18  09  2019

Ամուլսարի շուրջ տեղի ունեցածը՝ հարված Հայաստանի ներդրումային միջավայրին

Ամուլսարի շուրջ տեղի ունեցածը՝ հարված Հայաստանի ներդրումային միջավայրին

Այն, որ Ամուլսարի հանքի շահագործել-չշահագործելու հարցում Նիկոլ Փաշինյանն արդեն ավելի քան մեկ տարի է` ընտրել է խուսանավելու և պատասխանատվությունից փախչելու մոտեցումը, նախկինում անդրադարձել ենք։ 

Այդ ամբողջ ժամանակահատվածում Ամուլսարի ներդրումային ծրագիրը կասեցված է, 1200-ից ավելի մարդ զրկվել է աշխատանքից, կառավարությունը լրացուցիչ 400 հազար դոլար է տրամադրել հանքավայրի շահագործման դեպքում բնապահպանական ռիսկերի վերաբերյալ փորձաքննության համար, իսկ եզրակացությունը ստանալուց հետո էլ ինչ-որ նոր ուսումնասիրություն է ցանկանում անել և այդ ամենի արդյունքում չի ընդունում որևէ որոշում՝ կասեցնել հանքավայրի շահագործումը կամ շարունակել։ Հանքի շահագործման օգտին իր առաջին ելույթում Նիկոլ Փաշինյանը դարձյալ հետքայլի հնարավորություն թողեց ասելով, որ «եթե ի հայտ կգա տեղեկատվություն, որ այս տեղեկատվությունը գլխիվայր կշրջի, ես կաշկանդված չեմ»։

Թվում էր, թե ամեն ինչ գնում էր նրան, որ «ժողովրդի վարչապետը» հերթական անգամ կփախչի պատասխանատվությունից և կփորձի դարձյալ ձգձգել հանքի վերաբերյալ ընդունելիք որոշումը։ Ի վերջո, նրա համար ամեն ինչից վեր, սեփական վարկանիշն ու իշխանությունն է։ Սակայն ամեն ինչ վերջնականապես պարզ դարձավ հանքավայրը շահագործող ներդրումային ընկերության՝ «Լիդիանի» նախագահի հետ հանդիպումից հետո։ Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում տվյալ ներդնողի մասին արված «թող ներդրողները մեզանից վախենան, ոչ թե մենք» հայտարարությունից նշույլ իսկ չմնաց և նա արդեն ստիպված հայտարարեց, որ մենք իրավական հիմք չունենք թույլ չտալու հանքի շահագործումը։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը բացասաբար ընդունեցին բնապահպանական կազմակերպությունները, Ջերմուկի և հանքի մոտակայքի համայնքների բնակիչները։ Իհարկե, պետք է նշել, որ շարժառիթները տարբեր են՝ առաջիններին հետաքրքրում է իրենց դրամաշնորհները, իսկ երկրորդներին՝ իրենց բնակության վայրի անխաթար էկոլոգիական միջավայրը։ Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանը դարձյալ հայտնվեց մի վիճակում, որն այսպես, թե այնպես ազդելու է իր վարկանիշի վրա։ Նա ստիպված է լինելու բացել հանքավայրը շրջափակած ճանապարհները, ստիպված է լինելու այն փակած մարդկանց նկատմամբ վարվել այնպես, ինչպես իր հետ չվարվեցին նախորդ իշխանությունները։ Այսինքն, դա անել ոստիկանության ուժերով, քանի որ հանքավայրը շրջափակողները արդեն հայտարարել են, որ չեն բացելու դեպի հանք տանող ճանապարհները, զուգահեռաբար բողոքի ցույց և երթ կատարելով Երևանում։

Բնական է, որ նախևառաջ Ամուլսարի թեմայից գոնե իր «հպարտներին» շեղելու համար Նիկոլ Փաշինյանը կդիմի ավելի քան մեկ տարի շարունակվող մեթոդին՝ ձերբակալել կտա որևէ հայտնի դեմքի նախկիններից։ Նման քայլեր արդեն արվել են՝ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը և Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելը։ Սակայն, սրանք արդեն այն ազդեցությունը չեն ունենում, ինչ մեկուկես տարի առաջ։ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը՝ հակառակ պարտադիր կատարման ենթակա Սահմանադրական դատարանի որոշման և վերջինիս նկատմամբ ճնշումները նույնպես կշարունակվեն։ Այդուհանդերձ, դա ևս սպառում է իրեն։

Այսպես, թե այնպես այս անգամ «թավշյա» վարչապետը պարտավոր է լինելու պատասխանատվություն ստանձնել և վերջնական որոշում կայացնել։ Ցանկացած որոշման դեպքում, դա ևս մեկ լուրջ հարված է լինելու նրա վարկանիշին։ Ընդ որում, այնպես չէ, որ հանքավայրի գործունեության վերսկսման որոշման դեպքում այդտեղ աշխատողների շրջանում բարձրանալու է նրա վարկանիշը։ Հենց այդ նույն Նիկոլ Փաշինյանի թույլտվությամբ և հետևաբար նրա պատճառով է, որ իրենք ավելի քան մեկ տարի զրկվել են աշխատանքից և եկամտի աղբյուրից։ Հարց է առաջանում, իսկ ո՞վ է փոխահատուցելու կորցրած ժամանակի և պետական բյուջեից ծախսված 400 հազար դոլարի համար։ Ինչ մնում է այս գործընթացում ներգրավված և եզրակացությունը տված քննչական կոմիտեի ներկայացուցիչներին, ապա նրանց զոհաբերելը Նիկոլ Փաշինյանին բնորոշ քայլ է։ Լավ կլինի, որ սա ի գիտություն ընդունեն նրա կամայականությունները կատարող բոլոր իրավապահները։

Ամուլսարի շուրջ տեղի ունեցածը, դժբախտաբար, հարված է նաև Հայաստանի միջազգային հեղինակությանն ու հատկապես ներդրումային միջավայրին։ Վերջին տարիների ամենախոշոր՝ 380 մլն դոլար ներդրումային ծրագրի հանդեպ նման անպատասխանատու քայլերն անպայման իրենց ազդեցություն են գործելու Հայաստանում ներդրումներ կատարելու մտադրություն ունեցողների վրա։ Նրանք ղեկավարվելու են մեր երկրում ներդրողների նկատմամբ իրականացվող քայլերից՝ այդ թվում ձերբակալություններ, զինված և դիմակավորված գիշերային ստուգումներ, կոռուպցիայի մեջ մեղադրանքներ, ներդրումային ծրագրերի իրականացման ուղղակի խոչընդոտում, ինչպես այս դեպքում և այլն։ Եվ այս ամենի առկայության պարագայում «Մուդիսի», «Ֆիթչի» կամ որևէ այլ միջազգային վարկանիշային կազմակերպության կողմից տրված գնահատականը գրոշի արժեք նրանց համար չի ունենալու։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ