Այս տարիների ընթացքում Բերդ քաղաքում շատ բան չի փոխվել․ ճանապարհը նույնն է, որը կառուցվել է 2003-2004 թվականներին։ Չեմ նկատել․ որ տուրիզմն այստեղ է հասել։ Հայաստանով շրջելիս նկատել եմ, որ տուրիզմը լավ տնավորվել է Դիլիջանում, մի քիչ հասել է Իջևան և մնացել ճանապարհի կեսին: Բերդ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Ոտքի վրա մի քանի քննարկում ունեցաք՝ հասկանալու, թե ինչ կարելի է անել այստեղ տուրիզմը զարգացնելու համար։ Առաջնայինը ճանապարհն է, պետք է կառուցել նորը՝ դեպի Ճամբարակ տանող, որն էլ օղակ կստեղծի և տարածաշրջանի զարգացման նոր ծրագրերի հնարավորություն կստեղծի։ Սա նաև տուրիստական գրավչություն կարող է ստեղծել, որովհետև նոր մարշրուտը տուրիստին հնարավորություն է տալու նոր տեսարժան վայրեր տեսնել։ Միջին չափի գումարներով Բերդում հնարավոր է շատ նոր բան ստեղծել»,- ասաց նախագահ Քոչարյանը։
Երկրորդ նախագահի խոսքով այսօրվա իշխանությունները ցույց տվեցին, որ երեք տարի զբաղված էին դատարկ խոսակցությամբ և պետական համակարգը քայքայելով՝ բանակը, մշակույթը, հոգևորը, եկեղեցին, ազգային արժեքները։
«Սրան զուգահեռ փակեցին գյուղնախարարությունը, հաշվի չառնելով, որ գյուղացին է մեր ավանդույթների պահպանողը, գյուղից է սնվում մեր ամբողջ երկիրը։ Ճգնաժամը բավականին խորն է։ Նրանք 2018-ին օգտագործել են թռիչքային բառը, այն հիմա էլ կա, բայց բոլոր վատ դրսևորումների վրա՝ թռիչքային անկում, աղքատության, գործազրկության և արտագաղթի թռիչքային աճ։ Ունենք սոցիալ-տնտեսական ու անվտանգային ճգնաժամ։ Կա նաև ներքաղաքական լարվածություն․ ատելության մթնոլորտն է, որը դժվար է ինչ-որ ձև չափել, բայց որի ազդեցությունը մենք ամեն օր մեր վրա զգում ենք։ Այս երեք խնդիրը պետք է շատ արագ հաղթահարենք՝ ապահովենք մեր երկրի անվտանգությունը, կանգնեցնենք տնտեսական ճգնաժամը և ապահովենք իրական թռիչքաձև աճ և համերաշխություն բերենք ժողովրդին»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը