31 08 2020

Մեկ անձից կատարված գնումների դինամիկան 2017-19թթ․ ՏԶՆԿ

Մեկ անձից կատարված գնումների դինամիկան 2017-19թթ․ ՏԶՆԿ

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2017-2019թթ. մեկ անձից կատարված գնումների դինամիկային։

Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվող գնումների գործընթացի վերաբերյալ 2017-2019թթ.-ի պաշտոնական հաշվետվությունների համաձայն՝ մեկ անձից կատարված գնումները 2017թ.-ին կազմել են 103.9 մլրդ դրամ, 2018թ.-ին՝ 131.4 մլրդ դրամ, իսկ արդեն 2019թ.-ին՝ 178.7 մլրդ դրամ : Ուշագրավ է նշել, որ 2019թ.-ին մեկ անձից կատարված գնումների ծավալը 2018թ․-ի համեմատ աճել է 26.4%-ով, իսկ 2017թ.-ի համեմատ այս ցուցանիշի աճը կազմել է 72.1%։ Սրան զուգահեռ՝ 2020թ․ մարտի 12-ի 296-Ա «Գնման գործընթացները սահմանելու մասին» որոշմամբ ՀՀ կառավարությունն ավելի է դյուրինացրել գնման գործընթացները՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում, որի արդյունքում նույնպես էականորեն կավելանան այս գործընթացով իրականացվող պետական գնումների ծավալները։

Պետական գնումների ընթացակարգերի քանակական ցուցանիշներում պատկերը մի փոքր այլ է։ Մեկ անձից կատարված պետական գնումների կայացած ընթացակարգերի քանակային տվյալներով 2019թ․-ի ցուցանիշը 2018թ․-ի նկատմամբ ավելացել է 11.2%-ով՝ հասնելով 62,766-ի, սակայն տեսակարար կշռով մեկ անձից կատարված գնումների քանակը 2018թ.-ի նկատմամբ կրճատվել է 3.7 տոկոսային կետով՝ ընդհանուր պետական գնումների կայացած ընթացակարգերի քանակում։

Այսպիսով՝ 2017-2019թթ. մեկ անձից կատարված պետական գնումների ծավալը տարեկան միջինում աճել է 31.2%-ով և այստեղ հատկանշականն այն է, որ դա ուղեկցվել է 2019թ.-ին պետական գնումների ընթացակարգերի քանակում մեկ անձից կատարված գնումների ընթացակարգերի քանակի տեսակարար կշռի կրճատմամբ։ Այսինքն՝ 2017-2019թթ. պետական գնման ձևերում քանակական առումով նվազող տեսակարար կշիռ ունեցող մեկ անձի գնման ձևով կատարվել են ավելի մեծ ծավալի գնումներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ