12 07 2022

«Կարճ ասած»․ Հերթեր, քաշքշուկ, հայհոյանք, կալանք, ծեծ․ քաղաքացու կյանքը



 

Հաշվի առնելով աշխարհում տեխնոլոգիական առաջընթացը և այն, թե տարբեր կառավարություններ ինչեր են անում իրենց քաղաքացիների կյանքը հեշտացնելու համար, ուղղակի զավեշտ է այն, ինչ կատարվում է Հայաստանում։ Թվում է, թե հատուկ տարբերակներ են մտածում՝ ոնց անեն, որ մարդկանց կյանքը վերածվի դժոխքի։ Ինձ հայտնի չէ ոլորտ, որտեղ ասեմ փոփոխություն է դեպի լավը, զարգացում է, առաջընթաց է։ Անկեղծ եմ ասում, շատ եմ փնտրում, չեմ գտնում։ Հետ, հետ ու միայն հետ։ Օրինակներն այնքան շատ են, որ չգիտեմ անգամ որտեղից սկսել։

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Երևանի տրանսպորտային համակարգը բնորոշում էր որպես հուսահատության գազելներ։ Հիշու՞մ եք։ Խոստացան որ գան, կփոխեն․ եկել են ու ի՞նչ են արել։ Գազելները հիմնականում հանել են, բերել են փոքրաթիվ ավտոբուսներ, ու ստացվել է այնպես, որ մի շարք երթուղիներ ընդանհրապես դուրս են եկել, մի շարք երթուղիներում ընդամենը մի երկու ավտոբուս է, բնականաբար չեն հասցնում։ Քաղաքացիները չեն կարողանում տեղաշարժվել։ Երեկոյան ժամը 8-ից, 9-ից հետո ահավոր դժվար է տրանսպորտ գտնել։ Այն քաղաքացիները, որոնք ապրում են Երևանում ու չունեն ավտոմեքենա, մեծ պրոբլեմի առաջ են։ Ով մի քիչ հնարավորություն ունի, օգտվում է տաքսիներից․ դրա արդյունքում էլ տաքսիների գինն է բարձրացել։ Քաղաքացիների համար նոր ու լրացուցիչ պրոբլեմ են ստեղծել։ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի համար նորմալ է, որ տրանպորտը ժամ ու կես ուշանում է, ասում է շարժակազմ չկա։ Ինչի՞ չկա, սաղ վարորդներին տարել եք պաշտոնի՞։ Կոնկրետ գլխացավանք են ստեղծել քաղաքացու համար։

Պասպորտսեղաններն ու բանկերը այս օրերին այն կառույցներն են, որտեղ այցելելիս կարելի է մոռանալ Աստծո գոյության մասին։ Անմարդկային հերթեր, մարդիկ իրար հետ ոնց են շփվում, հայհոյանք, քաշքշուկ, վեճեր։ Իրենց չեմ մեղադրում։ Մարդը մի հատ պեչատ պասպորտի մեջ խփելու համար պետք է երկու օր հերթ կանգնի։ Անձնագրային վարչություններն աշխատում են ոչ լիարժեք օր ու չեն աշխատում շաբաթ ու կիրակի օրերին, մարդ պետք է ամբողջ երկու օր աշխատանքից բացակայելու թույլտվություն վերցնի, որ գնա պասպորտ սեղան։ Իբր քաղաքակիրթ աշխարհ էինք մտել, հերթերի սպասարկման կտրոնային համակարգ դրեցին, որ կոլտուրական լինի․ բայց հիմա էլ մարդիկ հերթ են կանգնում, որ հերթի տոմսը հանեն։ Ու հերթը չի հասնում, որ հարցը լուծի։ Էստեղ քաղաքացին բոլորովին մեղք չունի, մեղքը պետությանն է, իշխանությանն է, որ չեն կարողացել կազմակերպել։ Ասում են՝ աննախադեպ ցուցանիշ կա, 9,5 հազար հոգի դիմել է անձնագրի համար․ հետո՞ ինչ, կրա՞կն ընկանք, ինչի՞ պետք է դրանից տուժի քաղաքացին, է կազմակերպվե՛ք։ Դեռևս փետրվարի 24-ին, երբ սկսեց ռուս-ուկրաինական պատերազմը, սկսեցին սանկցիաներ կիրառել, շատ արագ հասկանալի դարձավ, որ Հայաստան տուրիստների, երկքաղաքացիության համար դիմողների ու զանազան հարցով անձնագրայիններ դիմողների հոսք է սկսվել։ Փետրվարից սկսած կարող էիք պատրաստել հոլովակներ, դիմեիք հանրությանը, որ ովքեր ունենալու են անձնագրում վիզաների և այլ խնդիրներ, ովքեր ուզում են արձակուրդին դուրս գալ երկրից, խնդրում ենք շուտ դիմել, ամռանը հերթերից խուսափելու համար։ Ոչ մեկին չնախապատրաստեցին, չիրազեկեցին, ճիշտ այնպես, ինչպես քովիդի սկզբում էր, ու հիմա կանգնել ենք փաստի առաջ։ Մարդիկ կան, որ արձակուրդը չեղարկել են, որովհետև երեք օր չեն կարողացել ելքի պեչատ խփել։ Մարդիկ կան, որ Երևանից հասել են Հոկտեմբերյան էդ պեչատի համար։ Լավ հիմա էս խնդիրն ունեք, ամեն վարչությունում աշխատողների թիվը էնքան շատացրեք, մինչև կարգավորվի։ 1000 հոգու վարձեք ու ամբողջ հանրապետությունում խնդիրը լուծեք։ Միայն չասե՛ք փող չունեք։ Որովհետև փող ունես, որ հավելավճար ու պարգևավճար տաս քաղաքացու կոկորդից խեղդող բերետավորին, փող ունես, որ չաշխատելու համար պարգևավճար տաս քպական դեպուտատներին, մենակ մի ամսում 100 հազար դոլարի պարգևավճար տաս ԱԺ աշխատակազմին, որ Ալենը իրան լավ զգա, փող չկա՞, որ տաս քաղաքացու հոգսերը թեթևացնես։ Երբ հարցը ձեզ է վերաբերում, փող կա, ոստիկաններին բերել-լցրել եք փողոցները, Գրանդ Քենդիի վաֆլիներով կերակրում եք, հետո էլ պարգևավճար եք տալիս, որովհետև ձեր իշխանությունն են պահում, հետապնդում են քաղաքացիներին, որովհետև վարչապետը վախենում է իր ստվերից անգամ։ Բայց ժողովրդի հոգսը թեթևացնելու համար որպեսզի մի քանի աշխատող վարձես, փող չկա։ Առանց էն էլ մարդկանց կյանքը ծանրացրել եք, ներվային հիվանդ եք դարձնում, գոնե էդ անիմաստ քաշքշուկներից ազատեք։

Սամվել Ալեքսանյանը, որ պասպորտով լավաշ է բաժանում երկու հատ, անգամ դրա հերթերն ավելի քիչ են, քան բանկերի հերթերը։ Բանկերում հերթերի պատճառը ո՞րն է, էլի կառավարությունը իր անկանխիկ վճարումների վերաբերյալ օրենքով նոր քաշքշուկ է առաջացրել, նոր տերմինալներ, բանկային համակարգին միացվող սարքեր և այլն։ Քարտի ժամկետը երկարացնելու համար պետք է մեկ ամբողջ օր հերթ կանգնի մարդը։ Այն էլ էս 42 աստիճան շոգին։

Ոնցոր դիտմամբ մտածեն ինչ անեն, որ մարդիկ հոգսերի տակից դուրս չգան։ Լարսի կուտակումները ո՞ւմ թերացման արդյունք է։ Ապրանքը փչանում է, կիլոմետրանոց հերթեր են, մարդիկ նյարդայնանում են, կրում են ֆիզիկական, բարոյական, նութական վնասներ։ Բայց փոխարենը սրանով զբաղվեն, սաղ օր մտածում են ինչ վատություն անեն ընդիմադիրներին, որ իրենց հետ չեն լծվել թուրքական օրակարգերը առաջ տանելուն։

Արարատ Միրզոյան, բա մի հատ հայելու մեջ նայի ու ինքդ քեզ ասա՝ Է՛ս չե՞ք, ա՛րա։

Խոսքը կառավարման ճգնաժամի մասին է, խնդիր լուծելու անկարողության մասին է։ Մեռան հայտարարելով իբր բարեփոխումների մասին։ Թե բա՝ տոպրակներն արգելում ենք։ Արդյունքում քաղաքացու համար նոր ֆինանսական բեռ ավելացրին ընդամենը։ Ծխախոտն արգելել էին հասարակական վայրերում։ Ուղղակի գլխացավք ստեղծեցին ու վերջ, հլա մտեք տեսեք իրո՞ք արգելված է։ Չեմ խոսում էն մասին, թե օրենքը լավն էր, վատն էր, թե ինչ էր։ Ես խոսում եմ էն մասին, որ ինչ օրենք էլ որ փոխել եք, ոչինչն էլ չի բարեփոխվել, լավագույն դեպքում նույնն է, վատագույն դեպքը դե առնվազն դժվարեցրել եք, ֆինանսական բեռ եք ավելացրել, ուրիշ ոչինչ։ Ստանում են միլիոնավոր դոլարների գրանտներ ինչ-որ բան բարեփոխելու համար, ո՛չ հաշվարկ կա, ո՛չ վերլուծություն, ո՛չ կարիքի գնահատում, ո՛չ ազդեցության գնահատում, ընդունում են ու ոչ մի բան չեն կարողանում անել։ Դրին-արգելեցին կազիոների գովազդը, դա ներկայացրին բարեփոխում, որովհետև Նիկոլի օրոք խաղադրությքները կրկնակի գերազանցում է ՀՀ բյուջեին՝ 6 մլրդ դոլար է․ հիմա կառավարության նիստ են անում, երկար-բարակ քննարկում են, ստացվել է արգելքը, թե քողարկված դեռ անում են։ Սաղ ազգին բերիք դրիք էտ անտեր ղումարի ասեղի վրա, նոր որոշել եք բարեփոխում անե՞ք։ Մարդիկ հեռախոսների մեջ են խաղում, էդ ոստիկաններին ինչ հավելում ու պարգևավճար տվեցիք, տեղում մտնում, սաղ կրվում են։ Մի քանի անգամ անձամբ եմ տեսել, թե քանիսն են ծառայության ժամանակ էդ վիվառոյատոտոների մեջ մտած։ Կրկնում եմ՝ ես չեմ խոսում օրենքի լավ ու վատը լինելուց, մի ամբողջ երկիր են վարի տվել, մի սիգարետի կամ աղամանի հարցը շատ չնչին բան է, որ դրա վրա խորնաս, բայց սրանց ամեն արարքի արդյունքում պարտադիր տուժում է ՀՀ քաղաքացին։

Գիտե՞ք որն է վատը․ սրանց ամեն քայլ հաշվարկված է իրենց ստանալիք օգուտով, ամեն ինչ անում են միայն նրա համար, որ իրենց համար լավ լինի, փող գա, իշխանություն պահեն, մյուսների վրա թքած։ Ամեն քայլ հաշվարկած է այնպես, որ իրենց իշխանությունը պահեն։ Իրենք հո քո մասին չեն մտածում, իրենք ասում են ինչ անենք, որ մեզ համար լավ լինի։

Սահմանին էլի կրակում են, Ելփին գյուղի վրա թշնամին կրակում է, գիտե՞ք հենց այդ ժամանակ ինչո՞վ էր զբաղված պաշտպանության նախարար Պապիկյան Սուրենը․ ենց այդ օրով, այդ բնակավայրը շրջանցում է, գնում է Կապան, որ ՔՊ վարչություն ընտրեն, գրասենյակ բացեն։ Ասե՛ք որքան կարևոր է, որ իրենց կուսակցությունը վարչություն ունենա, էս նեղ մաջալին։ Նույնն էլ ամիսներ առաջ էր, Երասխի վրա կրակում էին, զոհ ունեցանք, այդ օրով էլ Պապիկյան Սուրենը գնաց եսիմուր, որ կուսակցության նախընտրական բուկլետ բաժանի։ Բա, ժողովուրդ ջան, պաշտպանության իբր նախարար ենք պահում, տղեն էկած-չեկած իրանց կուսակցական գործերով ա զբաղվում, պետական մեքենաներով, շարասյուններով, շքախմբերով։ Ինչ-որ չեմ հիշում, թե Նիկոլը իշխանության գալուց իր ընտրողներին ասեր՝ դե գալիս ենք, ջաններդ յուղեք, հարկերը վախտին տվեք, որ Պապիկյանն ու Ալենը դրա հաշվին ճոխ ապրեն ու կուսակցությունով զբաղվեն, աշխատանքային ժամերին։ Քո կյանքը բարդացել է, թշնամին կրակում է, չի թողնում աշխատեք և այլն, իրենց համար հեչ, կարևորը, որ իրենց գործերը դզեն։

Ձեզ թվում է ինձ դո՞ւր է գալիս, որ ամեն օր անդրադառնամ իրենց․ ոչ, տհաճ է ամեն անգամ խոսել էս որակի կառավարության մասին․ բայց չխոսել չի լինում, որովհետև ամեն քայլափոխի զգում ես այս իշխանության վնասները։ Առավոտ արթնանում, տանից դուրս ես գալիս ու բախվում ես խդիրների, մտնում ես մթերային խանութ, սարսափելի գնաճ, մտնում ես գյուղմթերք առնելու, սարսափելի թանկ, մտնում ես բանկ, հերթեր, հասարակական տրանսպորտից չես կարողանում օգտվել, ուշ է գալիս, ծանրաբեռնված է, լուրերն ես կարդում, կրակում են, առաջ են գալիս, ու տեսնում ես, որ քո առօրյա պրոբլեմների ընդամենը մի փոքր մասն է քեզանից կախված, որովհետև այն ինչ անում են, իրենք են անում։ Էս խնդիրները ժողովրդի հետ կապված չէ, առավել ևս նախկինների հետ կապված չէ, կապված է այս իշխանության հետ ու բոլորս եք առնչվում ու տուժում։

Կարճ ասած՝ այս չորս տարում այս սուտի բարեփոխիչներն այնպես են ամեն ինչի հերն անիծել, որ մի հասարակ հարց լուծելու, որ արդեն մի քոսոտ պեչատի համար անգամ պետք է պայքարես, հաղթահարես խոչընդոտներ, դժվարություններ, թշնամանաս էն մեկի հետ, էն մյուսի հետ վիճվես։ Մենք սովորեցինք էն վիճակին, որ մեր բոլոր հարցերը պետք է բարդությումաբ լուծվեն, անգամ կյանքի գնով։ Ու այդ ամենը միմիայն մի պատճառով, որովհետև այս իշխանությունը, երբեք միտք էլ չի ունեցել խնդիրներս լուծել․ իրենք այլ խնդիր լուծելու համար են եկել։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ