01 04 2022

«Կարճ ասած»․ Նիկոլը՝ ժողովրդին․ Դո՛ւ չես որոշողը



 

Վերջին ժամանակներում նկատելի է թե ինչպես է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից փաստացի օտարվում այնտեղի ամենակարևոր հոդվածներից մեկը․ երկրորդ հոդվածում գրված է․ «ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»: Իշխանությունը այսօր, ըստ էության կատարեց այդ հանցագործությունը և սահմանեց, որ իշխանությունը պատկանում է ոչ թե ժողովրդին, այլ ՔՊ-ին ու Նիկոլին, իսկ ժողովուրդը ո՞վ է, որ իշխանություն ունենա, որոշի ով, որտեղ, ինչ լինի։

Ազգային ժողովի իշխանական մեծամասնությունը օրենք փոխեց, որ այուհետ վարչապետը իրավունք ունենա նշանակելու նաև համայնքապետ․ էլ ի՞նչ ընտրություն-ինչ բան, ՔՊ-ով կհավաքվեն, կորոշեն։ Էդ օրենքով ասում են՝ եթե ավագանու ընտրությունից հետո 20 օրվա ժամկետում առաջին նիստը չի կայանում, ուրեմն պետք է վարչապետը նշանակի համայնքապետի ԺՊ և լուծարի ավագանին։ Վանաձորում ավագանու ընտրություն է եղել, ՔՊ-ն պարտվել է, ընտրված թեկնածուին նստեցրել են բանտ ու ասում են՝ քանի որ բռնել ենք, ավագանու նիստը չի կայանում, հենա Նիկոլը կնշանակի նոր համայնքապետ։ Ու էն մարզպետին, որ ժողովուրդը մերժեց, խայտառակ ձևով մերժվեց, էն որ ուրիշի ավտոյի համարները դնում էր իր ավտոյի վրա ու գուլյատ էր անում, կնշանակի քաղաքապետ։ Մարդիկ իրեն չեն ընտրել, նշանակում է՝ երեսը չեն ուզում տեսնել, բայց Նիկոլին մեկ է՝ կնշանակի։ Որովհետև իրականում իրանց վեջն էլ չէ քաղաքացու ընտրությունը, եթե այն չի համընկնում ՔՊ ճաշակի հետ։ Փաշինյանն ու թիմը գեղեցիկ, չէ, սխալ եմ ասում, շատ տգեղ վարժություններ են անում՝ ձեզ բոլորիդ հատ առ հատ բացատրելու համար, որ ժողովրդի ձայնը, կամքը, ապագան, իր վեջը չէ։

Երեկ հայտարարեցին, որ Երևանի առաջիկա ընտրություններում Տիգրան Ավինյանն է գլխավորելու ՔՊ ցուցակը, դա նշանակում է, որ մարդիկ գնում են արտահերթ ընտրությունների։ Երևանում ընտրություն էր եղել, ընտրվել էր դերասան Հայկոն․ էդ մարդուն ինչի՞ հանկարծ գործից հանեցին, հիշո՞ւմ եք․ ոչ թե նրա համար, որ վատ էր աշխատում, ոտին էր գցել քաղաքային իշխանությունը, տնտեսությունը, չէ, էդ հեչ, էդ իրենք էլ են գցել, ասացին՝ շեղվել ես ՔՊ կուրսից․ ՔՊ կու՞րս, էդ ո՞ր երևանցուն էիք ասել, ցույց տվել ձեր կուրսը, էդ ինչի՞ որոշեցիք փաթաթել ժողովրդի վզին, հատկապես ՔՊ կուրսը։ Որքան գիտեմ՝ անցած ընտրությունները եղել էին դաշինքով, ճիշտ է՝ «Իմ քայլը» դաշինքով, բայց դաշինք էր դա, ոչ թե ՔՊ։ Ժողովուրդը, երևանցին ՔՊ-ին ձայն չեր տվել, տվել էր այդ դաշինքի ցուցակին և դերասան Հայկին։ Իրեն հանեցին, գնացին բերեցին մի հատ ոչ ՔՊ-ականի, որին ժողովուրդը ո՛չ ճանաչում էր, ոչ ընտրել էր։ Հիմա էլ ասում են՝ չէ, պետք Ավինյանը լինի։ Քանի որ Ավինյանը այդ ավագանու անդամ չէ, ուրեմն ընտրություն կանենք, որ լինի։ Իսկ ինչո՞ւ Ավինյանը լինի, ոչ թե այս քաղաքապետը․ շատ պարզ, որովհետև ո՞վ է, որ Հայաստանի մայրաքաղաքը լինի ինչ-որ մեկի ձեռքում։ Բա որ վաղն էլ սա Հայկի նման իրենց ժողովի որոշումներին չենթարկվի։ Ուրեմն թող Ավինյանը լինի, նա մեր տղեն ա։ Հասկանում ե՞ք չէ՞, այս ամենը արվում է հակառակ ժողովրդավարության սկզբունքներին, ընդամենը ՔՊ-ական խմբակի ներքին շահերի մասին է այս ամենը խոսում։ Ու հիմա, որպեսզի վաղը Ավինյանի դեմքով զավթվի արդեն քաղաքային իշխանությունը, սկսել են վարչական ռեսուրսի ռեստավրացիա և մոբիլիզացիա․ փոխում են թաղապետերին, փոխում են դպրոցի տնօրենների։ Հենց էսօր բողոքի ցույց էր անում Չեխովի դպրոցի ուսուցչական ու աշակերտական կազմը, ասում էին՝ դրսից տնօրեն են նշանակել նրան, ով զրո ձայն ունի էդ դպրոցում ու միակ պատճառն այն է, որ Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է։ Սա խնամի-ծանոթ-բարեկամ համակարգը մերժած իշխանությունն է, արդեն մանկապարտեզի ընկերների կանանց են աշխատանքի տեղավորում։ Առաջ ասում էին՝ այ էն սրիկա նախկինները, բոլոր ընտրություններում ուսուցիչներին ներգրավվում են։ Բա դու՞ք ինչ եք անում, մեկը հարցնի։ ԱԺ 2021 թվականի ընտրություններում բոլոր համայնքներում Նիկոլի քարոզարշավին մասնակցում էին ուսուցիչներ, դասերը կիսատ թողել, աշակերտների հետ դուրս էին տանոմ Նիկոլի միտինգներին։ Ու երբ հարցնում ենք՝ բա նախկինում որ գալիս էին, ինչի՞ էիք բողոքում, ասում են՝ էն ժամանակ ուրիշ ձևով էին բերում, մեր ժամանակ իրենց կամքով են գալիս։ Լու՞րջ, ուզում եք ասել որ հողատու թեկնածուին այնքան են համակրում որ, իրենց կամքով գալիս ե՞ն։ Լավ սա պատասխան է՞։ Անձամբ ուսուցիչների եմ ճանաչում, որ հա՛մ Սերժի վախտ, հա՛մ Նիկոլի վախտ հավաքում էին ծնողներին ու աշակերտներին, գալիս էին միտինգի նույնությամբ, իրենք էլ կանգնում էին վերջին շարքերում, որ հսկեն ով երբ հետ գնաց։ Բայց Նիկոլի դեպքում, մի տեսակ դեմները թաքցնում էին, չէին ուզում երևալ, կամերաներից բանից փախնում էին, վերջ ի վերջո ամաչում են մարդիկ, այդքան զոհ ու հող տված Նիկոլի հետ նկարվելուց։ Ավինյանի դասընկերոջ կինը ինչի՞ է բերվում դպրոցի տնօրեն, գուցե վաղն էլ ցուցակն առած ասի՝ ընտրեք, որ 6 չնշանակենք ձեր երեխեքին, 10 նշանակե՞նք։ Ի՞նչ է, հեռու է՞․ ամենևին։

Ասում էին ժողովուրդն է որոշում  ժողովրդից գողացել են իշխանությունը, վերադարձրել ենք ժողովրդին։ Սա է՞ վերադարձնելը։ Նիկոլն ասում էր ես ո՞վ եմ, որ որոշեմ ով լինի համայնքապետ, ժողովուրդն է որոշում։ Ժողովուրդը որոշել-ընտրել ա․ մի քանիսին փակել եք, մի քանի տեղ նոր ընտրություն նշանակել, որ ձերոնք ընտրվեն։ Բա ժողովուրդն ա որոշել, բա համակերպվեք, հնազանդվեք, ինչի՞ եք պայքարում ձեզ բերած, սարքած, ժողովրդի դեմ։

Վեդիում ի՞նչ կատարվեց, ժողովուրդը գնաց մերժեց ՔՊ-ին։ Թեկնածուին ճնշեցին, ծեծեցին, պայմանավորվան-ինչ արին՝ թազա ընտրություն նշանակցեցին։ Պարտված թեկնածու Գարիկ Սարգսյանին նշանակեցին էն քաղաքի քաղաքապետ, որին ժողովուրդը մերժել էր։ Սա գյուղապետերի փոխեց, մարդկանց վրա գործ հարուցեցին, փող բաժանեցին, թազա ընտրություն արեցին, զոռով-շառով դարձրին քաղաքապետ։ Ասում են ժողովուրդը ընտրեց, ժողովուրդն էլ ասում ա ախպեր ես ի՞նչ անեմ, հո ամեն օր ընտրատեղամաս չեմ գնալու, էս անգամ չանցներ, երրորդ ու չորրորդ անգամ էին ընտրություն նշանակելու։ էսօրվա պես օրենք էին փոխելու ու հենց Վեդիի քաղաքապետի պաշտոնը դարձնեին նշանակովի։ Ահա այդպես։ Ժողովրդի ինադու, պիտի կոկորդիլոս Գարիկը լինի ու վերջ։ Չկասկածեք, որ կանեին։ Ո՞նց էսօր օրենք փոխեցին, որ Մամիկոն Ասլանյանը չլինի Վանաձորի համայնքապետ։

Գյուղապետերի վրա մի քանի հատ գործ են հարուցում, հետո գործարք են առաջարկում, ասում են՝ հեսա ընտրություն ա, ձայն բեր՝ չենք նստացնի, թեկնածություն մի դիր, էսքան գործը ջրում ենք․ հիմա կարո՞ղ ես մեղադրել էդ մարդկանց, որ վախենում են բերդ ընկնելուց, չեք տեսնո՞ւմ, մարդը բերդ ա նստում, երկու ամսում 10 հիվանդությունով դուրս ա գալիս։ Էսպես ահաբեկելով կոկորդիլոսագետին դարձնում են քաղաքապետ, Լոռիում չընդունված մարզպետին ուզում են դարձնել քաղաքապետ, համայնքապետին ծեծելու վրա աչք են փակում։ Ու ամենակարևորը հաշվի չեն առնում՝ ժողովուրդը իրենց չի ընդունում, եթե ընդուներ, ձայն կտար, էդքան արած ու անուն չունի, որ ընտրեն։

Էս խեղկատակությունը ամենուր է, մենակ Վեդին չէ, Վանաձորը չէ, Վարդենիսը չէ, Գյումրին չէ։ Ի՞նչ տեղի ունեցավ Թալինում. ՔՊ-ն պարտվել էր, հաղթել էր լրիվ ուրիշ թեկնածու, գողականով ու էլ չասեմ ինչականով կարողացան նենց ազդել հաղթած թեկնածուի վրա, որ իր ձենը տվեց պարտված թեկնածուին։ Հիմա քաղաքապետը ՔՊ-ական է, բայց նիստ չի կարողանում անցկացնել, ոչ էլ քաղաքի համար որոշում կայացնել։ Էս մարդուն չի ընդունում ժողովուրդը։

Էս մարդիկ ասում են դու ի՞նչ իրավունք ունես ՔՊ-ական չլինես ու լինես քաղաքապետ։ Քաջարանի քաղաքապետը նստած է, որովհետև ՔՊ-ական չէ։ Փարաքարում ի՞նչ վիճակ է, օրը մեջ գալիս են կառավարության դիմաց ցույց են անում, ասում են՝ Նիկոլ, դու ասում էիր ժողովրդի ձայնն է օրենք, ժողովուրդը ուրիշին է ընտրել, ինչո՞ւ չթողեցիք դառնա քաղաքապետ։

Ես չեմ հիշում մի դեպք Սերժի ժամանակից, էն ժամանակից, որ ասում եիք՝ իշխանությունը խլել են ժողովրդից, այ էդ «խլողների» ժամանակ մի դեպք չեմ հիշում, որ մարդը ընտրվեր համայնքապետ ու զոռբայությամբ նշանակեին նոր ընտրություն, հանրապետականի ընտրեին կամ համայնքապետին նստացնեին, որ տապալվի ավագանին։ Էդ Սերժի ժամանակ առանց պրոբլեմի կոկորդիլոսագետը համայնքապետ էր ընտրվում, բայց հիմա՝ իրենց օրոք, չի ընտրվում, ինչ ասես անում են, թազա ընտրություն դնում, վարչական ռեսուրսով, ահաբեկելով, քրեական գործերով, փող բաժանելով հազիվ ընտրվում է։ Փաստորեն՝ Սերժի վախտ անգամ կոկորդիլոս Գարիկը ավելի լավ տղա էր, քանց Նիկոլի վախտ։

Բայց նաև ցավը էն է, որ այդքանից հետո էլ, մի հատ էլ ղժժում են ժողովրդի վրա։ Ասում են՝ տես ժողովուրդ, քեզ մի քանի անգամ օգտագործեցինք, եկանք իշխանությունը Սերժից խլեցինք, տարանք պատերազմում զոհեր տվինք, ինչ ուզզեցինք՝ արեցինք, ինչ խոսք տվեցինք՝ չարեցինք, լավ արեցինք։ Ու իրենք վստահ են, որ լավ են անում, մեզ էլ նկարում ու ցույց են տալիս, իրենց իշխանության երեսից զոհեր դարձածների հարազատներին ոնց են կանչում, կերուխում կազմակերպում հետները, իր պատվին տռճիկ տալիս, կենացն են խմում, թե տեսե՛ք, էդ չե՞ք, էս չէ՞ք։ Ձեր հետ ի՞նչ հաշվի նստենք։

Կարճ ասած՝ իշխանությունը վերցնելուց ընդամենը 4 տարի անց մեր երկրում հաստատվել են բարքեր, որոնք 10-ապատիկ ավելի վատն են, քան այն բարքերը, որոնց դեմ պայքարել է ժողովուրդը։ Էն որ միշտ ասում են, մեկ ա՝ սրանից վատ չի լինի, սա հենց էդ դեպքն ա, իրենք շատ ավելի վատն են քան նախկինը ու իրոք՝ վաղը ինչ էլ լինի, հաստատ սրանցից վատ չի լինի։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ