25 04 2022

«Կարճ ասած»․ 15 հազար մահ Փաշինյանի օրոք․ ո՞վ է խոսում խաղաղությունից



 

Ամեն օր մեծանում է փողոց դուրս եկող քաղաքացիների կազմը ու շուտով կհասնի այն կրիտիկական կետին, որը կբերի իշխանության հեռացմանը։ Փողոցի բազմամարդ դառնալուն նպաստում են մի շարք գործոններ, այդ թվում՝ այն, որ ամեն օր էլ ավելի է երևում, թե որքան վտանգավոր են ծնկած խաղաղություն քարոզելու կոչերը։ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե  Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններ են վարում և հույս է հայտնում, որ թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են։ Թուրքիայի արտգործնախարարը նույն ժամանակ ծիծաղում է հայերի, ցեղասպանության ժառանգների վրա, ցույց է տալիս թուրք ահաբեկչական «Գորշ գայլերի» նշանը։ Այդ ժեստը բավական էր հասկանալու համար, որ Թուրքիան շարունակելու է ցեղասպանության քաղաքականությունը։ Ու դա այն մարդն է, որը հանդիպում է Հայաստանի արտգործնախարարի հետ։

Մեզ սպասվում են սարսափելի ժամանակներ, եթե այս թիմը մնա իշխանության, այնքան սարսափելի, որ անգամ պատերազմի ու կապիտուլյացիայի մասին չեք մտածի։ Սա մտածում են շատերը, դրա համար էլ ոտքի են կանգնում՝ սահմանամերձ գյուղացուց մինչև իշխանավոր։

Սակայն իշխանությունը ի՞նչ է անում․ լարել է ժողովրդին վախեցնելու սազը ու սադրում է մարդկանց՝ փորձելով միայն մի բան, պահել իր իշխանությունը, ուրիշ ոչինչ։ Ու որքան պայքարը թեժանա, այնքան այդ սազանդարները ավելի են լալահառաչ գոռալու։ Իշխանական դեպուտատ Արսեն Թորոսյանը գրում է, թե ընդդիմության արածը խաղաղություն չէ, պատերազմի կոչ է։ Ասում է՝ ընդդիմությունն ուզում է, որ նոր պատերազմ լինի, պարտություն կրենք, ՔՊ-ի ձեռքից վերցնի իշխանությունը։ Օգնեք ՔՊ-ին, թող մնա իշխանության, չոքի թշնամու դիմաց, կզած խաղաղություն կմուրա, միգուցե տա նաև այն ինչ Արցախից թողել են։ Ասում են տես, մենք խնդիր չունենք, նամուս, թասիբ չունենք, մենք սաղ էլ կտանք, ինչ ուզեն, բայց․․․ մենք էդ ամենը անում ենք որ խաղաղություն լինի։

Սուտ է, չէ՞ ժողովուրդ։ Այս իշխանությոնից շատերն են մեզ փորձում համոզել, թե եթե Նիկոլը գնաց ու էսօրվա ընդդիմությունը եկավ, պատերազմ կլինի։ Դե որ տենց ա, եկեք տրամաբանենք։ Մեր երկիրը խաղաղության մեջ էր, «թարսի» պես, մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը։ 25 տարի մենք ապրել ենք խաղաղության մեջ ու այդ խաղաղությունը խախտվել է երբ Նիկոլ Փաշինյանենք թավշյա հեղափոխություն արեցին․ փաստը նա է, որ եկել են ու հենց իրենք են բերել՝ պա-տե-րազմ։ Այո, Արցախի խնդիրը կար, այո սահմանին կրակում էին, բայց պատերազմ չէր, չէ՞, դիվանագիտություն կար, բան կար, Ալիևը չէր համարձակվում պատերազմել։ Ու հենց էս ինքնահավան, գլուխգովաններն եկան, սկսեցին ափռ-ցփռ ինչ ասես՝ ասել, սաղ պռավալ տվեցին, հետո, երբ պատրազմ բերեցին, էլի սկսեցին հիշալ, թե՝ նախկինները, թալանը և այլ ծեծված բաներ։ Հիմա էլ, թե բա՝ պատերազմ են բերելու։ Այ ընկեր, հերիք չի՝ բերել եք, զոհերն ու ազատ երկիրը տվել եք, մի հատ էլ հլը խոսու՞մ եք։

Հիմա խաղաղության մասին խոսում են մարդիկ, որոնք բերել են պատերազմ ու պարտություն ու հիմա էլ Արսեն Թորոսյանն ասում է՝ նայեք հաա, եթե լինի պատերազմ՝ կպարտվենք։ Այո, եթե դուք լինեք պատերազմ մղողները, անգամ թեթև ճակատամարտում կպարտվեք։ Ավելին, եթե դուք մնաք իշխանության պատերազմն էլ, պարտությունն էլ անխուսափելի են։

Խաղաղություն ուզում են բոլորը։ Խաղաղություն ուզում են հատկապես նրանք, ովքեր տեսել են պատերազմ, սահմանամերձ գյուղացիները, պատերազմների մասնակիցները, բոլորը, անգամ հիմիկվա երեխաները, որոնք արդեն տեսել են իրենց տանեցիների դեմքները ոնց փոխվեց ձեր իշխանության ժամանակ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած։ ՔՊ-ն այդպես էլ չհասկացավ պատերազմի գինը և արժանավայել խաղաղության գինը։ Իրենք ապրիլյան պատերազմին խրամատ փորելու էին գնացել պատերազմի ավարտից 1 ամիս անց, իրենք 44-օրյա պատերազմում «մարտնչում էին» այնպիսի վայրերում, որոնք հետո թոշնամուն հանձնեցին առանց կրակոցի։ Այս մարդիկ չգիտեն պատերազմն ինչ է։ Այս թիմում շատ են մարդիկ, որոնք բանակի հետ կապ չունեն՝ իրենց թիմի առաջնորդից սկսած։ Իրենք պատերազմի աղետն ու խաղաղությունը չեն հասկանա, քանի որ պատերազմին գնալը իրենց համար գործուղում էր՝ աշխատավարձի պահպանմամբ, պատերազմի պարտությունից հետո իրենց չզրկվեցին իրենց իշխանությունից։ Ու հիմա, գիտեն թե էդ էր, ի՞նչ է եղե՞լ որ։

Կրկնում եմ՝ Հայաստանը և Արցախը խաղաղ է ապրել մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը։ Դուք եկել եք, էքսցենտրիկ վարքագծով ամեն ինչ տապալել եք, բերել եք պատերազմ, զրկանքներ, զոհեր, վիրավորներ, փախստականներ ու հիմա ամոթ էլ չունեք, ասում եք՝ այ եթե մենք գնանք, նրանք գան՝ պատերազմ կլինի։ Դուք ոչ միայն պատերազմի կուսակցություն եք, դուք նաև պարտության կուսակցություն եք, ու այդ ամենը խաղաղության հետ չի կարող աղերս ունենալ։ Բայց դուք նաև աղքատության կուսակցություն եք՝ քարոզել եք միշտ, որ հարուստ լինելը վատ է, պետք է ատել հարուստներին ու քարոզել աղքատություն։ Դուք նաև մահվան կուսակցություն եք՝ ձեր օրոք 5 հազար զոհ պատերազմի արդյունքում ունեցանք, 10 հազար հոգի մահացավ վատ կառավարվող կորոնավիրուսից։ Արսեն Թորոսյանի անունը ինչի՞ են դրել «դոկտոր մահ»։ Որովհետև նա ասաց կորոնավիրուսը գրիպի պես սովորական վիրուս ա, մարդիկ սկսեցին անլուրջ մոտենալ ու ունեցանք զոհեր։ Այս իշխանության հեռանալուց հետո պետք է արդար քննություն լինի, պարզվի՝ ինչ հետևանքներ է ունեցել կորոնավիրուսի դեմ պինցետով ու տնական արաղով պայքարելը։

Փաշինյանի պես Արսեն Թորոսյանն էլ կարող է ասել՝ կարող էինք լուրջ պատրաստվել կորոնավիրուսի դեմ պայքարին, կունենայինք նույն իրավիճակը, իհարկե՝ քիչ զոհերով։

Ինչպես Հիտլերը իրավունք չունի խոսելու խաղաղությունից, այ այդքան էլ դուք իրավունք չունեք, չնայած նա գոնե էնքան թասիբ ուներ, որ իր բերած աղետից հետո վերջ տվեց իր ողորմելի կյանքին։ Կան փաստեր՝ Նիկոլ Փաշինյանը կարող էր պատերազմ կանխել, բայց չի կանխել․ դա հայտարարել է նա․ կան փաստեր՝ պատերազմի ժամանակ կարող էր դադարեցնել այն, բայց չի դադարեցրել, թողել է, որ մարդիկ զոհվեն, մեր տղերքը զոհվեն՝ իմանալով որ այսօրվա պատկերն է լինելու, միևնույն է․ անելու է այն, ինչ ասել են։ Ու հիմա դուք խոսում եք խաղաղությունի՞ց։ Բանակցությունները տապալած, բանակը զենքի փոխարեն կլուբնիկով զինած, տռուսիկի հեղափոխություն արածները խոսում են խաղաղությունից։

Ձեր խաղաղության արդյունքում մարդ մի մետր ոտքը աջ ու ձախ է անում, ընկնում է  գերի թշնամու ձեռքին, ինչպես եղել է բազմաթիվ անգամներ ու եղավ նաև երեկ։ Պաշտպանության նախարարությւոնը դարձել է գերիների, զոհերի, մահվան վիճակագրություն հայտնող ծառայություն։

Ձեր պատկերացրած խաղաղությունը լինելու է ծնկաչոք, թուրքի վայրենությունների վրա աչք փակելով։ Բայց անգամ այդպես խաղաղություն չի լինելու։ Թշնամին քո հետ խաղաղ կապրի, եթե դու ուժեղ ես ու կվախենա հարձակվել քեզ վրա, ստիպված խաղաղ կապրի, ինչպես եղել է նախկինում։ Պետք է քեզանից բան ներկայացնես, որ թշնամուն ձռնտու լինի քո հետ խաղաղությունը։ Հիմա քո հետ խաղաղությունը ձռեռնտու չէ, որովհետև քեզանից ոչինչ չես ներկայացնում։ Երբ դու ամեն ինչ պատրաստ ես զիջել, թույլ ես, անօգնական ես, խաղաղություն չի լինելու։ Ձեզ հիմարացնում են, ժողովուրդ։ Երբ մահ բերողները խոսում են խաղաղությունից, մազերդ բիզբիզ է կանգնում։

Կարճ ասած՝ փողոց դուրս գալը փրկվելու համար է, յուրաքանչյուրի փրկության համար է։ Ես կարծում եմ՝ այլ տարբերակ չկա, պետք է փոխել այս իշխանությանը, եթե ոչ՝ Եռաբլուրն է բազմապատկվելու, զոհերի հարազատներին պետք է հարգել, մխիթարել, բայց որ սրանք մնան իշխանության, յուրաքանչյուր ընտանիք կիսելու է նրանց ճակատագիրը։ Իմ կարծիքով, այս իշխանությունը մնաց՝ պատերազմի ու զոհ ունենալու բոլորի հերթն է գալու։ Տեսեք, թե քանի հազար ընտանիք է մնացել որբ։

Այս պայքարը նոր պատերազմը կանխելու համար է, ամեն վայրկյան ադրբեջանցիներից չվախենալու համար է։ Այս պայքարը նրա համար է, որ Հայաստանը դառնա անվտանգ, որ Հայաստանը խաղաղ ապրի։ Սա արժանապատիվ խաղաղության համար է, որը կգա միայն այս իշխանության գնալով։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ