03 05 2022

«Կարճ ասած»․ Իշխանությունն ընկած է փողոցում



 

Մինչև 2019 թվականի ավարտը Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամ հայտարարել է՝ մենք իշխանությունը ճանկռելով չենք պահելու, ատամներով չենք պահելու, զոռով չենք պահելու, հենց տեսնենք, որ այլևս ժողովուրդը չի ուզում, կգնանք։ Ասել է՝ «Եթե իմ վարչապետ լինելը ժողովրդին պետք չլինի, ես չեմ լինի վարչապետ»։ Հիմա տեսում ենք հակառակ պատկերը․ ժողովուրդը պահանջում է հրաժարական, սրանք ասում են՝ չենք տա։ Հազարավոր քաղաքացիներ փակել են փողոցներ, մասնակցում են ակցիաների, ակցիներին չմասնակցող հազարավոր վարորդներ, ուղևորներ միանում են, պատուհաններից աջակցում են, միանում են․ նայեք նրանց, ովքեր չեն մասնակցում հանրահավաքներին, հարյուր հազարավոր դիտումներ են ուղիղ եթերների տակ ու ․․․ Հայհոյանքներ իշխանության հասցերին։ Ժողովուրդը պահանջում է հեռանալ, բայց ատամներով կառչել են իշխանությունից։

Նիկոլն ասում էր՝ եթե մեզ հայհոյում են, ճիշտ են անում, ուրեմն մի բան սխալ ենք անում։ Դա այն ժամանակ էր, երբ Նիկոլի ֆոտոյով մայկա էին սարքում, ոչ թե պոլի շոր։ Հիմա հայհոյանքն էնքան է, որ հայհոյանքի դեմ օրենք են ընդունել։ Հիմա անգամ ԱԺ ամբիոնից արգելել են Նիկոլ անունը տալ, ասում են՝ վիրավորանք է։ Այսօր ուշագրավ լուր հրապարակվեց քաղաքացի-ոստիկան վեճից։ Քաղաքացին ասել է ոստիկանին՝ այ Նիկոլ, ոստիկանը կատաղել է, թե՝ Նիկոլը դու ես։ Ոստիկանը եկել է ցուցարարին ծեծելու, բայց կատաղում է, երբ ասում են իրեն Նիկոլ։ Ինքն էլ է հոգնել, ինքն էլ է ատում գուցե, ինքն էլ է համարում կապիտուլյանտ և մեղավոր էս ամենում։ Բայց քաշքշում է ու մտքում հայհոյում իշխանությանը, թե՝ գնա-պրծնենք էլի։ Բա ձեր կարծիքով, որ «Դիմադրության շարժման» մասնակիցները վանկարկում են «ոստիկանը Նիկոլ չէ», ինչի՞ համար է, սրա համար, որ ձեզ պահեք մարդավարի։ Բայց կան ոստիկաններ, որոնք Նիկոլ են, Կարմիր բերետները էսօր ևս իրենց պահում էին խայտառակ ձևով, սև բերետներն էլ։ Բերման ենթարկվողների մեջ շատերը կան, որ դուրս են գալիս, ասում են՝ ոստիկանական բաժնում իրենց աջակցել են, ներողություն են խնդրել անհարմարության համար, խնդրել են, որ զադնի չդնեն, կոչեր փոխանցեն ակցիաներ անողներին, Դիմադրության շարժմանը։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Փաշինյանը զոռով է պահում իշխանությունը, ատամներով կառչած է, չգիտի, տեղյակ չէ, երևի որ համընդհանուր հակակրանք է վայելում, բայց մնում են, բոլորիս ինադու՝ անգամ իրենց ընտրած 680 հազար քաղաքացիներին ինադու։ Ու սա ևս մեկ հեղափոխական խոստում է, որ տապալել են։

Արդեն հազար ու մի խոստում են տապալել ու խոշոր հաշվով՝ այդ խոստումների տապալումն է երկիրն այս օրին հասցրել։ Խոստումեր՝ անվտանգության հարցերում, Ղարաբաղի հարցում, սոցիալական հարցերում, աշխատատեղերի, ներգաղթի, բոլոր հարցերում։ Ձեր կարծիքով, այսօր ընդդիմությանը սատարողները կամ Նիկոլ Փաշինյանի հրաժարական պահանջողները միայն Ղարաբաղի՞ համար են պահանջում հրաժարական։ Բնավ ոչ, հազար ու մի պատճառներ ունեն, ու բոլորն էլ հիմանավոր է, ուղղակի Արցախի կորուստը հարցերի հարցն է։

Լավ, իսկ ինչո՞ւ են նիկոլենք ատամներով կառչած իշխանությունից, ոչինչ, ասում են, թող մեզ դավաճան համարեն, թող մեզ կապիտուլյանտ համարեն, թող հայհոյեն, բայց պաշտոնին ձեռք չտան։ Որովհետւև ժողովուրդ, նրանց համար իշխանությունը ոչ թե միջոց է եղել իրենց հեղափոխական խոստումները կատարելու համար, այլ հարստանալու՝ նպատակ։ Հիմա մարդիկ վախ ունեն զրկվելու էդ դիրքից, պաշտոնից բխող հեղինակությունից, հավելավճարից, պարգևավճարից, ապօրինի հարտացման մասին օրենքով քրգործի տակ հայտնվելուց։ Ալեն Սիմոնյանը, օրինակ, իմ ու քո հաշվին այլևս չի կարողանա Բալի գնալ տժժալու, հետն էլ ում ասես հավաքի-տանի, իմ ու քո Հաշվին Նիկոլը չի կարող ճամփորդել շատ երկրներում, իրենց բոլոր ուսապարկերը, չեն ունենա թիկնապահներ, քարտուղարուհիներ, պետական համարանիշներ, այլևս մեր հաշվին չեն ապրի։ Չեք հավատա, բայց նրանց պայքարը փողի ու իշխանության համար է։ Հայրենիք, ժողովուրդ, ձեզ սիրում եմ, հպարտանում եմ, ժողովուրդն իմ ընտանիքն է և այլն խոսքերը անկապ բաներ են։

Հրաժարական չեն տալիս նաև նրա համար, որ այդ պաշտոնեական դիրքը, սեփականաշնորհած արդարադատության պայմաններում հնարավորություն է տալիս խուսափել արդար պատժից։ Մի բան արել են, չէ՞, որ վախենում են կորցնել իշխանությունը։ Իսկ գուցե պատասխան տալո՞ւց։ Սկսած դատարանների դռներն ապօրինի փակելու որոշումից, մինչև հիմա քա՞նի առիթ ու պատճառ, հակասահմանադրական որոշումներ, քա՞նի օրենքներ են ոտնատակ արել, քա՞նի մարդու են դժբախտեցրել, քա՞նի մարդու կյանքի թել են կտրել, ի՞նչ դժբախտություններ են բերել։ Վախենալու է, չէ՞։ ՔՊ-ականներ, վստահ եմ, այնպես չէ, որ բոլորդ դատվելու եք, իհարկե՝ ոչ։ Չէ՞ որ ձեր մեծամասնությունը ընդամենը հեռուստացույցից է իմացել այս որոշումների մասին ու անգիտակցաբար կամ ստիպված պաշտպնել է։ Գիտակցեք ձեր սխալը, ասեք այդ մասին։ Ձեր մեջ կան մարդիկ, որոնք ներման իրավունք ունեն, եթե, իհարկե, գիտակցում եք ձեր մեղքը։ Մենք հո գիտենք, որ դուք ընդամենը գերի եք մեկ մարդու ձեռքում, իսկ գերիներին տանջում-չարչարում են միայն Ադրբեջանն ու նրանց վերադարձից հետո՝ Նիկոլի իշխանությունը։ Դուք, որպես Նիկոլի գերի, հնարավոր է ներվեք։ Ի՞նչ ասեմ, հասկացեք իրավիճակը, կողմնորոշվեք։

Իհարկե՝ ոչ բոլորն են ներման արժանի։ Ես օրինակ չգիտեմ, պատրա՞ստ ենք ներել մեր նախկին գործընկերներին, որոնք էսօր դարձել են ՔՊ-ական պատգամավոր ու էնպիսի բաներ են գրում ու խոսում, որ ստիպված ենք իրենց ստեղծած հայհոյանքնռերի մասին օրենքում փնտրել քիչ թե շատ քիչ տուգանվելու բառեր ու արձագանքել։ Բարեբախտաբար՝ ներող չներողը ես չեմ։ Այնպես որ, դուք էլ կներվեք ձեր մեղանչումների համար։ Բայց բոլոր մեղավորների համար կլինեն արդար քննություններ՝ հասկանալու մեղքի աստիճանը։ Պետք է քննել՝ հասկանալու համար, թե Արսեն Թորոսյանի ժամանակ հարյուր միլիոնավոր դոլարներ է ծախսվել կորոնավիրուսի վրա, ի՞նչ է արվել էդ գումարով։ Այո, Արարատ Միրզոյանին կկանչեն հասկանալու համար թե ինչ էր բանակցում Չավուշօղլուի հետ, որ հենց հաջորդ օրը բայրաքթարերը մեր տղերքի կյանքեր խլեցին, արդյո՞ք իսկապես թուրքի ագենտ է։ Այո, Նիկոլն էլ կկանգնի պատասխանատվության առաջ, Ալենն էլ, մի երկու օլիգարխ կան, իրենք էլ, հասկանանք, օրինակ, ճի՞շտ է, որ իրենց թիկնապահներն են քաղաքացիներին ծեծում ոստիկանի անվան տակ և այլն։ Բայց, ասենք, Արփի Դավոյանին ինչի՞ համար դատես, որ չի հասկացել ԱԺ ամբիոնից ինչեր ա խոսո՞ւմ․ ինչի՞ համար դատես էն կենդանակերպի նշաններից ամենածանրաքարշի մականունը ստացածին, որ բռնազավթում է ԱԺ ամբիոնն ու անխնա բռնաբարում։ Ինչի՞ համար, օրինակ, դատես Աղազարյանին, Լուլուին, մարդ են, աշխատավարձ են ստանում, իրենց կարծիքով՝ լավ աշխատանք ունեն, խոսում են, վարձահատույց են լինում, վաղն էլ ուրիշ բան կխոսեն։ Սակայն ի՞նչ տարբերություն։ Հիմա էս գերիներին պատասխանատվության կանչես որ ի՞նչ։ Նրանց ընդամենը կարելի է կոչ անել իրենց մեջ գտնել տղամարդկություն, շանս տան իրենք իրենց ապագան կառուցելու, օգտվեն հումանիտար միջանցքից, որ այս պահին դեռ բաց է։

Ամեն օր մենք արձանագրում ենք, որ շատանում են բողոքի ակցիաների մասնակիցների թիվը, Երևանում ու մարզերում, երեկ մենակ Կենտրոնի փողոցերն էին փակ, Այսօր՝ Երևանում ու Հայաստանում բազմաթիվ փողոցներ, մայրուղիներ։ Ոստիկանության բռնությունների արդյունքում շատացան քաղաքացիները։ Էսօրվա վայրենի ոստիկանների, էն երկու թշերը ուռացնելով մարդկանց վրա հարձակվող բերետների պահվածքը մարդկանց օգնում է միաբանվել, փողոց դուրս գալ, զարթնել։

Կարճ ասած՝ Հայաստանի իշխանությունը իրավիճակին չի տիրապետում։ Կտրված են, հղփածացած են, խորթացել են մարդկանցից, չեն շփվում, ճշարտությունը չգիտեն, իրենք մնացել են 2018-ի հեղափոխության տակ, իսկ պաշտոնը, իրենց թվում է, միշտ լինելու է։ Չեն ուզում հասկանալ, որ համատարած հայհոյանքը կազմակերպված չէ, ինքնաբուխ է։ Իրենց շրջապատել են ֆեյքերով և իրենց համար փորձում են իշխանությունը վայելել։ Բայց՝ ընդամենը մի փոքր ժամանակ ևս։ Կարծում եմ արդեն, կասեցնելը էլ հնարավոր չէ։ Ձեզ չեն օգնի ձեր ֆեյքերը, ձեր ապօրինությունների վրա աչք փակող դեսպանների լռությունը, ոչինչ չի փրկի։

Նիկոլ Փաշինյանի հեռացում, իշխանությունից նրա անվերապահ կապիտուլյացիա․ սա է միակ ճիշտ ու ընդունելի լուծումը։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ