Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը.
«Հայաստանում կան նաև մարդասպաններ, գողեր, խուլիգաններ, թմրամոլներ: Դա նշանակում է, որ հայ ժողովուրդը, Հայաստանի հասարակությունը մարդասպա՞ն է, գո՞ղ է, խուլիգա՞ն է, թմրամո՞լ է:
Այդ երևույթների առկայությունը մեր հանրության մեջ նշանակում է, որ հանրությունը թքած ունի առաքինությունների վրա և դրանց մասին խոսելը երեսպաշտությո՞ւն է, որ առաքինությունները Հայաստանի հանրության համար չունե՞ն արժեք ու նշանակություն: Ինչպե՞ս կվերաբերվեք որևէ մեկին, որը կասի այդպես, այդպիսի «բնույթ» ու «մասշտաբ» կտա հանրային այս կամ այն շերտի արատավորությանը, վերագրելով այն ամբողջ հանրությանը և դարձնելով հանրային հատկանիշ ու մտածողության սանդղակ:
Ըստ էության հենց նույնն է տեղի ունեցել նախօրեի բանավեճի ընթացքում Արցախում չծառայելու թեմայով: Կառավարող ուժի թեկնածուն փորձել է ընդամենը հանրային որոշակի շերտի վարքագիծ վերագրել մի ամբողջ հասարակական, ժողովրդական օրգանիզմի, ինչը ոչ միայն պրիմիտիվ մանիպուլյացիա է, այլ նաև, ըստ էության, անբարո և անարժանապատիվ մանիպուլյացիա այն հանրության հանդեպ, որի հարյուր հազարավոր որդիներ այս երեք տասնամյակի ընթացքում ծառայություն են անցել Արցախում, և այդ թվում մի հսկա մասը ոչ թե որովհետև չի ունեցել «չանցնելու» տարբերակ, այլ պարզապես չի փնտրել այդ տարբերակները»: