29 04 2022

«Կարճ ասած»․ Արցախը հանձնելու սրճարանը



 

Այսօր Երևանում հանդիպել են Նիկոլ Փաշինյանը, իր կառավարության մի քանի անդամ Արցախի նախագահի իբր գործը անող պատվիրակության հետ։ Հայաստանի կողմից եղել են ֆինանսների նախարարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը,  փոխվարչապետները և հատուկ հանձնարարություններով Էդմոնը, էն կողմից՝ նախագահ, պետնախարար և ֆինանսական բլոկը։ Արցախի 2/3-ը հանձնած նույն երկու խմբերը քննարկել են Արցախից մնացած հատվածի ճակատագիրը։

Սա կարծես լիներ Արցախը հանձնելու սրճարանի հիմնական այցելուների հերթական թամաշան։ Էս ակումբ-սրճարանի առաջին անդամն էր Էդմոն Մարուքյանը։ Հիշենք՝ Արցախի հարցով առաջին կոֆեն խմեցին Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը, որից հետո Էդմոնը դուրս եկավ ու ասաց, որ ինքը որևէ անհագստություն չունի Ղարաբաղի ճակատագրի մասով։ Մնացած ընդդիմությունն ասում էր, որ Նիկոլը Ղարաբաղ է հանձնում, Էդմոնը թաքուն խմած սուրճից հետո ասաց, թե չէ՝ իր կասկածները փարատվեցին։ Ամիսներ անց Արցախի 2/3-ը հանձնվեց։  Էդմոնը էսօր հատուկ հանձնարարություններով դեսպան է։

Ղարաբաղի հարցով մյուս դեսերտի սեղանը Աննա Հակոբյանն էր փռում՝ Շուշիում ու իր «գործընկեր» Մեհրիբանին հրավիրում էր Շուշիում չայի։ Ամիսներ անց Շուշին հանձնեցին, Մեհրիբանը գնաց չայ խմելու, նկարեց ու դրեց ֆեյսբուքում՝ ի տես Աննայի, թե նայի ընկերուհիդ ոնց ա կայֆավատ լինում քո հրավերով։ Աննայից հետո հաջորդ կոֆեն Արայիկ Հարությունյանը խմեց, խրամատում։ Էդ կոֆեից հետո ունեցանք 5 հազար զոհ, 12 հազար վիրավոր։

Ու հիմա էլի իրար գլխի է հավաքվել կոֆե խմող մահաբեր ու հանձնող բրիգադը։ Հանդիպում են ակումբի անդամները․ Նիկոլն ասում է՝ չնայած ավելորդ է ասելը, որովհետև ես իմ խոսքից թռնող տղա չեմ, բայց նա վսյակի ասում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը: Եվ ուրեմն, ուղղակի անտրամաբանական է, որ թաքուն բանակցեմ ու իրագործեմ ինչ-որ ծածուկ բան։ Երևակայելն ուղղակի անհնար է։ Մի ժամանակ էլ երևակայելն անհնար էր, որ էսօր Շուշն ադրբեջանցիներով լեցուն կլինի, աներևակայելի էր, որ Հադրութի եկեղեցու վրայից խաչը կհանեն, հայկական փորագրությունն էլ կսվաղեն։ Ասում է՝ անհնար է, որ ես՝ Նիկոլս, գնամ ու ձեր թիկունքում փաստաթուղթ ստորագրեմ։ Դուք հասկանում ե՞ք, երեսպաշտության գագաթնակետն է։ Ուրեմն նոյեմբերի 9-ի կապիտուկլյացիան Արցախցիների համաձայնությամբ է ու սրտո՞վ ու ծածուկ չէ՞ր, հայ ժողովրդի թիկունքի հետևում չէ՞ր։ Ախր մենք դրա ժամանակակիցն ենք, տեսնում ենք, հիշում ենք։

Ի՞նչ է պատասխանում Արցախի ժողովրդի ներկայացուցիչ Արայիկը։ Պատասխանում է մի բան, որից հետո պետք է արցախցիները շարք կազմեին ու առնվազն թույլ չտային նրան հետ մտնել Արցախ։ Նա ասում է՝ Արցախում բոլորը ողջունում են Նիկոլի սկսած խաղաղության օրակարգը։ Ու ասում է՝ շնորհակալություն եմ հայտնում Նիկոլին, որ ասել է, որ ցանկացած թեմա, ցանկացած փաստաթուղթ քննարկվելու է Արցախի իշխանության հետ, և բխելու է Արցախի ժողովրդի տրամադրությունից։ Ասում է՝ հնարավոր չէ լինի էնպիսի փաստաթուղթ, որն Արցախի ժողովուրդը մերժի: Ուզում ես ասել ընդունել է կապիտուլյացիա՞ն։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մենք այս պահին քննարկում ենք միայն Ադրբեջանի 5 կետերը։ 5 կետերից մեկն այն մասին է, որ ինչ Ադրբեջանը վերցրել է, մենք պետք է հետ չուզենք։ Նիկոլն ասում է՝ մեզ համար կարևոր է Ղարաբաղի անվտանգությունը ու կարևոր չէ, թե ում կազմում, մենք ճանաչում ենք իրենց տարածքային ամբողջականությունը, միջազգային հանրությունն էլ ասում է՝ պետք է Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնեք։ Արայիկ Հարությունյանը երբ ասում է Արցախում ընդունում են այս օրակարգը, ո՞ւմ անունից է խոսում։ Արցախահայություն, դուք տեղյա՞կ եք, համաձա՞յն եք, հավատու՞մ եք, որ Նիկոլը ձեր շահերից բան է անելու։ Էս ի՞նչա խոսում ձեր ներկայացուցիչը։

Նիկոլ Փաշինյանը մի անգամ հայտարարեց, որ անհնար է մի օր արթնանաք ու տեսնեք, թե ես ինքնագլուխ որոշում եմ կայացրել ու Արցախից թողեց համարյա մենակ Ստեփանակերտը, հիմա ի՞նչն եք վստահում։ Ես ուզում եմ հասկանալ՝ ո՞ւր են Արցախի մեր հայրենակիցները։ Ինչո՞վ եք զբաղված։ 15 օր առաջ Արցախի խորհրդարանը հայտարարություն ընդունեց ու պահանջեց Հայաստանի իշխանությունից հրաժարվել ներկայիս աղետալի դիրքորոշումից։ Դատապարտեցին Նիկոլի դիրքորոշումը, բոլոր պատգամավորները, բոլոր կուսակցությունները, այդ թվում Արայիկ Հարությունյանի կուսակցությունը միաձայն։ Բա ինչի՞ ձեր հայտարարությանը հավատարիմ չեք։ Էդ էլի Արայիկը եկավ Նիկոլի հետ կոֆե խմեց, ինքն իրենը բավարարեց, ամեն ինչ մոռացա՞ք։ Մի հատ նայելե՞ք ինչ է կատարվում Հայաստանում, Երևանում։ Սաղ երկիրը խառն է, բոլորը ու առաջինը Արցախի անկախ մնալու իրավունքն են պահանջում, պահանջում են Հայաստանի իշխանությունից, բա դու՛ք, էդ ձեր Արայիկից բան չեք պահանջու՞մ։

Երեկ Երևանում 13 տարեկան երեխայի են բերման ենթարկել, որովհետև Արցախի դրոշն էր բարձրացնում համալասրանի դիմաց, ազատ արձակվելուց հետո Արցախի մի ուրիշ դրոշ էլ տարել տեղադրել է Կոնսերվատորիայի դիմաց, ինքը մեր բոլորիս Արցախի մասին շատ ավելի է մտածում ու շատ ավելի շատ օգուտ կարող է տալ, քան ձեր բիզնեսմեն նախագահ Արայիկ Հարությունյանը, իրա էդ պաշտոնավոր շքախմբով։

Ահել-ջահել ողողել են Հայաստանի մայրուղիներն ու Երևանի փողոցները, փողոցներն են փակում, փողոցներում են նստում, ձերբակալվում, դրսերից տուն չեն գնում։ Ինչի՞ համար, որ էսօր Արայիկ Հարությունյանը գնա ու ձեր անունից ասի հավատում ենք Նիկոլի՞ն։ Հետո էլ հեռախոսազրույց ունենա, հայհոյի Նիկոլին, ասի սկի զենք էլ չի տալի՞ս։ Ձեր անունից էսօր սարքում է Նիկոլի աջակից, վաղն էլ ձեր անունից կասի, էդ ընդիմությանը ասեք սաղ տոչնի է, մենք հետ ենք գնում Ադրբեջանի կազմ։ Ալիևն ասում է՝ նրանք, ովքեր 2018-ին ասում էին Արցախը Հայաստան է և վերջ, հիմա ասում են Արցախը Ադրբեջան է և վերջ, սա է իրականությունը։ Ինքներդ տրամաբանենք, ի՞նչ ասեմ։ Ալիևն ասում է՝ Նիկոլի հետ սահմանագծումն անելու ենք 1918 թվի քարտեզներով։ Հավատում եմ, որ էդպես էլ կանի, եթե թողնենք, ընդդիմությունը հետ կանգնի, ժողովուրդը չընդվզի, իսկ ինչո՞վ եք զբաղված դուք։

Հայաստանում էսքան բան է կատարվում, ու առաջին պահանջն այն է, որ Արցախը չնվիրեն Ադրբեջանին։ Ձեր Արայիկ Հարությունյանը էդքանից հետո փոխանակ գա, ձեզ հետ միասին, մի 100 հատ դրոշ էլ ինքը տնկի, մեր փողոցները փակի, ռուպրով խոսա, գալիս-միանում է Նիկոլին ու մի նոր մահաբեր կոֆե խմո՞ւմ։

Էդքանից հետո ինքը պետք է հետ գա Ղարաբա՞ղ, հանգիստ ֆռֆռա՞, դուք էլ դիմավորե՞ք։ Աբսուրդ է, որ նա մինչև հիմա իշխանություն է։ Նույնքան ամոթ է դա ձեզ համար, որքան մեզ համար է ամոթ, որ մինչև հիմա Նիկոլն է Հայաստանում իշխանության։

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Հայաստանն Ադրբեջանից տարածքային պահանջ չի ունենալու, համաձայն է 5 կետերին, Արցախի կարգավիճակն էլ կարևոր չէ, կարևորը, որ անվտանգ ապրեն, թեկուզ՝ Ադրբեջանի կազմում, ու էսօր Արայիկ Հարությունյանն ասում է՝ Արցախի կարգավիճակ չի քնարկվում։ Չի քննարկվում, որովհետև Ալիևն ասում է՝ դու՝ Արայիկ Հարությունյան, Ադրբեջանի քաղաքացի ես, ի՞նչ քննարկենք։ Նիկոլն էլ ասում է՝ ի՞նչ կարևոր է, Արայիկ ջան, թե որտեղի քաղաքացի ես, կարևորը՝ անվտանգ ապրես։ Արայիկ Հարությունյանն ասում է՝ ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, որ այսուհետ Արցախի հարցի վերաբերյալ միջազգային ցանկացած մակարդակում Հայաստանի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի հետ։ Ապրեք դուք, էս ի՞նչ դարակազմիկ պայմանավորվել եք, պայմանավորվել։

Կարճ ասած՝ Դուք, արցախցիներ, տեսնում ե՞ք ինչ է կատարվում Հայաստանում, ինչո՞վ է զգբաղված ձեր իշխանություն կոչվածը, էդ առնվազն ինձ՝ պարզ էր։ Հա, բայց ինչո՞վ եք զբաղված դուք։ Ո՞նց եք հանդուրժում։ Եթե համաձայն եք Նիկոլի ու Արայիկի հետ, գոնե ասեք, հասկանանք մենք էլ մեր անելիքը։ Մենք թուրքին հանձնելու Արցախ չունենք, բայց դուք էլ ցույց տվեք՝ ինչ եք ուզում։ Տարօրինակ է ձեր հանգիստ նստելը։ Մեկ-երկու պատգամավորի ընդդիմադիր ելույթները ոչինչ չեն նշանակում։ Դուք էդպես հանգիստ նստելու եք, սրանք իրենց կոֆեի սեղանի շուրջ Արցախը, ձեզ էլ մեջը, փաթեթավորեն ու զոհ տան։

Ուշքի եկեք, ժողովուրդ։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ