07 09 2022

«Կարճ ասած»․ Հպարտ քաղաքացին ճկռում է. Զարմանալի՞ է



 

2018 թվականին, այդ ժամանակից մինչև այսօր աշխատող վարչապետն ասում էր, թե կախարդական փայտիկ ունի և այն սկսել է աշխատել։ Հիշո՞ւմ եք բանանի գնի շոուն, մի կես տարի մենակ դա էին երեսով տալիս։ Երևի ինքն իրոք հավատացել էր, որ ունի կախարդական փայտիկ, երևի գիտեր՝ տենց հարցերը տենց էլ լուծվում են։ Հետո այդ փայտիկը, ու շատ արագ ի միջիայլոց, սկսեց աշխատեցնել արդեն իրենց անձնական բարեկեցությունը ապահովելու համար, ժողովրդինը մոռանալով։ Կախարդական փայտիկը սկսեց աշխատել, որպեսզի, օրինակ, ոչ մի տեղ չաշխատած քպականը դառնա փոխնախարար, հետո ԱԺ հանձնաժողովի նախագահ, հիմա՝ փոխնախագահ։ Միայն կախարդական փայտիկը կարող էր միջակից ցածր դերասանին, որ հազիվ գարեջրի փող էր վաստակում, դարձնել ՀՀ ԱԺ պատգամավոր ու մի քանի տուն նվիրեր, միայն հանգստանալու համար 10 օրով մեկներ ԱՄՆ։ Միայն կախարդական փայտիկի օգնությամբ կարող էին մարդ ու կնիկ դառնալ դեպուտատ, ու ասել՝ հա ի՞նչ ա եղե՞լ որ։ Ու շատ արագ պարզվեց, որ այդ կախարդական փայտիկն իրենք աշխատեցրել են միայն իրենց երազանքները բավարարելու համար։ Ժողովուրդ, այդ փայտիկը իրականում դուք էիք, մենք էինք, մեր շնորհիվ են էդ ամենը արել ու անում։ Մեր վճարած հարկերը նրանք սարքեցին իրենց անձնական կախարդական փայտիկ ու օգտագործում են միայն իրենց հաջողությունն ու բարեկեցությունը ապահովելու համար, տեղավորվում են աշխատանքի, գործ չեն անում՝ փող են ստանում, մեր հաշվին շրջագայում են, խնջույքներ են անում, որի մասին երազել են, տներ ու մեքենաներ են գնում, թե՛ անձնական, թե՛ ծառայողական, որը լիարժեք օգտագործում են անձնականի համար։ Ընկերներին են տեղավորում, նրանց բարեկամներին, իրենց նեղացնող ընդդիմադիրներին գործից հանել են տալիս, մուռ են հանում, ավելի կոշտ նեղացնողներին կալանավայրեր են ուղարկում, նստում-ուրախանում են։ Դարձել են իրենց երազած տղերքն ու աղջիկները։  

Իսկ ժողովրդի՞ն, կհարցնեք, եկեք տեսնենք։ Կառավարությունը ցույց է տալիս տնտեսական աճ, որը, կարծեմ, երկնիշ է։ Ժողովուրդը, վստահ եմ, դա չի զգում, մենք հլը ազատ անկման մեջ ենք, որը պայմանավորված է իրենց կառավարմամբ, կորոնավիրուսով, պատերազմով, միջազգային վայրիվերումներով։ Մեզ թվեր են ցույց տալիս, ասում են ամեն ինչ լավ ա, զարգանում ենք, աննախադեպ է․․․ ու պատկերացրեք այդքանը։ Ժողովուրդը, ինչպես 90-ականներին, աննախադեպ վատ է ապրում։

Խայտառակ գնաճ է, 49 տոկոսով բանջարեղենը, 17 տոկոսով հացաբուլկեղենը, 11 տոկոսով միսը։ 71 տոկոսով պարարտանյութն է թանկացել, ու թանկացել է ամբողջ գյուղմթերքը։ Սննդամթերքի երկնիշ թանկացում է, աննախադեպ է սա։ Էս թվերը կարող է ձեզ բան չասեն, դրամով խոսեմ․ որ իրենք գալիս էին իշխանության, այդ ժամանակ 1 կգ բարձր տեսակի հացը 443 դրամ էր, հիմա 602 դրամ է։ Ալյուրը 376 էր, հիմա 508 է։ Բրինձը 778 էր, հիմա 1070 է։ Կարագը 5217 էր, հիմա 5891 է։ Միայն պաշտոնական թվերով, վերցրել ենք առաջին անհրաժեշտության 25 սննդատեսակ ու տեսնում ենք, որ 4 տարում կիլոգրամների մեջ տուժում ենք 8 հազար դրամ։ Շեշտեմ, սա պաշտոնական թվերն են, ոչ պաշտոնականն ավելի շատ է՝ գիտեմ։ Հիմա ձեր թոշակը բարձրացել է, ասենք, 3 հազար դրամով, բայց դուք մի քանի տեսակի սննդամթերքից մեկ-մեկ կիլոգրամ առնելու դեպքում պաշտոնապես 8 հազարով, իսկ ոչ պաշտոնապես 12՝ հազարով ավելի եք ծախսում։ Իսկ դուք հո ամիսը մեկ կիլոգրամ սնունդ չե՞ք ուտում, շատ եք ուտում։ Ուրեմն շատ ավելի է գնաճը։ Խանութ մտնելիս մարդիկ ինֆարկտ են ստանում։

Մեզ մի հատ շատ կարևոր խոստում էր տրվել՝ այսուհետև ՀՀ քաղաքացին իր մաշկի վրա զգալու է տնտեսական աճը։ Հիմա տնտեսական աճ են նկարում, դրանից օգտվում են պաշտոնյաներն ու հարուստները, իսկ գնաճը ազդում է սովորական ժղովրդի վրա, ՀՀ աղքատ, բայց հպարտ քաղաքացիների վրա։ Հպարտ քաղաքացին հիմա արդեն ճկռում է աղքատության բեռի ծանրության տակ, բայց կարծես 4 տարի է՝ պետք է որ հակառակը լիներ։

Հայաստանում մեկ հիմա է տնտեսական երկնիշ աճ, մեկ էլ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին էին։ Կոնկրետ թվեր եմ բերում, որ հասկանաք, թե այդ մաշկի վրա զգալը ինչպես պետք է լիներ։ Էն ժամանակ 5 հազար դրամով մտնում էիր խանութ, գնում էիր 1 կգ շաքարավազ, բրինձ, մածուն, կարագ, ալյուր, թթվասեր, ձու, կանաչի, պոմիդոր, վարունգ, ձեթ, կաթ, կաղամբ, հիմա նույն գումարին գիտեք, չէ՞, ինչքան բան կգնեք։ Վստահ եմ՝ բոլորդ շատ լավ գիտեք․ որպես օրինակ՝ գնում ես 800 գրամ կարագ ու վերջ։ Ժողովուրդ, սա պաշտոնական թվեր եմ ասում։ Էն ժամանակ՝ սրանից 15 տարի առաջ գնային կայունություն էր, հիմա գնաճային երկրաշարժ է։ Այն, ինչ այն ժամանակ գնում էիր 5 հազար դրամով, հիմա գնում ես 13-15 հազար դրամով։ Բայց թոշակառուի 5 հազարը չի դարձել, չէ՞ 15 հազար դրամ։ Քերոբյանն ասում է՝ հունիսին տնտեսական ակտիվությունը վստահ աճել է՝ 118.5%-ով։ Սրան զուգահեռ, ժողովուրդը հիմա ավելի շատ է հայհոյում իշխանությանը, քան նախորդ տարի։ Հայհոյում է սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորված։ Քերոբյա՛ն, ինչոր բան այն չես ասում։

ՔՊ-ական դեպուտատը, որ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ է, ասում է՝ գնաճի մեջ դրական բան կա, որովհետև եթե թանկանում է, բայց մարդիկ ապրել կարողանում են, դո՞ւք ինչի եք նեղվում։ Այսինքն, քանի քաղաքացին բառիս բուն իմաստով սովից չի մահացել, ՔՊ-ի համար նորմալ է։ Դե որ մահանա էլ, էլ բան չի կարողանա ասել, էլի ամեն բան նորմալ ա, երևի։ Հենց այսօր ԱԺ-ն տնտեսական հանձնաժողովի նիստ է արել։ Օրակարգը նայում ես, զարմանում ես, էս ի՞նչ են խոսում՝ սա տնտեսական էս ծանր վիճակում գտնվող երկրի խորհրդարան է՞։ 2 օրենսդրական փոփոխություն են քննարկում, որով․․․ Ուշադրությու՛ն․ տուգանքներ են ավելացնում։ Մյուս փոփոխությամբ բացատրում են, թե ինչ է նշանակում խոտան ապրանք։ Մեկ այլ օրենքում «ընդունված» բառը փոխարինում են «հաստատված» բառով, մեկ այլ օրենքում «պետության» բառը փոխարինում են «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով: Ու սրանք մեր մատից փուշ հանողնե՞րն են։ Դրա համար էլ էս օրին ենք։

Գերմանիան իր սպառողներին, բիզնեսին գնաճի հետևանքները մեղմելու համար արդեն 3 փաթեթ սուբսիդիա է իրականացրել։ Միայն երրորդ փաթեթով 65 մլրդ եվրո է ծախսում։ Վստահ եմ, գոտիները ձգել են, ժողովրդին են հասնում, օգնում։ Դո՞ւք ինչ եք անում․ «պետություն» բառը փոխել «կառավարություն» բառով։ Էդ ե՞ք անում։ Դրա համա՞ր եք աշխատավարձ ու պարգևավճարներ ստանում, որ է՞դ անեք։ Հեսա կասեն Գերմանիայի հետ մի համեմատվեք։ Բայց Գերմանիայի կանցլերը կառավարութա նիստի ժամանակ չի ասում աննախադեպ դրական ցուցանիշներ ունենք, մերը ասում է։ Քեշ փող են տալիս, որ գնաճի հետևանքները զսպեն, դուք ի՞նչ եք տալիս, 3 հազար դրամ թոշակի ավելացո՞ւմ։ 580 հազար դոլարով ԱՄՆ-ում տներ են առնում, քեզ տալիս են 1900 դրամով ավելի թոշակ, հետո ասում են՝ դե լավ մեղքներս վրեքներդ եկավ, առեք 1100 դամ էլ ավելացնեմ, թող դառնա 3 հազար ու իրենցից գոհ գնում են տուն։

Ցանկացած թոշակառուի որ մոտենաս-հարցնես կուզե՞ք ձեր թոշակը 5 հազարով չբարձրացնենք, բայց բանակ զինենք, զինվորին սապոգ տանք, որ տանից չուզի, կասի՝ հա, անշուշտ, անվտանգությունը կարևոր է։ Բայց հա՛մ փող չեն տալիս քաղաքացուն, հա՛մ բանակը չեն զինում, հա՛մ զինվորն է վատ վիճակում, համ էլ թոշակառուն, բայց իրենք լավ են, շատ լավ են։

Գնաճի հետևանքների համար ոչ մի կոպեկ չի հատկացվում, բայց 470 հազար դոլար հատկացնում են ինչ-որ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության կազմակերպման համար, որ Գառնիում կոնցերտ տան։ 90 միլիոն տալիս են Ալեն Սիմոնյանի ավտոյի համար, 21 միլիոն տալիս են, որ Արայիկ Հարությունյանի համար վերելակ նորոգեն, բայց թոշակառուին․․․ է՜է՜է՜, էլի չի հերիքացնում՝ 3000 դրամ։ Խոստացել են աղքատությունը մեր երկրից վերացնել իսպառ, բայց, փաստորեն, ընկել են ոչ թե աղքատության, այլ աղքատների հետևից։ Լսե՞լ եք, որ մեկ անգամ իշխանությունից մեկը հայտարարի, թե ժողովրդի վիճակը վատ է։ Չէ, ասում են ունենք երկնիշ աճ, փայլուն է, աննախադեպ աշխատատեղերի թիվ է, աննախադեպ տուրիստներ են, սաղ աննախադեպ է։

Կարճ ասած՝ Էսքանը դուք ինձնից լավ գիտեք, ժողովուրդ ջան, բա ինչի՞ եմ ասում։ Նրա համար, որ չասեք սաղ աշխարհում ա տենց, մեզ մոտ էլ ա․ որովհետև եթե ամբողջ աշխարհի օրինակով լիներ, ուրեմն ձեզ, մեզ հետ միասին վատ կապրեին նաև աներձագը, Շիշ բռնողը, Ալենը, Լենան, Աննան։ ՔՊ-ական դեպուտատները ստեղից մինչև Սևանի պլյաժ վերտալյոտով չէին գնա։ Կյանքու՞մ էին տեսել։ Բա եթե պետք է ամեն ինչ ինքնահոսի լինի, եթե դուք, ժողովուրդ, ձեր գլխի ճարը պետք է տեսնեք, էլ իշխանությունն ինչների՞դ է պետք։ Եթե ԱԺ-ն հանձնաժողովի նիստ է անում, որ «Պետություն» բառը փոխի «կառավարություն» բառով, թող մի հատ էլ փոփոխություն անի ու «կառավարություն» բառը փոխի «ոչ մի բան» բառերով։ Որովհետև այն, ինչ կա Հայաստանում, կառավարություն չէ, կառավարություններն ու պատգամավորները նորմալ երկրներում այսպիսին չեն լինում։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ