27 02 2023

«Կարճ ասած»․ Ուկրաինա․ ինչ է պարզվել մեկ տարի անց



Օրերս, լրացավ մեկ տարին ռուս-ուկրաինական պատերազմի, որը ռուսները անվանում են հատուկ ռազմական օպերացիա, ուկրաինացիները՝ քիչ այլ կերպ․ բայց դրանից էությունը չի փոխվում։ Իմ, նաև շատերի կարծիքով, այն անվանել ռուս-ուկրաինական այդքան էլ ճիշտ չէ․ այն՝ Ռուսաստան ու հավաքական Արևմուտքի դիմակայություն է։ Արևմտյան մի շարք երկրներ, կրում են զրկանքներ ևս, որոշները անգամ ահռելի ռեսուրսներ են հավաքում, մեկտեղում ու ուղարկում են ընդդեմ Ուկրաինային, ընդդեմ Ռուսաստանի։ Օրերս ՌԴ նախագահ Պուտինն ինքը հայտարարեց, թե հավաքական Արևմուտքն արդեն 150 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինային ռազմական օգնության վրա: Խոսքը միայն ռազմական օգնության մասին էր։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը օրերս հայտարարեց, որ զենքերը չեն հերիքում, չեն կարողանում այդքան տեմպերով արտադրել և ուղարկել Ուկրաինա, քանիցս հայտարարել է զինպաշարների սպառման մասին։ The New York Times-ին ՆԱՏՕ-ի պաշտոնյան վերջերս ասել էր, որ կազմակերպության անդամ 30 երկրից 20-ը այլևս չեն կարողանում ուղարկել զենք, որովհետև այլևս չունեն։ Հաշվարկների համաձայն, միայն Ամերիկան մինչ 2023-ի հունվարը 75,5 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինային օգնության համար, որից 29 մլրդ դոլարը ռազմական օգնությունն է, մյուս մասը՝ տնտեսության, էներգետիկ անվտանգության վերականգնման, ճգնաժամը հաղթահարելու համար։ Համաձայն գերմանական հաշվարկների՝ Միայն 2022 թվականին պատերազմը համաշխարհային տնտեսությանն արժեցել է ավելի քան 1,6 տրիլիոն դոլար:

Լավ, այս ամենը պարզ է։ Պարզ է նաև, բուն հակամարտության մեջ գտնվող երկու պետությունները մեզ մոտ պետություն են, մեկը կա և մնում է որպես բարեկամ, մյուսը անհասկանալի է՝ խոսքը Ուկրաինայի մասին է։ Երկու պետություններից էլ մեզ մոտ հյուր են գալիս, Հայաստանում տեղավորվում, ապրում ու աշխատում են։ Հիմա, արդեն մեկ տարվա հեռավորությունից, կարծես բյուրեղացել է թե իրականում ի՞նչն էր պատճառը, ինչի՞ համար է այս ամբողջը։ Նայում եմ, մեկն ասում է՝ Պուտինի կայսերական նկրտումներն են, մյուսը թե Ղրիմի, Դոմբասի համար է, էն մեկը թե Ուկրաինան են կիսում, սաղ պայմանավորված ա։ Միգուցե բոլոր վարկածներն էլ ապրելու իրավունք ունեն, սակայն ինձ համար գոնե, մի բան է պարզ, այս ամենը չի սկսվել, անցած տարի այս օրերին, չի սկսվել Ռուսաստանի կողմից, ինչպես որ մենք գիտենք, անգամ չի սկսվել, 2014-ին, երբ Ռուսաստանը իր կազմ մտցրեց Ղրիմն ու Սևաստոպոլը, սա սկսվել է դեռ վաղուց և մի օր, մի առիթով դառնալու էր այն, ինչ դարձավ։ Այդ ժամանակ չկային, ոչ Պուտինը, ոչ Զելենսկին, անգամ Բայդենն ու Շոլցը, բայց այս ամենի նախադրյալները կային, հյուսվում էին ու մի օր պետք է պայթեին։ Արդեն այսօր, որ նայում ես հավաքական Արևմուտքի կենտրոնացած, ամենօրյա պատժամիջոցների կիրառմանը, դուրս գրվող գումարներին որպես օգնություն, տրամադրվող զենք, զինամթերքի ծավալները, ինտենսիվությունը, սանկցիաների կիրառման համակարգվածությունը, արդեն կասկած չի մնում, որ գերտերությունների ղեկավարները, ոչ միայն գիտեին ինչ է լինելու, այլ բավականին կազմակերպված աշխատել են այս ուղղությամբ։ Այսինքն, եզրակացությունս այն է, որ սա զուտ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժմամբ չսկսվեց, այլ ուղղակի ժամանակի հարց էր, թե ո՞վ ու ինչպես կսկսի, իսկ որ սկսելու էր, ու դա լինելու էր, կարծում եմ փաստ է։ Ըստ երևույթի, ռուսներն իմանալով ինչ է սպասվում, իրենք առաջինը հարվածեցին, ու մտան պատերազմի մեջ, չնայած որ անունը դրել են հատուկ օպերացիա, այն արդեն վաղուց պատերազմ է։ Չգիտեմ, ով ինչի համար է այս ամենը մտածել, բայց սա աղետ է, առնվազն ժողովուրդների համար։ Մատակարարման խափանումներ, էներգակիրների գների աճ, բնակչության գնողունակության անկում, ահա թե ինչի է հանգեցրել։ Ու դեռ պատերազմը շարունակվում է, այսինքն՝ ճգնաժամը շարունակվելու է նաև այդ օգնություն տրամադրող երկրենի մոտ։ Խնդիրներ կան նաև իրենց երկրների ներսում, դժգոհություն քաղաքացիներից, թե ինչու պետք է իրենց նեղեն ինչ-որ Ուկրաինայի համար․ եվրոպացու, ամերիկացու համար պարզ չէ, թե ինչու է ռուս-ուկրաինական հակամարտությունը իր կռիվը։ Գերմանիայից ու Ֆրանսիայից մի շարք հայ փախստականներ են վերադարձել ու նշում են, որ անձամբ բախվել են խնդրին, որ բացի ուկրաինացիներից, մնացածը անտեսված են, ու պատկերացրեք, մեկ տարի անց դեռ հարցեր ունեն, լավ ի՞նչ է սա, նպատակը որն է։ Ռուսներն ասում են, Արևմտյան երկրները, առավելապես Նահանգները, իրենց ռազմավարությունը չեն փոխել և հետևողականորեն եկել են քանդելու հսկայական Ռուսաստանը, մասնատելու, քայքայելու, սակայն երբեք չեն ուզեցել այդ ամեննը անել իրենք ուղիղ հակամարտության մեջ մտնելով, իրենց պետք է եղել մեկա այլ երկիր, ում միջոցով, մեկ այլ երկրի հողի վրա, ցանկալի է եղել սլավոնական որևէ երկրում։ Կարծես, ստացվել է հենց նրանց ուզածով։ Ամերիկացիներն ասում են, Ռուսաստանն է ուզում ճնշել Ուկրաինային, դրա համար ամբողջ աշխարհը պետք է, պարտավոր է օգնել ուկրաինացիներին։ Լավ է հնչում, սակայն երբ 9 միլիոնանոց Ադրբեջանը ճնշում է 120 000-ոց Արցախին, ինչոր ոչմեկ տեղից չի շարժվում, ընդամենը երկուստեք հավասար կոչեր։ Կարծես, որքան Ադրբեջանն է ճնշում, մի այդքան էլ փոքրիկ Արցախն է ճնշում, կարծես Արցախն է ուզում Ադրբեջանում ցեղասպանություն անել, կամ բլոկադայի մեջ պահում արդեն 2 ամիս է։ Ինձ առնվազն վստահելի չէ, արևմտյան երկակի մոտեցումները, եթե Ուկրաինային զենք ու փող եք տալիս, է դե մեզ էլ տվեք, մեզ միայն ժողովրդավարության ամրապնդման համար եք տալիս, մեկ էլ Պարեկային ծառայություն ստեղծելու, որ Նիկոլը ավելի երկար քանդի երկիրս։ Դա ամերիկացիներն են։

Ռուսներն ասում են, գիտե՞ք, Ուկրաինայում նացիստական ու ֆաշիստական խմբեր կան, որոնք նեոնացիստներն են, իրենց բարքերով, նպատակներով, մենք դրանց ենք վերացնում։ Դե չեմ կարծում, որ ում վերացնում են հիմա Ուկրաինայում, բոլորը նացիստներ են, կարծում եմ տարբեր են, վստահ եմ, կան հայրենասեր ուկրաինացիներ որոնք կռվում են իրենց հայրենիքի համար, իրենց տան ու ընտանիքի համար, առանց այլ գաղափարախոսության։ Սակայն որ նայում եմ, կադրերը, այդ ոնչացված, կամ գերի վերցվածների մեջ, որքան են նացիստական գերմանիայի սիմվոլիկայով, դաջվածքներով, մտածում եմ, ուրեմն եղել են էլի, միգուցե ոչ այնչափ, որքան ներկայացվել է, բայց կա՞ն չէ։ Օրինակ՝ մեզ մոտ չկան այդպիսիք, իսկ այնտեղ կան, ու զինված են, կազմակերպված։ Իսկ վերջերս էլ, պարզվեց, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին կարգադրել է Ուկրաինայի Զինված ուժերի 10-րդ լեռնա-հարձակողական բրիգադն անվանել «Էդելվեյս», ճիշտ ինչպես նացիստական ​​Գերմանիայի 1-ին լեռնային հետևակային դիվիզիան էր: Չեմ կարծում, թե Զելենսկին նացիստ է, խնդալու էլ կլիներ, նա կարծեմ ընդանհրապես հրեա է, ազգ որը ամենից շատն է տուժել երկրորդ համաշխարհայինին, հետևաբար դժվար թե այդ նացիստական կազմակերպությունները, կամ անվանումներ կիրառելը, նրա միտքը լինեին, էլի մտքիս գալիս են, այդ գերերկրերը, որոնք այդ ամենը մտածել և իրականացնում են, մեկ այլ երկրի տարածքում, այլ երկրի քաղաքացիների կյանքի գնով։ Ի՞նչ ասեմ, մենք այնքան ենք կենտրոնացել մեր երկրի աղետի մեջ, որ այլոց ցավը այդքան էլ չենք ընկալում, մերը մեզ հերիք եղավ և որը շարունակվում է, և վերջը չի երևում։

Վերջը չի երևում ամենուր, ընդհակառակը, գնալով խորանում է։ Ուկրաինայում հավաքական Արևմուտքի գործողությունների հետ մեկտեղ լարվում են հարաբերությունները ոչ բարեկամ պետությունների։ ԱՄՆ-ն սպառնում է Չինաստանին, թե չփորձես զենք վաճառել Ռուսաստանին, Չինաստանն էլ հայտնում է, որ չի հանդուրժելու ԱՄՆ թելադրանքը, այն դեպքում, երբ հենց ԱՄՆ-ն զենքի մատակարարն է Ուկրաինային, ինչպես նաև զինում է Թայվանին։ Այնպես որ չին-ամերիկյան հարաբերություններն էլ են սրվում։  Պատերազմի մեկամյակի կապակցությամբ Չինաստանը ներկայացրել է կարգավորման իր առաջարկները՝ երկակի ստանդարտներից աշխարհի հրաժարում, առանձին երկրների անվտանգային օրինական շահերի հարգում, կրակի դադարեցում, խաղաղության բանակցությունների մեկնարկ, հումանիտար ճգնաժամի հանգուցալուծում և այլն։ Իհարկե՝ կրակի դադարեցումը այն չէ, ինչ պետք է Ուկրաինային, ոչ էլ բանակցությունները, էլ չասեմ հրահրողներին։

Իմ կարծիքով, Ուկրաինան աշխարհաքաղքական խաղերի ու շահերի մանրադրամ է, այդ երկրից բան չթողեցին, չի թողնում Ռուսաստանը, չի թողնում Արևմուտքը՝ Ամերիկան։ Իսկ պատերազմի վարման փուլում Ուկրաինան խիստ նմանվում է ՀՀ ու Արցախի պաշտոնական ներկայացուցիչներին 44-օրյա պատերազմի ժամանակ։ «Ուկրաինայում ապագա կա», «մեր թիկունքը չեք տեսնի», «հաղթում ենք», «խեղճ Զելինսկին ի՞նչ անի» և այլն։ Այդ ամենը մենք լավ ենք հասկանում, արդեն անցել ենք միջով։

Պատերազմը վատ բան է, անկախ նրանից, թե որ երկրներն են, որովհետև հակամարտությունից քանդվում է երկիրը, տուժում են մարդիկ․ Մի ռումբը կարող է քարուքան անել տասնամյակներով կառուցած շենք։ Զոհվում են մարդիկ, զինվորներ, քաղաքացիականներ, ծերեր, երեխաներ։ Ինքս այս պատերազմում չեմ կարող սատարել Ուկրաինային, որովհետև ունեմ 44-օրյա խատերազմի օրինակը, թե ինչպես էր Ուկրաինայի արտգործնախարարությունը պատերազմական վիճակում հայտարարում Ադրբեջանին աջակցելու մասին, Զելինսկիի կուսակցության պատգամավորը առաջարկում Ադրբեջանին մարդասիրական ու ռազմական օգնություն տալ․ իհարկե՝ պարզվեց հատկապես ռազմական օգնություն լավ էլ տվել են։ Զուտ ազգային արժապատվությունից ելնելով, սատարել Ուկրաինայի այսօրվա պետությանը, անհնար է։ Բայց և, ազգային շահերից ելնելով, չենք կարող անտարբեր մնալ, քանի որ Ռուսաստանի հաղթանակը բխում է նաև մեր շահերից։ Ու այս պահին ինձ համար անհասկանալի է այն մեր հայրենակիցների պահվածքը, ովքեր մրմռում են Ուկրաինայի համար ու նրա հաղթանակ տենչում, ինչէ թե Ռուսաստանին վատ լինի։

Կարճ ասած՝ մեզ մոտ սողացող պատերազմ է, Ուկրաինայում՝ իրական, շատ վերլուծաբաններ ասում են, որ ռուս ուկրաինական հակամարտության ելքից է կախված նաև Հայաստանի և Արցախի ապագան։ Հայաստանը պետք է ունենար իշխանություն, որ կարողանար այս խառը աշխարհաքաղաքական փուլում պետական, ազգային շահերով գնար։ Ավաղ, այդպես չէ։ Այսօր, որքան էլ այս իշխանությունները հայտարարեն ինքնիշխանության մասին, Հայաստանը բերել կանգնեցրել են, կողմնորոշվելու առաջ՝ Ռուսաստա՞ն, թե՞ Թուրքիա։ Արևմտյան կողմնորոշում ունեցողները գոռում են՝ իհարկե Արևմուտքը, առանց մանրամասնելու, որ դա Թուրքիան է։ Իսկ որ արևմուտքի վեջը չէ, թե մեզ, մեր ժողովրդի հետ ինչ կլինի, դա արդեն տեսել ենք, 44-օր, ու դեռ մինչ հիմա, շրջափակված Արցախով։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ