12 04 2022

«Կարճ ասած»․ Հնարավոր են նոր սադրանքներ, նիկոլենք ուղերձ հղեցին Ալիևին, թե լավ կլինի հարձակվել



 

Լարված ու խորհրդանշական օր էր։ Ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ նիստը, ասաց, որ հիմա, երբ Արցախը, երկիրը ծանր վիճակում է, սահմանամերձ գյուղերը վտանգված են, ամենուր անորոշություն է, անիմաստ է գնալ-նստել ԱԺ-ում ու քնարկել ինչ-որ թրքասեր ՔՊ-ականի ՏՄՊՊՀ անդամ դարձնելու հարցը։ Ասացին, որ դրա փոխարեն գնում են Արցախ, Սյունիք, կունենան հանդիպումներ։ Գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանը ԱԺ ամբիոնին տեղադրեց Արցախի դրոշը․ և ուշագրավ էր գիտե՞ք ինչը, որ ՔՊ-ն ոչ թե անմիջապես պոկեց դրոշը, այլ թողեցին գոնե մի 3 րոպե մնա։ Ձեն տվեցին ամենից ՔՊ-ական Վահանգն Ալեքսանյանին, որը հաճույքով պոկեց։ Ձևակերպեմ էսպես․ Արցախը ազատագրողները դրոշը տեղադրեցին Ազգային ժողովում, Արցախը հանձնողները պոկեցին։ Բայց չբավարարվեցին պոկելով, պանիկայի մեջ ընկան, որ ընդդիմությունն Արցախ է գնում, ասացին՝ դուք դրանով սադրում եք, պատերազմ եք հրահրում։ Էն որ իրենք իրենց չեղած հալին Շուշիում տռճիկ էին տալիս, դա սադրանք չէր, էն որ ասում էին Արցախը Հայաստան է և վերջ, սադրանք չէր, էն որ ասում էին Ալիև՝ հիմա նենց բան կասենք, որ Ադրբեջանը կկործանվի, սադրանք չէր, էն որ 20 թվականի ամռանը Տավուշում մի դիրք առաջ տալու համար հազար հոգու մեդալ տվեցին, սադրանք չէր։ Բայց որ ընդդիմությունը գնում է Արցախ, սադրանք է։ Սադրանք է, որովհետև պայմանավորվել եք որ Ադրբեջանինն է՞, Ալիևին խոսք եք տվել, որ էլ հայեր չեն գնալու՞, հա՞։

Եթե այդպես է, ուրեմն Հայաստանի իշխանության ղեկավարման պուլտը իրոք գտնվում է Ալիևի ձեռքին։ Նա է արգելել Նիկոլին, որ Հայաստանից որևէ մեկը գնա Արցախ։ Հենց դրա համար էլ ՔՊ-ակաները ոչ միայն չեն գնում, այլև հիստերիայի մեջ են ընկնում, որ ուրիշ մեկը ուզում է գնալ։ Ու գիտե՞ք ինչ են ասում։ Ասում են՝ ուրեմն, ընդդիմությունը համագործակցում է Ադրբեջանի հետ։ Ահա այդպես, Արցախի դրոշ ես բերել խորհրդարան, հիմա էլ գնում ես այնտեղ, ուրեմն այդպես է։ Դա ծիծաղելի է․ ովքե՞ր Հայաստանից ունեն ուղիղ կապ Ադրբեջանի հետ՝ ԱԱԾ տնօրենը, Սուրեն Պապիկյանը, Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և գուցե այլ իշխանավորներ ևս։ Թշնամու հետ էս մարդիկ օպերատիվ կապ ունեն․ ընդ որում, թե պատերազմից առաջ, թե հետո, ու հիմա չեմ զարմանա, որ զանգեն էնտեղ ու ասեն՝ մի հատ բան նախաձեռնեք, մի քանի գյուղ վերցրեք, որ մենք ընդդիմության վրա բոչկա գլորելու տեղ ունենանք։ Կանեն, գիտե՞ք։ Չեմ բացառում, որ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանն արդեն Արցախի հանձնման համաձայնություն է տվել, բայց դա կփաթեթավորեն, թե՝ որ ընդդիմությունը գնաց Արցախ, ամեն ինչ էդ պատճառով էր։ Արցախի դրոշը ինչի՞ են պոկում, ինչի՞ են վախենում այնպես, ինչպես սատանան՝ խաչից․ որովհետև եթե էս մարդիկ հանձնում են, ի՞նչ դրոշ, դա այլևս սադրանք ա։ Մի քանի կուսակցություն փոխած Հայկ Կոնջորյանը, որ հիմա ԱԺ-ում ՔՊ-ականներին է ղեկավարում, ասում է՝ ԱԺ ընդդիմությունն Արցախի հարցն օգտագործում է իշխանափոխության համար։ Բա՛, իր կարծիքով այլ արժեքավոր բան այդտեղ չկա՝ ազատագրած Արցախ, այնտեղ ապրող հայեր, կոթողներ, օջախներ, միմիայն իշխանությունն է, իր կարծիքով, որի համար կարելի է պայքարել։

Էն մի միլիոնատեր պատգամավորը, որի ուշքն ու միտքը թուրքերի հետ առևտուր անելն է, Գուրգեն Արսենյանը, ասում է՝ պետք է Արցախի իշխանությունները խելքները գլուխները հավաքեն, չընդունեն Հայաստանի խորհրդարանի ընդդիմությանը։ Մի անգամ արգելեցիք պատերազմի ժամանակ ընդունել գեներալներին, էրատորներով լցրիք շտաբները ու տեսաք ինչ արիք։ Արայիկ Հարությունյանն ասում էր՝ վախենում եմ Ռոբերտ Քոչարյանին մոտիկից տեսնեմ, գլուխս կթրցնեն, դրա արդյունքն էլ տեսանք։ Վստահ եմ՝ ընդդիմությունը Արայիկ Հարությունյանի հետ չի էլ հանդիպելու, իմաստը չկա։ Այս վիճակի հիմնական մեղավորներից մեկն էլ ինքն է, Արցախը թողել էր խավարի ու ցրտի մեջ, եկել էր էն թրքասերի երդմնակալությանը․ այդ մարդուն հանդիպես որ ի՞նչ։

Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցավ հանդիպում, ամաչում էիր, որ քեզ ներկայացնում է ԵՄ նախագահի ու Ադրբեջանի նախագահի ինքնագոհ ժպիտի ներքո կուճուրած այդ մարդը։ Ամոթ էր էդ պատկերը։ Հանդիպումն ավարտվեց, ոչ մի բառ Ղարաբաղի կարգավիճակի մասին, գերիների մասին։ Ու վերջում Ադրբեջանը հայտարարեց, որ հանդիպումը իրենց սրտով է։ Եթե Ադրբեջանի սրտով է, ուրեմն նաև ՔՊ-ի ու Նիկոլի սրտով է, ինքն է ասել՝ ցանկացած լուծում պետք է բավարարի Ադրբեջանի ժողովրդին։ Բայց հաստատ՝ հայ ժողովրդի սրտով չէ։ Հանդիպումից հետո մենք իմանում ենք, որ Ղարաբաղի խնդրի կարգավորմանմբ զբաղվող միջնորդները՝ Մինսկի խումբը, արդեն գրեթե գոհություն չունի։ Արդեն Ադրբեջանն ու Հայաստանը երկկողմ են շփվելու, առանց միջնորդների, կարիք էլ ունենան՝ Թուրքիան կօգնի։ Ակնհայտ է, ռուսների թիկունքում, հակառուսների հետ, Նիկոլը գնաց ինչ-որ գործարքի։ Էլի բանակցություններ է սկսել իր զրոյական կետից, մեկ անգամ տարավ կապիտուլյացիայի, տեսնենք՝ հիմա ուր կտանի։ Հանդիպումից վերադառնալուց հետո արդեն հայտարարել է, որ Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ։

Ասում ենք Արցախի դրոշը տեսնում են, խրտնում են, ո՞նց չխրտնեն․ Ալենին ասում են Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մա՞ս է համարում, թե չէ, ասում է՝ չեմ կարա պատասխանեմ։ Հետո Էդմոնն է հայտնվում, ու ասում է՝ բա չիմացաք, չգիտես ինչու, Արցախում խոսում են, թե Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել է։ Բա էլ ձեռքերը լվալը ո՞նց է լինում, այ Էդմոն։ Ալենն ասում է՝ ոչ մի իշխանություն Արցախի համար այնքան բան չի արել, որքան ՔՊ-ն։ Մարդիկ ըստ էության հանձնել են Արցախը, 5 հազարին դրել են հողի տակ, 10 հազարից ավելի վիրավոր, կորցրած հազարավոր տներ, 10 հազար քառակուսի կիլոմետր հանձնել են, որ Արսենյան Գուրգենը բաց ճակատով թուրքերի հետ առևտուր անի ու ասում են՝ մեր չափ ոչ մեկը Արցախի համար բան չի արել։ Նախկին իշխանությունների ժամանակ ամեն տարի թվեր էին հրապարակում, թե զբոսաշրջիկների թիվն Արցախում ինչքան է աճել, էսօր միակ զբոսաշրջիկը ռուս խաղաղապահներն են։ Ալիևը տասն անգամ արդեն Շուշիում չայ է խմել, դուք բան չունե՞ք ասելու, էդ սադրանք չէ՞ր։ Թե՞ ձեր համար դա, փակված թեմա է, իրենցն է։ Երևի Ադրբեջանում հարցում անես Արցախի մասին ավելի հայամետ կարծիքներ լինեն, քան Հայաստանի խորհրդրանի իշ՛խանական թևում։ Չնայած ինչի՞ց ենք զարմանում, Արցախ ազատագրածներին, էկած չէկած սկսեցին կալանել, դատել, վաղը կդատեն Արցախ գնացողներին, կամ երբևե գնացածներին։

Կպատկերացնեի՞ք մեր երկրում այնպիսի իշխանություն, որն Արցախ գնալը համարում է անհարգելի բացակա։ Իրենց համար կարևորը Միկոնոս ու Բալի գնալն է, Արցախը իրենց ինչի՞ն է պետք, վստահ եմ՝ դժբախտ ու դժգույն է այդ ամենը իրենց համար, Հայաստանն էլ իր հերթին, իր Լոռիով, Արարատով, Շիրակ ու Երևանով։ Ասում են՝ երկիրը ծանր վիճակում է, բայց Ալեն Սիմոնյանը 11 հոգով Արցախ գնալու փոխարեն գնում է Բալի, պաշտպանության նախարարը գնում է բուկլետ բաժանելու նախընտրական քարոզարշավի, իսկ իրենց առաջնորդը գնում է Իջևան, խմում-վատանում։

Կարճ ասած՝ սիրելի Արցախցիներ, ես էս ամենից վատ հոտ եմ առնում, զգույշ եղեք, հնարավոր է նոր սադրանք սահմաններին, Նիկոլենք արդեն իրենց ելույթներով ուղերձ հղեցին Ալիևին, թե լավ կլինի հարձակվել, մեղավոր կդառնա արցախասեր ընդդիմությունը։ Իրենց վախերը շատ են․ վախենում են Ալիևից, վախենում են իրենց գումարները կորցնելուց, իշխանությունը կորցնելուց, պադավատներն ու քարտուղարուհիները կորցնելուց, շքեղ գործուղումները կորցնելուց, պարգևավճարները կորցնելուց։ Պետությունը, հայրենիքը և իշխանությունը ասոցացվում է փողի հետ, պայքարը նույնպես ասոցացվում է փողի հետ, պայքարեցին եկան իշխանության, իսկ այ հայրենիք կորցնելու մասին չմտածեցին։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ