19 05 2023

«Կարճ ասած»․ Ցինիկ որոշում․ ըստ կառավարության՝ կարևորը երեք հոգու առողջությունն է, մնացածը՝ հեչ



Այն ինչ կատարվում է այս օրերին Աշոտ Փաշինյանի իբր առևանգման հետ կապված, ուղղակի խայտառակություն է։ Անգամ մեկնաբանելու կարիք չկա, ամեն բան պարզ է: Առևանգում որակելը մեծ կասկած է հարուցում, զոհվածի ծնողի հետ այդպես վարվելը՝ առնվազն ամոթ, Աշոտի կողմից այդ հաղորդում տալը և հետ չվերցնելը․․․ Չգիտեմ էլ ավել ի՞նչ գնահատական տամ․ տրամաբանությունը, ու բարոյական նվազագույն որակներով էլ որ կանխատեսում էինք, պետք է որ հետ վերցներ բողոքը, բայց չարեց, մեղադրանքն առաջադրեցին, ձերբակալեցին, վաղն էլ կտանեն կալանքի, ևս մի դատավոր ամենայն հավանականությամբ կդառնա ժողովրդի պարսավանքի թիրախ։ Գիտե՞ք, որդեկորույս մոր կյանքում ավելի վատ բան ի՞նչ պետք է լինի։ Այս խայտառակության մասնակիցները, դրանց պաշտպանողները և նրանց հարազատները պետքա որ տանից դուրս չգան, էլ այլևս։ Որովհետև էլ տեղ չկա, սրիկայության բոլոր գծերն անցել են։ Անգամ չեմ ուզում, ինչոր բան մեկնաբանեմ, բացատրեմ, խոսեմ, որովհետև եթե առանց ինձ այդ ամենը չեն հասկանում, ուրեմն անիմաստ է, չեմ պատրաստվում բացատրել՝ որն է ճիշտ, որը սխալ, կարծում եմ այդտեղ երկրորդ կարծիք, բոլոր բանական մարդկանց մոտ չի կարող լինել։

Իմ թեման այլ եմ ընտրել այսօր։ Սոցիալական տարբեր հարթակներից օգտվողները լավ գիտեն, որ տարբեր էջերով մշտապես հայտարարություն-դրամահավաքներ են կազմակերպվում քաղաքացիների բուժման համար։ Տարբեր գումարներ են, երբեմն՝ շատ փոքր, բայց մարդիկ հնարավորություն չունեն ու դիմում են գումար հավաքելու մեթոդին։ Դեղատնից օգտվում ենք ու տեսնում, որ մարդիկ բժշկի գրած ցանկից առնում են մեկ-երկուսը կամ էժան դեղերը, կամ ունի հազար հիվանդություն, բայց ստիպված է բուժել դրանցից մեկը, հնարավորությունն էդքան է։ Որ հիվանդությունը շատ չի նեղում, թողում են ուրիշ անգամվա։ Ու էս ֆոնին երեկ կառավարությունը թաքուն որոշեց նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի և նրանց ընտանիքների համար պետության հաշվին անվճար և արտոնյալ պայմաններով  բժշկական օգնություն ու սպասարկում կազմակերպել, նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ։ Որոշ հիվանդությունների համար հերթագրումները անգամ մի տարվա են, իսկ այ այս մարդիկ պետք է անհերթ սպասարկվեն։ Որովհետև կառավարությունն ասում է՝ հարգելի քաղաքացի, գիտես չէ՞, ես սիրում եմ քեզ, հպարտանում եմ քեզանով, բայց քո կյանքը ավելի կարևոր չէ, քան Սիմոնյան Ալենի, Փաշինյան Նիկոլի, Խաչատուրյան Վահագնի ու իրենց ընտանիքների կյանքը, առողջությունը։ 2018 թվականի օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը հրապարակում հավաքված ժողովրդի առաջ հայտարարում էր՝ «Դուք կարող եք վստահ լինել, որ պետական բյուջեին վճարված ամեն մի դրամ, ամեն մի լումա պահպանվում է շատ աչալուրջ և ծախսվելու է ըստ նպատակի»: Փաստորեն, մեր պետության նպատակը էդ երեք հոգու կյանքն ու առողջությունն է։

Թող բուժվեն, բնականաբար՝ դեմ չենք, բայց հարց՝ ո՞ւմ հնարավորությունն է ավելի շատ․ սրանք ստանում են մեր երկրի պետական սեկտորում ամենաբարձր աշխատավարձը, պարգևավճարներ, իրենց ծախսերի մեծ մասն առանց այն էլ պետության վրա է, իսկ ինչո՞ւ մի հատ էլ նոր ծախսեր ավելացնել հարկատուների վրա։ 1 մլն դրամ աշխատավարձ ստացող ԱԺ նախագահի հնարավորությո՞ւնն է մե՞ծ, թե նվազագույն աշխատավարձ ստացողինը։ Եթե իշխանության գալուց ասեին, որ գալիս են ձրիկակերության, պորտաբուծության, մեր վզին նստելու համար ու ձայն տայինք, կասեի հա, ինչ խոտացել են, անում են, բայց մեր համար են ոնցոր եկել։ Ասում էին ձեզ լավ կյանք ենք բերելու։ Բայց իրենք իրենց են ապահովել ամեն ինչով։

Ֆեյսբուքյան էջերում, անձնական նամակներում ՀՀ քաղաքացիները ամեն օր նամակներ են գրում-խնդրում, որ օգնենք տան վարձ վճարել, երեխաներին սնունդ առնել։ 4 երեխաների հետ մայրը դրսում է մնում, չունի վարձի փող, ու էսօր կարդում եմ մամուլը․ ՔՊ-ական պատգամավորը, որ երևանաբնակ է, ԱԺ-ից տան վարձի փող է ստանում։ Պատգամավորները ստանում են բարձր աշխատավարձ, դրան գումարած՝ պարգևավճարներ, հավելավճարներ։ Ամեն ավսավա նրանց միայն հավելավճարը ավելի բարձր է, քան Հայաստանի միջին աշխատավարձը։ Բայց էդքանը ստանալով հանդերձ՝ նաև տան վարձի փողն է պետությունից վերցնում։ Լավ դուք ո՞ւմ համար եք իշխանության եկել։ 

Գյուղերից մարդիկ գազելներ են վարձել, փող են ծախսել, եկել են Երևան, փողոց փակել, հեղափոխություն արել նրա համար, որ Ալեն Սիմոնյանը, որին չէր էլ ճանաչում, արտոնյալ պայմաններով թանկարժեք բժշկական սպասարկում ստանա՞, Արթուր Հովհաննիսյանը, որին մինչև հիմա էլ չի ճանաչում, Նիկոլի քավորի եղբայրը իր հաշվին վարձով ապրի՞։ Էս է՞ր էդ հեղափոխության իմաստը։ Ինչի՞ մասին էր հեղափոխությունը։ Նրա մասին էր, որ ՔՊ-ից որոշ մարդիկ դառնան դոլարային միլիոնատեր, թե՞ որ որ իշխանությունը նարկոմաֆիայի մեջ մտնի։

Ազգային ժողովի՝ մեկ օրվա տարբերությամբ քննարկած հարցերն եմ կարդում․ այս տարվա փետրվարի 27-ի նիստում որոշեց դատախազների աշխատավարձը 92 տոկոսով բարձրացնել, հաջորդ օրը՝ հաշմանդամություն ստացած զինծառայողների փոխհատուցումը 200 հազար դրամից իջեցրեց 150 հազար դրամի։ Հերիք չէ էդ տղերքին տարել են թշնամու բերան, դարձրել վիրավոր, հաշմանդամություն տվել, գումարն էլ պակասեցնում են։

Էս մարդիկ միայն իրենց մասին են մտածում։ Սարսափելի լուր եմ կարդում, պատերազմից 2.5 տարի անց ժամկետային զինծառայող Վահագն Խաչատրյանի մայրը  Մեծամորի դիահերձարանում պատահմամբ գտել է զոհված որդու ամբողջական մարմինը։ 2,5 տարի անց։ Էդ 2,5 տարվա ընթացքում սրանք դղյակներ են սարքել ու առել, հայտարագրերն են հարստացել, թանկարժեք ժամացույցներ են առել ու չեն հայտարարագրել, Պապիկյանը արդեն երկրորդ տուն ա գնել, բայց մի քանի կիլոմետր էն կողմ դրված դիակը չեն հանձնել մորը։ Գեղարքունիքի Փոքր Մասրիկ գյուղում ապրող Խաչատրյան ընտանիքին չեն վերադարձնում որդու՝ Շիրազ Խաչատրյանի մարմինը, որը մնացել է Կուտականի դիրքերում։ Աշխարհի ծայրից կարողանում են նարկոտիկ բերել, 100 մետր հեռավորությունից իրենց քիրվայության զոհի մարմինը չեն կարողանում բերել։

Որովհետև Հայաստանում իշխանություն է, որը մտածում է միայն ու միայն իր ունեցվածքը դիզելու մասին։ 2020 թվի սկզբին Նիկոլը գնացել էր Բեռլին, ասում էր Հայաստանի իշխող կուսակցության մեջ մեծահարուստ չկա․ բա հիմա՞ ինչ կասես, արդեն միլիոնատերեր են լիքը։ Կամ ազգուտակով բիզնեսմեն են կամ ազգուտակով պաշտոնյա են։ Ասում են այսինչ այսինչյանը 20 տարի եղել է պաշտոնյա, հիմա ունի 50 տուն, ո՞րտեղից։ Հարցադրումը տեղին է, պետք է հարցնել, հասկանալ, պարզաբանել։ Բայց հաջորդ հարցը ես տամ․ տների ու դղյակների սիրահար Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը, Սուրեն Պապիկյանը և մյուսները էս տեմպերով քա՞նի տուն կառնեն 20 տարի պաշտոնում մնալու դեպքում։

Սոցիալական բևեռացվածությունը խորանում է ժամ առ ժամ, Նիկոլը հատարարում է՝ մեր տնտեսություն էնքան թափով է աճում, որ մի օր կպայթի, էլ տեղ չունի։ Ոնցոր ձեռք առնի։ Դու ունես փող, դրան պլյուս՝ աննախադեպ հարկ ես հավաքում, աննախադեպ վարկ ես վերցնում, բայց բանակդ չունի զենք, չունի կացարան, թոշակառուդ չի ստանում նորմալ թոշակ, աշխատավարձդ չի հերիքում, ուսանողդ համալսարանից դուրս ա մնում վարձի պատճառով, մարդը կամրջից գցում ա իրեն, որովհետև դեղի փող չունի․ բա էդ փողը ինչ ա լինում։

Կարճ ասած՝ իշխանության գործունեության հետևանքը զգացել են իրենց մաշկի վրա բոլորը։ Ձեզ հարց տվեք՝ մենք արդյո՞ք այնտեղ ենք, որտեղ ուզում էինք գնալ, արդյո՞ք մեր այն նպատակները, որ դրել էինք, իրականանում են։ Եթե համաձայն եք այն ամենին, ինչ կատարվում է, բան չունեմ ասելու, բայց եթե համաձայն չեք, էդ դեպքում ո՞ւմ կամ ինչի՞ եք սպասում։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ