նիստից հետո երբ խնդրեցին իր պատմած փաստաթղթերը ներկայացնել, ասաց, որ դրանք բոլորը հրապարակային են, այսինքն՝ նորություն չկար ասելու։ Փաշինյանի սպառվելը տեսնում է նաև հեռուստադիտողը․ երբեմնի 50 հազար օնլայն դիտող ունեցողին դիտում էր 800-1000 հոգի, անգամ ՔՊ-ականները, այսինքն, չէին հետևում ինչ կխոսի․ բոլորին արդեն պարզ է և մեկ է։

Կարճ ասած՝ պետք է պատերազմի բոլոր դրվագները կտոր-կտոր քննվեն, սակայն՝ ոչ այս անլուրջ հանձնաժողովի կողմից։ Պատերազմի հանգամանքների ամբողջ քննությունը տեղի է ունենալու այս իշխանության հեռացումից հետո։ Այդ հարցաքնննությունները պետք է տեղի ունենան ոչ թե խորհրդարանում, այլ՝ ԱԱԾ-ում, Քննչականում, դատախազությունում քրեական բազմաթիվ գործերի շրջանակներում։ Այդ հարցաքննությունները պետք է տեղի ունենան միայն ու միայն իշխանափոխությունից հետո, երբ այսօրվա հարցաքննողներն իրենք կլինեն հարցաքննվողների դերում․ մնացածն անիմաստ է, անգամ հակադարձելն է անիմաստ։

 

Սևակ Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ