Համաձայն կլինեք, որ վերջին երկու, այսպես ասած՝ հանգստյան օրերին ազգային խայտառակություն ապրեցինք։ Խայտառակություն կարելի է համարել թե՛ Նիկոլ Փաշինյանի Թուրքիայի մայրաքաղաք գնալը, թե՛ նրա նկատմամբ վերաբերմունքը այնտեղ և թե՛ իր պահվածքը։ Ամեն անգամ, երբ թվում է, թե այնքան է իջել, որ էլ ցածրանալու տեղ չկա, նա միշտ կարողանում է փնտրել, գտնել էլ ավելի ցածրը ու տեղավորվել էդ մակարդակում։ Եթե անգամ շարժվեմ միջին վիճակագրական նիկոլականի մտածելակերպով, թե հարյուր տարի առաջ է տեղի ունեցել Ցեղասպանությունը, հո հավերժ թշնամի չենք մնալու, բայց մեկ է՝ չեմ կարող մոռանալ ինչ տեղի ունեցավ 2,5 տարի առաջ, երբ թուրքական բայրաքթարերը սպանեցին մեր տղերքին, երբ թուրք գեներալները վարում էին պատերազմը, թուրքական կողմից ահաբեկիչներ էին կռվում։ Ու այդ ամենի հեղինակ Էրդողանը առիթը բաց չի թողել ամեն անգամ հիշեցնելու, որ առանց իրենց օգնության Ադրբեջանը չէր հաղթի պատերազմում, Ալիևն էլ ամեն անգամ շնորհակալություն էր հայտնում։ Ու այս պարագայում մասնակցել երդմնակալության արարողության՝ շնորհավորելու Էրդողանին, նշանակում է լիարժեք ընդունել քո ժողովրդի դահիճին, անձնապես։ 2020 թվականի պատերազմի ժամանակ Նիկոլը գրում էր, թե Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը։ Հիմա նույն Թուրքիա է գնում շնորհավորանքներով, նվերներով։ Իհարկե, մենք խոսում նք մարդու մասին, որի ասածներն ու արածները անգամ մի ժամի տարբերությամբ իրար չեն համընկնում, էլ ուր մնաց 2,5 տարի առաջվանը հիշեցնենք։
Լավ, գնացիր, հետո՞։ Ինչի՞ հասար, ի՞նչ հարց լուծեցիր։ Նիկոլ Փաշինյանի հետ Անկարա մեկնած լրատվական խումբը լավ աշխատեց․ պրոֆեսիոնալ լուսանկարիչ ու օպերատոր են, լավ կադրեր են անում․ բայց խնդիրն այն է, որ բացի Նիկոլի նկարահանող խմբից, էլի նկարահանողներ կան, ու եթե կառավարության հաղորդագրություններում դուք տեսնում եք լավ մշակված դեմքով, հարմար միջավայրում Նիկոլի, այլոց կադրերում տեսնում եք խղճուկ, չկողմնորոշված, մոլորված, խալխի զրույցներին մեջ ընկնող ինչ-որ մեկին։
Գիտե՞ք, երբ թշնամի երկրի ղեկավարին հրավիրում են իրենց երկիր, դա նշանակում է առանձնահատուկ վերաբերմունք․ ոչ թե ինքը հրավիրված 80 երկրների ներկայացուցիչներից մեկն է, այլ՝ հատուկ հյուր։ Նրան ոչ թե պետք է, օրինակ, ասեն նայի մի տեղ ազատ աթոռ կա՝ նստի, կամ տանեն նստացնեն իր թշնամի երկրի ղեկավարի հետևի շարքում՝ նրա հետևը, այլ, կրկնում եմ՝ հատուկ ուշադրությւոն, որը դրական ազդակի պատասխանը կլինի։ 20 երկրի նախագահ ու վարչապետ էր մասնակցում այդ արարողությանը․ որպես հատուկ հյուր քո անունը պետք է կարդան առաջինը, ոչ թե սաղի անունը թվարկեն-անցնեն, անգամ քաղաքական գործիչների, հակառակորդ թեկնածուների անունը կարդան, բայց քո անունը շրջանցեն։ Հայաստանի նախորդ շրջանի ղեկավարներին էդ տեսակ ընդունելությանը չէին համարձակվի արժանացնել։ Ինչո՞ւ։ Հայաստանի ցանկացած ղեկավար կարող էր որոշել՝ գնա՞լ Թուրքիա, թե՞ ոչ, մասնակցեր միջոցառմանը, ոնց մասնակցեր, ոնց ոչ, կուզենար կբարևեր Ալիևին էլ Էրդողանին էլ, ձեռք կսեղմեր, կատակ կաներ, որովհետև մարտի դաշտում հախից եկածի կարգավիճակով էր, ի տարբերություն Փաշինյանի։ Իսկ որ որպես կապիտուլացված ղեկավար գնում ես ու սկսում անխնա ժպտալ, կատակել, ծիծաղել, դա արդեն այլ բան է։
Հայ ժողովուրդը թշնամի է համարում Թուրքիային ու Ադրբեջանին։ Իրենց ժողովուրդներն էլ մեզ են թշնամի համարում, բայց իրենց ղեկավարությունը այսօրվա Հայաստանին հաստատ թշնամի չի համարում։ Արդեն 2,5 տարի է՝ Հայաստանը իրենց համար թշնամի չէ, Նիկոլին նրանք վերաբերում են որպես իրենց աշխատողի, որպես մի հարիֆի, անարժանապատիվ մեկի, բայց ոչ երբեք թշնամու։ Նրան կարող են ծաղրել, կարող են ուր ուզեն՝ նստեցնեն, կարող են ինչ բառապաշարով ուզեն՝ խոսեն հետը։
Բոլորովին այլ մարդ է Հայաստանի ներսում գտնվող Նիկոլ Փաշինյանը, բոլորովին այլ մարդ է նույն մարդը երկրից դուրս։ Անկարա գնացող Նիկոլի շարասյանը հանդիպեցի Արգավանդում։ Հարյուրարվոր ոտիկանական ավտոմեքենաներ, էին, չգիտես ինչի՝ պառադնի հագած ոստիկաններ, մոտավորապես 10 կիլոմետր ճանապարահատված մաքրում էն մեքենաներից, խառնվել էին իրար, աղմկում էին, ճանապարհն ազատում էին, որ Նիկոլը գնար օդանավակայան։ Ով մի անգամ հանդիպել է Նիկոլի շարասյան տեղաշարժին, լավ գիտի, չմանրամասնեմ։ Ոստիկանությունը աղմկոտ ուղեկցությամբ ցույց էր տալիս, որ կարևոր մարդու է տանում, ՀՀ թիվ 1 պաշտոնյային։ Բա էդ «կարևոր մարդը» հասավ Անկարա, ի՞նչ եղավ։ Էնտեղ տեսա՞ք վերաբերմունք կարևոր մարդուն վայել։ Գլխներին դրած տարան Թուրքիա, որ խայտառակվե՞նք։ Էստեղ մեկը գոռում է Նիկոլ դավաճան ձերբակալում եք, էն մյուսին կալանք եք տալիս․ բա էդ մարդը, ում համար տենց դոշ եք տալիս, գնում է թշնամու երկիր ու դառնում է էդքան խղճու՞կ։
Այս մեկ լուսանկարը ապացուցում է Հայաստանը ներկայացնողի և ուրեմն՝ Հայաստանի այսօրվա թշվառ վիճակը։ 2,5 տարի առաջ, նկարի առջևի հատվածում կանգնածները պայմանավորված, պլանավորված հարձակվեցին փոքրիկ Արցախ պետության վրա: Էն հետևի կանգնածը, որ մեր երկիրն է ներկայացնում, իբր երաշխավոր լինելով, ամեն բան թարս արեց, ամենայն հավանականությամբ՝ որ այս երկուսի «գործը» հաջողի: Հիմա, այս երկուսը, որ իրար ձեռք են սեղմում, երրորդը հետևները կանգնած ծափ է տալիս: Նիկոլը ծափ է տալիս Էրդողանի ու Ալիևի ջերմ բարեկամական զրույցին։ Հիմա մարդ կա, ուզում է ասել, որ այդ «պայմանավորվելուն ու պլանավորելուն», այս երրորդը մասնակից չի՞ եղել: Հակառակ դեպքում, ինչի՞ն է ծափ տալիս։
Էդ բագաժով, էդ տեսքով, էդ մտածելակերպով ու դիվանագիտությամբ հարաբերություն ես բարելավելու որևէ մեկի հե՞տ։ Փաշինյանն ասում է՝ մենք՝ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ունենք իրար կարիքը։ Քո կարիքը որևէ մեկը ունի՞։ Ասում ես Հայաստանն այժմ գրեթե ոչ մի հարաբերություն չունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչը պետք է փոխել։ Ո՞նց ես փոխելու, աղճուկ տպավորություն թողնելո՞վ։
Կարճ ասած՝ սա ոչ միայն կոչվում է անպատիվ ղեկավարել, այլ ապրել անպատիվ։ Սա անպատիվ է առաջին հերթին ոչ թե ժողովրդի, այլ հենց քո՝ ղեկավար կոչվողի համար։ Քո մնալը ղեկին, անընդհատ շրջանառվելը, ծաղրվելը, քո բարոյականության հարցն է։ Այդպես միջազգային ասպարեզում մի կողմի վրա ընկած մնում ես։ Մենք ավելի լավ է ոչ մի երկրի հետ հարաբերություն չուենանք, քան ունենանք էս կարգի, երբ ներսում բռնապետ, դրսում՝ հարիֆ։
Հարգելի ժողովուրդ, աշխարհասփյուռ հայություն, ի վերջո՞ պե՞տք է մեր մեջ արթնանա թասիբ, ամոթ, դասագրքային հայր կերպար, որ ասենք չէ, հերիք ա, ինձ ներկայացնողը, իմ երկիր ներկայացնողը պետք է լինի մարդ, որի համար չամաչեմ։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը