04 02 2017

Ներկայացվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը. Այն կբերի տնտեսական էֆեկտ և կստեղծի նոր աշխատատեղեր. ՀՀ վարչապետ

Ներկայացվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը. Այն կբերի տնտեսական էֆեկտ և կստեղծի նոր աշխատատեղեր. ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Գյումրի: Կառավարության ղեկավարը նախ եղել է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում, շրջայցի ընթացքում ծանոթացել ենթակառուցվածքային պայմաններին և առաջիկա ներդրումային ծրագրերին: Օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ենթակառուցվածքների բարելավման նպատակով իրականացնելու է շուրջ 10 մլն դոլարի ներդրումային ծրագիր, որից 3 մլն դոլարը կներդրվի ընթացիկ տարվա ընթացքում: Աշխատանքներ են տարվում նոր բյուջետային ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ, այդ նպատակով Գյումրու օդանավակայանում սահմանվել են ծառայությունների ցածր գներ, իսկ որոշ ծառայություններ մատուցվում են նույնիսկ անվճար:

Վարչապետին են ներկայացվել Գյումրիի ածիկի արտադրության գործարանի կառուցման աշխատանքների ընթացքը: Գործարանի գործարկման արդյունքում կստեղծվի 200 նոր աշխատատեղ, այն տարեկան կտա մինչև 18 հազար տոննա արտադրանք, ինչը թույլ կտա ոչ միայն Հայաստանն ապահովել բարձրորակ ածիկի անհրաժեշտ քանակով, այլև` կազմակերպել արտահանում:

Կառավարության ղեկավարը եղել է նաև «Լոֆթ» ինքնազարգացման, հանգստի և ժամանցի կենտրոնում, որն իր դռները բացել է փետրվարի 3-ին:

Այնուհետև Կարեն Կարապետյանը շրջայց է կատարել Գյումրիի Կումայրի արգելոց-թանգարանի տարածքում, մասնավորապես՝ Շիրազի, Ռուսթավելի, Աբովյան փողոցներով, որտեղ առկա են պատմամշակութային նշանակություն ունեցող շենքեր, շինություններ, ծանոթացել դրանց ներկայիս վիճակին և դրանց առնչվող մասնավոր նախագծերին: Շրջայցից հետո Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում վարչապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագծի շնորհանդեսը, որին ներկա են եղել պոտենցիալ ներդրողներ, շահագրգիռ գերատեսչությունների, կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ:  Ծրագրի կյանքի կոչման նպատակով ստեղծվելու է հատուկ հիմնադրամ:

Շնորհանդեսի բացման խոսքում վարչապետ Կարապետյանը նշել է. « Այսօր կտանք մեծ ներդրումային ծրագրի մեկնարկ, որը տալու է մուլտիպլիկատիվ էֆեկտ: Ներկա դրությամբ ես բիզնեսով զբաղվելու հնարավորություն չունեմ, խնդրելու եմ իմ ընտանիքի անդամներին, որպեսզի նրանք ևս ներդրում կատարեն: Իմ ընտանիքի համար մեծ պատիվ կլինի, որ ստեղծվելիք ներդրումային հիմնադրամում առաջին ներդրում կատարողը լինի»:

Շնորհանդեսի  ընթացքում  մի շարք բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներ տեղում պատրաստակամություն են հայտնել մասնակցել և ներդրումային միջոցներ ուղղել Գյումրիի զարգացմանն ուղղված այս ծրագրին:

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ Զբոսաշրջության պետական կոմիտեն ունի 55 մլն դոլարի ծրագիր, որը նախապես վերաբաշխվել է ՀՀ տարբեր տարածաշրջանների վրա: «Մենք մտադիր ենք բանակցել և այդ ծրագրերի միջոցների որոշակի մասն ուղղել այս ներդրումային հիմնադրամ, ինչը նախատեսված չէր: Ֆոնդի հիմնումը և այս փողոցների վերականգնումը կարևորում ենք՝ որպես բիզնես գործընթացների ակտիվացման կատալիզատոր և պետությունն իր բոլոր գործիքակազմերով, բյուջետային ու դրամաշնորհային հնարավորություններով լինելու է այս հիմնադրամի կողքին»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ