Հիմա ունենք մի իրավիճակ, երբ երկրի՝ ոչ բարով ղեկավարությունն ինքնիշխանության ու սուվերենության անվան տակ ոչնչացնում է, ավիրում ամեն ինչ։ Մեր երկիրը դնում է զոհասեղանին, զիջվում է ամեն ինչ՝ Անկախության հռչակագիր, Սահմանադրություն, զինանշանի հարցն է քննարկվում, սա երկիրը քանդել է նշանակում։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։
«Արցախը նվիրել են, հիմա անցել են Հայաստանի Հանրապետության կազմալուծմանը։ Հիմա մտածում են ադրբեջանցիների հետ առևտուր անելու, նրանց ծառայելու մասին, բայց հայ մարդը չի կարող նման կերպ ապրել»,- ասաց Դանիելյանը։
Անդրադառնալով Փաշինյանի այսօրվա ելույթին՝ պատգամավորն ի պատասխան մի քանի հարցեր հնչեցրեց.
«Արցախն ուրանալն ինքնիշխանությու՞ն է, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները զիջելը սուվերենությո՞ւն է, ադրբեջանցին Ջերմուկի վերևը նստած է, դա սուվերենությո՞ւն է, բանակի կազմաքանդումը, կազմալուծումն ինքնիշխանությո՞ւն է, ապառազմականացումն ինքնիշխանությա՞ն մասին է խոսում։ Փայլուն հարաբերություններ ունենք Վրաստանի հետ, բայց Վրաստանի տարածքով մեր գործարարները չեն կարողանում իրենց բեռները հասցնել Ռուսաստան, մերձբալթյան երկրներ։ Մի պաշտոնյա չկա, որ կարողանա խոսի, խնդիրը լուծեն, հանցավոր անգործություն է, գյուղատնտեսությունը վարի են տալիս, հեսա կասեն՝ մեզ պե՞տք է Արարատյան դաշտում լոլիկ աճեցնենք, սա ֆանտաստիկայի ժանրից չէ, սա քայլ առ քայլ իրականացնում են, սպասարկում թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, սրանք անկարող են սպասարկել հայկական շահը։ Եվ այսօր գնալ Սարդարապատում սրտաճմլիկ հայտարարություն անել… դուք ի՞նչ կապ ունեք այս պետության հետ»։
Մանրամասն՝ տեսանյութում։