27 06 2022

«Կարճ ասած»․ Միակ հայտարարությունը, որ մամուլն ու ժողովուրդը սպասում է Փաշինյանի ասուլիսից



 

Նիկոլ Փաշինյանն այսօր մենախոսությամբ է հանդես գալու, որի անունը չգիտես ինչու դրված է մամուլի ասուլիս։ Նա 2018-19 թվականներին մշտապես ասուլիսներ էր տալիս Երևանում ու մարզերում, հրապարակում էր ինչ-որ փաստեր, որ արել են ու անունն էլ դնում էր «100 փաստ՝ նոր Հայաստանի մասին»։ Այդ փաստերի մի մասը իրոք ծիծաղելի էր․ օրինակ՝ ընձառյուծը վերադարձել է անտառ, ինքը ամանորը խոսել է ուղիղ եթերում, կնոջը տուգանել են, Աժ դարպասները բացվել են և այլն։ Հետո սկսեց արդեն ասուլիս չտալ․ հետո վերսկսեց, բայց արդեն օնլայն ձևաչափով։ Առաջարկում են հարցեր տալ, բայց եթերում հնչում են գրեթե միայն իշխանությանը ցանկալի լրատվամիջոցների, ՀԿ-ների ու անգամ ֆեյքերի հարցեր։ Մեր կայքը ամեն ասուլիսի ժամանակ այդ ժամանակ արդիական հարցեր է ուղարկել, սակայն ոչ մեկը, ոչ մի անգամ չի հնչեցվել, չնայած որ հարցերն ընտրված են եղել բովանդակային, արդիական, այդ պահին ամենից հուզող թեմաներով։ Ու այդպես լիքը լրատվամիջոցներ։ Ասուլիսային այդ ֆորմատը ֆարս է․ նախապես ստանում են, հետո ընտրում են այն լրատվամիջոցներին ու հարցերը, որը հարմար է Փաշինյանին ու խնդրեմ։

Նիկոլ Փաշինյանի ասուլիսն այս անգամ բոյկոտել է Հայաստանից ու Սփյուռքից մոտ 60 լրատվամիջոց։ Ու նրանց մեծամասնությունը լրատվադաշտի կորիզն են նշանակում։ Ես էլ, որպես լրատվամիջոցի ղեկավար, միացել եմ այդ հայտարարությանը, որով բոյկոտում ենք։ Կարծում եմ՝ այդ ասուլիսը կկայանա, լիքը հարցերի կպատասխանի, բայց ուզում եմ նաև հասկանալ․ ասենք թե ասուլիսը օնլայն չէ, կենդանի ասուլիս է, լրագրողներն էլ ազատորեն իրենց հարցերը տալիս են, մենք ի՞նչ է, սպասում էնք, որ հարցերի նորմալ պատասխանի՞։

Նիկոլ Փաշինյանի կենդանի ասուլիսներին երեք անգամ մասնակցել է մեր լրատվամիջոցը և հարցեր ուղղել։ Մեկ անգամ հարցրել ենք՝ դուք եկաք իշխանության ու ասացիք, թե այսուհետև ծնողները բանակ տրուսիկ-մայկա չեն ուղարկելու, բայց ամեն ինչ ուղարկում են, ի՞նչն եք կարգավորել։ Փաշինյանը սար ու ձոր ընկավ․ հարցը կրկնեցինք ու էլի սար ու ձոր ընկավ։ Ծնողները մինչ այսօր, հերթի տակ գնում ուղարկում են բանակային իրենց զավակներին ինչ հնարավոր է։ Ասենք ցրեց, չպատասխանեց, այս ամենի մասին հո բոլորը գիտե՞ն։

Մյուս ասուլիսի ժամանակ հարց ենք ուղղել՝ դուք խոստացել եք հազարավոր աշխատատեղերով գործարանների բացում, քա՞նի գործարան եք բացել։ Բալոնների գործարան, հայկական տեխնիկայի գործարան, բամբակի գործարան․ մի անգամ էլ հայտարարեց, թե հեսա էնպիսի գործարան կբացվի, որ Հայաստանի տնտեսությունը լրիվ կփոխվի։ Ի՞նչ եղան այդ գործարանները։ Փաշինյանն ասաց՝ ես լենտը կտրողն եմ եղել, ի՞նչ անեմ, խաբար չեմ։ Փաստն այն է, որ ոչինչ չբացվեց, ուղղակի ժողովրդի աչքին թոզ փչելու համար բեմադրեցին գործարանի բացում ու հուսով էին, որ մարդ չի հիշի։

Մեկ անգամ էլ հարց տվեցինք, թե դուք հայտարարում էիք, որ ապրիլյան քառօրյա պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի թույլտվությամբ և համաձայնությամբ, հիմա է՞լ եք այդ կարծիքին։ Փաշինյանը էլի սար ու ձոր ընկավ, դարձյալ պնդեցինք, որ հարցին պատասխանի ու էլի լղոզեց, թե գիտե՞ք ինչ, ես մինչև հիմա այդ հայտարարությունը իմ ֆեյսբուքյան էջից չեմ ջնջել և այլն և այլն։

Մի անգամ անձամբ հարց եմ տվել մեր լրատվամիջոցը խուզարկելու մասին․ Հայաստանում դա աննախադեպ էր վերջին երկար տարիների ընթացքում, որ խուզարկում էին լրատվամիջոց, պահի տակ դեմքին զարմացկոտ արտահայտություն տվեց ու ասաց՝ ես տեղյակ չեմ։ Ուրեմն նախկին լրագրող, մարդ, որ մտնում է ու նյութերի, գրառումների տակի քոմենթներն է կարդում, ասում է՝ ես տեղյակ չեմ առնվազն այդ շաբաթվա սենսացիոն իրադարձությունից։ Հիմա, ես էլ ի՞նչ անեմ, ասեմ։

Հիմա էս մարդուն հարց տալու իմաստը ո՞րն է, թեկուզ կենդանի ասուլիսում, եթե խաբում է, ֆռացնում է։ Ասենք գնացել եմ հարցնում եմ՝ ինչպե՞ս եք շարունակելու պաշտոնավարումը, երբ խաղաղություն եք խոստացել, բայց մեկ տարի անց էլ շարունակ զոհեր ենք ունենում սահմանին, և ստիպված թաքցնում եք էդ զոհերը։ Ասենք, հարցնում եմ՝ ինչպե՞ս եք ձեզ կոչում լեգիտիմ, երբ այն, ինչ նախընտրականում խոսք եք տվել, տապալել եք, բայց անում եք այն, ինչը խոսք չեք տվել ու եթե այդ մասին ընտրությունների շրջանում խոսեիք՝ մի ձայն էլ չէիք հավաքի։ Բոլորս հիշում ենք, դեռ անցած տարի, ամենուր ու ամեն ոք խոսում էին գերիների վերադարձնելու անհապաղության մասին, սա էլ հիշում եք, նախընտրականի ժամանակ ասաց՝ ոչինչ, մեր գերի ընկած եղբայրները մի 2 երկու ամիս էլ կդիմանան, հեսա ընտրություններն էլ անենք, մեզ ընտրեք, տեսեք ոնց ենք հետ բերում․ մինչ հիմա այդ գերի ընկած եղբայրները սպասում են Նիկոլին․ հիմա ուղիղ իրեն մեջբերմամբ հարցնե՞նք, թե՞ իմաստ չկա։ Կամ հարցնեմ՝ ինչո՞ւ եք թուրք-ադրբեջանական շահերից բխող օրակարգերին դեմ դուրս եկած քաղաքացիներին հատ-հատ պետական համակարգից ներքին հրամաններով գործից հանում, իսկ ավելի ակտիվներին ձերբակալում և կալանավորում, հիմա դուք հայամե՞տ եք, ինչո՞վ, բերեք որևէ գործնական ապացույց։ Այս հարցերին նա անկեղծ պատասխան կտա՞։ Կասի՞, թե ինչ ծրագիր են իրենք հիմա իրականացնում և ում հրահանգով, ինչպես Գագիկ Ջհանգիրյանի վրայից նախկինագույնի փոշին թափ տվեցին, վերակենդանացրին ու բերեցին ԲԴԽ նախագահ դարձնելու, որ ինքն էլ իր վզին ինչ-որ բաներ է դնում, որպեսզի հանկարծ Քոչարյանը չգա, թե չէ գալիս աորովհետև ի՞նչ, ի՞նչը կձախողի...  Օրինակ, որ հարցնեմ՝ ցանկացած քաղաքական դատավարություն, որ Հայաստանում տեղի է ունենում զանգո՞ւմ եք, թե՞ մեսսենջերով եք ցուցում տալիս․ եթե ոչ մեկը, դե բացատրեք՝ ինչպե՞ս է այս ամենը տեղի ունենում։ Այս հարցերին անկեղծ պատասխանելու է՞։ Հիմա որ հարցնեմ, դուք խոստացել եք աղքատությունը իսպառ վերացնել, ինչի՞ է հասել 35 տոկոսի, ո՞վ է դրա պատասխանատուն և ինչու՞ պատասխանատվություն չեք կրում դուք ևս։ Քելբաջարում Ադրբեջանը նոր զորամաս է բացել երկու օր առաջ, դո՞ւք ինչ եք արել, քա՞նի դիրք եք ամրացրել մամուլը գրում է, որ մի քանի օրից Բերձորի հանձնումն է, ինչո՞ւ եք հանձնում, եթե Ադրբեջանը պայմանագրի կետերը չի կատարել։ Էլի հարցեր տամ, դուք ասեք, կպատասխանի՞ արդյոք․ Ապարանում տեղի են ունեցել սպանություններ, անուններ են շրջանառում՝ փոխմարզպետ, ՔՊ-ական պատգամավոր, ինչո՞ւ 10 օր հետո այս մասով որևէ նորություն չունեք, ինչո՞ւ հրաժարականներ չկան, քաղաքական պատասխանատվությունն էլ չեք ուզում կրեք։ Ձեր կորտեժի կողմից վրաերթի ենթարկված-զոհված Սոնայի հայրը հարց է տալիս, ասում է՝ եթե իմ աղջկա փոխարեն զոհի անունը լիներ Մարիամ Փաշինյան, վարորդին էլի՞ չէիք կալանավորի։ Չէ՞ որ դուք եք ասել օրենքի առաջ բոլորը հավասար են, իսկ դատարանում ասում են՝ նա վարչապետի շարասյան վարորդ է, ո՞նց կալանավորեն։ Հիմա օրենքի առաջ բոլորը հավասա՞ր են, թե՝ չէ։ Էս հարցերին ի՞նչ նորմալ պատասխան եմ լսելու։ Չէ՞ որ, մենք այդ մարդուն գրեթե մեր ձեռքի հինգ մատի պես գիտենք արդեն, պարզ է չէ՞, ինչ է լինելու այդ ամենի վերջում։ Կռուտիտ, չէ՞։

Նիկոլ Փաշինյանին հարց տալ նշանակում է յուրաքանչյուր հարցի հետևից պետք է հանես փաստաթղթեր ու ապացուցես, որ բոլոր հարցերի վերաբերյալ ստում է մարդը։ Հետո սկսելու ենք արխիվները քրքրել նույն բանի ճիշտ տարբերակը հանելու համար։ Այդ մարդուն հարց տալ ու ակնկալել իրականության մոտ պատասխան, կարող է լինել միայն այն դեպքում, երբ քրեականացված լինի պետական այրի սուտ խոսելը։ Երբ պաշտոնյայի սուտ խոսելը ոչ թե կհամարեն խոսքի ազատություն, այլ քրեական պատիժ կսահմանեն։ Թե չէ էսքան խաբելուց, չիրականացված խոստումներից հետո մի հատ ավել-պակաս ասուլիսը մեզ, հանրությանը ի՞նչ է տալու։

Հարցերը լիքն են, ինքն ուղակի ունակ չէ, անկեղծ պատասխանի, միևնույն է՝ ստելու է, որովհետև իր անձնական շահը այդ ամենից բարձր է։ Այ դրա համար էլ լրատվամիջոցները հրաժարվում են հարց ուղարկել։ Սա իրոք աննախադեպ է, նման բան ոչ մի երկրում չի եղել, պատմության մեջ ինձ հայտնի չէ նման դեպք։ Ֆիքսենք. երբ երկրի ղեկավարին լրատվական լայն սպեկտրը հրաժարվում է անգամ հարց տալ, դա նշանակում է, որ նա այլևս կորցրել է վստահության ու լեգիտիմության վերջին փշուրները: Նրա խոսքից այլևս որևէ սպասում չկա, ոչ լավ, ոչ վատ, մեկ է՝ ավելի շուտ սուտ է, քան ճիշտ։ Էլ իմաստը ո՞րն է նրան լսելու, լսենք, տեսնենք էլ ինչ թազա ձևեր է գտել ֆռռացնելո՞ւ։

Կարճ ասած՝ Այնուամենայնիվ, կա մի բան, որը թե՛ Նիկոլի դեմ պայքարողը, թե՛ Նիկոլ ընտրողը դեռ սպասում են, այո այդ մեկը հաստատ կարող եմ ասել՝ սպասում են։ Նրանից ժողովուրդը մեկ բան է սպասում՝ հրաժարականի մասին հայտարարություն։ Ու կապ չունի՝ այդ հայտարարությունը ո՞վ, ո՞նց կընդունի․ բայց որ բոլորը գիտեն, որ մի օր արթնանալու են, ու տեսնեն այդտեսակ մի տեքստ, այո, այդ մեկը իրոք սպասված է։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ